ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Խոսք խոնարհումի

Խոսք խոնարհումի
06.09.2024 | 19:50

Շնորհակալ եմ, սիրելի Վարպետ, որ Ձեր ստեղծագործական կյանքի լուսաբանման չափազանց պատասխանատու աշխատանքը վստահեցիք ինձ:

…Անհատներ կան, որ մեր մշակույթի պատմության մասն են կազմում և սերունդներ են կրթում: Եվ նրանց անունը մեզ միշտ ուղեկցում է մեր կյանքի ճանապարհին:

ՀԵՐԲԵՐՏ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ այդ արվեստագետ-ուսուցիչներից է: Նրա անունն իմ հիշողության մեջ մնացել է փոքր տարիքից՝ իր բեմադրած բազմաթիվ հեռուսաներկայացումներով։ Մարդ ու մանկավարժ, ով իրապես իր ավանդն է ունեցել անկախության սերնդի մեջ ի՛ր ազգի մշակութային ժառանգության կրողը լինելու տեսակը ձևավորելու գործում:

Երկարատև աշխատանքի արդյունքում լույս է տեսել մեր գիրքը, որ նվիրված է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, բեմադրող ռեժիսոր, մանկավարժ, դոցենտ Հերբերտ Գասպարյանին, ով երկար տարիներ աշխատել է Հայկական հեռուստատեսությունում։

1973-2005 թթ.աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր` ստեղծելով 40-ից ավելի հեռուստաներկայացումներ` հիմնվելով հայ և համաշխարհային դրամատուրգիայի լավագույն ստեղծագործությունների վրա։

1993-2005 թթ. եղել է Հեռուստաթատրոնի գլխավոր ռեժիսոր։ Հերբերտ Գասպարյանը մանկավարժական գործունեություն է ծավալել Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում` որպես Հեռուստառեժիսուրայի կուրսի ղեկավար, ինչպես նաև Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտում`որպես Հեռուստառեժիսուրայի կուրսի ղեկավար` կրթելով արվեստագետների բազում սերունդներ։

Երեկ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ իմ ` «Այդ զարմանահրաշ հեռուստատեսությունը» գրքի շնորհանդեսը։

Ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը:

«Մագաղաթ.am» պատմա-մշակութային կայքը տարիներ ի վեր լուսաբանում է մեր մշակութային արժեքները, ներկայացնում մեր կողքին ապրող մշակույթի իսկական նվիրյալներին: «Մագաղաթ.am» պատմա-մշակութային կայքի հիմնադիր–խմբագիրները՝ ամուսիններ Արման Հովհաննիսյանն ու Քրիստինա Աբրահամյանն ինձ առաջարկեցին հոդված գրել Հերբերտ Գասպարյանի մասին:

Եվ վարեցի հարցազրույցը: Գրվեց հոդվածս Հերբերտ Գասպարյան-բեմադրող ռեժիսորի մասին՝ «Կյանք՝ գեղեցիկի ու նվիրումի տարեգրութամբ»: Հենց այս ժամանակ աստիճանաբար ճանաչեցի Հերբերտ Գասպարյան-Մարդուն, ով մեծ արվեստագետ լինելուց առաջ Մարդ է իր կոչումով: ՈՒ գիտե՞ք, թե ինչպես էր այն դրսևորվում. իր արվեստակից ընկերներից ոչ մեկին չմոռանալով: Մինչ կգրեի ու կավարտեի իմ հոդվածը, հաճախակի զանգահարում էր Հերբերտ Գասպարյանը և նոր պատմություններ ավելացնում իր գործընկերների մասին, որպեսզի չմոռացվի և ոչ մեկի անունը՝ բեմադրող նկարիչներից, բեմադրող օպերատորներից սկսած մինչև ռեժիսորի ասիստենտներ, մինչև միկրոֆոնի օպերատորներ, բոլորը պետք է լինեին, բոլորն անխտիր: Հասկանում էի, որ հենց այս սկզբունքով է նա առաջնորդվել ողջ կյանքում: Եվ հենց սա է այն ստեղծագործական առողջ մթնոլորտը, որտեղ ստեղծվել են Հեռուստաթատրոնի գանձարանի այն բոլոր մնայուն գործերը, որոնք դեռ էլի շատ սերունդների են դաստիարակելու:

Հոդվածը հրապարակվեց: Եվ այն դարձավ առիթ, որպեսզի գրվեր հաջորդը, հետո «Մագաղաթ.am» կայքի խմբագիրները առաջարկեցին գրել գիրք և իմի բերել Հերբերտ Գասպարյանի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը: Համարձակվելը դժվար էր: Բայց աշխատանքները սկսվեցին: Եվ այն երկար տևեց` ավելի քան հինգ տարի, որի ընթացքի ականատեսը հասցրեցին դառնալ նաև եղբորս հինգ և յոթ տարեկան փոքրիկները:

Այս ամբողջ ընթացքը, Հերբերտ Գասպարյանի հետ ամեն հանդիպումն ու զրույցը ինձ համար նման էր երկրորդ համալսարանում սովորելուն, որովհետև բեմադրող ռեժիսորի հետ ամեն մի զրույց-քննարկումը դասախոսություն էր, արվեստի գաղտնիքների մի նոր բացահատում…

Ծնվեց այս գիրքը, որով փորձեցի գծել արվեստագետի դիմանկարը…և բացահայտել այն «գաղտնիքը», թե ինչու են Հերբերտ Գասպարյանի բոլոր ժամանակների ուսանողներն այդքան սիրել իրենց ՈՒսուցչին…որովհետև նա գնահատում է իր գործընկերների մեծությունը, ճանապարհ հարթում նոր սերնդի համար…Եվ սա ճշմարտություն է:

Եթե արվեստի աշխարհ ոտք դնող որևէ ուսանող թերթելիս լինի մեր գիրքը, շատ կուզենայի, որ նրանք իրենց կյանքի ճանապարհին դառնան այնպիսի արվեստակից ընկեր, ինչպիսին եղել է Հերբերտ Գասպարյանը:

Հեռուստաթատրոնի չպահպանված գանձերի, այդ թվում Հերբերտ Գասպարյանի հեռուստաներկայացումների պատմություններն ամբողջացնելու գործում վիթխարի է անվանի թատերագետ Վարսիկ Գրիգորյանի դերը, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հայ մշակույթին, հայ թատրոնի գանձերը սերունդների համար պեղելու և պահպանելու գործին:

Վարսիկ Գրիգորյանի հետադարձ հայացքի շնորհիվ է, որ մենք պատկերացում ենք կազմում, թե ինչպիսի գործեր են Հերբերտ Գասպարյանի չպահպանված հեռուստաներկայացումները՝ Ռուբեն Մարուխյանի «Հեղափոխության ասպետը»՝ նվիրված Գային՝ Հայկ Բժշկյանցին, Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս» , Ա. Լիիվեսի «Ինֆարկտը», Ջ. Փրիսթլիի «Սկանդալ, որ պատահեց միստր Քեթլի և միսիս Մունի հետ», Վիլյամ Սարոյանի «Երկու պատմվածքը», Իոն Դրուցեի «Հանուն հողի և արևի», Ա.Վամպիլովի «Բադի որսը», Ալ. Գելմանի «Հետադարձ կապը» հեռուստաներկայացումները… Եվ ամեն հեռուստաներկայացման մասին խոսելիս բառացիորեն գծել է մի յուրօրինակ կտավ: Ահա թե ինչու մենք մեր գրքում ընդգրկել ենք Վարսիկ Գրիգորյան-թատերագետի անդրադարձները, որոնք արժեքավոր վավերագրեր են:

Մեր ընթերցողը գրքում կտեսնի նաև արվեստագետների հետ հարցազրույցներ, որոնք մեզ օգնում են բացահայտել բազում հետաքրքիր մանրամասներ, թե ինչպես են ծնունդ առել Հերբերտ Գասպարյանի հեռուստաներկայացումները: Եվ ես խորապես շնորհակալ եմ մեր կողքին ապրող ու արարող այդ արվեստագետներին, ովքեր ինձ հետ կիսեցին իրենց հուշերը, ինչպես նաև մեր մշակութային կյանքի վերաբերյալ իրենց դիտարկումները, որոնք անչափ կարևոր են ճշմարիտ արվեստ ստեղծելու և աշխարհի մշակութային քարտեզին մեր մեծերի թողած դպրոցին արժանի սերունդ լինելու համար:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Մեր ազգային կյանքի դատապարտելի երևույթներից էր Հեռուստաթատրոնի փակվելը, մի աշխարհ, որտեղ մեծ վարպետների ստեղծած արժեքներով սերունդներ էին ձևավորվում։ Միանգամայն տեղին ենք համարում Վարսիկ Գրիգորյանի Հեռուստատեսային թատրոնի պատմություն» երկհատորյակի վերջաբանում ասած խոսքերը, որոնք հենց դրա մասին են.

«…Թատրոնը մեր ակունքում է, մեր ծագումնաբանության հիմքում: Դեռևս հարյուր տարի առաջ է մեր բեմի ամենահմայիչ ու ինտելեկտուալ դիցուհին՝ Ազնիվ Հրաչյան, խոսել ու գրել մեր ազգի ինքնությունը պահող «սուրբ երրորդության մասին» (եկեղեցի-դպրոց-թատրոն):

Կյանքը ցույց է տվել, որ այդ երեքից մեկնումեկի պակասելը, դադարելը, աղետալի անդրադարձ է ունեցել ժողովուրդների համար »:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2763

Մեկնաբանություններ