Ընթերցողի սեղանին են շվեյցարացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքագետ Դենի դը Ռուժմոնի (1906-1985) «Սերը և Արևմուտքը» և «Սիրո առասպելը» գրքերի հայերեն հրատարակությունները: Թարգմանության հեղինակ, գրող-գրականագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ խոսքով` Դենի դը Ռուժմոնը միացյալ Եվրոպայի ձևավորման նախակարապետներից է, գաղափարախոսը: Այդ գաղափարն իր արտացոլումն է գտնել «Սերը և Արևմուտքը» գրքում, որն իր ժամանակին հեղաշրջիչ ազդեցություն է ունեցել եվրոպական մտածողության վրա: Առաջին հրատարակությունից (1939 թ.) ի վեր գիրքն ունեցել է շուրջ 60 հրատարակություն` թարգմանված երեք տասնյակ լեզուներով: Ալեքսանդր Թոփչյանի հայերեն թարգմանությունը (ֆրանսերենից) 31-րդն է:
«Եվրոպական նկարագիրը նա ուսումնասիրել է` հենվելով «ամենաեվրոպական»` «Տրիստան և Իզոլդա» առասպելի վրա,- ասում է Ալեքսանդր Թոփչյանը:- Եվրոպացու նկարագիրը ձևավորվել է սիրո գաղափարի վրա: Նա ասում էր` երջանիկ սերը չի կարող մշակույթի հիմք դառնալ, այն ավարտվում է իր մեջ: Նույն միտքը հետո պետք է կրկներ Անդրե Մորուան` բախտավոր ընտանիքների մասին վեպ չի գրվում: Իսկ Տրիստանի անդառնալիորեն դժբախտ, ողբերգական սերը հիմք դարձավ ամբողջ եվրոպական մշակույթի համար` հասնելով Վագներին, Նիցշեին և այլն: Տրիստանին նա հակադրում է Դոն Ժուանին, որն ասպարեզ է գալիս 16-րդ դարի վերջից: Եվ ահա կերտվում է երկու նկարագիր` եվրոպացու միստիկ նվիրվածությունը գաղափարին, և սեթևեթ, հաղթանակից հաղթանակ վազող, երբեք չհագեցող Դոն Ժուանը: Այս երկուսի միջև ձևավորվել է եվրոպացու այն կերպարը, որ պիտի գար ու հասներ մինչ մեր օրերը»:
Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ ընթերցողի սեղանին է Դենի դը Ռուժմոնի ևս չորս գիրք:
«Մտածել ձեռքերով» գիրքը հիտլերյան և ստալինյան տոտալիտար գաղափարախոսությունների համեմատական վերլուծություն է: «Դենի դը Ռուժմոնն ականատես է եղել նացիզմի ծնունդին: Նրանք, ովքեր կարողացան տոտալիտար գաղափարախոսության հետ ծնվել, հասունանալ, ձևավորվել, ներքին ընդդիմություն ունեցան, բոլորը եղան անհատականություններ: Դա փորձություն էր մտավորականների համար: Ասում են` դժվար է եղել այն տարիներին, բայց ո՞վ էր ստիպում քեզ ստրկանալ: Ընդդիմանայիր քո ներսում: Հնարավորություն կար»,- նկատեց Ալեքսանդր Թոփչյանը:
«Նամակներ ատոմային ռումբի մասին». այստեղ թարգմանիչը նկատում է` ամերիկապաշտ և Խորհրդային Միության կատաղի հակառակորդ Ռուժմոնը Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման (1945 թ.) հաջորդ օրն իսկ ասել է` Ամերիկային պետք է հակակշիռ այս հարցում, չափազանց վտանգավոր է այդքան ուժեղ լինելը:
«Եվրոպայի 28 դարերը» քաղաքական Եվրոպայի ձևավորման պատմությունն է: Հարց է ծագում` այսօրվա Եվրոպան որքա՞ն է համապատասխանում Դենի դը Ռուժմոնի տեսլականին:
«Ռուժմոնն Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներն է թվարկում, որոնցից մեկն էլ ասպետականության կորուստն է, որը եվրոպական կարևորագույն արժեքներից է,- ասում է Ալեքսանդր Թոփչյանը:- Նա չապրեց մինչ Բելգրադի ռմբակոծությունը (1999 թ.), բայց համոզված եմ, որ եթե ո՛չ դատապարտողների, ապա հիացողների թվում էլ չէր լինի: Մի կարևոր դետալ ևս. «Եվրոպայի 28 դարերը» գրքում նա մեջբերում է Վիկտոր Հյուգոյի խոսքը, երբ վերջինս Ֆրանսիայի սենատում իր ելույթի ժամանակ մեղադրում էր Եվրոպայի բոլոր կառավարություններին, որ թույլ են տալիս թուրքերի նախճիրը Սերբիայում»:
Ալեքսանդր Թոփչյանը ծրագրում է առաջիկայում թարգմանել նաև Դենի դը Ռուժմոնի «Արևմտյան մարդու արկածները» աշխատությունը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ