Արցախում տիրող այսօրվա ծանր վիճակը և միջազգային հանրության կողմից այդ ամենի հանդեպ դրսևորվող անտարբերությունը կամ, առավելագույնը, խորհրդատվական հայտարարություններով բավարարվելը հերթական անգամ փաստում են, որ մարդասիրություն և ժողովրդավարություն քարոզող պետությունների համար այսօր առաջնայինը ոչ թե իրենց իսկ հանրահռչակած համամարդկային արժեքներն են, այլ սեփական շահը:
Եթե այդպես չլիներ, ապա նույն այդ երկրները և դրանց հովանավորությամբ գործող, այսպես կոչված, մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունները ոչ միայն անուշադրության չէին մատնի շաբաթներ շարունակ խուլ շրջափակման մեջ պահվող 120.000 հայերի ծանր վիճակը, այլև հանցագործ պետության դեմ անհապաղ կկիրառեին նույն այն պատժամիջոցները, ինչպիսիք սովորաբար կիրառում են իրենց շահերին հակադրվող այլ պետությունների դեմ:
Ցավալի է, որ այս դառը իրականության ճարտարապետները ոչ միայն սեփական շահերով առաջնորդվող օտարներն են, այլ նաև Հայոց պետականության ղեկը բռնազավթած անհայրենիքները: Նրանք, ովքեր իրենց չմտածված կամ գուցեև մտածված քայլերով ստեղծել են ռազմաքաղաքական մի այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանի և Եվրոպայի շահերը ոսկերչական ճշգրտությամբ համընկնում են մեր ոխերիմ թշնամու շահերին, իսկ մենք ընդամենը դարձել ենք այդ շահերը սպասարկող գործիք:
Սենոր Հասրաթյան