Մեկը կասի՞ (ստույգ իմացող-քաջատեղյակներից, անշուշտ)՝ գալիք արհավիրքներին (դրանք սարերի հետևում չեն) դիմագրավելու նպատակով մենք հիմա զինվո՞ւմ ենք (2020-ի նոյեմբերի 9-10-ից էր գերադասելի գոնե):
Թե՞ լոկ անընդհատ զարմանում-զայրանում ենք թշնամու հոխորտանքներից (առաջին անգամ չենք լսում, անշուշտ), բայց ձեռքներս ծալած՝ նստել ենք թախտին, սպասում ենք բախտին (դարերի փորձով՝ անբախտությանը, անշուշտ):
Թե՞ զինվորական գաղտնիք է (գործունեությունն էլ, անգործությունն էլ, անշուշտ):
Թե չէ ի՜նչ ասես, ինչի՜ մասին ասես տարփողվում է, զորանալու մասին՝ քա՜ր լռություն (կամ բամբասանքի մակարդակի, անշուշտ): Նախորդներին մեղադրածի կարգավիճակը կրկնելու-կրկնվելու հեռանկարով (մինչնոյեմբերյան դրությամբ, անշուշտ):
Թե՞ վարժվել-հմտացել ենք հայ-հայը գնալուց-վայ-վայը մնալուց հետո մատներս ծալելով չարած-վատ արած-տապալածները թվարկելում (դարերինը՝ վկա, անշուշտ):
Քարով չխփեք:
Չապրելս թող ձեզ մխիթարանք լինի:
Բայց ի՜նչ դժվար է՝ ապրելով չապրելը:
Ավելի դժվար, քան բուն չապրելը:
Որովհետև չապրելով (Երկրի վրա չապրելով, անշուշտ)
հանդերձ՝ Երկնային անմահություն վաստակածներ կան:
Անմահների անունը վառ պահելու համար ապրել է պետք, անշուշտ՝ շեշտը զինվելու-զինավառվելու վրա դնելով:
Առաջին հերթին:
Երկրորդ հերթին:
Երրորդ հերթին:
ԱՐՏԱՀԵ՜ՐԹ:
Կարինե Ներսիսյան