Հայաստանի և Արցախի անկախության քսանամյակի կապակցությամբ օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը` ՀՀ վաստակավոր արտիստ, Սայաթ-Նովա մշակութային միության ղեկավար, պրոֆեսոր ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ղեկավարությամբ: Համերգին մասնակցում էին նաև Ջիվանու անվան աշուղական դպրոցի, Հավասու անվան երիտասարդական անսամբլի պատանիներն ու աղջիկները: Երեկոյի ընթացքում հնչեցին անցյալի ու մերօրյա հայ աշուղների ազգային, հայրենասիրական երգեր:
Մինչ համերգը զրուցեցինք Թովմաս Պողոսյանի հետ: Այսօրվա ռաբիսացված, փոփային աղմուկի մեջ աշուղական երգը լսվո՞ւմ է, և ո՞վ է Թովմաս Պողոսյանի (և ոչ միայն նրա) ունկնդիրը:
«Մեր հայրենակիցների զգալի մասի ճաշակն անկում է ապրել, իջել ամենացածր սանդղակին, նախընտրում են անարժեքը, անցողիկը,- ասում է Թովմաս Պողոսյանը։- Բայց կա ազնվական, բարձրաճաշակ մի խավ, որը շարունակում է ապրել ազգային լուրջ մշակույթով, լուրջ արվեստով ու այդ արժեքներով է դաստիարակում իր զավակներին»:
Խոսելով խորհրդային շրջանի մասին, վարպետը նկատեց, որ այդ տարիներին համամասնություն կար, տեղ էին տալիս և՛ դասականին, և՛ ժողովրդականին, և՛ արևմտաեվրոպականին ու էստրադային: «Բոլոր թերություններով հանդերձ` խորհրդային շրջանը մշակութային բացառիկ ոսկե դարաշրջան էր,- ասում է նա:- Մեր ազգային մշակույթը տվեց իր բարձրագույն գագաթներին` Մարտիրոս Սարյան, Վիկտոր Համբարձումյան, Գրիգոր Խանջյան, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Թաթուլ Ալթունյան, Հովհաննես Բադալյան… Այսօր կարո՞ղ եք երկու համարժեք անուն հնչեցնել` նոր ժամանակների ծնունդ: Ես լավատես եմ, որի հիմքը Ջիվանու աշուղական դպրոցն է. մենք սերունդ ենք պատրաստում, որ չկտրվի կապը անցյալի ու վաղվա օրվա»: Նշենք, որ Ջիվանու անվան աշուղական դպրոցը ամեն տարի ունենում է 150 աշակերտ:
Թովմաս Պողոսյանի խոսքով` ազգային երգն ու երաժշտությունը համարժեք են հայոց լեզվին:
«Մենք հազարավոր աշուղներ ենք ունեցել, երևելիների թիվը, որ թողել են մշակութային մեծ ժառանգություն, անցնում է մի քանի հարյուրը` Սայաթ-Նովա, Նաղաշ Հովնաթան, Հավասի, Աշոտ, Ջիվանի,- ասում է նա:- Նրանցից շատերի ստեղծագործություններն այնպիսի մեծ թռիչք են ապրել, այնպես են տարածվել ժողովրդի մեջ, որ հաճախ մոռացվել են հեղինակների անունները` հայտարարվել են որպես ժողովրդական երգեր: Ինչպես, օրինակ, Շիրակի դաշտավայրից աշուղ Ֆահրադը, որի հայրենասիրական երգերը հնչել են ամենուր, պահել են մեր ժողովրդի ազգային նկարագիրն ու հոգին, բայց ժողովրդի մեջ չի ապրել հեղինակի անունը: Այս երեկո առանձնահատուկ ներկայացվելու է աշուղ Ֆահրադը, մենք պիտի բարձրաձայնենք, արժանին մատուցենք հայոց մեծ երգչին»:
Այսօր էլ ունենք հայ աշուղների միություն` մոտ չորս տասնյակ աշուղներով: Նրանցից լավագույններին Սայաթ-Նովա մշակութային միությունը աշուղ է ձեռնադրում, վկայագիր տալիս:
Իսկ թե նրանցից ովքե՞ր կդառնան սիրված աշուղներ, ո՞ւմ երգն ու երաժշտությունը կձուլվի հայ երգին ու կդառնա մերը, ազգայինը, ցույց կտա ժամանակը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ