Առաջարկվող հրապարակումը իմ՝ 2009-ին կայացած հաղորդումից է։ Այն նվիրված է գրող, մանկավարժ ՄԿՐՏԻՉ ԽԵՐԱՆՅԱՆԻՆ, որին մասնակցեցին գրողի որդին՝ ՀԵՆՐԻԿ ԽԵՐԱՆՅԱՆԸ, հարսը՝ ԱԳՆԵՍ ԽԵՐԱՆՅԱՆԸ և թոռը՝ ԵՂԻՇԵ ԽԵՐԱՆՅԱՆԸ։
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ -Մկրտիչ Խերանյանը ծնվել է 1899-ին Վանում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան, սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Մինչև 1950 թվականը եղել է ուսուցիչ։
ՀԵՆՐԻԿ ԽԵՐԱՆՅԱՆ (որդին) -Հայրս եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Բանաստեղծություններ գրել է պատանեկության հասակից և ամբողջ կյանքը նվիրել է գրականությանը։ Ամուսնացել է նույնպես Խերանյան ազգանունով մի աղջկա՝ Արաքսյայի հետ։ Նրանք ունեցել են չորս զավակ՝ 3 աղջիկ, մեկ տղա։ Մինչև 1932 թվականը ապրել են Էջմիածնում, ապա տեղափոխվել Երևան, ապրել են Բութանիա թաղամասում։ Պապիկս էլ է մեզ հետ ապրել, տատիկիս չեմ տեսել, նա վաղ է հեռացել կյանքից։ Պապիկս շատ բարի, լավ մարդ էր։ Նա հոգևորական էր՝ վարդապետ Եղիշե։ Ես երեխա էի և հիշում եմ, որ ասացին կա սովետական մի օրենք, ըստ որի ուսուցիչն իր ընտանիքում իրավունք չուներ պահելու հոգևորականի։ Հորս կանչել են ու ասել. «Ձեր հորը տանից պետք է հանեք, ուսուցիչն իրավունք չունի իր տանը հոգևորական պահելու»։ Հայրս զայրացել է. «Ինչպես կարելի է նման բան անել»։
Պապիկս ելքը գտել է, ասել է. «Ավելի լավ է ես մորուքս սափրեմ, կոչումից հրաժարվեմ ու դառնամ աշխարհիկ մարդ»։ Այդպես էլ արեց ու մնաց ընտանիքում։ Այլ կերպ հնարավոր չէր։ Մինչև հիմա, երբ հանդիպում եմ հորս աշակերտներին, նրանք բարի խոսքով են հիշում իրենց ուսուցչին։ 1941 թվականին մտավորականներին բռնում էին որպես կասկածելի անձնավորությունների։ Հերթը հասավ և հայրիկիս։ Նրան վերցրին 1941 թ. նոյեմբերի 28-ին և առանց դատի մի շարք մտավորականների հետ աքսորեցին Ղազախստան Ակմոլինսկի մարզ։
ԱԳՆԵՍԱ ԽԵՐԱՆՅԱՆ (հարսը) -...ու էնտեղ մեկ շաբաթ կանգնեցրել են ջրի վրա, նրանց ասել էին, որ բոլորին պետք է լցնեն ջրի մեջ։ Այդպես հոգեբանորեն նրանց կոտրել են։ Հետո տարել են մի ղազախի տուն, որոնք շատ հետամնաց են եղել։ Մակաբույծներին իրենց վրայից ավելով ավլում էին և ուտում, բացատրելով, թե նրանք իրենց արյունն են կերել։ Տանտիրուհին շատ չար է եղել։ Մի օր սկեսրայրս ոգևորվել է, բանաստեղծություն է հորինել, բայց թուղթ չի եղել, որ գրի։ Սեղանին մի թերթ է եղել, նա մի փոքրիկ մաքուր կտոր է պոկել թերթի ծայրից ու գրել է իր ստեղծագործությունը։ Պարզվել է, թերթի մյուս էջին Լենինի, թե Ստալինի նկարն է եղել։ Դաժան ղազախ մի պահակ են ունեցել, որը եկել հարցրել է. «Էդ ի՞նչ ես արել, առաջնորդի նկարը դիտմամբ պոկել ես, քեզ պիտի ուղարկենք կողքի գյուղ»։ Իսկ էնտեղ գնացողը երբեք հետ չէր գալիս, Լինչի դատաստան էին անում։ Հետո էդ բոլոր հայ վտարանդիները, աքսորվածները ոտքի են կանգնել, որոնց թվում և Գևորգ Էլբակյանը, վաղամեռիկ դերասանը, որ նկարահանվել է «Սայաթ- Նովա» ֆիլմում։ Նա միշտ գալիս էր մեր տուն ու շատ հարգում էր Խերանյանին։ Նա ասել է այդ պահակին. «Եթե դու մատով կպնես Խերանյանին, ես տեղնուտեղը քեզ դանակով կսպանեմ»։ ՈՒ վախից ղազախը ձեռ քաշեց իր մտադրությունից։ Շատ էին հարգում նրան, ասում էին՝ մեր ղեկավարն է։ Մի օր էլ դարձյալ ոգևորվել է, բանաստեղծություն է գրել, որի երկու տողն եմ հիշում.
«Վախենում եմ լույսս մարի ու չհասնեմ լուսաբացիս...» Էդ չար կինը միշտ սպառնացել է, լամպի լույսն է մարել... Էդպես...
Հ. Խ. -Չորս տարի այնտեղ մնալուց հետո, երբ պատերազմն ավարտվեց, նրան անմիջապես ազատեցին և եկավ մեր ընտանիք, շարունակեց դասավանդել լեզու-գրականություն, շարունակեց գրել, ինչն իր սիրած հիմնական գործն էր, ինչից չէր կարող կտրվել, գրասեղանին կպած անընդհատ գրում էր։
Գ. Ղ. -Տարբեր տարիների լույս են տեսել Մկրտիչ Խերանյանի ստեղծագործությունները, նրա բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուները, «Մոկաց Միրզա» պոեմը, «Սասնա տուն» դյուցազնավեպը, «Շխոնց Միհրան» վիպակը, «Երկար-երկար մի ճանապարհ» վեպը, «Հազարան բլբուլ» ստեղծագործությունը։ Մկրտիչ Խերանյանը գրել է նաև մանուկների համար, աշխարհաբարի վերածել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»։
Հ. Խ. -1936 թվականն էր, երբ լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Խնդություն» վերնագրով։ Եվ դրանից հետո բազում վեպեր, մանկական գրվածքներ, պատմվածքներ, հեքիաթներ, ժողովրդական ասացվածքներ և այլն, և այլն... Նրա հիմնական աշխատանքներից մեկը, որ ինքնակենսագրական վեպ էր համարվում, «Երկար-երկար մի ճանապարհ»-ն էր։ Դա իր կյանքի պատմությունն էր, որ լավ ընդունվեց բոլորի, հատկապես վանեցիների կողմից։ Գրքում վանեցիների հոգին ու շունչը կար։
Ա. Խ. -Գրիգոր Նարեկացի էր թարգմանում։ Տառապալից աշխատանք էր։ Միայն չորս անգամ արտագրել է գործը, ընթերցելով, խմբագրելով։ Վերջում, երբ արդեն պատրաստ էր «Ձայն տուր, ով ծովակ»-ը, արդեն ծանր հիվանդ էր, անկողնային էր, հարցրի. «Գիրքդ պատրա՞ստ է, վերջացրե՞լ ես»։ Ասաց. «Գրեթե պատրաստ է, միայն տեղանունները պետք է ճշտվեն և վերջ»։
Գ. Ղ. -Մկրտիչ Խերանյանը նաև տաղանդավոր թարգմանիչ էր։ Նա թարգմանել է Հոմերոսի «Իլիականը», Նիզամու «Լեյլի ու Մեջնունը», Պուշկինի «Գաբրիելականը» և «Կոմս Նուլինը», Լերմոնտովի «Իսմայիլ բեյը», Տվարդովսկու «Երկիր Մուրավիան»։
Ա. Խ. -Մենք դպրոցում այն ժամանակ արևմտահայ գրողներին թռուցիկ էինք անցնում։ Ինքն ու իմ դասախոս Մինաս Հյուսյանը, որն արևմտահայ էր ու շատ էր հարգում ինձ, իմ մեջ արթնացրին սերը արևմտահայ գրականության հանդեպ։ Խերանյանը արտագրել էր Դանիել Վարուժանի պոեմները։ Չքնաղ ձեռագիր ուներ։ Պաշտամունքը Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի նկատմամբ իրենից ինձ անցավ։ Հիշում եմ՝ իր մոտ էին գալիս Ռուբեն Զարյանը, Լևոն Հախվերդյանը, Մինաս Հյուսյանը... Ամեն օր մտավորականներ էին լինում իր մոտ, հիշում եմ Մահարուն, որ վերադարձել էր աքսորից, եկել էր կնոջ՝ Անտոնինայի և փոքր երեխայի հետ։ Ո՜ր մեկին ասեմ...
Հ. Խ. -Գրողները հաճախ էին հավաքվում մեր տանը։ Հյուրընկալ տուն էր։ Գալիս էին երիտասարդ Գևորգ Էմինը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սողոմոն Տարոնցին, Մեսրոպ Մերուժանը, Ռուբեն Ղարիբյանը, Գուրգեն Մովսիսյանը, շատերը։ Հավաքվում էին և երեկոն անցկացնում գրականության մասին զրույցներով։ Չմոռանամ և Խաչիկ Հրաչյանին, որը քրոջս ամուսինն էր։
Երեկոները նստում կարդում էին, մենք էլ՝ երեխաներս, մեծանում էինք այդ մթնոլորտում։ Կարդում էինք Երվանդ Օտյանից, Հակոբ Պարոնյանից։ Այդպիսի հաճելի երեկոներ հաճախ էին լինում։ Այդպես էր անցնում հորս ժամանակը իր գրչակից ընկերների հետ։
Եկավ մի գեղեցիկ օր՝ իմ ամուսնության օրը, և հայրս որոշեց, որ քավորը պետք է լինի գրող Աշոտ Շայբոնը, թիֆլիսահայ, շատ շախով անձնավորություն, արկածային գրականության հիմնադիրը հայ գրականության մեջ։
Հայրս սիրում էր զրուցել հասարակ մարդկանց հետ։ Աշխատանքից հետո նստում էր բակում, զրուցում անցորդների հետ։ Անցնում էր մածուն վաճառողը, կանչում էր, նստեցնում կողքին, զրուցում հետը, հետո ասում էր. «Արաքսի, մի աման բեր, մածուն առնենք»։ Մածունը վերցնում էր. «Բա ի՞նչ պիտի վճարեմ»։
-Երկու ռուբլի։
-Առ քեզ երեք ռուբլի։
Ասում են վանեցիները ժլատ են։ Ես իմ հոր մոտ ժլատություն չեմ նկատել։ Ընդհակառակը՝ նա միշտ ավելին էր վճարում, քան պետք էր։ Նույնը դանակ-մկրատ սրողի նկատմամբ։ Կանչում, զրուցում էր հետը, ծխախոտ էր հյուրասիրում ու կանչում.
-Արաքսի, դանակ-մկրատը բեր։
-Այ Մկրտիչ, երկու օր առաջ սրել ենք, կարիք չկա։
-Ոչինչ, մարդն անցնում է մեր փողոցով, պետք է նրան ընդառաջել, դու բեր։
Բերում էր։ Սրում վերջացնում էր, և ինչ գին ասում էր արհեստավորը, հայրս կրկնակի էր տալիս։ Ասում էր. «Էս մարդը ախր էդքան քայլել է»։
Սիրում էր գյուղը, ազատությունը, բնությունը։ Մենք ամառները հանգստանում էինք Դիլիջանում,։ Երբ անցնում էինք ճանապարհը դեպի Դիլիջան (իսկ ճանապարհին երեխաները տարբեր բաներ էին վաճառում), հայրս կանգնեցնում էր մեքենան, ուզում էր լավաշ վերցնել, բայց մի հոգուց չէր վերցնում, ամեն տեղից 1-2 լավաշ էր վերցնում։ ՈՒզում էր այդ երեխաներին հաճույք պատճառել։
-Երբ բոլորը կանգնած են, պետք է ամեն մեկից լավաշ գնել, որ ամեն մի երեխա ուրախ լինի։ Ինչ-որ վաճառվում էր, պետք լիներ, թե չէ, առնում էր։
Այդպես Դիլիջանում ամբողջ ամառը հանգստանում էինք ընտանիքով բնության մեջ։ Ինքը բնության սիրահար էր, միշտ անտառում, ստեղծագործելը դադարեցնում էր այդ օրերին։ Չէր ստեղծագործում, վայելում էր բնությունը իր գեղեցկությամբ։
Ե. Խ. (թոռը) -Ես շատ փոքր եմ եղել, երբ պապս ինձ փոքրիկ բանաստեղծություն է նվիրել.
թոռնիկիս՝ Եղիշեին
Աշխարհից երբ հեռանամ,
Պապիկիդ չմոռանաս։
Տարեկան գեթ մի անգամ
Շիրիմս հիշես ու գաս,
Մի կաթիլ արցունք թափես,
Կանաչի հողը վրաս։
Այս բանաստեղծությունը կարծես ինձ առաջնորդում է իմ կյանքում։ Քանի մեծանում եմ, այնքան ավելի եմ գնահատում նրան, այնքան ավելի եմ արժևորում, ավելի խոր եմ ուզում հասկանալ։
Ինձ շատ են երես տվել, ես իր ամենաերեստված թոռն եմ եղել և, ցավոք, իմ մանկական չարաճճի քայլերով, վարմունքով իրեն շատ եմ անհանգստություն պատճառել։ Նույնիսկ մի անգամ որոշել էինք հարազատներով Կիսլովոդսկում հանգիստն անցկացնել, ես այնքան հիմար բաներ արեցի, որ երկրորդ թե երրորդ օրը երկու ոտքս մի կոշիկի մեջ դրեցի ու ասացի. «Չէ, ես ուզում եմ տուն գնալ»։ Խեղճ պապս ինձ վերցրեց ու հետ դարձավ։ Այսինքն չհանգստացավ։ Եվ էլի նմանատիպ մանկական շատ վատ բաներ։ Ավելի գիտակից դառնալով ես փորձում եմ առայսօր և հետագայում էլ վարձահատույց լինել, իմ շնորհակալությունը, իմ երախտագիտությունը, թոռնիկի ջերմությունը տալ նրան, թեկուզ նա կենդանի չէ և, հավանաբար դրա մի վառ էջ դարձավ, երբ ես 2005 թվականին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում նախ բեմականացրի, ապա բեմադրեցի նրա սքանչելի վիպակը «Շխոնց Միհրանը»։ Ճիշտ է, մինչ այդ Համազգային թատրոնում բեմադրված էր այդ գործը և մեծ հաջողություն ուներ։ Ես էլ փորձեցի իմ տեսակետից ներկայացնել Խերանյան Մկրտչին ու Շխոնցին։ Կարծես թե ստացվել է և մինչ օրս կա թատրոնի խաղացանկում, բավականին ջերմ խոսքեր եմ լսել այդ կապակցությամբ։
Հ. Խ. -Իր կյանքի վերջին տարիներին նրա մեջ շատ ուժեղ էր հայրենիքի՝ Վանի, կարոտը։ Մահից երկու տարի առաջ գրիչ չառավ ձեռքը, լրիվ զբաղվեց իր մանկական հիշողություններով։ Մենք ապրում էինք Բութանիայի 12-րդ փողոցում, որը կրում էր Այվազովսկու անունը, և բակում ինքն իր ձեռքով պատրաստեց Վանա լիճը բետոնից, այն նույն ձևով, ինչպիսին քարտեզում կար։ Երեք մետր երկարությամբ, ներկեց կապույտ գույնով, ջուրը լցրեց ու զգաց, որ ինքը Վանում է, Վանա լճի կողքին։ Բացի դրանից իր չախոյով (դանակ) որևէ այլ գործիք չօգտագործելով, պատրաստեց մակետներ՝ իրենց Վանի տունը բակով, Շուշան գյուղը իր շրջապատով, որտեղ պապս աշխատել էր վարդապետ, նաև որտեղ ուսանել էր՝ Վարագավանքում, ու մատով ցույց էր տալիս և ասում. «Այս լուսամուտի մոտ իմ նստարանն էր»։ Երկու տարի նա տրամադրեց իր հայրենիքին, իրեն շրջապատեց Վանա հարազատ անկյուններով և 1970 թվականին ավարտեց իր կյանքը։
Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Հ. Գ. -Մկրտիչ Խերանյանի մահից հետո նրա պատրաստած Վանա մակետները որդին՝ Հենրիկը, նվիրեց Եղեռնի թանգարանին։
Լուսանկարները`
By Nairamkrtchyan - CC BY-SA 4.0, commons.wikimedia.org