ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ
13.11.2009 | 00:00

Ինչպե՞ս են դասականները վերաբերվում միմյանց: Մասնավորապես` պոեզիայում: Բանաստեղծներ` բաժանված դարերով, հասարակարգով, մշակույթով, լեզվական պատնեշով, բայց միավորված աշխարհընկալմամբ ու պոեզիայի զգացողությամբ:
Միջնադարում ամեն ինչ ավելի հասկանալի էր. նրանք այնքան քիչ էին ու այնքան լավ էին միմյանց ճանաչում, օր առ օր հաղորդակցվում էին միմյանց արվեստին ու գիտեին` ով ինչ է անում: Միքելանջելո Բուոնարոտին գնում էր Լեոնարդո դա Վինչիի արվեստանոց ու նրան խորհուրդ էր տալիս` Լիզա Գերարդինիի դիմանկարին ինչպես հեռանկար հաղորդել ու ինչ կերպ նկարը եռաչափ դարձնել: Ճիշտ է` Լեոնարդոն համոզված չէր, որ կտավը պիտի եռաչափ լինի, բայց հետաքրքիր էր փորձելը... Ֆլորենցիան 1500 թվականին. Միքելանջելո Բուոնարոտին քանդակում էր «Դավիթը», Լեոնարդո դա Վինչին վրձնում էր «Ջոկոնդան»։ Երկուսն էլ չունեին գլուխգործոցի ստեղծման մտադրություն, պարզապես իրենց գործն էին անում` Սոդերինին արձան էր պատվիրել, Գերարդինին` կտավ... Չունեին գլուխգործոցի ստեղծման զգացողություն, բայց ունեին իրենց հանճարի գիտակցությունը և գիտեին` ինչ են անում։ Տարիներ անց` Հռոմում, հիշելով երանելի դարասկիզբը, որը խոստանում էր գիտության ու տեխնիկայի զարգացմամբ գերազանցել նախորդ բոլոր դարերը, համատեղ փորձարկում էին Լեոնարդոյի նոր գյուտը` կաշվե ութանկյունների գունդը, որն աներևակայելի թեթև ու բարձր ցատկում էր: Եվ մարդկության պատմության մեջ ֆուտբոլի առաջին խաղից հետո ցավում էր Միքելանջելոյի մեջքը, իսկ Լեոնարդոյի` ոտքը, որ գնդակի փոխարեն հարվածել էր սեղանին... Հետո Լեոնարդոն նրան պատմում էր աստվածաշնչյան ջրհեղեղի ու Նոյի տապանի մասին, որ կանգառել էր Արարատի ստորոտին, ու մինչ Լեոնարդոն պատմում էր լեռան մասին, Միքելանջելոն ածուխով գծանկարում էր` զարմանալի հավաստի ու ճշգրիտ, ասես բնորդից դիմանկար էր ուրվագծում: ՈՒ դառնությամբ հիշում էր, որ կարդինալ Ջուլիանո դելլա Ռովերեն` Հուլիոս Երկրորդ պապը, իր դամբարանի կառուցման պատրվակով թույլ չտվեց հեռանալ Հռոմից, մինչդեռ ինքը թուրք սուլթանի հետ պայմանագիր ուներ Բոսֆորի վրա կամուրջ կառուցելու... Փաստորեն, այդպես էլ ամբողջ կյանքում լռվեց-մնաց Ֆլորենցիա-Բոլոնիա-Հռոմ-Կարարա-Միլան ու չտեսավ աշխարհը, որ այնքան գեղեցիկ է: Իսկ հետո արդեն կենսագիր Ջորջիո Վազարին էր երկար ու ապարդյուն փորձում հասկանալ, թե Լեոնարդոյի թռչող սարքերից մեկի պատկերի հակառակ կողմում ինչ սար է հայտնվել, ու ո՞վ է հեղինակը, եթե ակնհայտ է, որ Լեոնարդոն չէ... Իսկ պատկերվածը շքեղ էր ու նույնիսկ ձյան զգացողությունն էր փոխանցում մի քանի ժլատ ածխագծերով: Միջնադարում ամեն ինչ ավելի հասկանալի էր: Աշխարհը փոքր էր, մարդիկ` պայծառ:
1934 թ. մարտի 15-ին Եղիշե Չարենցը օրագրում գրում էր.
«Ես շատ եմ մտածել Լերմոնտովի «Դևի» մասին:- Ի՞նչ սիմբոլ է այդ: - Չէ՞ արդյոք ռուս-թաթարական ժխտողական հանճարի պատկերը... Եվ չէ՞ արդյոք այդ «Դևը» նախահայրը ռուսական նիհիլիզմի... Հետաքրքիր կոնցեպցիա... Ըստ այս կոնցեպցիայի - «Դևի» հետևողները ռուսական և համամարդկային պատմության և կուլտուրայի հորինած ոչ այլ ոք են, քան... Չերնիշևսկուց սկսած մինչև... Լենինը... Ո՞վ չի արդյոք կրել «Դևի» հոգևոր կերպարանքի հզոր ազդեցությունն իր վրա ռուսական պատմության մեջ. այն ամենը, որ բուն ռուսական է, և, որպես այդպիսին, միանգամայն ինքնուրույն: - Այսպիսով, Լերմոնտովի «Դևը» դառնում է նախահայրը այն ամենի, որ ռուս ժողովուրդը մուծել է կամ փորձում է մուծել համամարդկային պատմության մեջ: - Եվ նրա լավագույն աշակերտներն են հանդիսանում - Չերնիշևսկին, Պիսարևը, Շչեդրինը, Դոստոևսկին, Տոլստոյը, Լենինը, Նիկոլայ Մորոզովը... Մանավանդ վերջինս, որ հերքում է ամբողջ մարդկության պատմությունը !... Իսկապես որ «Դևը» ոչ այլ ինչ է, քան ռուսական հանճարի լավագույն սիմբոլը!!!

Իսկ ռուսական դրական ապողոնյան հանճա՞րը... Նա իր լավագույն արտահայտությունը գտել է հանձին Ալեքսանդր Պուշկինի - և մնացել է մենակ!.. Եվ սա էլ է չափազանց հետաքրքիր, որ ռուսական կուլտուրայի մեջ դրական ապողոնյան հանճարը սերում է... Աֆրիկայից! ...Եվ մինչև այս չունի ոչ մի շարունակող ու հետևող իր լուսավոր գծին... Պուշկինը - ռուսական կուլտուրայի միակ դրական, շինարար սկզբունքն է - և մնացել է մենակ... Բոլորը նրան երկրպագում են, բայց ոչ ոք նրան չի հետևում» (Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր, Երևան, 1996, էջ 161-162):
ՈՒրեմն` ինչպես են միմյանց վերաբերվում դասականները:
Իսկ մե՞նք նրանց:
Գոնե ուզո՞ւմ ենք հասկանալ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3117

Մեկնաբանություններ