Սկզբունքային քաղաքացի ու մարդ դաստիարակող մանկավարժների պակասն իրական վտանգ է մեզ համար
15.05.2020 | 00:40
2018-ին քաղաքական վերադասավորումները հեղափոխություն անվանող մերօրյա իշխանություններին հաճելի է լսել քծնող ու շողոքորթող մանկավարժների դիֆիրամբները՝ ուղղված «անսխալական» կառավարիչներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաթրին» կպչողներին ոչնչացնելու ու մորթելու պատրաստակամ դպրոցի փոխտնօրենն այսօր շարունակում է պաշտոնավարել: Թեև հիմա դպրոց չի մտնում, բայց սեպտեմբերին խրոխտ կեցվածքով մատաղ սերնդին կփոխանցի քծնող քաղաքացի լինելու ու «ժողովրդի հորը» երբեք թթու խոսք չասելու արվեստը: Մարզպետարանում նրան ընդամենը «նկատողություն են տվել», ըստ երևույթին այն բանի համար, որ խոսքից գործի չի անցել: Դպրոցի փոխտնօրենի գծի շարունակողն է Երևանի մանկապարտեզներից մեկի տնօրենը, որ կարծում է՝ «չափալախը ինֆորմացիայի փոխանցման ավանդական մեթոդներից է»: Նա այդ համոզմանն է հանգել՝ տեսնելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարվածը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Մանկահասակ երեխաների դաստիարակությամբ զբաղվող տիկինը նույնպես, որ բռնության ուղղակի քարոզ է իրականացրել, ինչ է թե իշխանությունները գնահատեն իր խիստ նվիրվածությունը, կշարունակի պաշտոնավարել ու, ով գիտե, իր իսկ առաջ քաշած թեզի դրույթներով կկրթի մանկապարտեզի սաներին: Հեղափոխության ու դրա արժեքների մասին անդադար, անընդմեջ, իրար հերթ չտալով բարձրաձայնող պաշտոնյաներն իրենք իրենց խոստովանելու խնդիր ունեն՝ ոչ թե գաղափարների, այլ առաջին դեմքերի փոփոխություն է տեղի ունեցել: ՀՀԿ-ական տնօրեններին արար աշխարհի մեղքերը վերագրող իշխանություններն այժմ աչք են փակում այն նույն արատավոր երևույթների վրա, ինչը դատափետել են ամենախիստ տոնայնությամբ: Հեղափոխությունը նախ և առաջ մանկապարտեզից են սկսում՝ նոր-նոր կյանք մտնող սաների հետ ճիշտ աշխատանք տանելով, բացատրելով, որ հոռի բարքերը մերժելի են, իսկ եթե եղածը չես մերժում, աչք ես փակում ու թույլ տալիս, որ այն զարգանա, ուրեմն անկեղծ եղիր ինքդ քեզ հետ ու խոստովանիր՝ ՀՀԿ-ական տնօրեններն այժմ էլ ՔՊ-ական են դարձել ու ծառայում են օրվա իշխանությանը:
Իշխանափոխության օրերին ուսումնարաններից մեկի տնօրենի հետ հարցազրույց էի արել այն մասին, թե ինչու չի կարելի երեխաներին խառնել քաղաքական գործընթացներին: Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստից մեկ ժամ չանցած՝ ուսումնարանի տնօրենը զանգահարեց ինձ ու մեղադրեց իրեն «վատ» հարցեր տալու մեջ, ապա պահանջեց, որ իր՝ ցույցերին երեխաների ներգրավումը դատապարտող հարցազրույցը հեռացնեմ կայքից: Իսկ արդեն հաջորդ օրը մի այնպիսի գովասանք ձոնեց Նիկոլ Փաշինյանին, որ նախ ինձնից հիասթափվեցի (նման մարդու հետ հարցազրույց վարելու համար), ապա ցավ ապրեցի ուսանողների համար, որ նման տնօրեն ունեն: Տիկինն այժմ էլ պաշտոնավարում է, «դուխով» գլխարկով լուսանկարն էլ մինչև վերջերս Facebook-ի իր էջի գլխավոր նկարն էր: Նման օրինակները, ցավոք, բազմաթիվ են: Սկզբունքային քաղաքացի ու մարդ դաստիարակող մանկավարժների պակասն իրական վտանգ է մեզ համար: Ցանկացած ազգի ու պետության զարգացման թիվ մեկ գրավականը որակյալ կրթությունն է ու այն հատընտիր մասնագետները, որ երեխայից պահանջատեր, առաքինի, իրավագիտակից քաղաքացի կարող են կերտել: Մենք, ցավոք, դեռ շարունակում ենք շողոքորթությունը որպես բացարձակ արժեք ընկալել: Իշխանության տարբեր ներկյացուցիչներ շոյվում են քծնանքից ու հաճույքով լսում, թե ինչպես է, օրինակ, դպրոցի 30 տարվա տնօրենը Նիկոլ Փաշինյանին ասում՝ «ուտեմ …»: Եվ դա ասում է իր իսկ աշակերտների ներկայությամբ, տեսախցիկների առջև, ուղիղ եթերում: Ինչքան էլ պատգամավորները հուզիչ ու տարբերվող ելույթներ փորձեն ունենալ Ազգային ժողովի ամբիոնից, ամենն իզուր է, քանզի «մորթող», «չափալախող», ինչ-ինչ բաներ «ուտող» մանկավարժները շարունակում են դպրոց ու մանկապարտեզ մտնել: Նախ կամք դրսևորեք ու ազատվեք նման մարդկանցից, նոր միայն խոսեք կրթության ոլորտի իբրև թե ձեռքբերումների մասին: Ի դեպ, «չափալախի» մասին անձնական տեսություն մշակած մանկապարտեզի տնօրենը փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի մտերիմն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը, նախքան իշխանության գալը վստահեցնում էր, թե «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքն իր ղեկավարման ժամանակ տեղ չի ունենալու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ