«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արցախում պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ են ստեղծվելու

Արցախում պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ են ստեղծվելու
04.02.2021 | 14:21

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել:

«Խոսակցություններ են պտտվում, թե, իբր, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ, հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը: Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով:


Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե, օրինակ, Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով: Խոսակցություններ են շրջանառվում նաև, որ Ստեփանակերտի առևտրային կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից:


Սիրելի΄ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին, պետությունը մշտապես հանձնառու է կատարելու բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ», - ասված է Վիտալի Բալասանյանի տարածած հայտարարությունում։

Դիտվել է՝ 4431

Մեկնաբանություններ