Հայաստանն ու Արցախը հանձնած, կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրած ու դեռևս վարչապետի աթոռից կառչած պետական դավաճանը՝ մայիսի 28-ի մեր մեծ հաղթանակի օրը, բարբաջում է. «…ինձ մեղադրում է Բաթումի և Ալեքսանդրապոլի պայմանագրերը կնքած կուսակցությունը»:
Հայոց պատմությունը աղավաղող կապիտուլյանտի հիստերիկ ջղաձգումներին ի պատասխան կուզեի հիշեցնել այդ օրերի իրավիճակը և համեմատել մեր օրերի հետ ևս մեկ անգամ ցույց տալով Նիկոլ Փաշինյան երևույթի նվաստ էությունը:
Իհարկե, այս ամենը գրում եմ, ո’չ Հայաստանի վարչապետի աթոռը զավթած մանրախնդիր ոչնչության համար, այլ այն միամիտների, որ կարող են խաբվել, դրա կեղծիքներին:
Այսպես, ի՞նչ էր կատարվում Հայաստանում 103-104 տարի առաջ:
1917 թ. փետրվարյան հեղափոխությունը և ժամանակավոր կառավարության կազմավորումը, թեև թուլացրեցին Ռուսաստանի դիրքերը Այսրկովկասում, բայց հայությանը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրման որոշակի հույսեր ներշնչեցին, սակայն հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով՝ բոլոր հույսերն ու սպասելիքները հօդս ցնդեցին:
1917 թ. հոկտեմբերի 25-ին բոլշևիկյան կուսակցությունը Պետրոգրադում իրականացրեց պետական հեղաշրջում և գրավեց իշխանությունը, այդ հեղաշրջման հետևանքով՝ առանց այդ էլ Ռուսաստանից կտրված Այսրկովկասը՝ հայտնվեց անիշխանության ճիրաններում: Իրավիճակը էլ ավելի բարդացավ՝ 1917-ի Երզնկայի զինադադարից հետո, երբ արագացավ ռազմաճակատի քայքայումը՝ ռուսական զորքերը հեռացան ճակատից և մի քանի հարյուր կիլոմետրանոց ռազմաճակատի պաշտպանությունն ընկավ հայկական փոքրաթիվ ուժերի վրա: Նշենք նաև, որ Երևանից հեռացող ռուսական զորամասերը՝ Լենինի հրամանով կրակի էին տվել քաղաքի զինապահեստը:
Այս համապատկերի վրա դեռևս 1917-ի հրամանով՝ նոր կազմավորված Հայկական Կորպուսի հրամանատար էր նշանակվել գեներալ Թ. Նազարբեկյանը, կորպուսի կոմիսարն էր Դրոն, իսկ Առաջին դիվիզիայի հրամանատարը՝ գեներել Մ. Սիլիկյանը:
Վիճակը մեղմ ասած ծանր էր՝ հատկապես Երևանի նահանգում, որը լիքն էր ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներով ու որբերով, դրա հետ մեկտեղ նահանգում ակտիվացել էին անիշխանական տարրերն ու թաթար հրոսակները ահռելի չափերի էր հասնում դասալքությունը կարճ ասած՝ Երևանի նահանգում իսկական քաոս էր:
Խառնակ այս իրավիճակում էր, որ Հայոց Ազգային խորհուրդը արտակարգ լիազորություններով Երևանի նահանգ ուղարկեց Արամ Մանուկյանին:
1917-ի դեկտեմբերի 18-ին ժամանելով Երևան Արամը առաջադրեց հայ ժողովրդի պաշտպանությանն ու ազատությանը միտված հստակ և իրատեսական քաղաքական ուղեգիծ… նա առաջին հերթին փորձեց հայ ժողովրդի մեջ արթնացնել սեփական ուժերին ապավինելու գիտակցությունը, այդ նպատակով էլ հղեց իր հայտնի կոչը. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրւում շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՝ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:
1918-ի հունվարին Արամին միացան նաև Զորավար Դրոն և գեներալ Սիլիկյանը, ինչպես Արամին՝ այնպես էլ Սիլիկյանին ու Դրոյին ամենից ավելի մտահոգում էր ռազմաճակատի իրավիճակը, որը կարգավորելու համար նախ պետք էր հոգ տանել թիկունքի մասին՝ այսինքն ապահովել զորքի տեղաշարժը և հաղորդակցությունը, սրան հաճախ խոչընդոտում էին մահմեդականները՝ թուրք-թաթար բնակչությունը, և զանազան զինված խմբեր, ուստի. թե զորամասերի մեջ տիրող անիշխանական տրամադրության վերջ տալու և թե նահանգում ծայր տված անկարգությունները զսպելու նպատակով Արամն ու Դրոն անհրաժեշտ գտան ստեղծել առողջ զինվորական մի կորիզ, որի վրա հենված կարողանային երկրի մաքրագործման ու խաղաղության գործը իրական հիմքերի վրա դնել, իսկ մաքրագործումներ անելը անհրաժեշտ էր՝ այդ էր պահանջում հայ ժողովրդի շահը: Ռազմաճակատի թիկունքը պետք է ապահով լիներ:
Հատուկ Կոմիտեն Արամի գլխավորությամբ գերբնական ջանքեր էր թափում՝ Երևանի շրջանը խաղաղեցնելու և ռազմաճակատի օգնություն հասցնելու համար:
Սակայն, շրջանում բույն դրած թուրքերը ամեն կերպ աշխատում էին ի դերև հանել այդ ջանքերը: Թուրք հակապետական շարժումները գնալով սաստկանում էին ու այլևս ո՛չ մի միջոցի դեմ կանգ չէին առնում՝ ջլատելու համար հայկական ուժերը, թուրքերին խաղաղեցնելու համար նահանգի ղեկավարությունը, ի վերջո, հարկադրված էր դիմել խիստ միջոցների Արամը խորհրդակցելով զորավար Սիլիկյանի և Դրոյի հետ, որոշեց դիմել կտրուկ միջոցների: Նախ՝ նա որոշեց պատժել
ՈՒլուխանլու թուրքաբնակ գյուղը, և պատժել այնպես, որ այդ դասը նաև խրատ լինի բոլոր թուրքերի համար: Թուրքերին կարգի հրավիրելու գործը վստահվեց Դրոյին, ով 1918-ի փետրվարի վերջերին պաշարեց ՈՒլուխանլուն, բայց նախքան ռազմական գործողություններ սկսելը Արամի անունից առաջարկվեց թուրքերին վայր դնել զենքերն ու ենթարկվել իշխանությանը, սակայն թուրքերը մերժեցին նահանգի իշխանությունների օրինական պահանջը, և Դրոն անցավ գործի, խորտակեց թուրքերի դիմադրությունը և գյուղը մատնեց կրակի:
Շարունակվում էր պայքարը դասալքության, միջոցների յուրացման և անկարգությունների դեմ:
Դասալքության չափերի, դրա համար սահմանված պատիժների մասին՝ մարտի 6-ին Արամը՝ Երևանից Վան ուղարկված նամակում գրում է.
«...զօրքը անբարոյականացել է. տուն փախչելու փսիխոզը հասել է ծայրահեղութեան. սրա դէմ վերջերս միջոցների դիմեցինք, կիրառելով մահւան պատիժը,...առաջին տպաւորութիւնները լաւ է...»:
Արամի, Դրոյի, Սիլիկյանի և «Հատուկ կոմիտե»-ի գլխավոր մտահոգությունը շարունակում էր մնալ զինուժի համալրումը՝ «Չբավարարվելով պարտադիր զորակոչի հրամանով՝ Հատուկ կոմիտեն ժողովրդի տարբեր խավերին՝ փորձված մարտիկներին, մտավորականությանը, ուսանողությանն ու աշակերտությանը ուղղված առանձին կոչով հորդորում էր կամավոր զինվորագրվել ազատության գործին»:
Արամի կողմից կիրառվող միջոցների, նրա քայլերի տրամաբանությունը հասկանալու համար, նախ հասկանանք թե ի՛նչ վիճակում էր հայտնվել Կովկասը՝ ի մասնավորի Երևանը, դրա համար դարձյալ խոսքը տանք Արամին, որն արդեն հիշատակված նամակում՝ Վանի իր ընկերներին գրում է.
«Սուրհանդակներ հանեցէք մինչեւ Երեւան.ուրիշ կերպ լուր առնել կամ տալ անհնարին է:
Կովկասը մեծ ճգնաժամ է ապրում...: Նահանգ նահանգի հետ կապ չունի. մի ամիս է Թիֆլիսից լրագիր կամ փոստա չենք ստանում:...
... Հիւսիսային Կովկասից հաց չենք ստանում. զօրքը պահում ենք ազգային միջոցներով:...սկսել են բրնձի եւ ցորենի խառն հաց թխել զօրքի եւ ժողովրդի համար:
Թալան,գողութիւն եւ սպանութիւններ աջ ու ձախ լեցւած է», ահա այսպիսի պայմաններում էր գործում Արամը, որը կարողացավ կարճ ժամանակամիջոցում կարգ ու կանոն հաստատել նահանգի տարածքում:
Միասնության և ազգային համերաշխության ձգտող Արամը ազգային ուժերը միավորելու, և դրանք ի նպաստ հայ ժողովրդի ծառայեցնելու նպատակամղմամբ՝ համագործակցության ձեռք մեկնեց նաև հայ բոլշևիկներին: Այդ մասին Ռուբեն Տեր- Մինասյանն իր հուշերում գրում է. «Երեւանում կը գտնուէին բոլշեւիկ ղեկավարներից Մակինցեան եւ Մելիքեան…: Արամի յանձնարարականով եւ նամակով Մակինցեանը գալիս է Թիֆլիս, ուր մեր կողմից բարոյական օժանդակութիւն է ստանում. նրան անվտանգ անցկացնում են Քսետիների ու Ինգուշների միջոցով Նազարէթեանի մօտ եւ այնտեղից նա կարողանում է իրեն գցել Մոսկուա»:
Ինչպես ասացինք՝ 1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումը, ի վերջո, բերեց Կովկասյան ճակատի վերջնական փլուզմանը, ինչի արդյունքում «… ստեղծվել էր մի կացություն, երբ անխուսափելի էր թվում ոչ թե Հայոց պետականության ձևավորումը, այլ Եղեռնից հետո Արևելյան Հայաստանում հաստատված արևմտահայության մնացորդացի, ինչպես նաև արևելահայության ոչնչացումը»:
Թե ի՛նչ վիճակում էր այդ օրերին հայտնվել հայ ժողովուրդը՝ պատկերավոր կերպով նկարագրում է ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմը (Ստ. Զորյան) գրելով՝ «Հոսանքը մեզ քշում է, եւ դեռ քշելու է. աշխատենք՝ ժայռերի չզարնուել»:
1918-ի հունվարի 30-ին՝ թուրքերը խախտելով Երզնկայի զինադադարը՝ Մեհմեդ Վեհիբի հրամանատարությամբ՝ 5000-անոց բանակով հարձակման անցան և զարգացնելով հաջողությունը հասան Էրզրում (Կարին), որտեղ ինքնապաշտպանության ղեկավար էր նշանակվել զորավար Անդրանիկը, բայց այդպես էլ չհաջողվեց կազմակերպել Էրզրումի ինքնապաշտպանությունը և փետրվարի 27-ին զորքն ու ժողովուրդը նահանջեցին՝ մարտի 2-ին հասնելով Սարիղամիշ:
1918-ի մարտի 3-ին, մի կողմից Խորհրդային Ռուսաստանի՝ մյուս կողմից Քառյակ միության երկրների միջև կնքվեց Բրեստ-Լիտովսկի պայամանագիրը, որով՝ խորհրդային Ռուսաստանը Թուրքիային զիջեց Արևմտյան Հայաստանը, Կարսի և Բթումի մարզերն ու Արդահանի օկրուգը: Մարտի 24-ին Երևան հասավ Սարիղամիշի անկման լուրը, որը խուճապ առաջացրեց ժողովրդի շրջանում՝ հայության համար ճակատագրական այդ օրերին՝ Երևանի բնակչությունը, զորքն ու Հայոց Ազգային Խորհուրդը որոշեցին Արամին հայտարարել դիկտատոր և ամբողջ իշխանությունը կենտրոնացնել նրա ձեռքում:
Հայության համար բախտորոշ էր հատկապես 1918 թ. մայիսը: Շարունակելով առաջխաղացումը՝ մայիսի 15-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, և կտրեցին Թիֆլիս-Երևան երկաթուղագիծը, Երևանը հայտնվեց լիակատար մեկուսացման մեջ: Մայիսի 19-ին թշնամին ներխուժեց Արարատյան դաշտ, Արամը զորավար Սիլիկյանին հրահանգեց չնահանջել և պահպանել դիրքերը՝ հակառակը հարվածի տակ կդներ Երևանը: Կարծես թուրքական զորքերի համար ճանապարհը՝ դեպի Հայաստանի սիրտը բաց էր, հայ ժողովրդի գլխին կախվեց անխուսափելի բնաջնջման վտանգը՝ թուրքական զորքերի առաջխաղացման և անկասելի թվացող արշավանքի պայմաններում՝ դիմադրությունը շատերին թվում էր անհնար և անիմաստ: Հաղթության վստահություն չէին ներշնչում և մինչ այդ բանակից հասնող տեղեկությունները...
Խուճապահար բնակչությունը պատրաստվում էր փախուստի, մինչդեռ Արամը, Դրոն ու Սիլիկյանը պատրաստվում էին օրհասական ճակատամարտի: Թշնամին գրավել էր Սարդարապատ գյուղն ու կայարանը՝ հենց նույն օրը՝ 1918 թ. մայիսի 21-ին Մ. Սիլիկյանն ու փոխգնդապետ Մ. Վեքիլյանը վճռեցին թշնամուն տալ վճռական հակահարված և մշակեցին գործողության պլան: Արևմուտքից սպառնացող թուրքական հարձակման վտանգից զերծ մնալու համար գեներալ Սիլիկյանը՝ Սուրմալուի ճակատում գործող Դրոյի փոքրաթիվ զորամասին հրահանգեց անցնել Արաքսի ձախ ափը՝ պայթեցնելով գետանցումն ապահովող Կարակալայի ու Մարգարայի կամուրջները: Երևանի Հայոց Ազգային խորհրդում քննարկվում էր առանց կռվի քաղաքը հանձնելու և դեպի Նոր Բայազետի լեռները քաշվելու հարցը, բայց ի բարեբախտություն հայ ժողովրդի Արամն այլ կերպ էր մտածում ու կարգադրում է.
«-Պարոններ, ոչ մէկ նահանջ,ո՛չ մէկ գծի վրայ: Նահանջ Երեւանէն կը նշանակէ խաչ քաշել մեր ամբողջ գործունէութեան եւ մեր ապագայ քաղաքական մուրազներուն վրայ, բոլորդ պիտի մնաք եւ մեռնիք»:
Երևանը դատարկելու քննարկումներից փրփրած Արամը՝ ուժեղ հարվածեց սեղանին և ասաց.
«Երեւանը չենք դատարկի, եւ պետք է կռուենք,դիմադրենք թշնամուն մինչեւ վերջին կաթիլ արիւնը, մինչեւ վերջին գնդակը»:
Որոշվեց թուրքերին ճակատամարտ տալ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում: Մայիսի 26-ին Երևանում ստացան Մ. Սիլիկյանի հեռագիրը, որով գեներալը Արամին ավետում էր հաղթանակի լուրը, ժողովուրդը հավաքվել էր Ազգային Խորհրդի շենքի դիմաց և սրտատրոփ սպասում էր իր դիկտատորի խոսքին, և ահա՝ «...Արամը երեւաց պատշգամբում... Հեռագիր կայ ձեռքին, յուզմունքից գունատ է, ժպիտ կայ երեսին: Այդ մռայլ մարդը ուրախ է իր ձեռքի խորհրդավոր թերթիկով...: Քար լռութիւն: Բազմութիւնն ասես շնչել իսկ դադարել է...»: Արամը ժողովրդի համար ընթերցեց զորավար Սիլիկյանի հեռագիրը, որն ազդարարում էր՝ «... հինգ օրից ի վեր տեւող ճակատամարտը վերջացաւ թուրքերի կատարեալ պարտութեամբ...»:
Մայիսյան հերոսամարտերի արդյունքում ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ ավելի քան 600-ամյա չգոյությունից հետո՝ Արամն ու իր գործակիցները հայոց հայրենիքի մի փոքրիկ հատվածում հայկական պետականության խարիսխը գցեցին: Մայիսի 28-ին թուրքերի հետ առանձին բանակցություններ վարելու համար կազմավորվեց և Բաթում ուղարկվեց Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը:
1918-ի հունիսի 4-ին Հայաստանի համար չափազանց ծանր պայմաններով կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը, ինչը դժգոհությունների տեղիք տվեց:
Երևանում գտնվող Արամը, Դրոն և Սիլիկյանը, ըստ էության, դեմ չարտահայտվեցին Բաթումի պայմանագրին, ինչու՞, այդ հարցին պատասխանում է հենց ինքը Արամը՝ 1918-ի օգոստոսին Խալիլ փաշայի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս Արամին խնդրում էր, իրեն հայ թիկնապահներ տրամադրել, որպիսի կարողանա անվնաս փախչել մինչև Էրզրում և Արամը առաջ քաշեց իր պայմանները.
«Խալիլ մեզ ամէն բանէ աւելի փամփուշտն է, որ կը պակսի...
-Սարդարապատի ճակատամարտի մէջ, եթէ դուք 5-6 ժամ եւս դիմանայիք, մենք պարտուած էինք, որովհետեւ բնաւ փամփուշտ չէր մնացած...
-Գիտեմ, որ դուք Կարսում ահագին թիւով փամփուշտ ունէք: Այդ փամփուշտները ամբողջապէս իմ ցոյց տուած տեղը մեզ կը յանձնեք: Ստանալուց յետոյ, ես էլ երկու-երեք հաւատարիմ պահակներ կը տամ քեզ, որ քեզ առաջնորդեն մինչեւ Էրզրում՝ ողջ-առողջ»:
Խալիլը փորձեց դիմակայել՝ ասելով, որ չի կարող նման բան անել, բայց Արամն անդրդվելի էր, իրենը պնդեց: Ա. Շահխաթունին վկայում է. «Յաջորդ օրը... մենք ստացանք մի քանի սնտուկ փամփուշտ... Երկրորդ օրն էլ եկան բաւականին սնտուկներ և խնդրանք՝ Արամին յիշեցնող իր խոստումը: Արամը նոյն օրն իսկ հրահանգ տուեց իր չորս քաջ զինուորներին՝ պաշտոն յանձնելով նրանց, Խալիլ փաշային ողջ առողջ Էրզրում հասցնելու»:
Ստացված փամփուշտը Հայաստանն օգտագործեց 1918 թ. դեկտեմբերի հայ-վրացական պատերազմի ժամանակ, որտեղ հայկական ուժերը՝ Դրոյի գլխավորությամբ հաղթանակ տարան:
Սովի ճիրաններում գտնվող երկրին նաև հացահատիկ էր պետք, և Արամին հաջողվեց Խալիլ փաշայից պոկել 25 000 փութ ցորեն գաղթականների համար... ցորենը բաժանվեց սովահարներին:
Ի վերջո, 1918-ի հոկտեմբերի 30-ին Մուդրուսի զինդադարով Թուրքիան ընդունեց իր պարտությունը, դուրս եկավ պատերազմից և հետ քաշեց զորքերը՝ մինչև 1914-ի ռուս-թուրքական սահմանը:
Բաթումի պայմանագրով (որը այդպես էլ չվավերացվեց ո՛չ Հայաստանի, ո՛չ Թուրքիայի խորհրդարաների կողմից) 10 000քառ կմ տարածքում ծվարած Հայաստանի Հանրապետության տարածքը 1918-ի վերջին ամիսներին (վեց ամսվա ընթացքում) հասավ 70 000 քառ կմ-ի:
Ինչ վերաբերում է տեղի անտեղի շահարկվող Ալեքսանդրապոլի պայմանագրին.
Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրվեց 1920-ի դեկտեմբերի 3-ին, Հայաստանի Հանրապետությունը դեկտեմբերի 2-ին գիշերվա ժամը 12:00-ին խորհրդայնացվել էր, այն կառավարությունը, որի ներկայացուցիչը Խատիսյանն էր` Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից 8 ժամ առաջ իշխանությունը հանձնել էր բոլշևիկներին։
Խատիսյանը չգիտե՞ր այդ մասին, իհարկե գիտեր, բայց ստորագրեց, որովհետև պետք էր ժամանակ շահել մինչև Հայհեղկոմը ժամաներ Երևան։
Կնքված պայմանագիրը պետք է վավերացվեր Խորհրդարանի կողմից, իսկ Խորհրդարանը վաղուց ցրվել էր, Խատիսյանը չգիտե՞ր, որ կնքված պայմանագիրը չի վավերացվելու, վստահ` գիտեր, բայց ստորագրեց, որպեսզի թուրքերին պատերազմը շարունակելու հնարավորություն չտա, Վրացյանն ինքն էլ հետագայում` «Հայաստանը բոլշևիկյան մուճի և թրքական սալի միջև» գրքում գրում է, որ դա մարտավարական քայլ էր, որից կարող էին խուսափել, և հայ բոլշևիկներին ծանր կացության մեջ դնել, բայց այդ դեպքում էլ Դաշնակցությանը կմեղադրեին քաղաքական պատասխանատվությունից խուսափելու և ողբերգությունը չկանխելու համար»։
Եվս մի քանի նկատառում.
1.Խատիսյանի ներկայացրած կառավարությունը վայր էր դրել լիազորությունները, Խատիսյանը շատ լավ գիտեր, որ հրաժարական տված կառավարության պատվիրակի ստորագրած փաստաթուղթը իրավական ուժ ունենալ չի կարող, դրա համար էլ ստորագրեց, իսկ նիկոլը խայտառակ կապիտուլյացիան ստորագրեց լինելով ՀՀ-ի օրինական ներկայացուցիչը, անտեսելով և խորհրդարանին և ժողովրդին, շատ լավ հասկանալով, որ իր ստորագրած համաձայնագիրը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
2. Խատիսյանի թիկունքում գտնվող բանակը, հետևաբար նաև պետությունը, ռազմական պարտություն էին կրել, մինչդեռ Նիկոլի թիկունքում կար հաղթանակած և հաղթող բանակ, և 30 տարի կառուցված կայուն պետություն։
3. Ալեքսանդրապոլի պայմանագիրը չճանաչեց նաև խորհրդային իշխանությունը(որը հետագայում կնքեց Մոսկվայի և Կարսի շատ ավելի խայտառակ պայմանագրերը):
4. Ալեքսանդրապոլի պայմանագիրը, փաստացի իրավական և քաղաքական առումով այսօր չի գործում, ուստի դրա փոխարեն, լավ կլինի խոսել Մոսկվայի և Կարսի պայմանագրերից, որոնց հետևանքները փաստացի Հայաստանը մոտ 100 տարի է ինչ զգում է, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ տարածքային առումով։
5. Առաջին Հանրապետության կառավարությունը` ուժերի ներածին չափով` մինչև վերջ կռիվ տվեց յուրաքանչյուր թիզ հողի համար, և խորհրդայնացման համաձայնագիր ստորագրեց իր փաստացի տիրապետության տակ գտնվող 70 000 քառ կմ տարածքը պահպանելու և Նարիմանովի դիմում-ողջույնի (հղված Հայաստանի խորհրդայնացման նախօրյակին` ՀՀ խորհրդայնացումը արագացնելու միտումով) ու Օրջոնիկիձեի խոստման համաձայն` Արցախը, Նախիջևանն ու Զանգեզուրը Հայաստանին միացնելու հույսով, մինչդեռ Նիկոլը ոչ միայն Արցախը հանձնեց թուրքերին (մեծ մասը առանց կրակոցի), այլ նաև Ադրբեջանին ճանապարհ տվեց Մեղրիով (Զանգեզուր) նպաստելով պանթյուրքիզմի առաջին փուլի իրականացմանը։
6. Երբ կփորձեք Բաթումի պայմանագիրը շահարկել, հիշեք, որ ցեղասպանված, սովահար, ու մայիսյան հերոսամարտերից հետո ընդամենը 3 ժամ դիմանալու փամփուշտ ունեցող ժողովրդի համար, դա փրկության պայմանագիր էր, որը նրա խորհրդարանի կողմից չվավերացվեց, իսկ 6 ամիս անց, Հայաստանի Հանրապետության տարածքը 10 000 քառ կմ-ից հասավ 70 000 քառ կմ-ի։
7. Երբ կփորձեք համեմատել, հիշեք, որ 1920-ի նոյեմբերի Հայաստանը 600 տարի թալանված, ցեղասպանված, փլատակների վերածված երկրից հետո 2,5 տարում գերմարդկային ջանքերի գնով կառուցված, սովը, համաճարակը մի կերպ հաղթահարած, անընդհատ պատերազմի կամ երկրի ներսում վխտացող
թուրք-թաթարական խռովությունների թատերաբեմ էր (որոնց գումարվեց նաև
1920-ի բոլշևիկյան հակապետական խռովությունը), որտեղ հասարակ մահկանացուները 2,5 տարում պետական ինստիտուտների հիմքերն էին դրել, դպրոց, երաժշտանոց (կոնսերվատորիա), ազգային պատկերասրահ, պատմության թանգարան, ազգային գրադարան, ազգային արխիվ ստեղծել ու Համալսարան հիմնել (15-րդ դարում փակված Տաթևի համալսարանից հետո, Հայկական հողում հիմնադրված առաջին համալսարանը):
Առանց փող, առանց հիմք, առանց բանակ, առանց պետական ինստիտուտների մարդիկ 0-ից 600-տարվա փլատակների վրա պետություն էին հիմնել, և պարտվեցին, որովհետև հայ բոլշևիկը իր պետության կողքին կանգնելու փոխարեն, հանուն պաշտոնի ու աթոռի գործիք դարձավ Քեմալի ու Լենինի ձեռքին և մեջքից խփեց սեփական պետությանը։
Մինչդեռ Նիկոլը ստացավ 30 տարի լավ թե վատ կառուցված երկիր, կայուն տնտեսությամբ, սեփական ունեցվածք ստեղծած ժողովրդով, առանց գաղթականների, առանց հիվանդությունների ու սովի, իր թիկունքին ունենալով հաղթանակած պետություն ու մարտունակ բանակ, ուժային այլ կառույցներ, դպրոցներ, ԲՈՒՀ-եր, լավ թե վատ գործող առողջապահական համակարգ և դիվանագիտական կորպուս:
Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ