«Ղարաբաղում միայն պատերազմն է դադարել, խնդիրը, սակայն, վերջնականապես չի լուծվել», - երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտադիր չէ ետ կանգնել այս հարցում ստանձնած պարտավորություններից։
«Որպես Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ը մնում է լիովին ներգրավված ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում։ Պատերազմի դադարեցումը միայն առաջին քայլն էր՝ հակամարտության խաղաղ, բանակցված լուծումը գտնելու ուղղությամբ», -հայտարարել է Մայք Պոմպեոն։
Հորդորելով կողմերին հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ Պոմպեոն վերստին ընդգծել է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի այն սկզբունքների վրա, որոնք տարիներ շարունակ եղել են բանակցությունների հիմքում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և մարդկանց իրավահավասարություն։
Պետքարտուղարը տեղեկացրել է, որ դիվանագիտական ջանքերին զուգահեռ ԱՄՆ-ը 5 միլիոն դոլարի աջակցություն կտրամադրի Կարմի Խաչի միջազգային կոմիտեին և մարդասիրական այլ կազմակերպություններին՝ պատերազմից տուժածներին օգնելու համար։ «Մենք բարձր ենք գնահատում մեր դաշնակիցների ներդրումն այս հարցում, և կոչ ենք անում մյուս կառավարություններին ևս միանալ՝ նոր ու ավելի մեծ ջանքերով», - հայտարարել է Մայք Պոմպեոն։
«Ամերիկյան վերնախավը կարող էր քայլեր ձեռնարկել, որպեսզի ողբերգությունն այս ծավալների չհասներ, բայց, ցավոք, երբ հակամարտությունը բռնկվեց սեպտեմբերի վերջին, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները որոշեցին հիմնականում լռել կամ չմիջամտել», - երեկ Կոնգրեսում հայտարարեց դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը։ «Եվ ի՞նչ ունենք մենք հիմա:Ռուսաստանը նոր հենակետ նվաճեց Հարավային Կովկասում և ստացավ այն, ինչին ձգտում էր դեռ 1990-ականներից։ Էրդողանի և Ալիևի ձեռքով դաժան բռնությունների զոհ դարձած հայ ժողովրդի անվտանգությունը հիմա թողնված է Վլադիմիր Պուտինի կողմից գործուղված խաղաղապահների հույսին։ Իսկ սեղանին մի թույլ համաձայնագիր է, որ որևէ բան չի ասում Թուրքիայի կողմից տարածաշրջան ուղարկված ջիհադիստների մասին, որոնք, եթե շարունակեն մնալ, կարող են նորանոր ոճրագործություններ իրագործել քրիստոնյա հայերի դեմ։ Որևէ բառ չկա Ղրաբաղի կարգավիճակը որոշելու հանձնառության մասին, և ոչ էլ որևէ բան, որ կխթաներ Ադրբեջանին խաղաղություն կնքել Հայաստանի հետ», - պնդել է հայամետ սենատորը։
Մենենդեսը նաև պնդեց, որ, բարեբախտաբար, Թրամփի իշխանավարումը կավարտվի հունվարին, և այս առումով դեմոկրատ Բայդենը շատ անելիքներ ունի. «Այս ագրեսիան հստակ ցույց տվեց, ինչ մենք վաղուց գիտեինք՝ Էրդողանն անկասկած այսօր հավակնում է տարածաշրջանում ամենաապակառուցողական դերակատարի տիտղոսին։ Առանց լուրջ հակազդեցության, նա կշարունակի առաջ տանել իր նպատակներն ու հարձակումները։ Ուստի հորդորում եմ ԱՄՆ հաջորդ նախագահ Բայդենի աշխատակազմին կանգնեցնել նրան։ Այս հարցում անելիք ունի նաև Կոնգրեսը։ Մենք պետք է պատժամիջոցներ սահմանենք Թուրքիայի նկատմամբ։ Ես նաև հորդորում եմ գալիք վարչակազմին վերահաստատել ամերիկյան առաջնորդությունը Հարավային Կովկասում»։ Թուրքիայի դեմ պատժամիջոցներից բացի, սենատորը կոչ արեց ԱՄՆ հաջորդ վարչակազմին անհապաղ դադարեցնել ռազմական օժանդակությունը Ադրբեջանին՝ փաստելով, որ Բաքուն խախտել է դրա տրամադրման առանցքային նախապայմանը և հակամարտության խաղաղ կարգավորման փոխարեն գործի դրել ռազմական ներուժը։
«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք, որ բռությամբ այս հարցը կարգավորելու փորձերը հաջողության չեն հասնի, և որ մենք չենք հանդուրժի ճնշումները Հայաստանի վրա արեևլյան ու հարավային սահմաններից, - հայտարարեց Մենդնեսը։ - Մեզ պետք է խորապես անհանգստացնեն հաղորդումները, որոնց համաձայն Ադրբեջանն այս պատերազմում օգտագործել է ԱՄՆ-ից ստացած պաշտպանական սարքավորումները։ Վարչակազմը պետք է լիարժեք հետաքննի այս տեղեկությունները և համարժեք արձագանք տա ամերիկյան օրենքների ցանկացած ոտնահարման։ Կանադան սառեցրել է զենքերի վաճառքը Թուրքիային հենց այս պատճառով, և ես ողջունում եմ Կանադայի վարչապետի այդ քայլը։ ԱՄՆ-ը ևս նույնը պետք է անի և դիվանագիտական աշխատանք տանի՝ քաջալերելով մյուսներին ևս միանալ մեզ այս հարցում»։