«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Կառուցվող «Մարմարան» հետագայում միանալու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին

Կառուցվող «Մարմարան» հետագայում միանալու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին
05.12.2008 | 00:00

ՎԱՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ PR
Թուրքիան պիտի տեսնի, որ Հայաստանը գոնե մի փոքր առաջընթաց քայլ է կատարում` մեր հետագա հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, թուրք հանրությունը սպասում է, որ Հայաստանը կա՛մ համաձայնության գա Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հարցում, կա՛մ ամենաբարձր մակարդակով ընդունի Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու ներկայիս սահմանները…
Եթե վերջին շրջանի հայ-թուրքական ողջ «ղալմաղալի» արդյունքները ձևակերպելու լինենք անաչառորեն, գոնե թուրքական մասով պիտի գանք-հանգենք վերոնշյալին, որովհետև, ըստ թուրքական վերլուծաբանների, «այս պահին գնդակը մեր դաշտում է, մենք պիտի հաջորդ քայլն անենք»:
Անշուշտ, հարյուրամյակներով չընդհատված և խոր ներքին տրամաբանությամբ ու սեփական շահերի գիտակցմամբ վարվող թուրքական դիվանագիտությունը գոնե իր ասելիքի հստակությամբ և «հայերի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությամբ» կարողանում է իրական դիվիդենդներ շահել միջազգային հանրության աչքին, բայց թե ինչ ենք շահում մենք, որն է մեր ասելիքը, ինչ պահանջներ ունենք կամ չունենք Թուրքիայից, եթե անգամ խոսվում է «Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին», երբ տեսնում ենք, որ «նախապայմաններ», այնուամենայնիվ, մեր առջև դրվում են, անհայտ է: Բայց զավեշտալին այն է, որ մեր փոխարեն «նախապայմանների կամ երկխոսությունը հեշտացնող պայմանների» մասին ադրբեջանցիներն են մտածում, այն էլ` հիմնականում տնտեսական կտրվածքով։ Սա է պատճառը, որ լրագրողներն օրերս Բաքվում Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմին հարցրին` արդյո՞ք հայ նախարարի կամ նախագահի հետ, իբր «ձեր հետագա երկխոսությունը հեշտացնող պայման», խոսել եք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից` «մոռանալով» Բաքվի շահերի մասին…
Այո, հարկ է նշել, որ ադրբեջանցի լրագրողները շատ լավ կարծիք ունեն մեր արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի և առհասարակ` մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ և, հավանաբար, շատ են զարմացել` լսելով, որ չնայած տարատեսակ «բարձր մակարդակի ընդունելություններին ու ընթրիքներին», մերոնք ոչ մի «առաջընթաց քայլ չեն պահանջել» Թուրքիայից և, օրինակ, նույն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը չեն նկատել որպես «երկխոսությունը հեշտացնող պայման», իսկ դրա շինարարության շարունակումը` իբրև միջազգային հանրության աչքերին թոզ փչելու և Հայաստանի շրջափակումը գիտակցված կերպով խորացնելու միջոց: «Թուրքիան շարունակում է երկաթգծի շինարարությունն իր տարածքում, այդ մասին հայերի հետ մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք, և խնդիրներ չեն ծագել»,- նշել է թուրք նախարարը:
Իսկ հայ ընթերցողին էլ հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, չնայած մեր էքսի և նրա «փորձագետների»` ժամանակին հնչեցրած այն ծիծաղելի կարծիքին, թե «տնտեսապես նպատակահարմար չէ, հետևաբար, չի կառուցվի», կառուցվում է և դառնում շատ ավելի մեծ մեկ այլ նախագծի բաղկացուցիչը: Ըստ այդմ, Թուրքիան այս պահին Բոսֆորի նեղուցի տակով «Մարմարա» թունելն է կառուցում, որը հետագայում միանալու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին` անխափան և հերթական այլընտրանքային հաղորդակցություն ապահովելով Թուրքիայի և Եվրոպայի միջև: Նշենք նաև, որ համաձայն թուրք նախարարի` Բաքվում հնչեցրած խոսքի` «նախագծի մասնակիցներն արդեն ավարտել են բանակցությունները Չինաստանի ղեկավարության հետ, որն Ասիայից Եվրոպա բեռներ ուղարկող հիմնական երկիրն է, և այդ երկիրը հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես այս երթուղով բեռներ առաքելու առումով»:
Արվում են նաև կանխատեսումներ, ըստ որոնց` առաջին փուլում, այսինքն` 2011-ին, հաղորդակցային այս ուղիով տարեկան մոտ 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ կտեղափոխվի: Մասնակիցներն իրենց հիմնական հաջողությունը համարում են հենց այն, որ թուրք-վրաց-ադրբեջանական նախագիծը, փաստորեն, «չի բավարարվելու միայն բեռնափոխադրումներով, կենտրոնանալու է նաև ուղևորափոխադրումների, հետևաբար նաև` բոլորի համար շահավետ զբոսաշրջության վրա»…
Դե, հիմա ինքներդ ասեք, խնդրեմ, թե այս ֆոնին ի՞նչ է տալու մեզ Իրան-Հայաստան` այդքան գովերգված երկաթգիծը: Ակնհայտորեն` ոչինչ, ինչպես ոչինչ չտվեց Իրան-Հայաստան գազամուղը, որը կարող էր իրական այլընտրանք լինել, բայց որը, նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, կգործի միայն այն ժամանակ, երբ մենք «իրանական գազի պահանջարկն ունենանք»:
Ինչպես մեր հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն էր սիրում ասել, «քարտեզին նայելիս անմիջապես է երևում, որ» մեզ համար միակ շահեկան հնարավորությունը նախկին, այսինքն` արդեն իսկ գործող Կարս-Ախալքալաք-Գյումրի երկաթուղու վերագործարկումն է, որին հետագայում կմիանային Բաքուն, Թբիլիսին և Իրանը, եթե կամենար Նախիջևանին, ավտոմայրուղուց բացի, նաև երկաթգծով Բաքվի և այնուհետ` ընդհանուր նախագծին միանալու հնարավորություն տալ: Մնացածը, անկեղծ ասած, ընդամենը PR է, և պիտի նկատել` շատ վատ ձևով կազմակերպված…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2492

Մեկնաբանություններ