Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Նիկոլը. տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը

Նիկոլը. տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը
27.07.2023 | 23:52

Միանգամից ասեմ, որ վերնագրի մեջ տեղ գտած ժարգոնային բնորոշումները կապված չեն ոչ այն վայրի յուրահատկությունների հետ, որտեղ հիմա գտնվում եմ, ոչ էլ նպատակ ունեմ ավելի վիրավորել Փաշինյանին, այլ ընդամենն ասելիքիս բովանդակությունն առավել ցայտուն նկարազարդելու ստեղծագործական հնարք են:

Նիկոլի հերթական ասուլիսը ոչ միայն ավանդական կեղծիքների, վախերի, ստերի և բարոյազրկության, լրբության շարան էին, այլև առավել ցայտուն դարձրեցին այն վարքականոնային և քարոզչական տրիադան, որով Փաշինյանը ներկայանում է հայ հասարակությանը:

Այդ տեխնոլոգիական եռյակն իր մեջ ներառում է հետևյալ 3 ուղղությունները`

սվաղել ներքին խնդիրները, «дурачок» ձևանալ արտաքին հարցերում և հոգու խորքում լինել ավարտված, պրծած մարդ:

Փաստարկեմ յուրաքանչյուր բնորոշումս ասուլիսին հնչած մի քանի դրվագներով:

Տեղական «շուստրին»

1. Նիկոլն ասում է, որ մենք առավել քան վերջերս միասնական ենք, քանի որ, ըստ իրեն, ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Եթե անգամ մի պահ ընդունենք, որ Փաշինյանը հենց այդպիսին է, ապա հօգուտ միասնականության իր արգումենտը չի դիմանում որևէ քննադատության, քանզի իրական ժողովրդավարական երկրներում էլ մարդիկ կարող են ընտրել ղեկավար, բայց միասնական չլինել, այլ լինել պառակտված, բևեռացված, տրոհված: Արդյո՞ք ընտրված չէ Մակրոնը, և արդյո՞ք Ֆրանսիան միասնական է: Արդյո՞ք ընտրված չէ Նաթանյահուն, և արդյո՞ք Իսրայելը միասնական է: Արդյո՞ք ընտրված չէ Բայդենը, և ԱՄՆ հասարակությունը միասնակա՞ն է:

2. «Ես մշտապես եղել եմ 29 800 ք/կմ-ի վարչապետը»,- աչքերը կլորացնելով արտաբերում է Նիկոլը՝ անգամ ջանք չներդնելով 2019-ին «Արցախը Հայաստան է, և վերջ» ալկոհոլային էքստազի մեջ իր արտանետած բլթոցն ինչ-որ բանով ծածկելու համար:

3. Ասում է, թե ինքը կապ չունի Հայաստանում առկա քաղբանտարկյալների հետ՝ այդ սրիկայության ողջ պատասխանատվությունը բարդելով փաստացի գլխավոր դատախազի, ՔԿ ղեկավարի և իրավապահ համակարգի իր մյուս խամաճիկների վրա: Իսկ կարո՞ղ է՝ այլմոլորակայինները կապ ունեն իմ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու հետ:

4. Դատական համակարգի հորինված բարեփոխումները գովերգելու համար նա կրկին հղում է անում Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին վերաբերող ինչ-որ զեկույցի վրա, «բարեհաջող» մոռանալով նշել, որ այդ զեկույցը պատրաստվել է այդ երկրների մի շարք ՀԿ-ների կողմից (դժվար չէ կռահել, թե ովքեր են ներկայացրել Հայաստանը), և անգամ այդ զեկույցով ԱլԳ 6 երկրների շարքում ընդհանուր առմամբ Հայաստանն իր «ժողովրդավարական» բարեփոխումներով զբաղեցնում է ընդամենը 4-րդ տեղը (!)` անցնելով առաջ միայն Ադրբեջանից և Բելառուսից: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Իհարկե, նրա շուստրիությունների շարքը կարելի էր շարունակել, բայց անցնեմ «լոխորյաններին», որոնց հիմքում դիտավորություններով կայացված մի շարք որոշումներ և քայլեր են, որ փաթեթավորվում են «խեղճ Նիկոլն ինչ անի» ձեթաթաթախ ու ճենճոտ ՀԺ-ի հերթական համարի մեջ:

Գլոբալ «լոխը»

1. «Ռազմագերիները՝ քարտեզների դիմաց» հիմար գործարքն արդարացնելու համար Նիկոլն «անկեղծանում» է, որ միջազգային հանրությունն է իրեն հորդորել փոխանցել Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզները՝ վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Հարկ կա՞ հիշեցնելու, որ Ալիևն արտաթորած ունի այդ վստահության մթնոլորտի մեջ, և մեր տղաները շարունակում են այդ զույգի պատանդը մնալ ադրբեջանական բանտերում։

2. Աղդամով Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման մասին եվրաբյուրոկրատներին ժամանակին չարձագանքած Փաշինյանը դեբիլիկի հայացքով պնդում է, որ դա չի արել, քանի որ դրա քննարկման մանդատը չուներ։ Իսկ Բրյուսել եռակողմերին ո՞վ էր գնացել՝ Փավստոս Բուզա՞նդը, թե՞ Ամիրդովլաթ Ամասիացին։

3. Տարածաշրջանում ժողովրդավարության Կամասուտրայի գուրուն չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու՞ «քաղաքակիրթ աշխարհը» պարբերաբար շոյում է նրա դեմոկրատական էռոգեն զոնաները, բայց այդպես էլ գործուն և հստակ քայլերով միջոցներ չի ձեռնարկում այդ դեմոքրըսիի սեքս-սիմվոլին բռնաբար Ալիևից պաշտպանելու համար։ Լրիվ «Не виноватая я, он сам пришел» վիճակն է։

4. Վա՜յ, ասում է Նիկոլը, գիտե՞ք, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ միջազգային մեխանիզմներ են աշխատելու, ու դա շատ լավ է։ «Յա՜, իրո՞ք»,- նման հիմարություն լսելով կարձագանքեր դասականը։ Միջազգային դատարանի վճռից ավելի ուժեղ մեխանիզմնե՞ր են լինելու, հա՞, որի վրա Ադրբեջանը հյութազատած ունի, աշխարհն էլ ոչ մի բնական ելուստ չի շարժում այդ որոշումը կյանքի կոչելու և արցախահայությանը փրկելու համար։

5. Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ Ալմաթիի հռչակագիրը դարձրել է հայ-ադրբեջանական բանակցությունների հիմնաքար, բանակցային նշաձողն այնքան է իջեցրել, որ գցել է ոտքին, Ալիևին էլ այնքան բանավոր խոստումներ է տվել, որ հիմա Իլհամը ստիպում է նրան բարաթի վրա գրել և տակը ստորագրել։

Այս թվարկումն էլ կիսատ թողնեմ և անցնեմ նրա սրիկայությունների հիշատակմանը, որոնք վկայում են իր՝ պրծած մարդ լինելու մասին։

Պրծած մարդը

1. Սրիկայություն է 2021 թ. ընտրություններին խոստանալ մի բան, կառավարության ծրագրում ամրագրել մեկ այլ բան, իրականացնել լրիվ ուրիշ բան ու վենետիկյան կուրտիզանուհու անմեղ հայացքով հղում անել «ժողովրդից ստացած մանդատի» վրա։

2. Սրիկայություն է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի բռնազավթումը բացատրել «սահմանը դելիմիտացված չէ» ալիևյան թեզով։

3. Սրիկայություն է մեյդան բերել «տարածաշրջանայնացման» կոնցեպտը որպես արտաքին քաղաքական նոր հայեցակարգ՝ շատ լավ իմանալով, որ մի կողմից՝ գլոբալ հակամարտության պարագայում նման մոտեցումներն աշխատում են միայն այն դեպքում, երբ ռեգիոնի բոլոր երկրները միևնույն գեոպոլիտիկ ազդեցության գոտում են (օրինակ, Բենիլյուքս, Բալթյան երկրներ, Պարսից ծոցի արաբական միապետություններ), իսկ մյուս կողմից՝ ռեգիոնալիզացիան աշխատում է, քիչ թե շատ, հենց կշռով և ներուժով հավասար խաղացողների պարագայում։ Այնինչ մեր տարածաշրջանում ակնհայտ է լինելու Թուրքիայի և Իրանի գերակշռությունը, իսկ հաշվի առնելով Անկարայի հանդեպ Նիկոլի խոնավ հակումները, ակնհայտ է, որ ռեգիոնալիզացիայի անվան տակ Փաշինյանը ցանկանում է Հարավային Կովկասում վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին և այն փոխարինել Թուրքիայով։

4. Սրիկայություն է դաչաներում բամիա աճեցնելու սեփական իրավունքն ավելի ջանասիրաբար և եռանդուն պաշտպանել, քանի Արցախի կյանքի իրավունքը։

5. Սրիկայություն է քանդել Արցախը, հետո երեսով տալ, թե 150 մլրդ աննախադեպ փող ենք տվել, թող յոլա գնան։ Օսվենցիմում կամ Բուխենվալդում բազմաթիվ հրեաներ էլ ոսկե ատամներ ունեին, բայց ատամներով ծամելու բան չունեին…

6. Սրիկայություն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հետո լպտալ, թե Ստեփանակերտը թող ինքը որոշի, թե ինչ է ուզում։ Դրա փոխարեն՝ գոնե կարող էր ասել, որ Հայաստանը կճանաչի և կընդունի Արցախի որոշումը։

7. Սրիկայություն է ամբողջ կյանքը գործ տալով զբաղվել, երկրում խրախուսել դոնոսչիկությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի, ԵԽԽՎ-ի, Եվրոպառլամենտի ամբիոններից վայրահաչել «նախկին թալանչիների» հասցեին իր գրպանային ԱԳ նախարարի շուրթերով BBC-ի եթերում վնգստալ Բաղրամյան տարվող «փողով ճամպրուկների» մասին, իսկ հետո դրա մեջ մեղադրել Արցախի և Հայաստանի պաշտպանության համար առ այսօր իրեն հասանելի բոլոր միջոցներն օգտագործող Սերժ Սարգսյանին։

Ասում են՝ ասա՝ ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Գլոբալ քաղաքականության մեջ էլ ասում են՝ ասա՝ ո՞վ է ղեկավարդ, ասեմ՝ ով ես դու՝ որպես ժողովուրդ։ Մտքովս անգամ չեմ կարող անցկացնել, որ մենք՝ որպես ազգ, այլևս պրծած «լոխեր և շուստրիներ» ենք։

Հենց այդ մասին է իմ POSTNIKOL հոդվածաշարը, որի հերթական մասը կներկայացնեմ ձեր ուշադրությանը շաբաթվա սկզբին։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ,

«Նուբարաշեն» ՔԿՀ

26.07.2023


168. am կայքից

Դիտվել է՝ 2558

Մեկնաբանություններ