«Եթե ռուսները արտաքսվեն Կովկասյան շղթայի այն կողմը, և մենք մնանք հաղթական Թուրքիայի և մուսավաթական Ադրբեջանի արանքում, ունենալով կողքներիս ազգայնական-մենշևիկյան Վրաստանը, որը, ռուսների ահից ու իր սեփական գոյությունը ապահովելու համար, պիտի աշխատի ամեն կերպ հաճո լինի թուրքերին… ՈՒրիշ խոսքով՝ նորից պիտի հաստատվի այն դրությունը, որ գոյություն ուներ 1918-20 թվականներին, մի անտանելի դրություն, որի մեջ խեղդվում էր Հայաստանը և որից նրան փրկեց միմիայն ռուսների վերադարձը: Ահա հեռանկարները»։
***
Ադրբեջանը պատրաստ է, ուզում է անձնատուր լինել Թուրքիային, վրացիներն առնվազն չեն հակառակի դրան: Ներքին դիմադրությունների չի հանդիպի Թուրքիան Անդրկովկասում, իսկ եթե հանդիպի (հայերի և գուցե մասամբ վրացիների կողմից), դիմադրությունը կլինի այնքան չնչին, որ հեշտությամբ կվերացվի ճամփի վրայից:
Միակ արգելքը Ռուսաստանն է:
Եվ այս արգելքը վերացնելու միակ միջոցը Անդրկովկասը Ռուսաստանից անջատելն է:
Եթե սա հաջողվի՝ մնացածը կկատարվի ինքն իրեն:
Կտրվելով Ռուսաստանից, Անդրկովկասը պիտի կապվի Թուրքիայի հետ. ուրիշ ելք չկա: Շատ հավանական է ու նպաստավոր թուրքերի համար, որ կապը՝ գեթ սկզբնական շրջանում՝ կրի «դաշնակցություն» անունը: Բայց դաշնակցությունը պիտի վերածվի անխուսափելիորեն գերիշխանության, գերիշխանությունը՝ բացարձակ տիրապետության:
Անցյալներում եղել է ռուսական Անդրկովկաս, ապագայում կարող է լինել թուրքական Անդրկովկաս:
Թուրքիան (միևնույնն է՝ սուլթանականը, իթթիհատականը, թե քեմալականը) այն պետությունը չէ, որի հետ անդրկովկասյան նորակազմ հանրապետությունները կարողանան դաշնակցել առանց մեծամեծ վտանգվելու: Իր պատմության ամբողջ ընթացքում Թուրքիան չէ եղել ուրիշ բան, քան
կրոնական-ռազմական կազմակերպությունը, որ այսօր վերածվել է ազգային-ռազմական կազմակերպության: Պատերազմել, զենքի ուժով գրավել երկրներ ու ապրել գրաված երկրների հաշվին՝ սա է եղել ու սա է Թուրքիայի ամբողջ պետական իմաստությունը, միակ պետական կարողությունը: Այդպիսի մի պետություն չի կարող լինել դաշնակից, այլ միմիայն տեր բառի ամենաբիրտ ու տարրական իմաստով:
***
Դժվար չէ հասկանալ, որ դրության այս էական տարբերությունը բնականորեն տարբեր քաղաքականություն են թելադրելու Ռուսաստանին ու Թուրքիային՝ Անդրկովկասի հանդեպ: Անդրկովկասը կարող է դաշնակցել Ռուսաստանի հետ, ինչպես դաշնակցում է, օրինակ, Հարավային Աֆրիկան Անգլիայի հետ: Ռուսաստանի պետական պահանջները բավարարված կլինեն այդքանով, մինչդեռ Թուրքիան ուրի՛շ բան է որոնում մեր երկրում:
Այս այսպես լինելով, Անդրկովկասն ինչու՞ պիտի իր ապագան կապի Թուրքիայի հետ, դրական ի՞նչ սպասելիքներ ունի նրանից:
Ռուսաստանն իր անսպառ կարողություններով (նյութական և ոչ նյութական), ի վիճակի է շա՛տ բան տալու Անդրկովկասին, մինչդեռ Թուրիքան պիտի առնի միայն, առանց փոխարենը տալու, որովհետև ինքը չունի ոչինչ:
Ի՞նչ կացություն կստեղծվի հատկապես Հայաստանի համար, եթե Թուրքիան, այս կամ այն ձևի տակ, հաստատի իր գերիշխանությունը Անդրկովկասում:
Հայը կատարյալ իրավունք ունի դնելու այս խնդիրը: Եթե իր հարևանները (կամ սրանցից ոմանք) մասնակի սպառնալիքներ ունեն Թուրքիայից, հայ ժողովուրդը ևս կարող է ու պետք է հակադրի այս մասնակի սպասելիքներին իր մասնակի երկյուղները:
Այո, Թուրքիայի գերիշխանությունը մահացու սպառնալիք է Հայաստանի համար: Ամենից հավանականն այն է, որ նա վերջ դնի Անդրկովկասի հայության քաղաքական գոյությանը (իսկ մասամբ, ու թերևս շատ խոշոր չափերով նաև՝ ֆիզիկական գոյությանը):
Հովհաննես ՔԱՋԱԶՆՈՒՆԻ
1924 թ.
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից