ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Վատ խաղաքարտերով» էլ կարելի է հաղթել

«Վատ խաղաքարտերով» էլ կարելի է հաղթել
03.06.2008 | 00:00

ԷԼԻՏԱՐ ԽԱՂԵՐ
«Թղթախաղում կարևորը ոչ թե լավ կամ վատ խաղաքարտերն են, այլ վատ խաղաքարտերով խաղալու կարողությունը»։
(Սկսնակ խաղացողներին տրվող պրոֆեսիոնալի խորհուրդ)
Վերոհիշյալ խորհուրդը թերևս միանգամայն կիրառելի է ոչ միայն ազարտային խաղերի ժամանակ, այլև մարդկային գործունեության ամենաազարտային ոլորտներից մեկի՝ քաղաքականության մեջ։ Այդ մոտեցումը հատկապես ակտուալ կարող է լինել քաղաքական հակադրության և բարդ հասարակական ցնցումների ժամանակահատվածում։
Պետք է նկատի ունենալ, որ դեռևս երբեք Հայաստանի նորագույն պատմության մեջ նախագահական ընտրությունները և դրանց ուղեկցող քաղաքացիական ելույթները պետության ղեկավարին չեն դրել այսպիսի բարդ և ոչ միանշանակ դրության մեջ։ Կրքերի բորբոքվածության առումով, ինչպես նաև արտաքին աշխարհի կողմից ընտրական գործընթացի մանրակրկիտ մոնիտորինգի տեսանկյունից վերջին ընտրությունները համեմատելի են միայն 1996-ի իրադարձությունների հետ, որոնք, ի դեպ, ճակատագրական դարձան հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանի համար։ Միաժամանակ պետք է նշել, որ այն իրավիճակում բացակայում էր ներկա իրադրությանը բնորոշ մի կարևոր բաղադրիչ՝ պետության ղեկավարի դեմ հակազդեցություն չկար բուն իշխանական համակարգի ներսում։ Սակայն ամեն ինչի մասին՝ հերթականությամբ։
Ներկա իրավիճակի մանրամասն վերլուծությունը հանգեցնում է այն ենթադրության, որ Սերժ Սարգսյանի համար այս պահին առավել կենսական հարցերն են արտաքին աշխարհն ու հասարակության աչքում նոր իմիջով հանդես գալու, ինչպես նաև հասարակության հետ անձնական երկխոսության հաստատման խնդիրները և դրա արդյունքում իշխանության նկատմամբ ժողովրդի վստահության աճի ապահովումը։ Հավանաբար այս իրողությունների գիտակցումն է հանգեցրել նրան, որ նոր նախագահի բառապաշարում ամենից հաճախ օգտագործվող բառը հանդուրժողականությունն է։ Ավելի վաղ լոնդոնյան «Թայմսին» տված ծրագրային հարցազրույցում նոր նախագահը հայտարարեց. «Չեմ կարծում, թե ես այն անձն եմ, որին պետք է մեղադրել այսօր առաջացած հասարակական բաժանման համար»։ Նման հայեցակարգային մոտեցման պատճառները, ամենայն հավանականությամբ, հետևանք են ոչ թե նոր նախագահի հոգեկերտվածքի կախարդական փոփոխության և ոչ այնքան երկրում առկա լուրջ ճգնաժամի գիտակցման, որը պահանջում է ինստիտուցիոնալ լուծումներ, այլ պայմանավորված են միջազգային կազմակերպությունների և տարբեր խոշոր պետությունների կողմից հետընտրական Հայաստանի նկատմամբ եղած լրջագույն ուշադրությամբ։
Միաժամանակ ակնհայտ է, որ իշխանության և հատկապես նրա առաջին դեմքի համար այդքան կարևոր հարցերի լուծումը տորպեդահարվում է ոչ այնքան ընդդիմության, որքան հենց իշխանական կառույցների և կուսակցությունների կողմից։ Եվ իսկապես, որքանո՞վ է իրատեսական սպառնալիք տեսնել ընդդիմության այնպիսի նախաձեռնությունների մեջ, ինչպիսիք են, ասենք, ժողովրդական զբոսանքները Հյուսիսային պողոտայում, ՀՀՇ-ական գործիչների իրար հաջորդող պերմանենտ հացադուլները, համազգային միջոցառումների տեղային բոյկոտները, տարաբնույթ դիմումները հանրությանը և սակավաթիվ պիկետները։ Ակնհայտ է, որ բոլոր այս գործողություններն ընդամենը նպատակ ունեն իրավիճակը «տաք պահել» արտաքին աշխարհի համար, բայց սկզբունքորեն չեն վերածվում լայնամասշտաբ քաղաքական միջոցառումների, որոնց հետևանքով իշխանությունը կարող էր ինչ-որ լուրջ վնասներ կրել։
Ավելին, ընդդիմության ինտելեկտուալները նույնիսկ նոր տերմինաբանություն մտցրին շրջանառության մեջ՝ հայտարարելով «ընդհատումներով հեղափոխության» մասին, հավանաբար մոռանալով, որ հեղափոխությունն անընդհատ գործընթաց է, իսկ ժամանակի մեջ ձգձգվող քաղաքական միջոցառումները սովորաբար վերածվում են կա՛մ էվոլյուցիոն գործընթացի, կա՛մ էլ, ի վերջո, հանգեցնում լճացման։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ավելի շուտ Սերժ Սարգսյանի համար առաջնահերթ խնդիրների լուծմանը խոչընդոտող հանգամանքներ են Հանրային հեռուստատեսության վերլուծական ծրագրերով ընդդիմության դեմ ձեռնարկվող «խաչակրաց արշավանքները», դատախազության և արդարադատության նախարարության պայքարը օմբուդսմենի դեմ՝ այսպես ասած, «մունդիրի պատիվը» պահպանելու համար, վարչապետի կողմից Սյունիքի մարզպետի նկատմամբ նախաձեռնված քննության տորպեդահարումը, արմատական արևմտամետ իրավապաշտպանի և իշխանության կողմից վերահսկվող քաղաքական գործչի միջև «հարաբերությունների պարզաբանումը» և նման այլ դրսևորումներ։
Նկատի ունենանք նաև, որ մինչ օրս ՀՀԿ շարքերում չի դադարում քրթմնջոցը Տիգրան Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու և հանրապետականների «հին գվարդիայի» առանձին ներկայացուցիչների՝ գործադիր իշխանությունից դուրս մղվելու կապակցությամբ։ Իսկ այն լուրերը, թե հնարավոր է խորհրդարանի խոսնակի փոփոխություն, և այդ տեղում կարող է հայտնվել «նոր հանրապետական» Դավիթ Հարությունյանը, պարզապես դժգոհության ցունամի են առաջացրել ՀՀԿ-ում, ուր Տիգրան Թորոսյանին դիտարկում են իբրև անբաժան իշխանության հիմնական երաշխավոր։ Ավելին, իշխանական քաղաքական ուժերի և խորհրդարանի «գնչուական փոստը» առանց հոգնության շարունակում է լուրեր տարածել նոր նախագահի «թուլության», նրա ձևավորած իշխանության կառուցվածքային նեխածության մասին, ինչը չի կարող որոշակի ազդեցություն չունենալ բնակչության տրամադրությունների վրա։ Քաղաքականության բիզնեսմենները շարունակում են պնդել, թե Քոչարյանի ժամանակ իշխանությունը ոչ միայն պաշտպանում էր յուրայիններին, այլև չէր նախաձեռնում անհասկանալի համակարգերի ստեղծում։ Այդ պնդումների համաձայն, ներկա նախագահի ձգտումները՝ կարգավորել ֆիսկալ և իրավապահ կառույցների գործունեությունը, ոչ այլ ինչ են, եթե ոչ պոպուլիստական և դեկորատիվ գործողություններ, որոնք բացառապես ազդեցության ոլորտների նոր վերաբաշխման նպատակ են հետապնդում։
Բոլոր այս գործողությունները, լուրերն ու բամբասանքներն ուշադիր վերլուծության դեպքում թողնում են միանգամայն համակարգված տպավորություն, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ գործընթացը վերահսկվում է, կոորդինացվում, առկա է դրա միասնական կառավարում՝ համապատասխան ֆինանսական աջակցությամբ։ Եվ այստեղ արդեն ավելորդ չէ հիշել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարությունը, թե ինքը բոլորովին էլ մտադիր չէ վերածվել «ամենաերիտասարդ թոշակառուի» և որ «մի երկու ամիս հանգստանալուց» հետո վերադառնալու է քաղաքականություն՝ նոր որակով։ Ավելին, Քոչարյանի օրոք ձևավորված կառավարման վարչատնտեսական բուրգը և կուսակցությունները ոչ միայն խիստ զգուշությամբ են ընդունում նոր նախագահի նախաձեռնությունները, այլև այդ դաշտում արդեն իսկ առկա է կարոտախտ նախորդ ժամանակների նկատմամբ։ Նոր նախագահի բոլոր գործողություններն այս շերտի մեջ վտանգի զգացողություն են սերմանել և որևէ ձևով նախկին տիրոջ վերադարձն ապահովելու անհետաձգելի ցանկություն առաջացրել։ Ըստ այդմ, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման՝ ընդդիմության կողմից ասպարեզ նետված պահանջն ակտիվորեն քննարկման առարկա է դարձել Քոչարյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցներում, ինչն իր հերթին նշանակում է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը ոչ միայն ընդունելի կամ ցանկալի է կառավարման համակարգում իր դիրքերը պահպանող քոչարյանամետ էլիտայի համար, այլև ժամանակային սահմանափակության պատճառով պահանջում է արագ իրագործում։
Եթե սթափ դիտարկենք ստեղծված իրավիճակն ու այդ իրավիճակի լիցքաթափմանը կամ սրմանը նպաստող իրողությունները, ապա կարող ենք արձանագրել, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այդ ընտրություններում հաղթանակ կարող է տանել ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը կամ որևէ այլ ընդդիմադիր գործիչ, այլ հենց Ռոբերտ Քոչարյանը, որն այդ նպատակին հասնելու համար դեռևս բավականաչափ ռեսուրսներ ունի։ Այսինքն, կա քաղաքական և վերահսկվող կուսակցությունների աջակցությունը, իշխանական կառույցներում քիչ չեն նրան հավատարիմ մարդիկ, համապատասխան ռեսուրսներ են առկա տեղական ինքնակառավարման համակարգում, նախկին նախագահն ունի տնտեսական և ֆինանսական բազիս, ինչպես նաև արտաքին քաղաքական հովանավորներ ռուսական շրջանակներից։
Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ ներքաղաքական զարգացումների այս փուլում Սերժ Սարգսյանի վարչակազմին հիմնական սպառնալիք է ոչ թե արմատական ընդդիմությունը, այլ նախկին գործընկերն ու համախոհը։ Եվ թեկուզ նախկինում մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել վկա լինելու ներկա և նախկին նախագահների միջև վարպետորեն բեմադրված «հակասությունների», այս փուլում կարծես ակնհայտ է, որ «իշխանության Բոլիվարը» երկուսին տանել չի կարող։ Դա չեն կարող չհասկանալ ինչպես փորձված խաղացող Սերժ Սարգսյանը, այնպես էլ քաղաքական խաղերում ոչ պակաս թրծված Տեր-Պետրոսյանը։ Եվ ինչպես ցույց է տալիս պատմությունը, նրանք կարող են խաղալ և հաղթել հակառակորդին նույնիսկ «վատ խաղաքարտերով»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10415

Մեկնաբանություններ