ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. ԳՐՔԻ ԵՎ ՏԻԿՆԻԿԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Հետագայում նա` հայ կերպարվեստում իր անկասելի հետքը թողած Գայանե Խաչատուրյանը, հաճախ էր վերադառնում կերպարվեստում իր կայացման շրջանի հիշողություններին։ Շրջենք նրա հետ, տեսնենք և տարիների հեռվից փորձենք գտնել Խաչատուրյան Գայանեի առեղծվածը. «Հրավիրված էր ամբողջ դասարանը, միայն աղջիկներ։ Ես շատ նվերներ ստացա, բայց դրանցից մեկը` ռուսական հեքիաթների գիրքը, ինձ հետ էր միշտ։ Այնտեղ հիանալի ձևավորումներ կային, ես հմայված դիտում էի դրանք և կամաց-կամաց սկսեցի վերանկարել։ Այն ժամանակ ես միամտաբար մտածում էի, որ հենց դա է նկարչությունը»։ Այն ժամանակ Գայանեն 12 տարեկան էր։ Նրա առաջին գործը կերպարվեստում մոր պատվին նկարված տիկնիկն էր, որն ուներ կլորավուն աչքեր, զարմանալի նազանք և կրում էր արտիստիկ գլխարկ։ Գայանեն 3 տարեկան էր։ Ողջ կյանքում նա այդ տիկնիկի հետ էր. «Նա հետապնդում էր ինձ ողջ կյանքում։ Դա ճշմարտանման կերպար էր։ Եվ այն բնավ էլ մանկական չէր և հորինված չէր։ Արդեն հետագայում ես հասկացա, որ այն իմ նախատատն էր` Ագուլիսից, որի լուսանկարները միշտ աչքիս առաջ էին»։ Տիկնիկը խորհրդանիշ էր, ագուլիսյան մշակույթը իր պտուղներն էր տալիս։ Բայց դեռ մանուկ Գայանեն հանկարծ դադարեց նկարելուց, չնայած նրա առաջին աշխատանքը շրջապատի հիացմունքի առարկան էր։ Նա կարդում էր, ուշի ուշով զննում էր ագուլիսյան տիկնանց զարմանալի հագուստը, նաև դասական թատրոն էր հաճախում և պատուհանից զմայլվում Թիֆլիսի նշանավոր Մուշտաիդ զբոսայգով, ուր անվերջ հնչում էր փողային երաժշտությունը, որտեղ զվարճանում էր բազմազգ քաղաքի խայտաբղետ բնակչությունը։
Թիֆլիսյան գունագեղ կոլորիտի ժառանգորդ Թբիլիսին Կովկասի հանդիսախաղն էր, Մուշտաիդը` Թբիլիսիի թատրոնը բայց երկնքի տակ։ Իսկ Գայանեն պատկերագիր քաղաքների նկարազարդողն էր, Ագուլիսը` երազներում, Թիֆլիսը` իրականում, Երևանը` ապագայում։ Այս շրջանում նա փնտրումների մեջ էր, բայց բացակայում էր կյանքի գիրքը գտնելու ցանկությունը։ Գայանեն իր աշխարհն էր որոնում, տեսլապատկերներով դեռ անցյալում էր, փորձում էր գտնել Երևանը, թեև ապրում էր Թիֆլիսում։
Պատահականորեն գտնված օրաթերթի բախտորոշ հայտարարությունը կանխորոշեց նրա ճակատագիրը. Գայանեն ճանապարհվեց Թբիլիսիի գեղարվեստի դպրոց։
«Երբ Մուշտաիդում կանգնեցրին Օրջոնիկիձեի հուշարձանը, զբոսայգին ինձ համար մեռավ». սա ինքնախոստովանանք չէր, սա նրա քաղաքական ապրումի դրսևորումն էր, մի բան, որը ծնյալ և օծյալ արվեստագետի օրհնանքն է, երբեմն էլ` անեծքը, զի քաղաքական վերնակույտերն ու գավառամիտ հանրությունը չեն հանդուրժում արվեստի մարդու ընդվզումը։
ՔՈՉԱՐԻ ԿՈՒԺԸ` ՓԱՐՈՍ
Նա ամառային արձակուրդներն անցկացնում էր քաղաքամայր Երևանում, Ագուլիսը անգո էր, մնացել էր հուշապատկերներում։ Մի անգամ նա մտավ Երվանդ Քոչարի արվեստանոց. պատահաբա՞ր, իհարկե ոչ, նա փնտրում էր այն ճանապարհը, որն իրեն տանելու էր դեպի ազգային կերպարվեստի գանձարան։ Ճանապարհի սկզբին նա էր կանգնած, համաշխարհային կերպարվեստի հրաբուխներից մեկը` մաեստրո Երվանդ Քոչարը։ Մաեստրոն զրուցեց աղջնակի հետ, հավանաբար գուշակեց Գայանեի ապագան, և առաջարկեց կուժ նկարել։ Նկարեց, հետո վերադարձավ Թբիլիսի։ Նկարելով օրնիբուն, փնտրելով, հայտնաբերելով, աստիճանաբար զգալով վրձնի և գունաշխարհի միջև անվերջ բռնկվող և պարպվող, բնաշխարհին անգամ անհայտ կերպարվեստի հայտնությունների հոգեպարար հմայքը։
«Երբ ես երկար հիվանդ էի, ինձ բերեցին Գոգենի ալբոմը։ Նրա աշխատանքների տարածականությունն ու գույնն ինձ ցնցեցին։ Ամբողջ մի տարի դրանից հետո ես ձեռքս վրձին չվերցրի»։ Կայանում էր գալիք խորքային արվեստագետը։
ԲԱԺԲԵՈՒԿԻ ՊԱՏԳԱՄԸ ԵՎ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ
1965 թվական։ Գայանեն ծանոթանում է հայկական կերպարվեստի թիֆլիսյան դպրոցի նշանավոր դեմքերից մեկի` Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի հետ։ Գայանեն պատրաստվում էր հիմնարար մասնագիտական կրթություն ստանալու Թբիլիսիի նշանավոր գեղարվեստի ակադեմիայում։ Բաժբեուկի առջև կանգնած էր գեղարվեստական մի բռնկուն անհատ` դեռատի օրիորդի կերպարում։ Բաժբեուկը կերպարվեստի մշակ էր, ապրում էր գրեթե ճգնավորի կյանքով, արարում էր միջնադարի հայ ծաղկողների պես` ապավինելով սրբազան պատգամին. «Գիրս մնա հիշատակող»։ Եվ նա կտրուկ արգելեց Գայանե Խաչատուրյանին սովորել գեղարվեստի ակադեմիայում ասելով. «Քեզանից ոչինչ չի մնա»։ Ակադեմիական կրթությունը նշանակալից է յուրաքանչյուր նկարչի համար, սակայն կան վարպետներ, որոնց գեղարվեստական ըմբռնումներն անկարող են տեղակայվելու ակադեմիական կաղապարներում։ Գայանե Խաչատուրյանը նրանցից մեկն էր, ինքնուրույն էր և զգում էր սեփական զորավոր խաչի ծանրությունը։ Դա, իհարկե, զգաց Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը և մի օր խոստովանեց. «Առաջին անգամ մարդը չընկավ իմ ազդեցության տակ»։ Այդ մարդը դեռատի Գայանեն էր։
«Գայանեի մոլորակը բացառիկ գրավիչ է։ Այն բնակեցնում են տարօրինակ և համակրելի արարածները` մարդիկ, գազաններ, կենդանաբանական էություններ, որոնք զբաղված են մեզ ոչ միշտ հասկանալի գործողությամբ, այնտեղ նրանց կյանքն է, գեղեցկության սեփական չափանիշը և տրամաբանությունը։ Հիշողությունների շերտերը, անցած օրերի զգացողությունները և գրական կերպարները բնականորեն և անբռնազբոս ամբողջանում են նրա արվեստի համակարգում»,- գրել է արվեստաբան Կարեն Միքայելյանը (Թերլեմեզյան)։
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀՄԱՅՔԸ
1971 թվական։ Երևանի հռչակավոր ֆիզիկայի ինստիտուտում բացվում է թիֆլիսահայ նկարչուհի Գայանե Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը` առաջինը հայրենիքում։ Նա յուրովի նվաճեց ահռելի պատմական ժառանգության և տաղանդների օրրան, կերպարվեստի քաղաքամայր Երևանը։ Ցուցահանդեսում ներկայացված շատ կտավներ գնվեցին, ցուցահանդեսի հաջողությունն ակնհայտ էր։ Գայանե Խաչատուրյան անունը հայտավորվեց հայ կերպարվեստում, ուր դեռ արարում էր Սարյանը, Քոչարն էր ցնցում միջավայրը զարմանալի հայտնություններով, ուր տաղանդների մի անկրկնելի աստղաբույլ էր հարթում հայ կերպարվեստի Ծիր կաթինը` ճանապարհը, ի դեմս Էլիբեկյան եղբայրների և Հովհաննես Մինասյանի, Էդուարդ Արծրունյանի և Վրույր Գալստյանի, Մինաս Ավետիսյանի ու Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի և Հրաչյա Հակոբյանի... Աստղաբույլը սիրով ընդունեց քույր նկարչին։ Սա բնավ պատահական չէր և, անշուշտ, աղերսներ ուներ հեղինակի հետևյալ խոստովանանքի հետ. «Իմ յուրաքանչյուր ստեղծագործությունում ներառված է հայկական կոդը, դա երևում է, չէ՞։ Ես սկսեցի ըմբռնել հայկական գեղեցկությունը, նրա ֆակտուրան և գույնը»։ Մի սքանչելի օր նա նկարեց իր լավագույն գործերից մեկը` «Որտեղի՞ց ենք մենք։ Ագուլիսից»։
Այս գերինքնատիպ արվեստագետի աշխարհն արժանացավ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի և Սերգեյ Փարաջանովի դրվատանքին։
«Կերպարվեստի երկրում» մի թատրոն-արվեստանոց կա, որտեղ իր զարմանահրաշ աշխարհն է ստեղծել հայ ազգային կերպարվեստի հերթական տաղանդը, որի աշխարհն Ագուլիս մոլորակն է։ Այդ մոլորակի կենվորն ու արարիչը նա է` Գայանե Խաչատուրյանը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ