«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Այսօր Հայաստանում արձանագրվում է ոչ թե պատմություն, այլ հակապատմություն

Այսօր Հայաստանում արձանագրվում է ոչ թե պատմություն, այլ  հակապատմություն
18.09.2023 | 09:15

Պատմությունը միայն իրադարձություններն ու փաստերը չեն, այլ, նախ և առաջ, ոգին է, ոգեկանությունն այն ազգի, որով ձևավորվել ու առաջ է շարժվում, անջնջելի հետքեր թողնելով ժամանակների հուշամատյաններում: Պատմական ոգու մեջ մնալն էթնիկ հավաքականության համար կենսական պահանջ է, դրանից արտաքսվելով դուրս ես մղվում նաև ազգային ուղեծրից:

Այսօր Հայաստանում արձանագրվում է ոչ թե պատմություն, այլ հակապատմություն:

Իշխանություն զավթած արկածախնդիրների ու օտարամիտների վարչախումբը փորձում է հայոց երկիրը շեղել իրեն միանգամայն խորթ ու վտանգավոր հուն, ուր տեղ պիտի գտնեն խորապես աղճատված հայկական դիմապատկերը և մասնատված հայրենիքը: Փորձ է արվում ազգը վերածել դիմազուրկ ու աննպատակ զանգվածի՝ ահագնացող աշխարհում լոկ ֆիզիկապես գոյատևելու հեռանկարով:

Զուր ճիգեր են. Հայաստանը, ձևավորման նախնական շրջանից ի վեր, տեր է անկրկնելի ոգեկանության, և կանխանշել է իր հարատև ընթացքը: Հայոց տիպային ոգին զգացել ու տեսել են բազում երկրներ ու ազգեր, նաև՝ այն բարբարոսներն ու տիրակալները, որ միառժամանակ տիրացել են երկրին:

Պատմության մեջ ազգը մշտապես պետք է տեսնի սեփական ոգին, եթե նույնիսկ ժամանակային փաստերը այլ տարեգրություն են թելադրում: Դու կարող ես լինել անցյալի, ներկայի ու ապագայի նույնիսկ այն դրվագներում, որտեղ ոչ մի ապացույց չկա քո ներկայության: Ինքդ չես ներկա, ներկա է քո ոգին, ինչպես, օրինակ, այս չափածո պատմության մեջ:

ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐԻ ԵՐԱԶԸ

«Մի երազ տեսա, և հոգիս խռովվեց

այդ երազը հասկանալու համար»:

(Դանիելի մարգարեությունից՝ 1, 2)

Գերտերություն էր ահեղ Բաբելոնը Նաբուգոդոնոսոր

արքայի օրոք:- Աշխարհակալի հովերով տարված,

իր ցերեկային բաղձանքներից զատ, նա ախորժալից

երազներ էր տեսնում այն մերձ ու հեռու երկրների մասին,

որ դեռ չէին կքել բաբելոնյան անհագ կրքի ներքո,-

երազներում նրա վետվետում էր նաև երկիր Հայասան…

Եվ ահա մի օր, հարեմի փափուկ մահիճներից մեկում,

վերջին սերմնակաթիլը հազիվ սպառած,

հիպնոսին տրվեց խոնջահար արքան, ու տեսավ երազ

զարհուրալից - երկիրն իր անդարձ փոշի է դառնում,

իսկ նոր հասակ առնող, համեստ Հայասան

կանգուն է մնում հավիտյանս:

Դողահար արքան շտապ պալատ կանչեց

իմաստուններին ու մոգերին հայտնի և պահանջեց

մեկնել երազն իր դժնի: Նրանք պապանձված

մնացին անգետ, միայն մարգարե Դանիելը պարզեց,

որ երազն այդ ինքն իր ճիշտ մեկնությունն է -

ինչ-որ տեսնված է՝ ի կատար կածվի:

Կատաղեց արքան, հրամայեց գուբը նետել մարգարեին,

իսկ մյուսներին ձաղկել մահու չափ:-

Նաբուգոդոնոսորը վերադարձավ մատաղ հարճերի մոտ,

բայց մոռանալով հեշտություն ու կիրք,

նրանց գիրկն ընկած, հովազի հանգույն մռլտում էր՝

դե սպասիր, Հայասա…

դե սպասիր, Հայասա…

Մնացյալը հայտնի է մատենագիրներին:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ