ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Հարգս չգիտեցան, բայց պիտ փնտրեն զիս...»

«Հարգս չգիտեցան, բայց պիտ փնտրեն զիս...»
28.04.2009 | 00:00

«ՄԵՐ ՊԱՆԹԵՈՆԸ ՓՈՔՐ Է ՈՒ ՏԽՈՒՐ»
Հայտնի հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը 2007-ին գրավոր դիմել էր մշակույթի նախարարություն` Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում պահվող Պետրոս Դուրյանի գանգի բեկորները հողին հանձնելու (ավելի ստույգ` Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու) առաջարկով։ Առաջարկն ընդունվել է գրողների միության, գրականության ինստիտուտի և 15 նախարարությունների կողմից։ 2008-ի մայիսին պետք է կազմակերպվեր հուղարկավորությունը, բայց շարունակ հետաձգվել է տարբեր պատճառաբանություններով (հուշարձանի գինը պիտի որոշվի, մրցույթ հայտարարվի և այլն)։
Օրերս մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արվեստի և գրականության թանգարանում տեղի ունեցավ խորհրդակցություն` հարցը քննարկելու և վերջնական վճիռ կայացնելու նպատակով։
«Հող էիր, հողին դարձիր»` Աստծո խոսքը վկայեց տեր Շահեն քահանա Հայրապետյանը, որի աղոթքով սկսվեց այս անսովոր քննարկումը։ Տեր հայրը համոզմունք հայտնեց նաև, որ հայրենի հողը սպասում է իր զավակներին։
Առաջին հայացքից պարզ թվացող այս իրողությունն իրականում իրարամերժ կարծիքների տեղիք է տալիս և ենթադրում է լուծման տարբեր եղանակներ։
«Հարգս չգիտեցան, բայց պիտի փնտրեն զիս...». սրանք Դուրյանի խոսքերն են։ Նա կյանքից հեռացավ առանց լուսանկար ունենալու։ Անվանի նկարիչ Աբրահամ Սարգսյանին հրավիրում են մահացած գրողին նկարելու, սակայն անհնար էր «եղծած, գիծերը քայքայված, ճղակտոր եղած, հյուծախտին բզկտող ճանկերուն տակ եղծած դեմքով անկեղծ Դուրյան մը նորաստեղծել»։ Փոխարենն օր օրի մեծանում է Դուրյանի փառքն ու հմայքը։ Վաղամեռիկ բանաստեղծի շիրիմը դառնում է ուխտատեղի, երիտասարդ զույգերն այստեղ էին տալիս իրենց առաջին սիրո երդումները։
1957-ին ճանապարհաշինության նպատակով Կ. Պոլսի գերեզմանատանը կատարվող տեղափոխությունների ժամանակ Դուրյանի գանգը, Պոլսի պատրիարք Գարեգին Խաչատուրյանի գաղտնի ցուցումով, բերվում է պատրիարքարան։ Նրա մահից հետո Շնորհք պատրիարքը մասունքը հանձնում է Վազգեն Առաջին կաթողիկոսին։ Արդեն չորս տասնամյակ այն պահվում է Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում։ Մինչ այդ շրջանառության մեջ դրված Դուրյանի նկարը հիշողությունների, երևակայության արդյունք էր։ Հայ մեծ գիտնական Անդրանիկ Ճաղարյանի երկարատև հետազոտությունների արդյունքում վերականգնվում են Դուրյանի դիմագծերը (ի դեպ, Հայաստան էր բերվել ոչ թե գանգը, այլ մի քանի տասնյակ բեկորներ` քայքայված, խառնված ուրիշ աճյունների բեկորներին)։ ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանի կարծիքով, թանկարժեք, սուրբ մասունք լինելուց զատ, այն նաև Անդրանիկ Ճաղարյանի աշխատանքի մի մասն է, նրա ձեռագիրը, որը հրաշալի օրինակ է այդ ասպարեզում իրենց քայլերն անող մարդկանց համար։ «Եթե, այնուամենայնիվ, այն պետք է հողին հանձնվի, մի տարբերակ էլ կա,- ասաց Կարո Վարդանյանը։- Մեր ժողովրդի դարավոր ներկայությունն աշխարհի տարբեր երկրներում վկայում են ոչ միայն հուշարձանները, եկեղեցիները, դպրոցները, այլև գերեզմանոցները, առավել ևս, Պոլսի հայկական գերեզմանատունը, ուր ամփոփված են մեր գիտության, գրականության, արվեստի շատ մեծեր։ Տեղի հայ համայնքի շնորհիվ գերեզմանատունը բարենպաստ վիճակում է։ Դուրյանի շիրիմը եղել է սրբատեղի երիտասարդների համար։ Ինչո՞ւ մասնատված մասունքը չամփոփել այնտեղ։ Կամ մյուս տարբերակը` հուղարկավորել ազգային պանթեոնում և ունենալ վերստին մեկ մասնատված շիրիմ»։
Խաչիկ Ստամբոլցյանը նկատեց, որ մեր շատ քրիստոնյա սրբերի մասունքները տարբեր տեղերում են։ «Ինչ վերաբերում է հետմահու կյանք ունենալու համար քրիստոնյային վայել հուղարկավորությանը, Աստված այս մարմիններին չէ, որ պիտի հարություն տա,- ասաց նա։- Սա ապականված մարմին է։ Այս մարմնի ոսկորները զորություն են։ Ինչպես Աստվածաշունչն է վկայում, թե Եղիսե մարգարեի ոսկորները կենդանացնում են մեռած երիտասարդին։ Դուրյանը սուրբ արարած էր, նրա մասունքը հողի մեջ թաղելով` մեզ զորություն ու ողորմություն պիտի լինի։ Եվ չգիտենք` Նախիջևանի հուշարձանների նման Պոլսի գերեզմաններն էլ չե՞ն քանդվի»։
Ստամբոլցյանը վիրավորանք էր համարում, որպես թանգարանային հարստություն, ուսումնասիրության առարկա գանգը թանգարանում պահելու միտքը։ Նրա մեկնաբանությամբ` աճյունը վերադարձնելու Կամո Վարդանյանի առաջարկը (այդ մասին նախապես Կամո Վարդանյանը հայտնել էր նրան հեռախոսազրույցով) այլ երանգ և իմաստ է ստանում։ Ինչևէ, Կ. Վարդանյանը գերադասեց մասունքների առաջ «հաշիվ չպարզել» և վերադառնալ բուն խնդրին, մանավանդ որ, որպես գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, բարձր է գնահատում Դուրյանին։
Աճյունադարձությանը դեմ արտահայտվեց թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը։ «Շնորհք պատրիարքը վարագույրի տակ թաքցրած մասունքը բերել է Հայաստան, հիմա նորից պետք է գողունի հե՞տ դարձնենք։ Պետությունն էլ համաձայն չի լինի դրան»,- ասաց նա։
2011-ին լրանում է Դուրյանի 160-ամյակը։ ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանն առաջարկեց դուրյանական տարում կազմակերպել աճյունի հուղարկավորումը և հուշարձանի բացումը։ «Մենք մեծ պարտք ունենք Դուրյանի և արևմտահայ մեր մտավորականների առաջ։ Ազգային պանթեոնում Դուրյանի շիրիմը կդառնա յուրօրինակ ուխտատեղի։ Չեմ կարծում, թե 91-ամյա մեր հանճարի շիրմին այցելելու համար ինչ-որ մեկը մեկնի Պոլիս։ Սիլվա Կապուտիկյանն ասում էր` մեր պանթեոնը փոքր է ու տխուր։ Մենք այն դարձնում ենք մեծ ու չգիտեմ` տխո՞ւր, թե՞ փառապանծ»։ Խաչիկ Ստամբոլցյանի կարծիքով` հուշարձանի բացումը կարելի է կազմակերպել 2011-ին, բայց աճյունի հուղարկավորումը պետք չէ ուշացնել։
Նման շտապողականությանը դեմ էր ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը։ Ըստ նրա` շատերի համար անակնկալ է այս իրողությունը։ Պետք է մտածել` ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում ամփոփել աճյունը, հաշվի առնել նաև հայ-թուրքական միջպետական հնարավոր տարաձայնությունները։ Ստամբոլցյանն էլ հարկ համարեց հիշեցնել, որ մեկ ու կես միլիոն հայ կոտորելիս Թուրքիան հաշվի չառավ մեր կարծիքը։
Չնայած տարաձայնություններին և Կամո Վարդանյանի միանգամայն տեղին դժգոհությանը, թե խորհրդակցության մասնակիցները սակավաթիվ էին (հավանաբար անժամանակ անձրևն էր պատճառը), մեկ հարցում մասնակիցները համակարծիք էին` Դուրյանի գանգի բեկորները պետք է ամփոփվեն Կոմիտասի անվան պանթեոնում։ Այդ նպատակով վարչապետի ղեկավարությամբ կհրավիրվի պետական հանձնախումբ, ուր կընդգրկվեն հնէաբաններ, մարդաբաններ, մշակութային և այլ գործիչներ։ Անդրանիկ Ճաղարյանի աշխատանքը պահպանելու համար վճռվեց ունենալ գանգի կրկնօրինակը։
Ինչպես նկատեց Լևոն Անանյանը` սա նման է մեր ճակատագրին։ Մասունքների վերահուղարկավորում, մասնատում, աճյունադարձություն. այս ոչ բնական իրողությունից միաձայն լուծում սպասել չի կարելի։ Ափսոս, որ Դուրյանն իր տողերում ոչինչ չի ասել սեփական աճյունի ճակատագրի մասին։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5195

Մեկնաբանություններ