38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թբիլիսիում ցանկության դեպքում միշտ էլ կարող էին գտնել խռովության «ռուսական արմատները»

Թբիլիսիում ցանկության դեպքում միշտ էլ կարող էին գտնել խռովության «ռուսական արմատները»
08.05.2009 | 00:00

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆ Է
Վերջին օրերին Վրաստանը կրկին համաշխարհային ԶԼՄ-ների, փորձագետների և քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում է, ու կրկին փորձ է արվում կանխատեսել, թե ինչի է հանգելու վերջին օրերին խաղացվող ռազմաքաղաքական դետեկտիվը, որի պարզաբանումն այս պահին գործնականում հնարավոր չէ։
Թեպետ առաջին հայացքից անգամ ակնհայտ է, որ Վրաստանում տեղի ունեցող զարգացումները փոխկապակցված գործընթացների հետևանք են։ Աշխարհաքաղաքական առումով ցանկացած ցնցում այդ երկրում ինքնաբերաբար մեծացնում է ուշադրությունը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ թեպետ հյուսիսային լայնարձակ տափաստաններից հնչող գնահատականներն արդեն որերորդ անգամ կրկնվում են` «թատրոն», «պարանոիկ զառանցանք», «դիմեք բժշկի» և այլն, վերջին զարգացումները գործնականում երաշխավորված ձևով չէին կարող չառաջացնել քննադատական հետաքրքրություն Մոսկվայի պահվածքի նկատմամբ։ Մանավանդ որ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռոգոզինը հեղինակավոր կեցվածքով հայտարարեց. «Եթե անցկացվող զորավարժությունները ՆԱՏՕ-ի պնդմամբ տեղի ունենային որևէ հոգեբուժարանում, դա կլիներ ավելի առողջ որոշում, քան Վրաստանում դրանք անցկացնելը»։ Եվ այնուհանդերձ, զորավարժությունները չեղյալ չհամարվեցին, իսկ դա չի նվազեցնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական հակադրությունը, որքան էլ դրանց մասնակիցների շարքերը ոչ առանց Մոսկվայի ճնշման նոսրացան։
Սակայն վերադառնանք վրացական սկանդալային և միևնույն ժամանակ խորհրդավոր իրադարձություններին։ Երեքշաբթի օրը հայտարարվեց, որ Վրաստանում հաջողվել է ճնշել ռազմական խռովությունը, որի նպատակն էր խոչընդոտել երկրում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացմանը, աջակցել ընդդիմությանը և, ի վերջո, իրագործել պետական հեղաշրջում։ Մեկ օրվա ընթացքում կառավարական ուժերը շրջապատեցին Թբիլիսիից 40 կմ հեռավորության վրա տեղակայված տանկային զորամասի գումարտակը, որի հրամանատարներն էլ հենց ծրագրել էին խռովությունը։ Մի քանի ժամ հետո գումարտակի 500 զինվորների մեծ մասը հանձնվեց իշխանություններին, մի քանի հրամանատարներ ձերբակալվեցին։ Վրացական աղբյուրները պնդում են, որ սա էլիտար և փակ զորամիավորում է, զինված լավագույն զինատեսակներով ու տեխնիկայով։ «Մենք արդեն մի քանի շաբաթ զբաղված էինք խռովության մասին օպերատիվ տեղեկատվության մշակմամբ։ Մեր տվյալներով` նպատակ կար պլացդարմ ստեղծել Ռուսաստանի կողմից Վրաստանի բացարձակ օկուպացիայի համար։ Կան օպերատիվ տվյալներ խռովարարների կապերի մասին ռուսական հատուկ ծառայությունների և Հարավային Օսիայում գտնվող բանակային զորամիավորումների հետ։ Այնտեղից են հատկացվել փողերը և կոնկրետ ծրագրերը»,- հայտարարեց Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Շոթա ՈՒտիաշվիլին։
Ի հաստատումն այս տվյալների, Վրաստանի ՆԳՆ-ն հեռուստատեսությամբ ցուցադրեց տեսաերիզ, որում իբր նկարահանված էին խռովարարների բանակցությունները։ Սակայն դեմքերը մգացված էին ու, ըստ էության, անտեսանելի, զրույցի մասնակիցներից միակը, ըստ ՆԳՆ-ի, Գեորգի Գավալաձեն է, որը Իգոր Գեորգաձեի ժամանակներում եղել է վրացական ՊԱԿ-ի հատուկ ջոկատի հրամանատար, իսկ 1990-ականներին` պաշտպանության նախարարության «Դելտա» էլիտար զորամիավորման ղեկավար։ Վերջինս էլ տեսագրության մեջ հայտարարում է, թե խռովության կենտրոնը կդառնա Մուխրովանիում տեղակայված վերոնշյալ տանկային գումարտակը, որին կմիանան 200-250 մեքենա` զինվորներով ու զենքով և վերջապես, այդ ուժով հնարավոր կլինի վերցնել մայրաքաղաքը։ Նույն Գավալաձեի պնդմամբ, գործողությունը պետք է աջակցություն ստանար 5 հազար ռուսական զինվորականների կողմից, ովքեր առաջ կշարժվեին Հարավային Օսիայից և Աբխազիայից։ Հեղաշրջումը պետք է ղեկավարեին «Գեներալների միավորում» ոչ ֆորմալ կազմակերպությունից պաշտոնաթող 7 գեներալ։ Վրաստանում իշխանությունը վերցնելուց հետո երկիր պետք է վերադառնային Սաակաշվիլու քաղաքական հակառակորդները, այդ թվում` Աջարիայի նախկին առաջնորդ Ասլան Աբաշիձեն։ Այնուհետև պետք է նշանակվեին ընտրություններ, Վրաստանը վերադառնար ԱՊՀ-ի կազմ, իսկ հեղաշրջման մասնակիցները, այդ թվում` Գեորգի Գավալաձեն, ստանային բարձր պաշտոններ և 50-հազարական դոլար ռուսական հատուկ ծառայություններից։ Վրաստանի ՆԳՆ-ի պնդմամբ, Գավալաձեին հատուկ ծառայությունները ձերբակալել են երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը, որից հետո իբր Ռուսաստանի սևծովյան նավատորմը բերվել է մարտական պատրաստականության, իսկ գլխավոր խռովարարի ձերբակալությունից անմիջապես հետո Մուխրովանիի տանկային գումարտակը խռովություն է բարձրացրել։
Ի՞նչ կարելի է ասել այս ամենի մասին։ Նախ` դրսևորումները, երբ Վրաստանում զինված ջոկատները կամ զորամասերը շատ ինքնատիպ ձևով իրենց դժգոհությունն են հայտնում, նորություն չեն, և դժվար է դա բնութագրել իբրև զինվորական խռովություն։ Բոլորը լավ են հիշում ժամանակին «Մխեդրիոնին» ցրելու գործողությունը, դաշտային հրամանատարների և կիսաօրինական ջոկատների ղեկավարների ձերբակալություններն ու դատավարությունները։ Արդեն վրացական բանակի ձևավորումից հետո, 1998-ին, Սենակիում տեղակայված տանկային գումարտակը հրամանատարի հրամանով փակեց Փոթի տանող ճանապարհը և պահանջեց Շևարդնաձեի հրաժարականը։ Չանցած երկու օր զինվորականները հանձնվեցին իշխանություններին։ 2001-ի մայիսին Ազգային գվարդիայի գումարտակը գնդապետ Կոբա Օթանաձեի գլխավորությամբ գրավեց նույն Մուխրովանիում գտնվող բազան և պահանջեց երկրի ղեկավարության հրաժարականը։ Զայրացած զինվորականների մոտ եկավ Էդուարդ Շևարդնաձեն, և բանակցություններից հետո վերջիններս զենքը ցած դրեցին։ Ի դեպ, նույն Օթանաձեն հիմա էլ մեղադրվում է նոր խռովությանը մասնակցելու մեջ։ Հաջորդ միջադեպը տեղի ունեցավ 2002-ի հուլիսի 19-ին, երբ Կոջորի հատուկ նշանակության գումարտակի 103 սպաներ ու սերժանտներ զեկուցագիր ներկայացրին պաշտոնաթողության մասին` ծառայության անտանելի պայմանների պատճառով, և այն ժամանակ էլ Վրաստանի պաշտպանության նախարարությունը դա բնութագրեց իբրև բունտ։ 2003-ի մարտի 24-ին Թբիլիսիում մոտ 50 նախկին զինվորականներ ազգային գվարդիայի 11-րդ բրիգադից իրենց ընկերոջ թաղումից ու հոգեհացից հետո գրավեցին զորամասերից մեկը և զինաթափեցին պահակազորը։ Եվ վերջապես, 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո Մուխրովանիում տեղակայված նույն «խռովարար գումարտակն» արդեն իսկ դեմ հանդես եկավ իշխանություններին պատերազմում կրած պարտության համար, բայց այդ ժամանակ այդ տեղեկատվությունը լայն հնչեղություն չստացավ։ Ընդ որում, այսպիսի դրսևորումները Վրաստանում շատ հաճախ կապված են լինում ոչ թե քաղաքականությունից ունեցած դժգոհությունների, այլ զինվորականների աջակցությունը վայելող որևէ դեմքի իրավունքների ոտնահարման հետ։
Սակայն նախկինում երբեք այդ իրադարձություններին ոչ ոք չի տվել աշխարհաքաղաքական ենթատեքստ, և ներկա իրավիճակն այդ առումով առանձնահատուկ է։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Թբիլիսիում ցանկության դեպքում միշտ էլ կարող էին գտնել խռովության «ռուսական արմատները»։ Թեպետ, մյուս կողմից, Վրաստանի արտգործնախարարությունը պնդում է, թե իրենք Ռուսաստանին որևէ բանում չեն մեղադրել և «բոլոր այդ հայտարարություններն անում են տեսաերիզում ելույթ ունեցող մարդիկ»։ Իսկ վրացական կողմի պաշտոնական մեկնաբանության մեջ միայն ասվել է, թե ռուսական շրջանակների «հիստերիկ արձագանքը» կասկածներ է ծնում, որ ռուսական կողմի խիղճն այնքան էլ մաքուր չէ»։ Ավելին, վրացական իշխանությունները համարում են, որ բունտի մինիմում ծրագիրը եղել է ՆԱՏՕ-ի զորավարժությունները տապալելը, մաքսիմում ծրագիրը` լիարժեք զինվորական խռովության կազմակերպումն ու իշխանության տապալումը։ Բնական է, որ գրեթե բոլոր մակարդակների ռուսական չինովնիկները վրդովմունքով հերքում են մեղադրանքները` իրենց հերթին մեղադրելով Սաակաշվիլուն ներքին ու արտաքին խնդիրները լուծելու համար դիտավորյալ իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Ռուսական կողմից շրջանառվում է նաև վարկած, թե «խռովությունը» դիտավորյալ էր կազմակերպված` ՆԱՏՕ-ի զորավարժություններն արդարացնելու համար, և չի բացառվում, որ դրան մասնակցել են արևմտյան հատուկ ծառայությունները։
Վրացական ընդդիմությունն իր հերթին նշում է, թե այս բեմադրությունը պետք էր իշխանություններին արտակարգ դրություն մտցնելու համար, և շարունակում է պահանջել Սաակաշվիլու հրաժարականը։ Ընդդիմությունը մտադիր է «հաշվիչը» միացնել մայիսի 8-ին և խորհուրդ է տալիս երկրի նախագահին երեք օրվա ընթացքում «լավով հեռանալ»։ Թե ինչի հանգեցրեց դա, նախօրեին տեղի ունեցած բախման արդյունքում արդեն հայտնի է, և իշխանության մեջ կարծես ավելի է հասունանում քաղաքն ուժով մաքրելու մտադրությունը։
Սակայն կան շատ հետաքրքիր հանգամանքներ ու համադրություններ։ Պարզվում է, «չարաբաստիկ գումարտակը» պետք է կարևոր դեր խաղար ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, ինչը խռովության պատճառով անհնարին դարձավ։ «Դավադրությունն» առիթ տվեց Ռուսաստանին` հայտարարելու, թե զորավարժությունները նախապատրաստված են խելագար մթնոլորտում և կարող են վերջանալ ևս մի վտանգավոր սադրանքով։ Այս հարցադրումը, սակայն, իրատեսական չէ. վրացական իշխանությունները կարիք չունեն կտրելու այն ճյուղը, որի վրա նստած են։ Ավելին, իշխանության համար մեծագույն հիմարություն կլիներ սադրանք կազմակերպելը, զինվորականներին մեղադրելը (իսկ ձերբակալությունները դեռ շարունակվում են), և դա այն ժամանակ, երբ հավանական հակառակորդի զորքերը սահմանների վրա բերված են մարտական պատրաստականության։ Եվս մեկ հետաքրքիր նրբերանգ. այս տարվա ապրիլի վերջին Գորիում ձերբակալվեց Կրեմլի հովանավորությունը վայելող «Նաշի» ռուսական երիտասարդական շարժման ղեկավարներից Ալեքսանդր Կուզնեցովը, որի մոտ եղել էր Պետդումայից երաշխավորական նամակ` ուղղված Վրաստանի իշխանություններին, Մոսկվա-Ցխինվալ-Թբիլիսի ավտովազք կազմակերպելուն օժանդակելու խնդրանքով։ Կուզնեցովը ժամանել էր Հարավային Օսիա, իսկ այնտեղից ռուսական զինվորականների օգնությամբ անցել Վրաստանի տարածք։ Այդ մասին նշվեց ոչ միայն վրացական և արևմտյան, այլև ռուսական ԶԼՄ-ներում։ Եվս մեկ հետաքրքիր համապատասխանություն է այն փաստը, որ ապրիլի վերջին Վրաստանի նախագահը Բիլ Քլինթոնի ֆոնդի հրավերով այցելեց ԱՄՆ, ինչը կարելի է դիտարկել իբրև ոչ պաշտոնական բանակցությունների հրավեր։
Հանրագումարում ստացվել է այնպես, որ Վրաստանում ստեղծված իրավիճակը կարող է մտահոգել եվրոպական երկրներին և մտորելու տեղիք տալ այն առումով, թե արժե՞ արդյոք ՆԱՏՕ-ի հովանոցն ընդհանրապես բացել Հարավային Կովկասի վրա։ Կասկածելի է դառնում Վրաստանի` էներգակիրների հուսալի տարանցման երկիր լինելը։ Ռուսական իշխանությունները Մեդվեդև-Օբամա հանդիպումից առաջ լավ փաստարկներ են ձեռք բերում համոզելու ամերիկացիներին, որ Սաակաշվիլին ռուս-ամերիկյան հարաբերությունները խոչընդոտող ամենամեծ պրոբլեմն է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2751

Մեկնաբանություններ