Մեր կարողացածի ու չկարողացածի սահմանները և ներկա պայմաններում մեր տեղը արևի տակ ճշտելու համար ստիպված ենք նորից ու նորից վերադառնալ մեր վերջին 200 տարվա պատմության առանցքային իրադարձություններին, որոնք բացառապես կապված են եղել ռուսների մեր տարածաշրջան մտնելու և այնտեղ դոմինանտ ուժ դառնալու հետ։
Հարցի քննարկումը ռացիոնալ հունով ու միջոցներով շարունակելու համար պետք է մեկ ավելորդ անգամ ևս վերադառնալ այն հարցին, որ վերին մակարդակի աշխարհքաղաքական պայքարում միակ որոշիչ հանգամանքները մերկապարանոց ուժն ու հզորությունն են և դրանք ապահովող ռեսուրսները։
Այսպիսով, աշխարհի ցանկացած անկյունում պատմության ընթացքը որոշվում է տեղում գործող հակամարտ էական ուժերի միջև պայքարով, որը մեր տարածաշրջանում պայքարն էր մի կողմից Ռուսական կայսրության և մյուս կողմից էլ Շահական Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության, որտեղ վերջիններս նույնպես իրար թշնամի էին։
Քննարկվող շատ տարողունակ հարցի մեջ շատ չխորանալու համար հակիրճ ձևով տեսնենք, թե վերջին 200 տարում մեզ հետ ինչպիսի կարևոր իրադարձություններ են կատարվել։
1․ Արևելյան Հայաստանի տարածքի գրավումը ռուսների կողմից:
2․ Ռուսների կողմից կազմակերպված հայերի ներգաղթը Շահ Աբասի կողմից հայաթափված Արևելյան Հայաստան:
3․ Ռուսների կողմից Հայկական մարզի ստեղծումը:
4․ Երկար դարերի անապահով կյանքից, թալանից ու կոտորածներից հետո Ռուսական կայսրության ապահով պայմաններում մեր առևտրական, բիզնես և բանկային գործունեությունն ու Կովկասում դոմինանտ դիրք գրավելը:
5․ Ընդհանուր առմամբ ազգային զարթոնքը, կուլտուրական առաջընթացն ու քաղաքական կյանքում որոշակի տեղ զբաղեցնելը և այլն։
Սրանք մեր հետ կատարված կարևոր բաների մոտավոր ցուցակն է մինչև առաջին աշխարհամարտ։
Հիմա հռետորական հարց՝ կարո՞ղ էինք մենք նման արդյունքների հասնել առանց ռուսների ու ռուսական պետականության, որի միարժեք պատասխանը «ո՛չ»-ն է:
Ո՛չ, չէինք կարող հասնել։
Իսկ 1912 թվին Հավհաննես Թումանյանը գրում էր, որ երբեք այսքան հզոր չենք եղել, որը Ռուսական կայսրությունում մեր հարյուր տարվա կյանքի օբյեկտիվ գնահատականն էր։
Դրանից հետո էլ տեղի ունեցավ առաջին աշխարհամարտը իր արհավիրքներով ու գենոցիդով, կործանվեց Ռուսական կայսրությունը, որի հզորանալը աշխարհի դոմինանտ ուժերին պետք չէր, ունեցանք մեր առաջին հանրապետությունը իր աննախանձելի պատմությամբ ու աններելի սխալներով, ռուսների ոտքի կանգնելը և խորհրդային իշխանության ստեղծումը, Հայաստանի խորհրդայնացումն ու սովից ու կոտորածներից մի կերպ պրծնելը, մեր փսեվդոպետականության ստեղծումը, ՍՍՀՄ-ի փլուզումն ու մեր երկրորդ անկախությունը, արցախյան առաջին պատերազմն ու մեր հաղթանակը, հետպատերազմյան դիվանագիտական բավիղներում մեր մոլորվելը, վերջին պատերազմն ու Արցախի կորուստը, Հայաստանի գլխին կախված ահագնացող վտանգը։
Հիմա մի հարց ևս՝ ո՞րն է այն անվերջ քննարկումների ու խորիմաստ զրույցների նպատակն ու դրանց մոտիվացիան, որոնք լրջորեն կամ լրջության իմիտացիայով առաջարկում են մեր բոլոր հարցերը լուծելու ինքնուրույն ճանապարհներ։
Այդ կապակցությամբ մի հարց ևս՝ այդ ե՞րբ է եղել, որ մենք մեր գոյության հետ կապված որևէ հարց ինքնուրույն ձևով դրականորեն լուծել ենք։
Կամ էլ, նույն հարցը մի քիչ այլ ձևով՝ այդ ե՞րբ է եղել, որ մեր հարցերը ուրիշները չեն լուծել, մեր ճակատագրի հետ միասին։
Իհարկե, մենք նաև ինքնուրույն որոշումներ էլ ենք կատարել, բայց որոնք, որպես կանոն, բերել են կատաստրոֆիկ հետևանքների ու կորուստների։
Հիմա մի երրորդ հարց ևս՝ ե՞րբ ենք մենք ունեցել մեր ամենածանր օրերն ու ժամանակները, որի պատասխանը դարձյալ միարժեք է՝ այն ժամանակներում, երբ ռուսները ծանր և ուժազրկված վիճակում են եղել և մենք զրկվել ենք նրանց աջակցությունից, ներառյալ դեռևս ընթացող ուկրաինական պատերազմը։
Հաշվի առնելով մեր ոխերիմ թշնամիների ուժերի բացարձակ առավելությունը մեր ուժերի նկատմամբ, կարո՞ղ ենք մենք ինքնուրույն ապահովել մեր պետության անվտանգությունն ու գոյությունը։
Կարծում եմ, որ պատասխանը միարժեք է և պարզ՝ ո՛չ, չենք կարող։
Եվ հիմա էլ վերջին հարցը՝ ի՞նչն է մեզ ստիպում ենթադրել, որ հիմա ուրիշ ձևի է լինելու և ուրիշները չեն որոշելու մեր ճակատագիրը, չէ՞ որ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները հենց մեր իսկ ձեռքով ստեղծել ենք։
Նման բարդագույն հարցերին պատասխան փնտրելիս պետք է մշտապես առաջնորդվել այն ֆունդամենտալ սկզբունքով, որ առանձին անձանց և տարբեր մակարդակի մարդկային համակարգերին ցանկացած բնույթի որոշումներ կատարելիս ու գործունեություն ծավալելիս առաջնորդում է առավելագույն շահը՝ լինի այն նյութական, թե ոչ նյութական։
Հարցերի մեջ ավելի հեշտ կողմնորոշվելու համար կարևոր է նաև իմանալ, որ ոչ նյութական արժեքները ավելի ցանկալի ու գերադասելի են դառնում այն ժամանակ, երբ նյութական շահի հույս այլևս չի մնում։
Սա է դառը ճշմարտությունը՝ մանավանդ մարդկանց արտաքինից անաչառ ու անշահախնդիր վարքը հասկանալու համար։
Իսկ նման բաները հասկանալու համար շատ օգտակար է առաջին հերթին իմաստների ու արմատների մեջ խորանալը (ականջդ կանչի, Կոզմա Պրուտկով)։
Պավել ԲԱՐՍԵՂՅԱՆ