Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինն ու Տեղեկատվական վեճերի խորհուրդն այսօր համատեղ հայտարարությամբ http://www.foi.am/hy/news/item/2457/?fbclid=IwAR2oVJ3cLrhZ9pqVFrjbgsDAl1aHMvd9E1qxDpzfm4fdLhjzU77BA55UohY են հանդես եկել ԶԼՄ-ներում խտրական վերաբերմունքի և ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին:
Իրենց հայտարարության մեջ, թերևս, չեզոքացնելու համար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ առնչվող և հենց կուսակցության գրասենյակում գործող civic.am կայքի և իշխանամերձ շրջանակների հետ կապվող araratnews.am կայքերի հակաարցախյան, ակնհայտ խտրական, ատելություն բորբոքող և լայն արձագանք գտած ու հանրության շրջանում խստորեն դատապարտված հրապարակումները՝ նշյալ հայտարարության հեղինակները կեղծ տեղեկություն են տարածել՝ ներազգային թշնամանք հրահրող նշված կայքերի շարքում ներառելով նաև 24news.am հեղինակավոր լրատվամիջոցի անունը, որպես օրինակ բերելով կեղծ, սունկ ֆեյսբուքյան էջի հրապարակումը, որը որևէ առնչություն չունի 24news.am կայքի հետ:
Մինչդեռ դեռևս սեպտեմբերի 22-ին 24news.am կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/narek.sdhp/posts/pfbid0B2zWQjhmgcAWNYEWbxeJik23httZy3EqWj5bVKfuD7EpbMDvTMz3Udnf9t56iEjhl գրել էր, որ 24News/BLOG-ն «այս կեղտոտ, աղբահոտ քարոզչության հետ կապ չունի», և, որ իշխանամերձ «Սյունիք 24» ֆեյսբուքյան էջն ընդամենն իրենց ուղիղ հեռարձակման կադրերն օգտագործելով՝ թիրախավորել էր արցախցի մեր հայրենակիցներին ու տարածել նշված ֆեյսբուքյան էջով:
Լրատվամիջոցների էթիկայի մասին բարձրաձայնող ու նրանց դասեր տվող Դիտորդ մարմնի համար դժվար չէր ստուգել, որ «Սյունիք 24» ֆեյսբուքյան էջն առհասարակ կապ չունի 24news.am կայքի հետ, հետևաբար՝ մնում է եզրակացնել, որ կամ նշված մարմինը չունի բավարար մասնագիտական բարեխղճություն, կամ էլ դիտավորյալ մանիպուլացնում է առանց այն էլ անորոշության մեջ գտնվող հասարակությանը:
Տեղին է հիշեցնել, որ Դիտորդ մարմնի կազմում ընդգրկված որոշ կազմակերպություններ 2018թ. իշխանափոխությունից հետո ֆեյքնյուզի դեմ պայքարի անվան տակ սկսեցին թիրախավորել հեղինակավոր, բազմամյա փորձ ունեցող լրատվամիջոցներին, բողոքներ ուղարկելով Ֆեյսբուքին՝ ֆինանսական և բարոյական ահռելի վնասներ պատճառելով ԶԼՄ-ներին, ինչի արդյունքում որոշ լրատվամիջոցների՝ տասնամյակների ընթացքում ստեղծած, հարյուր-հազարավոր հետևորդներ ունեցող էջերը փակվեցին:
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ
02.10.2023 թ.