Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի շուրջ: Վինչենցո դել Մոնակոն ցավակցություն է հայտնել պատերազմական գործողությունների հետևանքով զինծառայողների ու խաղաղ բնակչության շրջանում զոհվածների կապակցությամբ և նշելով, որ ցավով է հեռանում Հայաստանից այս բարդ ժամանակահատվածում՝ վերահաստատել զորակցությունն ու բարեկամությունը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ ժողովուրդը միասնական ու վճռական է այս դժվարին իրավիճակը հաղթահարելու հարցում և միջազգային առաջադեմ գործընկերների աջակցությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը: Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Իտալիան համագործակցության մեծ ներուժ ունեն, և երկուստեք կարևորվում են շարունակական քայլերը դրա լիարժեք իրացման ուղղությամբ: