«Մնա տանը» նախագիծը միտված էր հանրության տարբեր խմբերի, այդ թվում փոքրիկների մեկուսացումը բովանդակային ու հետաքրքիր դարձնելուն։ Մի կողմից, մանկական նոր նախագծեր են ծնվում, մյուս կողմից, շատ ու շատ նախագծեր չեղարկվում են, հետաձգվում կամ նոր ձև ստանում։
«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի կազմակերպիչների հետ զրուցել ենք մանկական կրթական-մշակութային ծրագրերի կարևորության, անփոփոխ բաղադրիչների, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված փոփոխություններ մասին։
ԸՆԹԵՐՑՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
«Զանգակ» հրատարակչության հանրային կապերի պատասխանատու ԿԱՐԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ այս ծրագիրը «Զանգակ» հրատարակչության երկարամյա ջանքն է՝ ընթերցող հասարակություն ձևավորելու ճանապարհին: 7 տարի առաջ սկսել են գրքերի անվճար փոխանակման և գրական-ժամանցային միջոցառումների ընթերցանության ծրագիրը, որպեսզի զարգացնեն ընթերցող-գրախանութ, ընթերցող-հրատարակչություն կապերը ոչ միայն Երևանում, այլև մարզային բոլոր այն գրախանութներում, որոնք նույնպես հետամուտ են այս նպատակներին։
-Ինչպե՞ս և ի՞նչ ձևաչափով է անցկացվում ծրագիրը։ Ինչո՞վ է առանձնանում մանկապատանեկան այլ ծրագրերից։
-Ամռան ընթացքում՝ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, «Ամառային ընթերցանությունն» առաջարկում էր ընթերցել և փոխանակել երեք տասնյակից ավելի գրքեր` գնելով դրանցից միայն մեկը: Ողջ ամռան ընթացքում երեխաները, ընդ որում՝ ցանկացած երեխա, մասնակցում էին շնորհանդեսների, գրական հանդիպումների, փոքրիկ բեմականացումների ու խաղ-վիկտորինաների, դառնում ակտիվ կամ լավագույն ընթերցողներ, և ծրագրի բոլոր գրքերը գրապահարանով գնում էին նրանց դպրոցներ 6 ամսով՝ հնարավորություն տալով դպրոցի բոլոր աշակերտներին անվճար ընթերցելու այդ գրքերը: Սա աննախադեպ ծրագիր էր իր սոցիալական նշանակությամբ, և այս տարի մենք մեծ մարտահրավերի բախվեցինք՝ ի դեմս համավարակի:
-Այս տարի, Covid 19-ով պայմանավորված, ծրագրում փոփոխություններ եղե՞լ են։
-Այո՛, համավարակի պայմաններում անվտանգ չէին և՛ գրքերի փոխանակումը, և՛ գրական միջոցառումների կազմակերպումը: Մենք որոշեցինք ոչ թե հանձնվել այս իրողությանը, այլ ընդունել մարտահրավերը: Ականատես էինք լինում, թե որքան դժվար է երեխաների համար ապահովել իրենց ներկայությունն ու ակտիվությունը առցանց դասերի ժամանակ: Մինչդեռ պետք է ընդունենք, որ երեխաների կրթական ապագան մեծապես կախված է հենց առցանց հարթակներում նրանց կարողությունների դրսևորումից: Այս տարի, առանց կտրվելու ընթերցանությունից, մենք որոշեցինք նրանց գիտելիքներ տրամադրել՝ առցանց խոսքի և առցանց ակտիվության միջոցով: Անշուշտ, հիմքում շարունակում է մնալ գրքի ընթերցանությունը: Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.zangak.am/amar կայքէջում կամ ծրագրի ֆեյսբուքյան էջում:
-Ովքե՞ր են ծրագրի մասնակիցները։ Երեխաները մրցութային փու՞լ են անցնում՝ մասնակցելու համար ծրագրին։
-Այս տարի ծրագրին մասնակցելու համար բավական է, որ երեխան ընթերցած լինի «Զանգակի» մանկապատանեկան գրքերից որևէ մեկը: Մենք նրան առաջարկում ենք միասին գրքահոլովակ պատրաստել այդ գրքի շուրջ: Հոլովակում նա պետք է կարողանա ճիշտ կառուցել իր խոսքը: Լավագույն հոլովակների հեղինակների հետ կշարունակենք աշխատանքը:
-Ամեն տարի քանի՞ երեխա է ընդգրկվում ծրագրում: Երեխաները միայն մայրաքաղաքի՞ց են։
-Նախորդ տարիներին ունեցել ենք ծրագրին մասնակցող շուրջ 500 երեխա: Այս տարի ակնկալում ենք նույնքան և ավելի մասնակից՝ ունենալով մի կարևոր առավելություն. եթե նախորդ տարիներին ծրագրի գրական միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները սահմանափակ էին թե՛ աշխարհագրորեն, թե՛ ֆիզիկապես, իսկ մենք ունեցել ենք մինչև 70 մասնակցով գրական միջոցառում, այս տարի «Ամառային ընթերցանությանը» կարող են մասնակցել բառացիորեն բոլոր դպրոցահասակները՝ լինեն նրանք Հայաստանից, Արցախից, թե Սփյուռքից: Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Երեխաները սիրու՞մ են կարդալ» հարցն ուղղեցինք «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի բովանդակային մասի պատասխանատու, մանկավարժ, արվեստաբան ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ։
-Այս հարցին գուցե շատ հեշտ է պատասխանել «այո» կամ «ոչ», բայց իրականում երեխաները սիրում են այն, ինչ իրենց սովորեցնում ենք, և դա անում ենք սիրով՝ ցույց տալով ոչ միայն ուսանելի կողմը, այլև զվարճալի,- ասաց Սոնա Հովհաննիսյանը։- Կան երեխաներ, որոնց պետք չէ ուղղորդել կարդալուն, նրանք գիրքը մի կողմ չեն դնի, երեխաներ էլ կան, որոնք գուցե դժվարանում են կարդալ, բայց հենց գտնում են գրքաշխարհի՝ իրենց համար գրավիչ կողմերը, դառնում են ընթերցասեր: Կարծում եմ՝ ընթերցանության պարագայում շատ կարևոր է երեխաների մեջ սերմանել սերը ընթերցելու և գրականության հանդեպ: «Ամառային ընթերցանության» ծրագրի փորձը հենց դա է ցույց տալիս. կարդացող երեխաները ավելի շատ են, քան մենք պատկերացնում ենք:
-Ի՞նչ են կարդում ավելի շատ, ո՞ր հեղինակներին կամ գրքերն են նախընտրում։
-Բարդ է միանշանակ ասել, բայց «Ամառային ընթերցանության» ծրագրի ժամանակ, քանի որ մասնակիցները իսկապես մոտիվացված են, կարդում էին ծրագրի գրեթե բոլոր գրքերը, իսկ ակտիվ քննարկումները նպաստում են, որ այդ գրքերը սիրվեն: Շատ ուրախացնում է, որ սիրով ընթերցում են ոչ միայն հայտնի կամ սիրված մուլտֆիլմերի գրքերը, այլև հայ ժամանակակից մանկագիրներին: Անցյալ տարի երեխաների ամենասիրելի գիրքը դարձավ Լևոն Նեսի «Բալզակ. մի շան պատմություն» վիպակը: Յուրահատուկ սեր են վայելում Ջաննի Ռոդարիի շարքը, «Գանձերի կղզին» վերապատումը և այլ գրքեր: Եթե հարցնում ենք երեխաներին, թե ինչ են կարդում ծրագրից դուրս, և եթե միայն մեկ գրքի անուն տալու լինեն, դա Հարրի Փոթերի վիպաշարն է: Երեխաները սրտատրոփ սպասում են յուրաքանչյուր թարգմանության: Մինչև համաճարակը հնարավորություն ունեցանք այցելելու մեր լավագույն ընթերցողների դպրոցներ՝ գրական միջոցառումներով: Աշակերտների ընթերցած գրքերի ցուցակը ապշեցուցիչ էր ոչ միայն քանակով, այլև բազմազանությամբ՝ սկսած արկածային գրականությունից, վերջացրած գիտական հանրագիտարաններով: Նրանք նաև հետևում են գրական նորություններին և երբեմն օգտվում ծնողների գրադարանից:
-Ընթերցանությունից զատ երեխաներին նաև ա՞յլ հմտություններ եք սովորեցնում՝ նորարարական տեխնոլոգիաներից օգտվել և այլն։
-Գրականությունն ինքնին բազմաթիվ հմտություններ ձեռք բերելու լայն հնարավորության դուռ է բացում: Նախորդ տարիներին յուրաքանչյուր միջոցառում ուղղորդված էր ինչ-որ հմտություն զարգացնելուն կամ բարելավելուն, լիներ դա գեղեցիկ ընթերցանություն, գեղարվեստական խոսք, երևակայության և ստեղծագործականության խթանում, թե պարզապես բովանդակալից բանավեճ և քննարկում վարելու կարողություն: Քանի որ այս տարի աշխատելու ենք առցանց հարթակներում, փորձել ենք չխախտել այդ սկզբունքները, բայց նաև հարմարեցնել դրանք նորարարական տեխնոլոգիաներին: Առցանց հարթակում փոխվում է նյութի թե՛ մատուցման, թե՛ ընկալման սկզբունքը, ուստի կփորձենք երեխաների հետ սովորել ավելի գրագետ և վստահ օգտվել նոր հարթակներից, նաև կյուրացնենք որոշակի տեխնիկական հնարքներ և գործիքներ:
-Երեխաների հետ հաղորդակցվելու բարդությունների մասին ի՞նչ կասեք։
-Չէի անվանի դա բարդություն, ավելի ճիշտ՝ մարտահրավեր է, մի փոքր էլ վախեցնող է երեխաների վստահությանը արժանանալն ու նրանց հուսախաբ չանելը: Երեխաների հետ շատ հեշտ է հաղորդակցվել, երբ սիրով ես նրանց մոտենում, իսկ դրանից ավելի նրանք շատ քիչ բան են պահանջում: Ավելի բարդ է մեկ կարճ ծրագրի ընթացքում 60¬-100 երեխաների ուշադրության կենտրոնում պահել, լսել և ծրագրի վերջում վստահ լինել, որ հեռանում են ուրախ ժպիտով և մի նոր գիրք ընթերցելու ցանկությամբ: Իսկ միջոցառումներին ինքս միշտ զարմանում եմ, թե ինչպես են հենց առաջին հանդիպումից ներգրավվում և ակտիվ մասնակցում: Նրանց ոգևորությունը շատ վարակիչ է և մոտիվացնում է թե՛ մեր թիմին, թե՛ ծնողներին՝ նորից և նորից ամռան օրերը մեզ հետ անցկացնելու:
-Ասում են, որ երեխաներից էլ կարելի է սովորել. համամի՞տ եք։ Ստացվում է՝ նրանց հետ շփվելով և՛ տալիս ես, և՛ վերցնու՞մ։
-Միանշանակ: Վերադառնալով հաղորդակցության թեմային՝ երբ երեխաները բաց են, իրենք շատ ավելին են քեզ տալիս, քան դու իրենց: Ամենակարևորը կիսվում են իրենց կարծիքներով, ցանկություններով, մտքերով և օգնում հաջորդ միջոցառումներն ավելի բովանդակալից դարձնելուն: Նաև շատ հետաքրքիր է արդեն հասուն տարիքում վերընթերցել մանկական գրքերը և փորձել նայել երեխայի աչքերով։ Որքան էլ փորձում եմ, մեկ է՝ իրենք միշտ գտնում են մի բան, ինչը բաց եմ թողել՝ նոր մոտեցում, բոլորովին այլ մեկնաբանություն, որը բխում է իրենց միջավայրից և համատեքստից:
-Ի՞նչ է տալիս գրական, կրթական և ժամանցային այս ծրագիրը երեխաներին, նաև ապագայի համար։
-Կուզենայի հենց երեխաների և ծնողների կարծիքը ասել. գրքասեր ընկերներ, բառապաշարի հարստացում, նոր հետաքրքրություններ, բազմակողմանի գիտելիքներ, քանի որ ամեն միջոցառմանը, բացի ընթերցելուց, աշխատում ենք նոր բան սովորել. սեփական կարծիքը ձևավորելու և վստահ արտահայտելու հարթակ և փորձ, ուրախ և անմոռանալի ամառային արձակուրդներ: Սա այն է, ինչ հաճախ լսում ենք ծնողներից: Կարծում եմ՝ կարևոր է նաև այն, որ մեր ընթերցողներից շատերի մեջ ցանկություն է առաջանում պատմվածքներ և հեքիաթներ գրելու: Հաճախ տեսնում ենք նաև այդ ցանկության արդյունքը, և ստացվում է, որ ստեղծում ենք միջավայր ոչ միայն ընթերցասերների համար, այլև ապագա գրողների:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ