Մեկ անգամ չէ, որ ՌԴ ղեկավարը հայտարարել է, թե հոկտեմբերի 19-ին ավելի լավ փաստաթղթով պատերազմը դադարեցնելու առաջարկ է արել Փաշինյանին և մերժում ստացել։ Հիշեցնենք, որ այդ առաջարկում չի եղել Շուշին հանձնելու հարցը, պետք է հանձվեր 5, հետո 2 շրջան և փախստականները վերադառնային Շուշի։ Մինչ Պուտինը զարմանում էր, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել այս տարբերակից, վերջինս մտածում էր՝ է՞լ ինչ ստեր մոգոնի այս անգամ։ Եվ ստերի վարպետին շատ ժամանակ պետք չեղավ։
Այս առաջարկին հետևած գործողությունների մասին մեզ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան։ Պուտինի այդ առաջարկը մերժելուց հետո Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում և հայտարարում, թե այսպիսի առաջարկ է ՌԴ նախագահից ստացել ու մտածում է այդ ուղղությամբ։ Փաշինյանական տրամաբանություն է, ինչ կարող ես ասել։ Բայց ստի չափաբաժինը գնալով ավելի է մեծացնում։
Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ հրավիրվում է ԳՇ-ի նիստ։ Այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը զինվորականներին ասում է, թե Պուտինի առաջարկին չի համաձայնել Ալիևը։ Այսինքն, մերժումն արդարացնելու համար երկու տարբեր սուտ է հորինել։ Քանդելն էլ ո՞նց է լինում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ