ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում երդմնակալության արարողությունից անմիջապես հետո հրամանագրեր է ստորագրել, որոնցով չեղարկել է իր նախորդի առավել վիճահարույց որոշումներից մի քանիսը։
Բայդենը հրահանգել է վերսկսել Վաշինգտոնի վերադարձը կլիմայական փոփոխություններին վերաբերող Փարիզյան համաձայնագրերի կատարման գործընթացին։ Մեկ այլ հրամանգրով ԱՄՆ 46-րդ նախագահը չեղարկել է Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ-ից ԱՄՆ դուրս գալու որոշումը։ Բայդենը հրահանգել է պարտադիր դարձնել դաշնային բոլոր գերատեսչություններում պաշտպանիչ բժշկական դիմակներ կրելու պահանջը։
Նախագահը չեղարկել է Թրամփի ամենաառաջին աղմկալի որոշումներից մեկը, որով մահմեդական մի քանի պետությունների, այդ թվում՝ Իրանի, Իրաքի և Լիբիայի քաղաքացիներին, արգելվում էր մուտք գործել ԱՄՆ տարածք։