38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ինձ համար ենթադրելի կամ իրական սիրո բացակայությունը ներքին հիստերիայի տարածք է՝ կլինիկական մահվան համազոր»

«Ինձ համար ենթադրելի կամ իրական սիրո բացակայությունը ներքին հիստերիայի տարածք է՝ կլինիկական մահվան համազոր»
10.10.2008 | 00:00

«ՈՍԿԵՂԵՆԻԿ ՀԱՅԵՐԵՆՈՎ ԴԺՎԱՐ Է ՍՏՈՐԱՆԱԼ, ՀԱՅՀՈՅԵԼ, ՍՏԵԼ»...
Գրողի համար հայրենիքը հոգևոր տարածք է։ Եվ ինչպիսի՞ն է Հայաստանն այս տեսանկյունից, ի՞նչն է մտահոգում արվեստագետին այսօր։
Ամերիկաբնակ բժիշկ-հոգեբան-գրող ՍՈՆԱ ՎԱՆԸ, որը հայ ընթերցողին հայտնի է «Փշրանքներ», «Ես անուն չունեմ», «Ես ձայն եմ լսում» բանաստեղծական ժողովածուներով, մամուլից, հեռուստաելույթներից, այս անգամ ներկայանում է մեր երկրում հուզող խնդիրների, գրականության ու նրա դերի, արվեստի և սիրո մասին իր պարզաբանումներով:
Գրականության ոլորտում ունեցած ներդրման համար Սոնա Վանն այս տարի արժանացել է մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
Բժշկություն, հոգեբանություն, գրականություն... Այս երեք տարածքներն անտեսանելի ձեռագրով ընդգծում են Սոնա Վանի պոեզիան և առհասարակ մտածողությունն ու հայացքները։

-Ելնելով այսօրվա իրականությունից՝ Հայաստանը կարող եմ բնորոշել որպես հետերկրաշարժային տարածք։ Խոսքս արժեքային երկրաշարժի մասին է։ Այնպիսի արժեքների, ինչպիսիք են խոսքը, չափանիշները, մարդկային բարոյականությունը, հարաբերությունները, լեզուն։ Երևի լեզուն առաջինը պիտի նշեի, որովհետև դրանից է սկսվում ամեն սխալ։ Հայրենիքը հայոց լեզուն է հենց։ Լեզուն որոշակի մտածողություն է ենթադրում։ Ոսկեղենիկ հայերենով դժվար կլինի ստորանալ, հայհոյել, ստել։ Այն դժվար կլինի հնչեցնել պպզած վիճակում։ Մինչդեռ աղավաղված հայերենը հենց դրա համար է ստեղծված և, ցավոք, մինչև իսկ պետական հեռուստաէկրանից հնչելով, արդարացնում, ամրագրում է այն որպես «այսօրվա հայերեն»։ Այնքան է մեծացել անդունդը «այսօրվա հայերենի» և իսկական հայերենի միջև, որ այսուհետ արհեստական կհնչի ցանկացած ֆիլմ, թատրոն, մինչև իսկ գրականություն, որ արված է ճշմարիտ հայերենով։ Լեզվի պաշտպանությունը պետական անվտանգության խնդիր է։ Սա վտանգում է ոչ միայն արվեստը, այլև հենց հայրենիքը։ Զինվորը, որը կրողը չէ իր ազգային լեզվի՝ որպես բարձրագույն և հայրենիքից անբաժանելի արժեքի, չի հավատում լեզվի և հայրենիքի «սիամական երկվորյակությանը», չի կարող ունենալ ոգու կամայնազոհության այն քանակը, շնորհիվ որի մեր լեզուն և մեր հայրենիքը դարերի միջով միասնորեն հասել են այստեղ։ Ընդհանուր առմամբ մթնոլորտը հայրենիքում կարելի է որակել որպես աննշանակալիցության մթնոլորտ, որտեղ հիմնական վերաբերմունքը «իմիջիայլոցությունն» է, վերաբերմունքի բացակայությունը, համահավասարեցման միտումը, անտարբերությունը։ Սրա հիմքում հակամշակութային վիճակն է։ Մշակույթն ինքնին վերաբերմունք է նշանակում. մեծաքանակ աստղերի արտադրությամբ զբաղվող գործարարներ, «համազգային» անունը կրող երգի մրցանակաբաշխություններ սիրված երգիչների ղեկավարությամբ, քաղաքի մեծադիր պաստառների վրա իրական մեծություններին անտրամաբանորեն հաջորդող նոր օրերի ռաբիս կամ մինչև իսկ սիրված ձայներ, կոնֆետի պես բաժանվող մրցանակներ, որոնք կրում են Մեսրոպ Մաշտոցի կամ Խորենացու անունը, ու հետո դրանք հրապարակավ վերադարձնող մրցանակակիրներ, որոնց նպատակը ևս մեկ անգամ մրցանակը ցուցադրելն է... երբեմն։ Խոսքի, սրբությունների և չափանիշների արժեզրկման պատճառով կայսրություններ են տապալվել... չմոռանանք։
-Այս պայմաններում կարելի՞ է ընկալել լավ գրականությունը։
-Կարելի է, եթե գրողի բարոյականությունը բարձր է հասարակության բարոյականությունից։ Եթե նա կրողն է որոշակի ներքին փիլիսոփայության, ինչպես աբսուրդի լավ գրականությունը, ըստ որի տրամաբանությունը պատժելի արարք էր համարվում, իսկ գիտակցությանը վերագրվում էր կոմիկ ֆունկցիա։ Գրականությունը կյանքի հետ ընթացող գետ է, և վատ իրականությունը կարող է լավ գրականություն ստեղծել, եթե գրողն օժտված է, ունի անշարժ դիտակետ, համարձակություն, անհատականության կոնկրետ վերաբերմունք, տեսիլք, երևակայություն... այն ամենը, ինչ անհրաժեշտ է գրողին։ Բոլոր դեպքերում արվեստի կատարյալ գործը ոչ թե տվյալ իրականության պատկերումն է, այլ գրողի ներքին ճիգը, այն, ինչի վերածվել է նա տվյալ իրականությունը դիտարկելիս։
-Արվեստագետը ձգտում է եզակիության։ Իսկ ո՞րն է գրողի բացառիկության պայմանը։
-Հոգու բազմաշերտությունը, այն հավելյալ զգայարանի ներկայությունը, որը հարկ եղած դեպքում կփոխարինի կենսափորձին ու տառապանքին, սեփական անձը համընդհանուրի հետ հավասարապես քննարկողի շեղ, հեգնական հայացքը, որը գոյաբանական հումորն է։ Սա հոգու արժանիքն է և ոչ մի կապ չունի «հումորի ակադեմիայի» շրջանավարտ լինելու հետ։ Սա իմ կյանքի ամենամեծ հումորն է, և անհամբեր սպասում եմ սիրո կամ կարեկցանքի ակադեմիաների բացմանը... Որպես էգո պոետը մեկն է, բայց որպես հոգի նա անսահմանորեն բազմաշերտ է։ Պոետի շնորհն այդ բազմակիությունն արտահայտելու մեջ է։ Երբ Ֆաուստն ասում էր. «Տեր իմ, իմ մեջ երկու հոգի է ապրում», նա, անկասկած, այդ պահին մոռացել էր Մեֆիստոֆելին և անսահման այլ հոգիների։ Գրողը բացառիկ է դառնում այն ժամանակ, երբ կրողն է դառնում կյանքի և գոյության իմացության մի չափի, որն ավելին է, քան իր կենսագրությունը, գրելու իր կարողությունը, գրելու իր ցանկությունը։
-Արվեստն արարվում է սիրով։ Իսկ ի՞նչ է նշանակում սիրո բացակայությունը ստեղծագործողի համար։
-Ոչ միայն որպես բանաստեղծ, այլ նաև որպես պարզ, շարքային կին, ինձ համար ենթադրելի կամ իրական սիրո բացակայությունը ներքին հիստերիայի տարածք է, օդի բացակայության, շնչահեղձության և կլինիկական մահվան համազոր։ Սա ես զգացել եմ մանկուց, և «քեզ այլևս չեմ սիրում, գնա» արտահայտությունը մանկության մղձավանջային հիշողություններից ամենասոսկալին է։ Ինձ միշտ գրկում- համբուրում էին ծնողներս, երբ պարում էի կամ արտասանում իրենց ցանկությամբ, և սարսափեցնող անսերության այդ պահերին, սերն անմիջապես վերադարձնելու համար, ակամայից սկսում էի կրկնել այդ տողերը, իսկ ավելի հաճախ՝ պարել։ Այդ մասին զվարճալի պատմություններ ունեմ։ Շատ բան չի փոխվել այդ ժամանակից։ Մինչ օրս, երբ ինձ գտնում եմ անսերության տարածքում (փառք Աստծո, ո՛չ հաճախ և ո՛չ երկարաժամկետ), մի պահ կարկամում եմ, ապա ներքին շարժման զգացումով դանդաղ կենտրոնանում, և ակամայից բարձրանում են ձեռքերս...
-Ձեր մաղթանքն ընթերցողին։
-Աշխատեք պահպանել սերը ձեր մեջ և աշխարհում, բայց եթե պատահի, որ հայտնվեք անսերության անապատում, փորձեք պարել... Օգնում է։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 7355

Մեկնաբանություններ