Երբ լույսը մեռնի, հանգիստ կսպասենք նրա ծնունդին խավարի միջից, մենք լույս կդառնանք, որ երբ որ պետք գա՝ հանգենք, առանց հարցնել ինչից, կամ ինչի:
Երրորդ օրն էր, արագ տեղափոխվեցինք հիմնական կրակային կետ ու սկսեցինք արկեր իջեցնել կրակելու համար:
80 կգ արկերը իջեցնելուց աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա:
Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել:
Ոտքերս վազում էին մեքենայից արկ իջացնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում:
Ուշք ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր:
Ականջիս սուլոց լսվեց, գլուխս վախվորած թեքեցի վերև ու վրաս կարմիր անձրև թափվեց: Պայթյունը մի պահ խլացրել էր, ինձ գցեցի գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ բոլորը լավ են:
Չորսն էլ լավ էին:
Նայեցի կողքերս, ամեն ինչ նույնն էր, միայն նռնենին չկար, արկն ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել:
Հիմա նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել: Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից:
Իմ ուղղությամբ կրակած առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին:
Շանթ ՆԱՎՈՅԱՆ
Արմինե ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆԻ ՖԲ էջից