ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ես միշտ երազել եմ, որ Լուկաշենկոյի նման մարդ ղեկավարի երկիրն այս»

«Ես միշտ երազել եմ, որ Լուկաշենկոյի  նման մարդ  ղեկավարի երկիրն այս»
13.06.2008 | 00:00

Խորագրի հյուրն է թատերագիր ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

«ԵՐԲԵՎԷ ՉԵՄ ԵՂԵԼ ՈՐԵՎԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՄՏԵՐԻՄԸ, ՀԱՄԱԽՈՀԸ»

-Շեքսպիրյան հանրածանոթ «Աշխարհը բեմ է, մարդիկ` դերասան» խոսքը որքանո՞վ է արդիական ներկա Հայաստանում, ովքե՞ր են մեր լավագույն «դերասանները», ինչպիսի՞ն՝ բեմահարթակները:

-Բեմահարթակները ցաքուցրիվ են, հանդիսատեսը՝ տարերային, ու չգիտես, թե որ ծակուռներից արտաժայթքել են ինչ-ինչ անշնորհք ու արգահատելի «ռեժիսորներ ու դրամատուրգներ», ովքեր մեր օրերի համար գրում ու բավականին հաջող բեմադրում են այնպիսի ողբերգական ավարտ ունեցող պիեսներ, որոնց մասին Շեքսպիը, Սոֆոկլեսն ու Վերգիլիոսն անգամ չէին երազի:

-Այս համատեքստում մեր հասարակությունը եռափեղկված է: Մի հատվածը խիստ դեմ է Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ «հայտնությանը», մյուսը ոչ պակաս վերապահ է Սերժ Սարգսյանի բարեփոխումների վերաբերյալ, երրորդ, ըստ իս, առավել զանգվածային հատվածը մերժում է և՛ մեկին, և՝ մյուսին: Այս հատվածը կարող է հասարակական միաբանման մակարդակի դերն ստանձնել:

-Եթե ուզի, հարյուր տոկոսով կարող է: Բայց հարցն ինձ է ուղղված, և ինքս էլ (գուցեև անհամեստաբար) կասեմ: Ես ամեն, ամեն ինչից առավել մեր հայրենիքը, պետությունն եմ սիրում և հանուն նրա պահպանության պատրաստ եմ անգամ ամենածայրահեղ միջոցի: Առհասարակ, Օգոստոս կայսրից սկսած մինչև այսօրվա «դեմոկրատիկ» եվրամիությունները, պետության կայունության և սերնդի ներկայի ու ապագայի համար, ծայրահեղ միջոցներ են կիրառել ու կիրառում՝ խռովությունները զսպելու համար: Ես, բնական է, որևէ հատվածի չեմ հարում ու սա ևս մի անգամ հայտարարում եմ հրապարակավ. «Ես՝ թատերագիր Վահրամ Սահակյանս, երբևէ, ոչ մի պարագայում չեմ եղել որևէ կուսակցության, որևէ քաղաքական գործչի մտերիմը, համախոհը»: Ժամանակ կար, երբ շփվում էի Հայրիկյանի հետ... ինչ-որ տեղ կիսելով, ինչ-որ տեղ չկիսելով նրա գաղափարները:

-Այսպիսով քաղաքական բեմահարթակը մշակույթի համար օտա՞ր ափ է:

-Մեր ժողովրդի չկողմնորոշված մասի մշտնջենական ցանկությունն է, որ ստեղծագործողը պիտի անպայման հայտնվի որևէ ճամբարում: Բայց նա չունի՛ դրա բարոյական իրավունքը: Եթե ստեղծագործողը, գրողը ինչ-որ կուսակցության անդամ է, կնշանակի նա ցախավել է, ուրիշ ոչինչ: Երբ Ադոլֆը օկուպացրեց Ֆրանսիան, երկրի ստեղծագործողների մի մասն այն չլքեց՝ չհայտնվելով ոչ մի կողմում, կոլաբրիցիոնիստի պիտակով կնքվեց: Ահավոր ատելություն կար 20-րդ դարի խոշորագույն ֆրանսիացի գրող Լուի Ֆերդինանդ Սելինի նկատմամբ: Եվ սա այն բանի համար, որ նա անխտիր քննադատում էր մարդկային բոլոր ճղճիմ կրքերն ու նողկալի արարքները, անկախ այն բանից, որ ճակատում էին կամ որ ճամբարում: Ես հակված չեմ, որ ինձ սիրեն ընդհանրապես: Աբորիգենները խելքից դուրս էին սիրում ճանապարհորդ Ջեյմս Քուքին, նրա անունով էին երդվում, բայց դա չխանգարեց, որ մի գեղեցիկ օր նրան ուտեն: Էլ չեմ խոսում «Առաջնորդ և նրան երկրպագողներ» հասկացության մասին, որը յուրաքանչյուր իշխանափոխությունից առաջ և հետո ձևափոխվում է պլաստիլինի պես:

-Այսինքն՝ շրջապատի, միջավայրի սերն ու համակրանքը քեզ համար որևէ արժեք չունի՞, թե՞, այսուհանդերձ, սիրո ինչ-ինչ կղզյակներ գոյություն ունեն:

-Հայրենիքը հենց այն միջավայրն է, որ ստեղծվում է մարդու մտերիմներից, ընկերներից… Ինձ համար շատ է կարևոր մեր ներկայացումներին հաճախող հանդիսատեսի համակրանքը, ով ներկայացումից ինչ-որ բան է տանում սրտում և ուղեղում: Առհասարակ, եթե մեկ հանդիսատես էլ մտածելով, իմաստավորված հեռանա, արդեն հաղթանակ է, ստեղծագործողի հաղթանակը:

Սակայն նախընտրական շրջանից մինչև հետընտրական թոհուբոհի վերջնանվագը ես հայտնվեցի, ոնց որ ասում են, «սև ցուցակում»…

«ԵՍ ԴԱՐՁԱ ԲՈԼՈՐԻ ԱՉՔԻ ՓՈՒՇԸ»

-Ո՞Ւմ սև ցուցակում:

-Բոլորի: Թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմադիրների: Դադարեցին ինձ հրավիրել, դադարեցին ամբիոն տրամադրել... ես դարձա բոլորի աչքի փուշը:

«ԵՐԲ ԱՌԱՋ Է ՄՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻՆԵԼ ԹԵ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ, ՈՐՈՇԱԿԻ ԽԱՌՆԱԿԻՉ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊԵՏՔ Է ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ՈՒ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԵՆԹԱՐԿԵԼ»

-Պատճառը, ըստ ամենայնի, բավական ծանրակշիռ պիտի լիներ:

-Ինձ չի հետաքրքրում պատճառը: Ինձ հետևանքներն են հետաքրքրում: 2005 թվականից մինչև վերջին ընտրությունները իմ պաշտոնական կայքում շարունակաբար տեղադրվում էին երգիծական հոդվածներ, ծաղրանկարներ՝ բոլորի վերաբերյալ՝ թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմությունների և թե՛ ամեն տեսակ այլ «ությունների»: Սակայն երբ ցույցերը սկսեցին առավել վտանգավոր բնույթ կրել (առաջին հերթին հենց իրենց՝ ցուցարարների համար), ես կայքը կարծես վերածեցի պատմական դասագրքի, ուր հիշեցվում էին բոլոր նման իրադրությունների ողբերգական ավարտները: Ցանկանում էի, որ մարդիկ առաջին հերթին գնահատեն հայրենիքի շահերը և իրենց իսկ արյունով ձեռք բերված պետականությունը… Իսկ ոմանք տհասաբար սկսեցին հոխորտալ. «Ինչի՞ ժողովրդի հետ չես»… Նույնը կլիներ, եթե նրանք հարցնեին՝ ինչո՞ւ ինքդ քեզ հետ չես պայքարում… Ցավոք, ոմանց մոտ այդպիսին է «ժողովուրդ» հասկացության մասին թերի պատկերացումը: Ես ու շատ շատերն էինք կանխազգում վտանգը, մարտի 1-ը:

-Հետաքրքիր է՝ ինչո՞ւ նման զգացողություն չունեցան ողջ մտավորական դաշտը, ուսանողությունը, քաղաքական ակտիվն ու մամուլը և այլն:

-Կարծում եմ, հարցադրումը ճիշտ չէ: Այդ «ողջ» բառը չի համապատասխանել և երբեք էլ չի համապատասխանի իրականությանը: Կարելի է ասել՝ մարդկանց մի մասը: Այդ մի մասի կազմակերպիչներն են այնպիսի աղմուկ բարձրացրել, ասես իրենք ամբողջականացված հայ ժողովրդի հիմնաքարն են, նախասկիզբը, ալֆան ու օմեգան իրար հետ վերցրած: Եվ այդ փոքր մասն օրնիբուն քաղաքականությունից, հայրենիքից ճամարտակելով ու «ժողովուրդ» բառը շահարկելով՝ ուղղակիորեն անտեղյակ է քաղաքականության ամենատարրական, բայց և կարևոր օրինաչափություններին: Ի վերջո, Մաքիավելին է դարեր առաջ սահմանել (և ոչ միայն նա), որ որոշակի դեպքերում, երբ առաջ է մղված պետության լինել թե չլինելու հարցը, որոշակի խառնակիչ ղեկավարների պետք է ձերբակալել ու մահապատժի ենթարկել, ինչպես որ մեծանուն Նժդեհն էր ասում և անում… Մեզ մոտ, ցավոք, սա հնարավոր չէ:

-Չափազանց խիստ չի՞:

-Եթե ոմանց ինչ-որ չափով հաջողվում է մարդկանց որևէ հատվածի (հատկապես երիտասարդության որոշ հատվածի) ատելություն ներարկել, դավել, դարձնել անբուժելի ֆանատ ու անբեկանելի զոմբի, դուրս բերել պետության դեմ, ինչի շնորհիվ էլ կարող է (և հեռու չէ), որ սկսվի քաղաքացիական պատերազմ, ուրեմն անհրաժեշտ է, որ այդ մարդիկ չլինեն: Կազմակերպողները, իհարկե: Չտեսա՞ք «երկու Հայաստան» ունենալու կոչը… Այսինքն՝ քաղաքացիական պատերազմի կոչը… Հեռուստադուելի ժամանակ… Որը կինն էր անում, կին արարածը… Հա, էստեղ են ասում՝ ամեն ինչի տակ էլ կին գտեք… Cherchez la femme… Չնայած, էս կոնկրետ պարագայում ի՞նչ femme… Նման femme… Մի խոսքով… ՈՒ «պատանիներն» էլ ծափահարում էին, ծափահարում, որ հետո… հետո, երբ կսկսվի իրենց դավադրական սադրանքից սկսված կռիվը, ու իրենք իրենց եղբայրներին սպանեն, եղբայրներն էլ իրենց… Կարո՞ղ է լինել նման բան… Հեռուստատեսությամբ… Ո՞Ւր է նայում մեր ԱԱԾ-ը… Ես տասնապատիկ էլ մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանի և իր կողքին կանգնածների վայրիվերո գործողությունները… Չէ՞ որ կարելի էր ողբերգությունը կանխել, դրա համար եղանակներ կան, դարերով մշակված եղանակներ:

-Ջրցան մեքենան այդպես էլ գործի չդրվեց: Այնինչ դա բավական արդյունավետ միջոց է և կիրառելի ողջ աշխարհում:

-Ես դեմ եմ ամեն տեսակի ջրցան մեքենաների: Ինչո՞ւ մարդկանց ջրել… այդ ցրտին: Ի՞նչ իրավունքով: Կարելի է կիրառել, ասենք, հին հռոմեական մեթոդը, որը, ի դեպ, ինչ-որ չափով կիրառվեց 2003-ին: Ցուցարարների կրքերը մարելու նպատակով տարաբաժանում են նրանց, ուղղորդում քաղաքի այլ հատվածներ, ցրում, կազմալուծում: Չգիտեմ` ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞ւմ էր ձեռնտու անմեղ թափված արյունը:

«ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԲԱՆԵՐ ԱՍՈՂՆԵՐՆ ԻՆՉ¬ՈՐ ՄԵԿԻ ՄԱՐԴՆ ՈՒ ԿԻՆՆ ԵՆ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ»

-Մեր թերթում վերջերս ելույթ ունենալով (որից հետո, ի դեպ, նրա առջև բացվեց եթերում հանդես գալու ճանապարհը)՝ Իսրայել Հակոբկոխյանն ուշագրավ միտք հայտնեց առ այն, որ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանն արեցին հնարավորը՝ Սերժ Սարգսյանին գերու վիճակում պահելու համար:

-Համամիտ եմ հարյուր տոկոսով:

-Համամի՞տ ես հավակնոտ ծրագրերին, լո՞ւրջ ես ընդունում նոր վարչապետին ու նրա խոստումներն առ մեր լուսավոր և ինտելեկտուալ ապագան:

-Եթե թողնեն, ինչ որ բան հաստատ կստացվի: Ես Տիգրան Սարգսյանին ճանաչում եմ ավելի քան քսան տարի, քանզի հարևաններ ենք եղել. պետական ծառայության անցնելու և՛ ընթացքում, և՛ հետո նրա կենցաղը չի փոխվել: Չի փոխվել նրա ապրելակերպը, չի փոխվել նրա ժպիտը: Իհարկե, բա ո՞նց, հիմա ողջ հայկական լեռնաշղթան կխոսի այն մասին, թե Վահրամ Սահակյանը վարչապետի «մարդն ա» (ևս մի տարածված, տխմար, հողաթափիկ ինֆուզորիային բնորոշ արտահայտություն)… Ո՛չ, թանկագիններս, ես որևէ մեկի մարդը չեմ, բայց որ նմանօրինակ բաներ ասողներն ինչ-որ մեկի մարդն ու կինն են միաժամանակ, դա ապացուցման կարիք չի զգում: Իսկ նոր վարչապետին վերջին 5 տարվա ընթացքում հանդիպել եմ մեկ-երկու անգամ, շատ հպանցիկ, բայց հիմա ուզում եմ կրկին հանդիպել՝ այս ամենի շուրջ զրուցելու համար:

-Ինչ-որ շատ իդեալական է ուրվագծվում վարչապետը: Թող դեռ ճանապարհ անցնի, որ թափը տեսնենք: Ի՞նչ կասես:

-Ես չասացի, թե իդեալական, ասացի, որ խելոք ու համեստ մարդ է, նա ունի իր թերությունները… Այ, օրինակ, վերջերս ինչ¬որ վիճաբանությունների մեջ էր մտել… ո՞նց էր անունը… Բագրատ…

-Երևի ուզում էիք ասել՝ Հրանտ Բագրատյանի հե՞տ:

-Այո, մի՞թե մարդուն այդքան երկար կյանք է տված, որ նա վիճաբանության մեջ մտնի Հրաչ…

-Հրանտ Բագրատյանի հետ:

-Именно.

«ՉԷԻ ՀԱՍՑՆԻ ԱՅՆ ՎԻՃԱԿԻՆ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱՆ»

-100 կուսակցություն, 100 գաղափարախոսություն, 100 ու մի կուսակցական ջոջ յուր դրանիկներով: Շատ չէ՞ «փոքր ածու» մեր ժողովրդի համար:

-Բարոյականությունը բացակայում է անխտիր բոլոր քաղաքական գործիչների մոտ: Նրանք միասնաբար դավաճանում են իրենց արմատներին: Մեծն Նժդեհն էր զգուշացնում նման վտանգի մասին, պնդելով, որ նրանց արմատախիլ պիտի անել, ոչնչացնել ու թափել ձորը:

-Այնուամենայնիվ, կուսակցախաղերը հիանալի ու հավերժական մի հենարան ունեն՝ ժողովուրդը:

-Ժողովուրդը, կրկնում եմ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, դա 80-ականների վերջին միահամուռ կերպով պայքարի ելած մարդիկ էին: Մենք: Բոլորս: Ժողովուրդը ոստիկանն է, կաթողիկոսն է, ես եմ, դուք եք, ցուցարարն է, ցուցարարին դիմակայողն է… Իսկ ժողովրդին անվանել տականք ու դեմ հանել իրեն հետևող ժողովրդի մի մասնիկին... դա կանխամտածված դավադրության ու դավաճանության աններելի պոռթկում է, ինչի հետևանքներն էլ տեսանք և ցավոք տեսնում ենք: Տեսնում ենք ատելություն ու ցավ… Ես շատ ցավում եմ, երբ հիշում եմ, թե ինչպես 88-ի «Մենք կհաղթենք թշնամուն» և 93-ի ձմեռային «Մահը մերն է, մենք մահինը» հայացքն՝ ինչպես է հիմա փոխվել ու թելադրում «Չհամարձակվեք սիրել ինձ, կմորթեմ»…

-Իմ նախորդ զրուցակից Հրանտ Թոխատյանն իրավիճակը գնահատեց իր, կարելի է ասել, դասական ձևով՝ «նրանք չգնացին Տեր-Պետրոսյանի հետևից, նրանք Քոչարյանից գնացին»: Ահա, փոխանակ Քոչարյանին ու նրա ռեժիմն անարգանքի սյունին գամելու, մենք դատապարտում ենք, ըստ էության, նրա դեմ ընդվզողներին: Հանրահավաքների էին գալիս գործարարներ, ովքեր երբևէ չեն եղել քաղաքականության մեջ, կորցնելու շատ բան ունեին և քաղաքացիական դիրքորոշում էին արտահայտում՝ «միայն թե սրանք հեռանան»:

-Ես համաձայն եմ Հրանտի հետ և արդեն ասացի՝ մեղադրում եմ Քոչարյանին: Ի միջի այլոց, Հրանտը մի երկու տարի առաջ մարդկանց ասում էր (ու ես էլ էի այդ կարծիքն). «Ինչո՞ւ եք Խաչատուր Սուքիասյանին անվանում Գռզո, մարդն անուն չունի՞, գրագետ գործարար է, բանիմաց մարդ»: Եվ այնժամ բոլորն անխտիր պատասխանում էին՝ «Մեր փողերն ա ուտում, ալիգարխ ա»: Իսկ հիմա, երբ իր ֆինանսատնտեսական կայունությունն ամրապնդելու համար՝ կանգնեց Լևոնի կողքին, բոլորի համար դարձավ հերոս: Իսկ այն մարդկանց, ովքեր Լևոնին չէին ուզում, բայց կանգնում էին, ուզում եմ մի հարց տալ՝ «Բա Լևոնի հաղթելուց հետո՞ ինչ էիք անելու, տղեք ու աղջկեք ջան… Գուցե տառապում եք ամնե՞զիայով…»: Ինչ վերաբերում է Քոչարյանին, կասեմ հետևյալը. երբ ես նրան մեղադրում էի (ու ոչ միայն մարտի 1-ի համար), ոմանք, ինչպես հիմա մարդկանց պիտակավորում են որոշ տափակներ՝ «քոչարյանականները» և «սերժականներն» ինձ ասում են՝ բա լավ, որ դու լինեիր նրա տեղը, ի՞նչ կանեիր: Պատասխանել և պատասխանում եմ՝ չէի հասցնի մարդկանց այն վիճակին, որ նրանք փողոց դուրս գան:

-«Այն վիճակի» մեջ ի՞նչ ես նախ պատկերացնում:

-Դուք լավ գիտեք, թե որ վիճակի մասին է խոսքը: Ես չեմ հասկանում, օրինակ՝ հիմա արդյո՞ք հնարավոր չի օլիգարխ կոչվածներին ներգրավել պետականաշեն գործում: Որ պետբյուջեն կարկատած պարկ չհիշեցնի, որ մարդիկ հասկանան՝ իրենց ապրած երկրում իշխանություն կա ու մանավանդ՝ կարգ ու կանոն:

-Շատ կցանկանայի, որ խելացի մեկը պատասխան տար հետևյալ հարցին. մի՞թե հնարավոր չէ այս երկրում ներկրումները (գազի, ալյուրի, շաքարավազի և առհասարակ կենսական անհրաժեշտության ապրանքատեսականու), դարձնել պետական մենաշնորհ, բազմապատկել բյուջեն և այլն: Ի՞նչ են անում իշխանությունները. սնում, գուրգուրում են օլիգարխին, հաճախ մեծ բավականությամբ սերտաճում նրան... հետո փորձում «կարգի հրավիրել»: ՈՒ ինչպե՞ս կարող ենք մենք ազգային պետականություն ունենալ՝ երկրի ներսում զարկ տալով հակազգային մանրակերտ-պետություններին:

-Ես չգիտեմ, ես միշտ երազել եմ, որ Լուկաշենկոյի նման մարդ ղեկավարի երկիրն այս, կարեցածին չափով, իր ուժերով կարգավորի երկրի տնտեսությունը, մաքրազարդի քաղաքական դաշտն ու թքի ամեն տեսակ եվրախորհուրդների ու գլոբալիզատորների խառնամբոխի վրա… Ի՞նչ է կատարվում հիմա… Հը՞… Մի՞թե հնարավոր չէ թեկուզ և կարճ ժամկետում որոշակի միջոցներ ձեռնարկել և ստիպել օլիգարխներին ոչ միայն ազնվորեն մուծել բոլոր հարկերն ու տուրքերը, այլև խոշոր ներդրումներ կատարել տնտեսության ամենակարևոր ճյուղերի, մշակույթի և այլ ոլորտների մեջ: Դրա համար է, որ ինձ մոտ ակամա ցանկություն է առաջանում՝ «Ինչ որ բան ներդնել, ինչ որ մեկի մեջ»: Ի վերջո, ժամանակը չէ՞ կենցաղային այս հոգեմաշ ու ճղճիմ հոգսերից ազատագրելու ժողովրդին:


Հարցազրույցը՝

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 7616

Մեկնաբանություններ