ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մինչև ու՞ր է շարունակվելու Նիկոլ Փաշինյանի մառազմը

Մինչև ու՞ր է շարունակվելու Նիկոլ Փաշինյանի մառազմը
25.01.2021 | 17:16

Ամեն անգամ թվում է՝ այլևս տեղ չկա՝ ամենաամենահատակում ենք, բայց մեկ էլ հանկարծ ներքևից մեկը բախում է… Ճիշտ այդ թակոցն էր լուրը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարող է նշանակվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, որ հաստատում է ՀՀ ԱԳՆ-ն իրոք կազմալուծվել է, և նախարարը դեր չունի ՀՀ արտաքին քաղաքականության կենսագործման մեջ: Թվում էր, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետը պետք է գիտակցի, թե որքան կարևոր են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում ՀՀ դեսպանները, ինչքան կենսական ու ծավալուն աշխատանք ունեն կատարելու, ու եթե Ֆրանսիայում ու Ռուսաստանում ՀՀ դեսպանները կարող են փոխվել՝ չունենալով Արցախի հարցում բանակցային գործընթացին մասնակցության փորձ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը եզակի դեպք է, որ դիվանագիտական ծառայության տասնամյակներում և այդ փորձն ունի, և դիվանագիտական աշխատանքի հմտություններ, և կապեր ԱՄՆ-ում դեմոկրատների հետ, հայ համայնքի, լոբբիստական կազմակերպությունների: Իմա՝ Վարուժան Ներսիսյանը, եթե Հայաստանի չխանգարեն, փայլուն աշխատանք կարող է կատարել: Բայց…


Հարց է առաջանում՝ ի՞նչ հարց է, ուրեմն, լուծում Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, նրան հետաքրքրում է ոչ թե պետությունը, դիվանագիտությունը, Հայաստանի զարգացումը, Արցախի հարցը, այլ՝ կուսակցին աշխատանքի տեղավորելը: Ունի՞ Լիլիթ Մակունցը դիվանագիտական աշխատանքի փորձ: Ոչ: Նա ընդամենը ԱԺ ՀՀ-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարն է և օգտվելով այդ փաստից՝ տևական այցեր է ունեցել ԱՄՆ: ՝ Կոնգրես այցը եղել է սոսկ ճանաչողական՝ առանց կոնկրետ արդյունքների: Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին հայտնվեց մշակույթի նախարարի պաշտոնում ու հայտարարեց, որ մշակույթն իր մեջ է, որի տրամաբանական ավարտը դարձավ մշակույթի նախարարության փակումը: Հետո Լիլիթ Մակունցը հայտնվեց ԱԺ-ում ու դարձավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար: Փաստացի՝ Լիլիթ Մակունցն այլևս իր փխրուն ուսերին չի կարողանում կրել ԱԺ մեծամասնության ղեկավարի ծանրությունը, գուցե նաև այլ խնդիրներ ունի ու նրան պետք է «օգնել»: Եթե գերանհրաժեշտ է Լիլիթ Մակունցին «օգնելը»՝ դեսպան նշանակելով, տասնյակ անգլիալեզու երկրներն կան, որ ՀՀ-ի համար չունեն կենսական նշանակություն, ինչու՞ հենց ԱՄՆ-ի: Փաստացի՝ նրա դեսպան նշանակելու միակ հիմնավորումը անգլերենին տիրապետելն է: Ուրիշ ոչինչ նրա ակտիվում չկա: Մինչդեռ ԱՄՆ-ը միշտ եղել է այն երկիրը, որտեղ ՀՀ դեսպանները լուսահոգի Ռուբեն Շուգարյանից մինչև լուսահոգի Արման Կիրակոսյան, հիմա՝ Վարուժան Ներսիսյան, եղել են փայլուն դիվանագետներ, տիրապետել են իրավիճակին ու չեն ունեցել ձախողումներ: Հասկանու՞մ է դա Լիլիթ Մակունցը: Ակնհայտորեն՝ ոչ: Նրան թվում է՝ թավշե հեղափոխությունն այն հարթակն է, որ նրան Վաշինգտոնում էլ ապահովում է թավշե պայմաններ, մինչդեռ լինելու է բոլորովին հակառակը:


Վաշինգտոնում մեր դեսպանները միշտ եղել են կադրային դիվանագետներ՝ տիրապետել են ամերիկյան իրականությանը, զրոյից դիվանագիտությունը սկսող անձին ինչքա՞ն ժամանակ է պետք իրավիճակը հասկանալու ու… աշխատելու համար: Մինչև Ջո Բայդենի պաշտոնավարման ավա՞րտը: Ի՞նչ մեսիջ ենք հղում ԱՄՆ-ին՝ Լիլիթ Մակունցի նշանակումով, որ ճ կլասի քաղաքական գործիչ ու ոչդիվանագետ ուղարկելով՝ զրո՞ կարևորություն ենք տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: Հենց հիմա, երբ ԱՄՆ-ում նախագահ է փոխվել և հայ-ամերիկյան հարաբերւթյունների նոր բովանդակությու՞ն է ձևավորվում:
Լիլիթ Մակունցն առանց առարկության կատարելու՞ է Նիկոլ Փաշինյանի հակասական հանձնարարականները, որոնց ցանկացած պրոֆեսիոնալ դիվանագետ կառարկեր՝ պետության շահը փաստարկելով: Թե՞ Նիկոլ Փաշինյանը ուզում է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել իբրև ղեկավար, որ 2,5 տարին մեկ ԱՄՆ-ում դեսպան է փոխել:


Իսկ ինչպե՞ս է աշխատելու Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում՝ դեսպան դառնալու ցանկությունից բացի որևէ պատկերացում ունի՞՝ ինչպես կապեր հաստատել լոբբիստների հետ, համայնքի հետ, հայկական կազմակերպությունների, որ արդեն իսկ դեմ են նրա նշանակմանը, իսկ դա նշանակում է աշխատանքի տապալման ազդանշան: Փաստացի՝ Լիլիթ Մակունցը չունի ոչ ՀՀ ԱԳՆ-ի, ոչ ԱՄՆ-ում հայկական ու ամերիկյան կազմակերպությունների աջակցությունը: Փոխարենն ունի Նիկոլ Փաշինյանի երախտագիտությունը՝ անգլերենին մի կերպ տիրապետելու համար, որի դիմաց ծանր գին է վճարում ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը նախքան վարչապետ նշանակվելը առասպելական խոստումներ էր տալիս դիվանագիտության մակարդակի ու որակի փոփոխության մասին, հատկապես հայտարարում էր, որ հետայսու դեսպանները պետք է նշանակվեն կադրային դիվանագետներ: Բայց Լիլիթ Մակունցը ինքն իրեն հերքելու Նիկոլ Փաշինյանի երկար ցանկում ոչ առաջին դեպքն է, ոչ վերջինն է լինելու: Իվերջո՝ Պոլիշինելի գաղտնիքը չէ, որ Հայաստանում իշխանափոխությանը հաջորդելու է դեսպանների փոփոխություն և Լիլիթ Մակունցի վաշինգտոնյան «արկածախնդրությունը» երկար չի տևելու: Գուցե ընդամենը նրան հնարավորություն է տրվում մնալ ԱՄՆ-ու՞մ, բայց ինչու՞ պետության հաշվին: Ադրբեջանի դեսպան Էլի Սուլեյմանովը Վաշինգտոնում աշխատում է 10 տարի և դժվար չէ պատկերացնել, թե 10 տարում դառնալով ավագ դեսպան, ինչ փորձառություն, կապեր ու ազդեցություն է նա ձեռքբերել: Թերևս Լիլիթ Մակունցը հույս ունի, որ հենց Սուլեյմանովը իրեն դիվանագիտության դասեր կտա՝ հայ-ադրբեջանական «բարեկամության» շրջանակներում: «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ երեկ նա հայտարարել է. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով, քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»: Հարցերի հարցը՝ ի՞նչ է նշանակում «որոշ դեպքերումը», և ի՞նչն է որոշ դեպքերը դարձնում «ամենաառաջնային»: Դավադրություններ մի որոնեք, սա հերթական աբսուրդն է, որ Նիկոլ Փաշինյանը մատուցում է հասարակությանը՝ օգտվելով իր վարչապետության շրջանում կամայական ու ոչ հարմարժեք քայլեր անելու անպատիժ ու անհետևանք արտոնությունից: Մինչև ե՞րբ: Մնում է հուսալ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը չի հաստատի Լիլիթ Մակունցի ագրիմանը, բայց դա աղոտ հույս է՝ ինչու՞ պիտի Վաշինգտոնը շահագրգիռ լինի Հայաստանի դիվանագիտական հաջողություններով, երբ Հայաստանում թքած ունեն ամեն ինչի վրա, միայն իրենց տեղը տաք լինի՝ թեկուզ բացարձակապես հակադիվանագիտական է՝ նախքան ագրիմանը հաստատվելը սեփական նշանակման մասին բարձրաձայնելը: Բայց անմեղադիր լերուք, զի Լիլիթ Մակունցը… դիվանագիտության հետ սոսկ քաղաքական կապեր ունի:

Դիտվել է՝ 10718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ