Հայաստանում առաջիկա ամիսների համար կա երկու հստակ ճանապարհ, որոնցից յուրաքանչյուրը ավելի քան իրատեսական է։
Ճանապարհ 1. Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը վերջնականապե հանձնում է Արցախը, Տավուշի, Արարատի մարզի նոր տարածքները («անկլավ» կոչվածները), Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում Ադրբեջանի կողմից գրավված հատվածները, «ճանապարհ» անվան տակ բացում է թուրքական միջանցքը Սյունիքով։ Դրան հետևում են Ադրբեջանի ու Թուրքիայի նոր պահանջները (փակել ատոմակայանը, զորացրել հայկական բանակը, Հայաստանում զանգվածային բնակեցնել թուրքերի և տալ նրանց ինքնավարության իրավունքներ, փոխել ողջ կրթական համակարգը, փոխել տոնացույցը՝ հանելով օրացույցից Ապրիլ 24-ը, Մայիսի 9-ը և Մայիսի 28-ը, ձերբակալել և դատել պատերազմների բոլոր հայ հրամանատարներին և այլն), որոնք կատարվում են դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների կողմից (նույնիսկ էական չէ, թե պարագլուխը ով կլինի), ապա մենք ստանում ենք նոր ու արագ պատերազմ Սյունիքում՝ վերջինիս լիարժեք նվաճումով։ Ապա Հայաստանի՝ որպես լիարժեք պետության վերացում։ Հնարավոր ժամկետները՝ 2-5 տարի։
Ճանապարհ 2. Համազգային պայքար բացառապես մեկ օրակարգի շուրջ՝ Հայաստանում վերականգնել հայկական իշխանությունը, որը կապահովի պետության վերականգնումը, անվտանգային իրադրության կարգավորումն ու Արցախ-Սյունիքի համար նոր պայքարի նախապատրաստումը։
Պետք է խոսել ոչ թե լավ ու վատ իշխանության մասին, այլ հայկական իշխանության, որը սպասարկում է Հայաստանի ու հայության շահը։ Հաշվի առնելով իրավիճակը՝ այդ իշխանությունը կլինի արդյունավետ միայն այն դեպքում, եթե լինի գերպրոֆեսիոնալ և անձնուրաց։
Այս պայքարը հնարավոր է, ու դեռ կարելի է հաղթել դե-ֆակտո թուրքամետներին, եթե հենց այսօր սկսվի համազգային մոբիլիզացիայի նախապատրաստական սևագործ, տաժանակիր ու անշնորհակալ թվացող աշխատանքը։ Այս հարցում խոհեմություն, անձնազոհություն և սեփական ամբիցիաների զրոյացում է պահանջվում բոլոր այն անհատներից ու ուժերից, որոնք հավակնում են լինել համազգային պայքարի առաջնորդները՝ համար 1-ից մինչև փողոցային պայքարի կազմակերպիչներ։
Հնարավոր ժամկետները՝ մի քանի ամսից մինչև 2.5 տարի։
Նորից եմ կրկնում՝ կան միայն այս երկու միանգամայն իրական ճանապարհները։ Հանրային կարծիքի բոլոր առաջնորդները, մեր պետությունում արարելու, ստեղծելու ու կերտելու համոզմունք ունեցող բոլոր ազնիվ մարդիկ, փոփոխություն բերողները պետք է հասկանան, որ չկա այլ՝ երրորդ ու հարմարավետ ճանապարհ։ Պարզապես չկա։
Ես, իմ ընկերները, գաղափարակիցները՝ բոլորս վաղուց զինվորագրված են երկրորդ ճամփի համար։ Մենք կհաղթենք, եթե ավելի շատ լինենք։ Մենք գիտենք ձևը, գիտենք նպատակը, գիտենք անելիքը։
Եկե՛ք միասին երկրորդ ճամփեն ընտրենք ու հաղթենք, հակառակ դեպքում, պարտությունը չոքելու է բոլորիս տան դռներին։ Իմ դեպքում՝ երկրորդ անգամ Բերձորից հետո, շատերիդ դեպքում՝ առաջին ու վերջին անգամ:
Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ