38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Քոչարյանը դադարել է դե ֆակտո նախագահ լինելուց, բայց չի դադարել հանցախմբի անդամ լինելուց»

«Քոչարյանը դադարել է դե ֆակտո նախագահ լինելուց, բայց չի դադարել հանցախմբի անդամ լինելուց»
11.07.2008 | 00:00

«ՀԱԱԳԱՅԻ ՊԱՐԱՆԻՆ» ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԵՆՔ ԿԱԽ ՏԱԼՈՒ»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին փոխխոսնակ, Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ։
-Օրերս հայտարարվեց, թե Համաժողովրդական շարժումը փոխում է իր մարտավարությունը։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ կայացել է Սերժ Սարգսյան-Տեր-Պետրոսյան երկխոսությունը։
-Ես Համաժողովրդական շարժման շտաբի ներկայացուցիչ չեմ, ո՛չ էլ լսել կամ կարդացել եմ այդ հայտարարությունը։ Այնպես որ հարցը հանում ենք։
-Այլ կերպ ձևակերպեմ հարցը։ Պարբերաբար մեսիջներ են հղվում Սերժ Սարգսյանին, որ եթե բավարարվեն արմատականների այս-այս-այս պահանջները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների «կտրվածքով», այդ դեպքում ռադիկալ ընդդիմությունը, ըստ էության, կասկածի տակ չի առնի այլևս նախագահի լեգիտիմության հարցը և առնվազն հինգ տարի հնարավորություն կընձեռի նրան հանգիստ պաշտոնավարել։ Այդպե՞ս է։
-Լեգիտիմացնելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել։ Խոսքն առկա զարգացումները քաղաքական հարթություն տեղափոխելու մասին է, երբ ընդդիմությունն իր պահանջներն է առաջադրում, քննարկում է հակառակ կողմի պահանջները՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելով։ Ելքեր, որոնք կբխեն պետության ու ժողովրդի շահերից։ Եթե ընդունենք, որ այս ենթատեքստով մեսիջներ են հղվել, ինչպես Դուք եք ասում, դա միանգամայն նորմալ է։ Բայց, ինչպես տեսաք, հունիսի 20-ի հանրահավաքից մինչև հուլիսի 4-ի հանրահավաքն ընկած ժամանակահատվածում ոչ միայն ընդդիմության առաջնային պահանջները չբավարարվեցին (քաղբանտարկյալների ազատ արձակում, երթերի, ցույցերի, հանրահավաքների լիարժեք արտոնում և այլն), այլև նոր միջադեպեր արձանագրվեցին՝ կրիմինալի մասնակցությամբ, երիտասարդներ ծեծվեցին, ինչը, ընդհանուր առմամբ, ընդդիմության առաջարկի շատ կոնկրետ պատասխանն էր։ Այս առումով շատ ճիշտ նկատեց Լևոն Տեր-Պետրոսյանը, թե, միգուցե, իշխանությունների մոտ պատրանք է ստեղծվել, որ Համաժողովրդական շարժումը զբաղվելու է միայն քաղբանտարկյալների հարցով՝ մյուս խնդիրները մատնելով անուշադրության։ Ամենևին էլ այդպես չէ։ Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ քաղբանտարկյալներին կալանքից ազատելու ամենակարճ ճանապարհն արտահերթ ընտրություններն են և այս իշխանությունների շուտափույթ հեռացումը։
-Երեկ ազդարարվեց, որ ստեղծվում է Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե, որի աշխատանքները նաև Դուք եք համակարգելու։ Ինչպե՞ս։
-Բազմապատկելու ենք մեր ջանքերը հասարակությանը համախմբելու ուղղությամբ՝ ի պաշտպանություն քաղաքական հալածյալների և առաջին հերթին՝ քաղբանտարկյալների։ Անկախ քաղաքական հայացքներից, անկախ տարբեր լրատվամիջոցների ուղղվածությունից, նրանց պատվիրատուների առկայությունից կամ չառկայությունից, անկախ ամեն ինչից, բոլորս պետք է հասկանանք, որ մեր հասարակության համար սա անհանդուրժելի երևույթ է։ Դրա ամենաարտառոց դրսևորումներից մեկի դեմ այսօր (հուլիսի 9-ին-Լ.Մ.) նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա է հրավիրվելու։ Խոսքը միակ կին քաղբանտարկյալ Անուշ Ղավալյանի մասին է, ով ո՛չ քաղաքական գործիչ է, ո՛չ էլ երբևէ զբաղվել է քաղաքականությամբ։ Սովորական մատուցողուհի է եղել՝ «Պիցցա դի ռոմա» սրճարանում, և նրան անհեթեթ մեղադրանք է ներկայացվել հենց միայն այն պատճառով, որ ոչ թե կողքի սրճարանում, այլ հենց Խաչատուր Սուքիասյանին պատկանող սրճարանում աշխատելու «դժբախտությունն» է ունեցել։ Եվ մենք սա հանդուրժում ենք։ Ես կոչ եմ անում ոչ միայն ձեր, այլև մյուս բոլոր թերթերին՝ առաջիկա յոթ կամ տասն օրը հայտարարել Անուշ Ղավալյանի պաշտպանության շաբաթ կամ տասնօրյակ։ Բարձրացրեք ձեր ձայնը, մի՛ եղեք անտարբեր այս աղաղակող անարդարության հանդեպ։ Ոչ մի նշանակություն չունի՝ Դուք Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակի՞ցն եք, թե՞ ոչ, որովհետև անմարդկային բան է տեղի ունենում, և դրա հովանավորն ու աջակիցը Սերժ Սարգսյանն է, ում էլ պիտի ուղղվեն հարցադրումները։
-Որպես Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ՝ այդ հարցադրումները կարող էիք բարձրացնել նաև մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջոցով, եթե մասնակցեիք վերջինիս աշխատանքներին։ Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ պատրաստվում «հետ կանչել» ՀՀՇ-ի Գևորիկին այդ հանձնաժողովից և ավելի լուրջ վերաբերվել խնդրին։
-Նորից կրկնեմ, որ ես Համաժողովրդական շարժման շտաբի անդամ չեմ, ուստի տեղյակ էլ չեմ, թե այդ ուղղությամբ ի՞նչ է պատրաստվում անել Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ի՞նչ որոշումներ են կայացվելու առաջիկայում։
-Վերջին շրջանում լրատվամիջոցները «բեստսելլեր» են դարձրել Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան տանդեմի թեման՝ Ռոբերտ Քոչարյանին «արանքից» հանելու և «երկրորդ սերնդի» բարեփոխումների ճանապարհով երկիրն այս «փոսից» դուրս բերելու վաղօրոք գծված սցենարով։
-Ո՞ր սցենարի մասին է խոսքը։ Այն, որ քաղբանտարկյալները շարունակում են մնալ անազատության մեջ, Սերժ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հանդես է գալիս շարունակական քննադատությա՞մբ։ Սա՞ է սցենարը։
-Ո՛չ։ Աշնան սկզբին խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվում, «Բարգավաճ Հայաստանի» փոխարեն, որի «կնքահայրը» Ռոբերտ Քոչարյանն է, Ազգային ժողով է մտնում Ազգային կոնգրես վերանվանված Համաժողովրդական շարժումը՝ խորհրդարանի ղեկավար աթոռները կիսելով նեոհանրապետական թիմի հետ, որն իր վերջնական ձևավորումը կստանա ամռան վերջերին։ Այս սցենարի մասին է խոսքը, ինչի շուրջ, մեր ունեցած տեղեկություններով, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև օրերս վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։
-Պայմանավորվածության մեխն էլ Սերժ Սարգսյանի հնգամյա լեգիտիմացումն է լինելու, այո՞։
-Համենայն դեպս, այդպես են ասում «չար լեզուները»։
-Նման պայմանավորվածությունից ես տեղյակ չեմ և կարծում եմ, որ դրանք ընդամենն անհեթեթ լուրեր են։ Նույն «ջհուդամասոնական» կամ «արևմտյան դավադրության» շարքից թխված հեքիաթներ են։ Ի վերջո, պիտի հասկանանք, որ մենք անկախ պետություն ենք, և մեր խնդիրներն էլ պիտի լուծվեն պետության ներսում՝ բացառապես քաղաքական մեթոդներով, ոչ թե երկու անհատների պայմանավորվածությունների արդյունքում։ Այ, հենց նոր Դուք մի սցենար գծեցիք, որում ընդգրկված են լինելու մի ամբողջ խումբ կուսակցություններ, և հընթացս եզրակացրիք, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կկայացնեն, մյուսներն էլ, պոչները տնկած, կվազեն նրանց հետևներից։ Ամենևին էլ էդպես չի։ Մասնավորապես, նման սցենարը ես չեմ ընդունի և հրապարակավ կբարձրաձայնեմ այդ մասին։ Համոզված եմ՝ նույն կերպ կվարվեն նաև Համաժողովրդական շարժման մեջ ընդգրկված կուսակցությունները։ Դավադրությունների այդ սցենարներից պետք է կամաց-կամաց հրաժարվել և քաղաքական զարգացումների մասին կանխատեսումներ անելիս հենվել խելամիտ քաղաքական դատողությունների վրա։
-Խելամիտ քաղաքական դատողությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջ «կանաչ լապտեր» չի վառի։ Ի՞նչ զարգացումներ են լինելու այս դեպքում։
-Եթե նա այդ ուղին է ընտրում (իսկ որ մինչ այս պահն այդ ուղին է ընտրված՝ տեսնում են բոլորը), ապա դա ազգակործան ուղի է, որ մեր պետությունը կանգնեցնելու է «լուծարման» վտանգին դեմ հանդիման։ Կույրին էլ է տեսանելի, թե իր իշխանավարման այս կարճ ժամանակահատվածում ինչ խայտառակ ձախողումներ ենք ունեցել։ Վկան՝ միջազգային կառույցների ընդունած որոշումներն ու արևմտյան հեղինակավոր դիվանագետների և քաղաքական գործիչների բացեիբաց հայտարարությունները։ Այս բոլորը մեր երկիրը տանում են կործանման։ Հիմա Դուք, փաստորեն, հարցնում եք՝ եթե Սերժ Սարգսյանը շարունակելու է կործանել մեր երկիրը, ի՞նչ եք անելու։ Պայքարելու ենք ամբողջ ուժով։ Արդեն հայտարարվել է, որ Շարժման թափն ավելացվելու է, մասնավորապես, քաղբանտարկյալների մասով ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանց շուտափույթ ազատմանն ուղղված պայքարն է՛լ ավելի թեժանա։ ՈՒրիշ ի՞նչ ելք եք առաջարկում։
-Մարտի 1-ի կրկնության «տեսլականից» վախ չունե՞ք։
-Հասարակությունն իր աչքով տեսավ, որ իշխանությունները որևէ բարդույթ չունեցան՝ թե՛ ուժ կիրառելու, թե՛ մարդկանց սպանելու առումով։ Հիմա ի՞նչ է ստացվում, եթե գործ ունենք պոտենցիալ մարդասպանների հետ, չպե՞տք է պայքարենք նրանց դեմ։ Ճիշտ հակառակը։ Պայքարել պետք է հենց մարդասպանների դեմ, և մենք պայքարում ենք։ Մեր հիմնական պահանջներից մեկն էլ մարտիմեկյան դեպքերի բացահայտումն է, թեև հասարակության համար, ըստ էության, ամեն ինչ արդեն բացահայտ է։ Քիչ թե շատ տրամաբանող յուրաքանչյուր բանական էակ գիտե իրականությունը, և հիմա խոսքն այդ իրականությանը իրավական գնահատական և համարժեք լուծում տալու մասին է։
-Իրավական գնահատականի մասին շատ բաց ենթատեքստով ակնարկեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հունիսի 20-ի հանրահավաքում առաջին անգամ խոսելով Ռոբերտ Քոչարյանին, որպես մարտիմեկյան ջարդի հիմնական պատասխանատու, Հաագայի դատարան «ուղարկելու» հրամայականից։ Թիվ մեկ պատասխանատուի հարցում նույն կարծիքի՞ն եք։
-Անշուշտ։ Իսկ ո՞վ էր այդ պահին երկրի դե ֆակտո նախագահը։ Ինչ վերաբերում է Քոչարյանի գործը Հաագա հասցնելուն, ես անձամբ շատ կուզենայի մեր երկիրն այնպիսի հանգրվանի հասներ, որ ունենայինք արդար դատարան և էդ արդար դատարանի վճռով էլ բավարարվեինք։
-Մեր կեղտոտ լվացքը չփռեինք Հաագայի պարանին՝ աշխարհին ի ցույց դնելով սեփական անմաքրությունը, այո՞։
-Բնականաբար։ Որովհետև, որքան էլ ողջունելի է հեռանկարը, որ մարդասպանը, ի վերջո, պատասխան կտա զազրելի հանցանքի համար, այնուամենայնիվ, նույն «պարանին» մեր երկրի վարկանիշն ենք կախ տալու։ Վարկանիշ, որն այս իշխանություններն արդեն իսկ զրոյական մակարդակի են իջեցրել։ Ավելի ներքև իջեցնելու հեռանկարն անձամբ ինձ համար բոլորովին էլ ցանկալի չէ։
-Այսօր շրջանառության մեջ է դրվել Ազգային կոնգրեսին ի հակակշիռ «ազգային ընդդիմություն», որ նույնն է, թե «երրորդ ուժ» ձևավորելու խնդիրը։ ՈՒժ, որ պիտի լցնի «սպիտակ» և «սև» բևեռների միջև գոյացած պարապը՝ իր մեջ ընդգրկելով, այսպես կոչված, կառուցողական ընդդիմությանը։ Ըստ Ձեզ՝ կա՞ նման «պարապ»։
-Ես այն կարծիքին չեմ, որ քաղաքական դաշտում այսօր բևեռներ կան՝ «սև» ու «սպիտակ»։ Կա կրիմինալ մի հանցախումբ, որը հերթական անգամ զավթել ու իր ձեռքում է պահում իշխանությունը և ավելի երկար պահելու համար պատրաստ է նաև արյունահեղության։ Եվ կա քաղաքական ընդդիմադիր ուժերի մի ստվար համախմբում, որը պայքարում է երկրում սահմանադրական կարգը վերահաստատելու համար։ Եթե սրանից դուրս ինչ-ինչ ուժեր քաղաքական ճամարտակություններ են անում, բևեռներ են փորձում ստեղծել, դրանք ընդամենը՝ ա) ձգտում են պահպանել իրենց չեղած դիրքերը, բ) պարզապես այդ կերպ ուզում են իրենց հավատարմությունն ապացուցել կրիմինալ հանցախմբին։
-Կա վարկած, որ «երրորդ ուժի» թիկունքին Ռոբերտ Քոչարյանն է, ով այդ կերպ փորձում է նոր քաղաքական հենարան ստեղծել իր համար՝ մեծ քաղաքականության մեջ սեփական խաղն առաջ տանելու համար։
-Եթե այդ վարկածը ճիշտ է, ընդամենն իմ այն տեսակետն է հիմնավորում, թե այդ «կառուցողական» ուժերն ընդամենը սպասարկելու են կրիմինալ հանցախմբի շահերը։ Որովհետև Քոչարյանը դադարել է դե ֆակտո նախագահ լինելուց, բայց չի դադարել հանցախմբի անդամ լինելուց։ Իսկ Ձեր ասած այդ կառուցողականների կառուցողականությանը մենք վաղուց ենք ծանոթ։ Անուններ չթվարկեմ։

Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 6139

Մեկնաբանություններ