ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ խոսք, Հայաստանը մեծ հակադրությունների երկիր էր խորհրդային վիթխարի կայսրության կազմում և մուրճ ու մանգաղի տիրակալության ճնշիչ կաղապարումներն անգամ անզոր էին երկիրը մղելու տեղատվության փակուղիներ։ ՀԽՍՀ-ում միաժամանակ ապրում-արարում էին համաշխարհային դեմքեր` Սարյանն ու Քոչարը, նրանց շուրջը կերպարվեստային անսկիզբ ու անվերջ մակընթացություն էր, տաղանդավոր ստեղծագործողների մի ամբողջ զորագունդ, որը թեկուզ հաճախ աշխարհագրորեն հեռու էր համաշխարհային զարգացումներից, սակայն Հայկական լեռնաշխարհի հյուսիսային մի ամփոփ հատվածում, ոչ անկախ պետականության պայմաններում, ապրում և արարում էր, պարգևելով նախ սեփական հայրենիքին, հետո նաև աշխարհին ցայտուն գեղագիտություն։ Մի բան, որ բնավ էլ զարմանալի չէր, եթե Երևանում կային մարդիկ, որոնք գրքեր էին գրում աբստրակցիոնիզմի մասին, նաև զեկուցում էին կարդում հեռավոր Հոլանդիայում, ինչպես վերը նշել է նորարար արվեստաբան Մարտին Միքայելյանը։
Մի բան, որ բնավ էլ զարմանալի չէր, զի ամերիկյան հեռուներում, հաճախ նյութական և հոգեբանական զրկանքների դիմակայող, այնուամենայնիվ, արարող Արշիլ Գորկին գրում է. «...համաշխարհային մշակույթը, ներառյալ մեր օրերը, այս կամ այն չափով օգտագործել է հայերի, ուրարտացիների, շումերների, հեթիթների, եգիպտացիների և հույների տեսակետներն ու ներդրումները, անընդհատ սովորել է նրանցից»։ Ազգային սնապարծությունից մղոններով հեռու այդ անզուգական վանեցին, որով որքան զարմացած, նույնքան էլ հիացած էր ամերիկյան քմահաճ, հաճախ էլ կարծրատիպային արվեստաբանական միտքը, համոզված էր` «Թորոս Ռոսլինն ամենախոշոր նկարիչն է, ում պարգևել է աշխարհը մինչև 20-րդ դարը»։ Հանճարի խոսքը մի՞թե պատգամ չէ մեզ։ Կարծես թե` այո։
Երրորդ հանրապետությունն ազգային կերպարվեստի ներկա ոսկեբեր հանքի շահագործման առումով երեկ էլ, այսօր էլ որդեգրել է անտեսման քաղաքականություն։ Այնինչ վաղուց է հասունացել առերեսման ժամանակը։ Եվ քանի որ այսօր էլ անգո է երկրի մշակութային ռազմավարական ծրագիրը, և ներկա մշակույթի ենթանախարարությունը լավից-վատից շարունակում է հընթացս միջոցառումներ իրականացնել, ինձ մնում է հայ հանրությանը, իշխանությանն ու կառավարությանը և արդի տեղաբնակ ու սփյուռքահայ հարուստներին ներկայացնել Հայաստանը «Կերպարվեստի Երուսաղեմ» երկիր դարձնելու համահայկական ծրագիրը, ըստ առանձին նախագծերի։
Այսինքն փորձենք հակադրությունների երկրից դառնալ համադրությունների հանգրվան։
«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԻ ՀԱՅԱՑՔԻ ՏԱԿ»
Գալիք աշնանը երկրի կերպարվեստային կենտրոն քաղաքներում` Երևանում և Գյումրիում, Վանաձորում և Աշտարակում, Էջմիածնում ու Իջևանում, ի վերջո` Գորիսում, կազմակերպվում է ժամանակակից նկարիչների աշխատանքների համահայկական տոնահանդես-վաճառք, երկիր ուխտագնացության հրավիրելով մեր արվեստասեր հայրենակիցներին։ Մանթաշյանցի, Արամյանցի, Գյուլբենկյանի, Խան-Քելեկյանի, Նուբար Փաշայի և մյուսների հոգեզավակ հետնորդներին։
Գնելով հայ ժամանակակից կերպարվեստի նմուշները, ուխտագնացները կնպաստեն արդի ազգային գեղարվեստական կյանքի աշխուժացմանը, կնպաստեն արդի ազգային գեղարվեստական կյանքի աշխուժացմանը, նաև կհանրահռչակեն հայկական մշակույթն աշխարհում։ Ընդ որում, կլուծվի քաղաքակրթական մի գերխնդիր` հանրապետության մարզերում բնակվող նկարիչներն ու քանդակագործները հարկադրված չեն լքի ծննդավայրն ու չեն բռնի մայրաքաղաքի ճամփան։ Ի դեպ, հայ կերպարվեստագետների մի ստվար մասը երևանցի չէ, հասակ չի առել մայրաքաղաքում։ (Այսօր Երևանը գերբեռնված է նկարիչներով)։ Այս գործում պետության մասնակցությունը համապատասխան վայրի անհատույց տրամադրումն է վերոնշյալ քաղաքների կենտրոնական հրապարակներում կամ զբոսայգիներում։ Ժամկետը` երևի թե մեկ շաբաթ։
Սույնը մի՞թե պատրանք է։ Ամենևին։
«ՀԱՅՈՑ ԿԵՆԱՑ ԾԱՌ»
Ծիծեռնակաբերդ։ Սա պատմական հնավայր է և, ի դեպ, գտնվում է Երևանի աշխարհագրական կենտրոնում։ 1949 թվականին հազարամյակներով հողմածեծ այս բլուրը դարձավ համաքաղաքային ծառատունկի հանգրվան, ուսանողներն ու բանվորները, գրողներն ու նկարիչները ոգեշնչված ծառ ու թուփ էին տնկում` մասնակցելով կանաչ օազիսի հիմնադրմանը մայրաքաղաքում։ 1965 թվական։ Պատմական հնավայր բլուրը կանաչագեղ զգեստ էր հագել։ Բլրի վրա, դեմ-հանդիման լյառն Արարատին, կառուցվեց մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողը, որն ինքնին ճարտարապետական մի զարմանահրաշ գյուտ էր։ Հուշակոթողի սրտում վառվեց անմար կրակը։ Հնավայր բլուրն արդեն հուշաբլուր էր, համայն հայության ուխտագնացության նպատակակետը։ 1980-ականներին սակայն խախտվեց Հուշաբլրի խորհրդանշական անդորրը։ Կառուցվում էր վիթխարի մի շինության` մարզահամերգային համալիրը։ Աշխարհիկ արժեհամակարգը դարձավ իշխող հուշաբլուրում։ «Կենաց ծառը» զատելու է աշխարհիկն ու հոգևորը։
Ինչպե՞ս։ Աշխարհիկ բնույթի կոթողներ, քանդակներ և արձաններ կտեղադրվեն մարզահամերգային համալիրի շրջակայքում։ Հոգևոր բնույթի ստեղծագործությունները կշենացնեն հուշակոթողի միջավայրը։
Ընդ որում` աշխարհիկն ու հոգևորը (համալիրն ու հուշակոթողը) կտարանջատվեն որմնանկարներով զարդարված պարսպով։ Ընդ որում, դեպի համալիր նայող որմնանկարները կներկայացնեն «Հայոց Կենաց ծառի» արմատակալումն ու վերընձյուղումը սկսած ազգի ձևավորման և պետականության կայացման նախափուլից մինչև մեր օրերը։
Իսկ դեպի հուշակոթող նայող որմնանկարներում կարտացոլվեն մեր հոգևոր ընթացքը` սկսած Վահագնի ծննդից մինչև քրիստոնեության ընդունումը, և նրա մաքառումներն ու հաղթանակները։
Գեղարվեստի տեսանկյունից ՀՀ-ում այսօր, չկասկածենք, կա բավարար ստեղծագործական ներուժ։ Հավելենք սփյուռքում ապրող և արարող մեր շնորհաշատ ազգակիցներին։ Ժամանակակից նկարիչներն ու քանդակագործներն ամռան ամիսներին կաշխատեն Ծիծեռնակաբերդում, աշնանը երկրին և աշխարհին (այն է` հայությանն ու համաշխարհային հանրակցությանը) կներկայացնեն «Հայոց Կենաց ծառը»։ Միաժամանակ Ծիծեռնակաբերդում, Հայկական աշխարհի քաղաքամայր Երևանում կստեղծվի հայ ժամանակակից կերպարվեստի ընտրանու մի աննախադեպ հավաքածու։ Ի հեճուկս օտար մշակույթի հանգրվան «Գաֆեսճեան» կենտրոնի։
Սա պատրա՞նք է, ամենևին։
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈԹՈՂԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
1992 թվական։ Հայկական աշխարհի կենտրոնական` Հանրապետության հրապարակում թևածում էր ժողովրդական ցնծությունը. ի տես երկրի և աշխարհի գահընկեց արվեց Լենինի հսկա արձանը, որը հռչակավոր քանդակագործ Սերգեյ Մերկուրովի (1881-1952 թթ.) ստեղծագործությունն էր և տեղադրվել էր Լենինի անվան հրապարակում 1940-ին, նախապես պատրաստված պատվանդանի վրա։ Հանրապետության հրապարակը, ըստ էության, ազատագրվեց բոլշևիկյան կուռքից։ Կես դար և երկու տարի շարունակ հայ աշխատավորությունը շարասյուներ կազմած, կեղծ ու անկեղծ խանդավառված անցնում էր Լենինի արձանի հայացքի ներքո և քայլում էր դեպի լուսավոր ապագան, ինչպես ժամանակին պատգամել էր Լենին պապին։
(Ի դեպ, Լենինի արձանը գրեթե կրկնօրինակ էր։ Ժողովրդական նկարիչ տիար Մերկուրովը նմանատիպ մի Լենին էր արարել և 1939-ին այն սիրով տեղադրել ՍՍՌՄ Գերագույն սովետի նիստերի դահլիճում)։ Մնաց թափուր պատվանդանը, որի հեղինակներն էին ճարտարապետներ Լ. Վարդանյանը և Ն. Փարեմուզյանը։ Ի դեպ, նրանք ամուսիններ էին։
Պատվանդանը ճարտարապետական հրաշալի նոկտյուրն էր, որի վրա էին բարձրանում ՀԽՍՀ ղեկավարները` ողջունելու երկրի աշխատավորության առաջադեմ ներկայացուցիչներին։ Այսինքն պատվանդանը նաև տրիբունա էր։ Պատվանդանի կենտրոնում հարթաքանդակված էր Խորհրդային Հայաստանի երկգույն դրոշը։ Եվ ահա ՀՀ քաղաքացիական հասարակությունն առաջարկում էր լուծումը` անաղարտ պահպանել պատվանդանը և երկգույն խորհրդային դրոշը փոխարինել 3-րդ Հանրապետության եռագույն դրոշով։
1996 թվական։ Պատվանդանը քար առ քար ապամոնտաժվեց և քար առ քար անհայտացավ։ Պատվանդանի տեղում ահա արդեն քառորդ դար կանաչագեղ սիզամարգ է, ասել է` գրանիտե որմերը փոխարինվել են դալար խոտով։
Մեր պատմական, մշակութային, ազգային և հանրային բոլոր նշանակալից ձեռքբերումներն ունեցել ենք, երբ հայերն ապրել են իրենց պետության մեջ։ Այսօր (հուսանք առայժմ) մենք անկախ երկիր ենք ձևականորեն, բայց բովանդակային իմաստով դեռևս ինքնիշխան չենք։ Բնականաբար, Պետականության կոթողը խորհրդանշական նշանակություն կունենա մեր երկրի և ազգի կյանքում։ Սա պատրա՞նք է, ամենևին։
ՎԵՐՋՆԱԳԻՐ
Սույն նյութը առաջարկ է ՀՀ կառավարությանը` սթափվել, հավուր պատշաճի գնահատել երկրում առկա հսկա կերպարվեստային հարստությունը և մշակել հայկական կերպարվեստի ժառանգության պահպանման և արդի կերպարվեստի բերքաբեր ներուժի գնահատման պետական ռազմավարություն։
«3-րդ Հանրապետություն» կարգավիճակում գոյատևող Հայաստանը վաղ թե ուշ դառնալու է «Կերպարվեստի Երուսաղեմ երկիր»։
Մասնակցե՛ք այս երկրի կառուցմանը, և կշահեք, չկասկածեք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ