Հայաստանյան գործարար միջավայրում առկա հին ու նոր խնդիրներ, կառավարման համակարգի բացեր, համավարակի ազդեցություն, մշակութային քաղաքականության կարևորություն։ Այս թեմաների շուրջ է մեր զրույցը բիզնեսի կառավարման մասնագետ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ։
-Համավարակով պայմանավորված ի՞նչ խնդիրներ են ծագել հայաստանյան գործարար միջավայրում։
-Նախ, փաստենք, որ համավարակը բացասաբար է ազդել բոլոր երկրների գործարար միջավայրի վրա, այն տեսանկյունից, որ զբոսաշրջային, ռեստորանային, հյուրանոցային և շատ այլ բիզնես-ծառայություններ ուղղակի դադարեցրին իրենց գործունեությունը։ Դրա հետ մեկտեղ տուժեցին բոլոր այն շուկաները, որոնցից օգտվում էին զբոսաշրջիկները, ինչն էլ իր հերթին մուլտիպլիկացիոն ազդեցություն ունեցավ ընդհանուր տնտեսության վրա։ Այսինքն, տնտեսության մեջ հավելյալ գումար էր մտնելու, որը չմտավ։ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ 25 հազար աշխատատեղ փակվեց, ինչը ենթադրում է, որ այդ մարդիկ զրկվեցին եկամտից, սկսեցին ավելի քիչ գումար ծախսել՝ վատթարացնելով նաև մյուս բիզնես ծառայությունների վիճակը։ Եվ հակառակը, եթե մենք ունենում ենք տնտեսական աճ, դա իր հերթին բազմապատկման մուլտիպլիկացիոն արդյունք է ունենում։ Այսինքն, ակնհայտ է, որ համավարակը շատ վատ է անդրադառնում ու դեռ անդրադառնալու է մեր տնտեսության վրա։ Բայց չեմ ուզում շեշտադրել, թե դրանում մեղավոր է կառավարությունը։
-Կառավարությունն աջակցեց անհատներին, կազմակերպություններին։ Դա ա՞յն էր, ինչ պետք է արվեր արտակարգ դրության, մասնավորապես՝ պարտադիր պարապուրդի օրերին։
-Պետության հիմնական գործառույթը այս կամ այն ոլորտը կոորդինացնելն է, այս պարագայում՝ խթանելը որոշ ոլորտների, որ դրանք չկործանվեն ու շարունակեն իրենց գործունեությունը։ Պետական աջակցությունը անհրաժեշտություն էր և ճիշտ քայլ, ի վերջո, աջակցություն ստացած անձերն այդ գումարը բանկում չեն պահում, այլ կոմունալներն են վճարում, գնումներ և այլ անհրաժեշտ ու առաջնային ծախսեր են կատարում։ Սա օգնություն էր տնտեսությանն ու բիզնես միջավայրին։
-Ի՞նչ ունեինք մինչ համավարակը, ի՞նչ էր արվում գործարար միջավայրի զարգացման համար և ինչ չէր արվում։
-Շատ լուրջ ու ծավալուն հարց է։ Ես ուզում եմ խոսել ոչ թե ընդդեմ կառավարության, այլ առողջ քննադատության դաշտում։ Առաջինը՝ մենք՝ գործարարներս, սպասում ենք համակարգային փոփոխությունների։ Նախորդ համակարգը նպատակ ուներ ոչ թե զարգացնել տնտեսությունը, այլ արգելակել, խոչընդոտել, որովհետև պղտոր ջրում հեշտ է ձուկ բռնելը։ Ողջ ազգը հասկանում էր՝ մինչև կաշառք չտաս, գործդ առաջ չի գնա։ Մեր ժողովուրդն ընդվզեց (որքան էլ որ անհնար էր թվում), Փաշինյանը առաջնորդեց այդ ընդվզումը և ընտրվեց։ Հիմա հարց՝ պարո՛ն Փաշինյան, ինչու՞ եք ղեկավարվում նախորդ իշխանությունների ներդրած համակարգով։ Համակարգված կաշառակերություն հիմա չկա (իհարկե չենք կարող ասել, որ տեղ-տեղ որոշ անձեր կաշառք չեն վերցնում), լավ, բայց համակարգը պե՞տք է աշխատի։
Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալներից մեկը, իմ կարծիքով հետևյալն է. մտածում է` եթե պայքարի կոռուպցիայի դեմ, տնտեսությունը կզարգանա։ Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև ցանկացած բիզնեսում, նաև պետությունում (պետությունը նույնպես մրցակցում է այլ պետություների հետ, ինչը նույնպես ինչ-որ չափով բիզնես է) ցանկացած զարգացում, առաջընթաց պետք է նախ պլանավորել, հետո կառավարել։ Չես կարող ինքնահոսի թողնել, մտածելով, որ եթե թույլ չտամ գողանան, ինքն իրեն տնտեսությունը կզարգանա։ Կներեք, բայց միայն Դարվինի տեսության հետևորդներն են մտածում, որ ամեն ինչ ինքն իրեն է լինում։ Խնդիրը հենց դա է. առաջինը, իմ կարծիքով, չկա հասկացողություն, թե ինչպես պետք է զարգացնել տնտեսությունը, երկրորդը՝ չկա տնտեսության զարգացման ծրագիր։ Տնտեսությունը կարող է ինչ-որ չափով աճել, բայց մենք չենք ունենա այն արդյունքը, որը ակնկալում ենք։ Երբ հայտարարվում և պլանավորվում է բյուջեի ու ՀՆԱ-ի 4, 4,5 կամ 3,7 տոկոս աճ, դա առնվազն ծիծաղելի է։
-Որովհետև դա նշանակում է աճ չունենա՞լ։
-Այո, դա նաշանակում է աճ չունենալ և ոչինչ չանել։ Պատկերացրեք, այսօր մեր ստեղծած համազգային արժեքը՝ համախառն ներքին արդյունքը, կազմում է մոտավորապես 13,6 միլիարդ դոլար։ Եթե դա բաժանենք 3,3 միլիոն բնակչությանը, կստացվի, որ մեկ մարդը տարեկան ստեղծում է մոտ 4120 դոլարի արժեք։ Համեմատության համար ասեմ, որ մեկ մարդը ԱՄՆ-ում ստեղծում է տարեկան 50 հազար դոլարի արժեք։ Ինչու՞, ԱՄՆ-ի բնակիչները սուպերմեննե՞ր են, թե՞ մենք ենք տկար։ Իհարկե ոչ, սա ուղղակի կառավարման խնդիր է։ Պարզապես երբ նախորդները խոսում են, ջղայնանում եմ, որովհետև իրենք են համակարգը հասցրել այս վիճակի, որ մարդը չկարողանա արտադրել և ստեղծագործել։ Միանգամից արդյունք ունենալ չենք կարող, դա փաստ է, բայց չորս տոկոս աճն էլ ծիծաղելի է։ Եթե մենք համաձայնենք չորս տոկոս աճին, ուրեմն 200 տոկոսի հասնելու ենք 18 տարի հետո։ Կունենանք, ենթադրենք 8000 դոլարին համարժեք դրամ ՀՆԱ մեկ մարդու հաշվարկով։
-Բայց նշում էիք, որ համավարակի հետևանքները զգում ենք և դեռ զգալու ենք տնտեսության վրա։
-Ո՞նց կարող ենք չզգալ։ Դրա համար տարանջատեցինք՝ ինչ է նշանակում զարգացումը ծրագրավորել և կառավարել, ինչ է նշանակում՝ ուղղակի նստել ու սպասել բախտին։ Արտակարգ դրությունը հավիտյան չի մնալու, թող տևի ևս 5 ամիս, թող 5 ամիս տնտեսական աճ չունենանք, բայց եկեք ծրագրենք տնտեսական աճը, ճիշտ կադրեր նշանակենք, համակարգը փոխենք, զարգացումը կառավարենք, բարեփոխումներ անենք։ Լավ կառավարումը (մեր նախորդ զրույցում խոսել ենք սրա մասին) առկա ռեսուրսների արդյունավետ կառավարումն է։ Եթե ԱՄՆ-ը լավ ռեսուրս ունի ու կարողանում է հնարավորություն ընձեռել մարդկանց, որ տարեկան 50 հազար դոլարի արժեք ստեղծեն, մենք մեր ռեսուրսի պարագայում եկեք ստեղծենք 30 հազար դոլարի արժեք, 20 հազարի տարբերությունը պատճառաբանենք մեր փոքր լինելու, թշնամիներ ունենալու, համավարակի և այլ հանգամանքներով։ Եթե մենք ժամանակին ունենայինք լուրջ կառավարիչներ, 30 տարում մեր երկիրը տարածաշրջանի լուրջ խաղացող կդառնար։
-Համակարգային փոփոխությունը առաջնահերթ ենթադրում է կադրային ճիշտ քաղաքականությու՞ն։
-Այո, այս հարցում կառավարությունը թերանում է։ Ես նայում եմ կառավարության անդամներին, տեսնում եմ, որ այս մարդիկ միջին ունակությունների տեր են։ Կան կարկառուն դեմքեր, ու այդքան էլ էական չէ՝ այդ անձերը համակրու՞մ են «Իմ քայլը» խմբակցությանը, թե՞ ոչ։ Կառավարութունը գործադիր մարմին է և այս կամ այն ոլորտի ղեկավարին պետք է ընտրի անկախ քաղաքական հայացքներից, տալով նպատակ՝ զարգացնելու տվյալ ոլորտը։ Ընտրված ղեկավարը ներկայացնում է ծրագիր, ժամկետ և միջոցներ, կառավարությունը տալիս է հնարավորություն, միջոցներ, պահանջում վերջնական արդյունքը և այդ ամենը դարձնում է թափանցիկ ժողովրդի համար։ Դա էլ կոչվում է ժողովրդավարություն։ Տվեց նպատակ, ժողովուրդն արդեն գիտի, ենթադրենք, կրթական ոլորտն ուր է գնում և ուր է հասնելու։
-Ձեզ լսում եմ ու մտածում, որ ամեն ինչ կարող է լավ լինել, մինչդեռ, մանավանդ համավարակի ֆոնին, սարսափի մթնոլորտ է ստեղծվել, մարդիկ հուսահատվում են հիվանդության աճի ու անորոշության պատճառով։
-Մենք հո նապաստակ չե՞նք, որ վախենանք, մինչև գայլը մեզ հոշոտի։ Մենք բանական մարդիկ ենք, փոքր ազգ՝ լուրջ մշակույթով, գենոֆոնդով, ժառանգությամբ։ Եկեք մեր բանականությունը գործի դնենք ու սկսենք ստեղծել այն, ինչ պետք է ստեղծենք։
-ՈՒ՞մ եք ասում՝ իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։
-Դիմում եմ ամեն մեկիս՝ սկսած Նիկոլ Փաշինյանից վերջացրած ինձնով ու Ձեզնով։ Ես երկու տարի ապրել եմ Գերմանիայում, գործնական առաջարկներ ունեի, աշխատում էի, բայց վերադարձա Հայաստան ու հիմա փորձում եմ այստեղ ինչ-որ բան ստեղծել։ Ամեն մեկն իր հերթին պետք է փորձի մեր երկիրը առաջ տանել, մի բան ստեղծել։ Ամեն մեկը պետք է իր դռան դիմացը մաքրի, ոչ թե տանը նստած սուրճ խմի ու քննադատի։ Ձյունը գալիս է, գերմանացին դուրս է գալիս տան դիմացը մաքրելու։ Մեզ մոտ ձյունը գալիս է, ոչ մեկը չի ուզում բահ վերցնել, մաքուր օդին ձյունը մաքրել, որ արյունը խաղա, այտերը կարմրեն, հաճույք ստանա դրանից ու գնա տուն սուրճ խմի։ Դրա փոխարեն կասեն՝ երկիրը երկիր չէ, փախչել է պետք...
-Ասում են նաև՝ բարեփոխումների համար ժամանակ է պետք։
-Ինձ վստահվեց մի խոշոր ընկերության կառավարում, որտեղ շատերը մտածում էին՝ ոնց գումար փախցնեն։ 2 տարի պետք եղավ ընկերությունը վատ կադրերից ազատելու, ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու համար, որը կաշխատեր անկախ մարդու որոշումից։ Դրանով իսկ ստեղծեցի զարգացման հիմք։ Երրորդ տարում մենք ունեցանք կտրուկ աճ։ Փոքր ընկերությունում (փոքր՝ պետության համեմատ) երկու տարի տևեց բարելավումը, պետությունում հե՞շտ է անել։ Բայց պետք է տեսնենք, որ արվում է, եթե տեսնեինք, որ բարեփոխումներն ընթացքի մեջ են, այս խոսակցությունը չէր լինի։ Նույնիսկ եթե սկսված բարեփոխումների ավարտը լիներ հինգ տարի հետո, ուրիշ թեմա կքննարկեինք՝ լա՞վ են իրագործում, թե՞ վատ, միգուցե կարելի էր 4 տարում հասնել արդյունքի, ոչ թե 5, կհամեմատեինք Սինգապուրի հետ. մեզ մոտ ավելի լա՞վ է, թե՞ ավելի վատ։ Համավարակ է, տնտեսությունը ինչ-որ չափով բարդ վիճակում է, բայց դա դեռ չի նշանակում, որ կյանքը վերջացել է, արդեն խոսեցինք դրա մասին, առկա ռեսուրսները պետք է ճիշտ կառավարենք։ Մեզանից հասանելիքը եկեք անենք: Թերի կառավարման հետևանքի մեղքը պետք չէ գցել համավարակի վրա։
-Ճգնաժամային իրավիճակում մեծապես տուժում է մշակույթը, բայց կարծես հենց այդ իրավիճակում ենք զգում մշակույթի կարևորությունը։ Փակված կինոսրահները, համերգասրահները, թատրոնները մի տեսակ ավելի հուսահատ չե՞ն դարձնում մթնոլորտը։ Ձեր տպավորությունը։
-Ի՞նչ է մշակույթը. մարդու ցանկությունն է` ստեղծել և ստեղծագործել: Պատմությանը անդրադառնալով մենք տեսնում ենք, որ դժվարությունն ու առավել ևս ֆինանսական դժվարությունները խոչընդոտ չեն եղել մշակույթին: Այո, ինչ խոսք, ֆինանսական կարողությունները զարգացնում են մշակույթը, և սա նույնպես պետության գործառույթն է` ստեղծել համապատասխան պայմաններ մշակույթի զարգացման համար: Փորձենք վերլուծել: Նախ և առաջ, որպեսզի մշակույթը զարգանա, այն պետք է իբրև մտավոր սեփականություն պաշտպանված լինի: Այս առումով նույնպես հին համակարգը մնացել է և չի բարեփոխվել: Շատ է տպավորվել «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգի հեղինակի ասածը, որ իր ստեղծած այդ երգի համար ստացել էր միայն 5000 դրամ, թեև ամենուրեք այդ երգը լսվում էր: Կամ՝ երգիչների ստեղծած, ձայնագրած սկավառակները էականորեն ավելի ցածր գներով վաճառվում են շուկայում, և կեղծարարությամբ զբաղվողները ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում: Նույնը կարելի է ասել պարզ գրագողության (պլագիատի), ֆեյքերի, բամբասանքների և ցանկացած տեսակի սուտ տեղեկատվության մասին: Այսպիսով` մենք չենք խրախուսում մշակույթը, քանի որ ստեղծագործ մարդու ստեղծագործությունը հիմնականում պաշտպանված չէ:
-Մշակույթի զարգացումը դարձյալ լավ կառավարման, մշակության ճիշտ քաղաքականության խնդի՞րն է։
-Ստեղծագործ մտածելակերպ պետք է կերտվի մանկուց` մանկապարտեզներում և դպրոցներում: Հռետորական հարց եմ ցանկանում հնչեցնել. ո՞րն է մանկապարտեզի և դպրոցի գործառույթը: Բարձր գնահատակա՞նը։ Լավ սովորե՞լը։ Շատ գիտելիք ձեռք բերե՞լը։ Մենք ակնառու տեսնում ենք, որ «վատ» սովորած տղան կարող է լավ գործարար դառնալ կամ լավ արհեստավոր, լավ մարզիկ: Եվ հակառակը, տեսնում ենք լավ կրթություն ստացած մարդկանց, որոնք այդպես էլ այս կյանքում չեն կարողանում «հաջողության» հասնել, գտնել «իրենց»: Մենք վերջապես պետք է հասկանանք, որ լավ գնահատականով չի սահմանափակվում այս աշխարհը: Կարծում եմ՝ միջնակարգ կրթական համակարգի գործառույթը պետք է լինի երեխայի ունակությունների բացահայտումը, այդ ուղղությամբ զարգանալու մոտիվացումը և վերջնական «կոչման» մեջ առաջնորդումը: Մեր ուսուցիչները ինչքա՞ն աշխատավարձ են ստանում: Արդյո՞ք կարող ենք ուսուցիչներից ինչ-որ բան պահանջել, արդյո՞ք մեր ուսուցիչներն ունեն համապատասխան կարգավիճակ։ Մշակույթի հիմքը այս պարզ բաների մեջ է:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ