Ժամանակին այնքան էլ ժողովրդավարություն չվայելող, ծայրաստիճան հակասական, բայց Քիսինջերի գնահատմամբ` ամերիկյան բոլոր նախագահներից միջազգային գործերում ամենախոր գիտելիքներն ունեցող Ռիչարդ Նիքսոնն ԱՄՆ-ի էներգետիկ անկախությունը հռչակեց որպես իր վարչակազմի նպատակ։ Եվ այնպես եղավ, որ այն ժամանակ դա օրախնդիր չդարձավ, և միանգամայն հասկանալի է, թե ինչու այն տարիներին աշխարհն ապրում էր էժան և դյուրամատչելի նավթի առատության պայմաններում։ Այժմ, ամերիկացի բոլոր քաղգործիչները, անկախ գաղափարախոսությունից ու քաղաքատնտեսական հայացքներից, լրջագույնս շահագրգռված են, որ էներգետիկայի ասպարեզում տեղի ունենան հիմնարար տեղաշարժեր, որոնք խոշոր նշանակություն ունեն Ամերիկայի էներգետիկ ապագայի համար (թեև հենց Օբամայի առաջին նախագահության օրոք այնտեղ տեղի ունեցավ տեխնոլոգիական հզոր պոռթկում ԱՄՆ-ի էներգետիկ անկախության ճանապարհին, հանրապետականները համարում են, որ նրա վարչակազմը խոչընդոտներ է հարուցում այդ բուռն զարգացման ճանապարհին։ Բայց առայժմ, եթե անգամ այդ խոչընդոտները կան էլ, ապա դրանք այնքան էլ չեն դանդաղեցնում այդ գործընթացի տեմպերը։ Եվ ահա վերջերս երևացին մի շարք հաղորդումներ, որոնք նոր երանգներ են հաղորդում դարասկզբի գլխավոր սենսացիային` «թերթաքարային հեղափոխությանը», ինչպես նաև այդ խոշորագույն նվաճման տնտեսական ու աշխարհաքաղաքական հետևանքներին։
Գլխավորը։ Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) կանխատեսումների համաձայն, 2020 թ. ԱՄՆ-ը նավթի արդյունահանմամբ դուրս կգա առաջին տեղը, իսկ 2030 թ. Հյուսիսիային Ամերիկան կդառնա «նավթի նետտո-արտահանող»։ Թերթաքարհանքերի շահագործումը նրան հնարավորություն կընձեռի անցնելու այսօրվա առաջատարներից` Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից։ Արժե նշել, որ մեկ տարի առաջ ՄԷԳ-ը սպասում էր, որ տասնամյակի ավարտին առաջնության համար կպայքարեն միայն Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան։ Թերթաքարհանքերի շահագործման ընդլայնումը լիովին կփոխի ուժերի հարաբերակցությունը էներգակիրների համաշխարհային շուկայում և կթուլացնի խոշորագույն նավթարտադրողների` Սաուդյան Արաբիայի, Իրանի, Իրաքի, Ռուսաստանի դիրքերը։
Այնուհետև։ Երկար լռությունից հետո նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) վերլուծաբանները նավթի շուկայի հեռանկարների մասին իրենց ամենամյա զեկույցում առաջին անգամ ընդունեցին, որ թերթաքարային նավթի ու գազի արդյունահանումը կփոխի ուժերի դասավորությունը համաշխարհային էներգետիկայում, իսկ 2025 թ. Նահանգները, մեծ մասամբ թերթաքարերի շնորհիվ, կարող է դառնալ ինքնաբավ։ Ճիշտ է, զեկույցում նաև նշվում է, որ միանգամայն հասկանալի է, որ հանածո վառելիքը, այդուամենայնիվ, առայժմ, այլընտրանք չունի։ Ընդ որում, նավթի բաժինը 35 տոկոսից կիջնի 27 տոկոսի, իսկ գազինը` 23-ից կբարձրանա 26 տոկոսի։ Դարձյալ թերթաքարերի շնորհիվ։ Իրադարձությունների նման զարգացման մասին ԱՄՆ-ի էներգետիկ դեպարտամենտն ավելի վաղ արդեն նախազգուշացրել էր։ Նրա հաշվարկներով` 2012-ի ավարտին նավթի հանույթն ԱՄՆ-ում կաճի 7 տոկոսով, կազմելով օրական մոտ 10,9 մլն տակառ։ Ընդ որում, աշխարհի առաջատար Սաուդյան Արաբիան 2011 թ. օրական արդյունահանում է 11,2 մլն տակառ, Ռուսաստանը` մոտ 10,2 մլն։
Մնացած հաղորդումները եղել են ավելի տեղային բնույթի, բայց դրանից պակաս նշանակալի չեն դառնում էներգետիկ հաշվեկշռի փոփոխման ամբողջ գործընթացի բնութագրման համար։ Այսպես, օրինակ, ինչպես հայտնի է, մեծ ծավալներով նավթի արտահանումն արգելված է ԱՄՆ-ում։ Օգտակար հանածոների հանքավայրերի վարձակալության մասին 1920 թ. ընդունված օրենքի համաձայն, արդյունահանողները կարող են արտահանել սև ոսկու փոքր քանակություն միայն։ Հիմա էներգետիկ բումն Ամերիկայում բախում է առաջացրել քաղաքական և տնտեսական ոլորտների միջև։ Ներկայումս այնտեղ արդեն արտահանվում է օրական 47 հազար տակառ, իսկ արտադրողները, հաշվի առնելով արդյունահանման աճը, ուզում են ավելացնել արտահանման ծավալները։ Հենց այդ նպատակով էլ BP-ն, «Royal Dutch Shell»-ը և էլի չորս ընկերություն հիմա ձգտում են նավթի առևտրի արտոնագրեր ստանալ ԱՄՆ-ում։
Հաջորդը։ Նորվեգական «Statoil ASA» հումքային ընկերությունը 4,4 մլրդ դոլար է ներդնում թերթաքարային նավթի արտադրության ամերիկյան մի ընկերության գնման գործում, ինչը կհատուցի Հյուսիսային ծովում նավթի հանույթի աստիճանական կրճատումից նրա կրած վնասները։ Թերթաքարերից նավթ ստանալու առաջին հաջող փորձի մասին Էստոնիայից «ծկլած» հաղորդագրությանը քչերն ուշադրություն դարձրին, բայց չէ որ դա, կարելի է ասել, նշանակալի երևույթ էր, և խոսքը նոր հեղափոխության հնարավոր սկզբի մասին է, այս անգամ` Եվրոպայում։ Բացի դրանից, հաղորդվում է, որ այդ նավթը շատ բարձրորակ է։ Ձգտում է իրադարձություններից հետ չընկնել նաև Բելառուսը։ Վերջերս Մինսկում կայացած գիտագործնական խորհրդաժողովում հայտարարվեց, որ այրվող թերթաքարերից ստացվող նավթ կարող է արդյունահանել Բելառուսը, ինչը նրան միլիոնավոր դոլարների խնայողություն կբերի։ Թեև այնտեղ թերթաքարերն «այնքան էլ լավը չեն», բայց հնարավորություն են տալիս ստանալու մինչև 10 տոկոս թերթաքարային նավթ` մեկ տակառը 100 դոլարից պակաս արժողությամբ, իսկ այդպիսի նավթը տնտեսապես շահավետ կլինի։ Գիտնականները կարծում են, որ բելառուսական ընդերքում կա նավթ կորզելու համար պիտանի 8,8 մլրդ տոննա այրվող թերթաքար։ Եվ ամենակարևորը։ Մենք շատ լավ ենք հիշում «թերթաքարային հեղափոխության» առնչությամբ Ռուսաստանում հնչած ռեպլիկները, թե` «չի կարող պատահել», «ռուսների դեմ ուղղված չարամիտ առասպել է» և այլն։ Եվ ահա «Գազարդը», որն առաջ հրապարակայնորեն հեռու էր քաշվում թերթաքարային գազի արդյունահանման հարցից, անսպասելիորեն ուշադրություն է դարձնում մեկ այլ ոչ ավանդական, բայց հեռանկարային ռեսուրսի` նույն այրվող թերթաքարերից նավթ ստանալու վրա։ Մենաշնորհատիրոջ նավթային «դուստր» «Գազարդ-նավթը» «Shell» ընկերության հետ ձեռնամուխ է եղել Արևմտյան Սիբիրի թերթաքարերի վիթխարի շերտերի շահագործման աշխատանքներին։ Նախնական գնահատումներով, պաշարներն այստեղ ո՛չ ավելի, ո՛չ պակաս 30 անգամ գերազանցում են աշխարհում շահագործվող խոշորագույն հանքավայրի պաշարներին։ Դե, ինչպես տեսնում եք, մի տարի էլ չի անցել, բայց կյանքն ստիպեց։
Իհարկե, տնտեսությունը միանգամայն կոնկրետ բան է, և այն սեփական ցանկությամբ շուռ տալ հնարավոր չէ ո՛չ ծիսական կարգով, ո՛չ չինովնիկի քմայքով։ Իսկ այն, որ «թերթաքարերով» այսօր հրապուրված են ոչ միայն միջազգային էներգետիկ հսկաները, այլև էներգակիրների պակաս չունեցող երկրները (Նորվեգիա, Ռուսաստան), վկայում է այն մասին, որ նավթի ու գազի «ոսկե անձրևը», շատ հնարավոր է, շուտով կտրվի։ ԱՄՆ-ում թերթաքարի էներգակիրների արտադրության աճը, ամենայն հավանականությամբ, խթան կծառայի նավթի համաշխարհային գների անկման համար` նշում են փորձագետները։ Առավել ևս, որ նաև ոմանց հույսերը, թե այդ պաշարների արդյունահանման ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան ավանդականինը, ուստի և դրանք շահավետ չեն, ըստ երևույթին, շուտով ի դերև կելնեն։ Այժմ արդեն թերթաքարի նավթի արժեքը հորանցքերի մեծ մասում տակառը 25-30 դոլարից չի անցնում, իսկ որոշ հանքերում նույնիսկ հասել է 15 դոլարի և շուտով կկրճատվի մինչև տակառը 6 դոլար։ Համեմատության համար ասենք` ռուսական նավթի ինքնարժեքը 11-14 դոլար է, դրան պետք է գումարել 6 դոլար` փոխադրման համար, արդյունքում` 17-21 դոլար։ Կասպյան նավթի ինքնարժեքը միջին հաշվով կազմում է (առանց հաշվի առնելու փոխադրման ծախսերը) տակառը 5-7 դոլար, իսկ վերջին հաղորդումների համաձայն, ադրբեջանական նավթի ինքնարժեքը բարձրացել է 25 տոկոսով։ Հիշեցնենք, թեք-հորիզոնական հորատման տեխնոլոգիաների վաղ էժանանալը փլուզեց գազի գների շուկան ԱՄՆ-ում, դրանք նվազեցին չորս անգամ։ Հիմա գազն ԱՄՆ-ում շատ ավելի էժան է, քան Եվրոպայում։ Դրանից հետո անկասելի դարձավ գների փաստացի անկումը համաշխարհային շուկաներում (գներն իջեցնելու Եվրոպայի պահանջը «Գազարդից» այդ գործոնով է պայմանավորված)։ Նույնը կարող է տեղի ունենալ նաև նավթի հետ, առավել ևս, որ այն հեղուկացման լրացուցիչ ծախսեր չի պահանջում։ ՈՒ համարվում է, որ եթե թերթաքարերի պաշարները հաստատվեն, ապա, ամենայն հավանականությամբ, նավթի գներն աշխարհում սրընթաց կիջնեն։ Դա կարող է տեղի ունենալ արդեն մոտակա 3-4 տարում, անկումը կկազմի 20-30 տոկոս` կարծում են մի շարք փորձագետներ։ Ինչ վերաբերում է պաշարներին, ապա, ինչպես հավատացնում են մասնագետները, մոլորակում դրանք հասնում են երեք տրիլիոն տակառի, մինչդեռ ավանդականինը 1,3 տրիլիոն է։ Նկատենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը, օրինակ, այսօր արդեն անցել են նավթի արդյունահանման «պիկը», ու հիմա, Ռուսաստանում` քիչ, Ադրբեջանում` շատ, արտադրության անշեղ անկում է գրանցվում (պատճառներից մեկը ադրբեջանական հանքերում արևմտյան ընկերությունների ներդրումների սահմանափակումն է)։
Խիստ կարևոր է նաև այն, որ աստիճանաբար վերանում են նաև այնպիսի հակափաստարկներ, ինչպիսիք են բնապահպանությունն ու ջրի առատությունը։ ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն անցկացնում է թերթաքարային տեխնոլոգիաների կանոնավոր և համակողմանի հետազոտություն և ձգտում է ավելի լավ հասկանալ արդյունահանման այդ նոր ու խոստումնալից եղանակի հետևանքները։ Պարզվում է, որ այս պահին ամենամեծ վնասը պատճառում են «ջրաճեղքման» եղանակով արդյունահանող (հին տեխնոլոգիա) ոչ մեծ ընկերությունները, մինչդեռ խոշոր ֆիրմաներն առաջնորդվում են հորատման առավել հստակ, արդիական կանոններով։ Բացի այդ, լայնորեն գազի անցնելու բնապահպանական հետևանքներն արդեն դրական են` վերջին ժամանակներս «ջերմոցային գազերի» արտազատումն ԱՄՆ-ում կրճատվել էր 9 տոկոսով, և այդ նվազումն ավելին է, քան Եվրամիության երկրներում։ Ինչ վերաբերում է նրան, որ արդյունահանման այսօրվա տեխնոլոգիաները զգալի քանակությամբ ջուր են պահանջում, որ այն կարող է մեծացնել մրցակցությունը ջրի պաշարների համար և դա նույնպես սահմանափակում է մի շարք երկրների (մասնավորապես Իսրայելի, որը, որոշ գնահատումներով, ԱՄՆ-ից հետո թերթաքարային նավթի ամենամեծ պաշարներն ունի) հնարավորությունները, ապա այժմ արդեն խոսում են, մասնավորապես, Իսրայելում կատարվող տեխնոլոգիական մշակումների մասին, որոնցում առհասարակ ջուր չի օգտագործվում։
Ակնհայտ է, որ «թերթաքարային տեխնոլոգիաները» կարող են արմատապես փոխել աշխարհի ապագա պատկերը։ Եվ շատ հավանական է, որ այդ դեպքում այժմ ԱՄՆ մուտք գործող մերձավորարևելյան ամբողջ նավթը վաճառահանման նոր շուկաներ որոնի և սկսի համաշխարհային շուկաներից դուրս մղել ռուսական (և ոչ միայն ռուսական, այլև ԱՊՀ մյուս երկրների) նավթն իր ցածր գնի պատճառով (մեկ տակառը` մեկ դոլար)։ Նավթարդյունահանող երկրները հույս ունեն, որ ԱՄՆ-ի, որպես գլխավոր ներմուծողի, այժմյան տեղը կգրավի Չինաստանը։ Գնահատումների համաձայն, նա ամենախոշոր սպառողը կդառնա արդեն մոտակա տարիներին, իսկ 2035-ին էներգակիրների նրա պահանջարկը կաճի 60 տոկոսով, մինչդեռ զարգացած երկրներում այդ ժամանակամիջոցում սպառումը կավելանա ընդամենը 3 տոկոսով։ Սակայն ինքնըստինքյան պարզ է, որ Չինաստանը հիանալի հասկանում է, որ եթե ուզում է 21-րդ դարում դառնալ գերտերություն, ապա պետք է ԱՄՆ-ին հասնի թերթաքարային գազի ու նավթի օգտագործման ասպարեզում և վերականգնի իր էներգետիկ անվտանգությունը, ինչպես անում է Ամերիկան։ Համապատասխանաբար, իրեն ոչ ձեռնտու այդ իրավիճակը փոխելու համար Պեկինը մտադիր է շահագործել թերթաքարային էներգիայի իր հսկայական ներքին պաշարները։ Վերջերս թերթաքարային գազի խոստումնալից հանքավայր է հայտնաբերվել Սիշուանի նահանգում, իսկ ամերիկյան էներգետիկ տեղեկատվության վարչության այս տարի հրապարակած հաշվետվությունում ասվում է, որ ուսումնասիրված 32 երկրներից, ներառյալ ԱՄՆ-ը, Չինաստանն ունի տեխնիկապես արդյունահանելի թերթաքարային գազի ամենամեծ պաշարները։ Դրանք բավարար կլինեն ավելի քան 300 տարի ապահովելու երկրի պահանջարկը։ Չինաստանը, ԱՄՆ-ի նման, թերթաքարային նավթի արդյունահանման, տրանսպորտային կարիքների համար բենզինի փոխարեն թերթաքարային գազի օգտագործման, այդ էներգակիրները տրանսպորտային վառելիքի ու քիմիկատների վերածելու հնարավորություններ է տեսնում։ Այս ամենն անելու համար չինացիները պետք է հաղթահարեն տեխնիկական և բնապահպանական խնդիրներ, բայց ակնհայտ է, որ նրանք դրա համար անհրաժեշտ հնարավորություններ ունեն։ Ամեն դեպքում, այստեղ կանխատեսում են, որ թերթաքարային գազի չինական հանույթը տասը տարում կգերազանցի ամերիկյանին։
Ավարտելով մեզ համար այդ արդեն ավանդական ու առաջնային թեմային հերթական անդրադարձը, ուշադրություն դարձնենք մեր հարևանների տարօրինակ օլիմպիական հանգստությանը։ Թեև առաջատար լրատվամիջոցները` սկսած ռուսական «Իմպերիա» պորտալից և վերջացրած «Ռոյթըր» գործակալությունով ու «Շպիգել» հանդեսով, հաղորդում են, որ կանխատեսումները հաստատվում են` Ադրբեջանում նավթը վերջանում է, Բաքվի չինովնիկները, փրփուրը բերաններին, հակառակն են ապացուցում։ Այսպես, վիճպետկոմի նախագահ Արիֆ Վելիևը հայտարարում է. «Ադրբեջանում նավթի հանույթն արհեստականորեն է նվազեցվում. դրանով Ադրբեջանը մեծացնում է արդյունահանման ժամկետները»։ Եվ դա այն դեպքում, երբ երկրի ընդդիմությունը խոսում է ցածր եկամուտների պատճառով բյուջեի անխուսափելի արգելակալանման վտանգի մասին (մի երկրի համար, որի բյուջեի 90 տոկոսը բաղկացած է նավթից ու գազից ստացվող միջոցներից, շուկաներում ամեն փոքր «փռշտոց» կարող է մահաբեր դառնալ)։ Այսինքն, իրականում երկրի կառավարությունը բացահայտորեն չի ուզում խոստովանել, որ Ադրբեջանում էժան նավթի դարաշրջանն ավարտվում է։ Իսկ համաշխարհային էներգետիկ միտումների այս նոր պայմաններում կապիտալը թանկ նավթի մեջ ներդնելու խնդիրն ինքըստինքյան չի լուծվում, իսկ միամիտներ գտնելն էլ հեշտ բան չէ (նավթային ընկերությունների ղեկավարների ու դիվանագետների կարծիքով, BP ընկերությունը ստիպված է նախատեսվածից մի քանի միլիարդ դոլար ավելի ծախսել ու մեծացնել ներդրումները, որպեսզի դանդաղեցնի Ադրբեջանում նավթի հանույթի անկումը, ինչը կարող է անգամ անշահավետ դառնալ ընկերությունների համար)։ Իսկ առայժմ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ջանում է գործընկերներին երկարաժամկետ պայմանագրեր պարտադրել, դրա ղեկավարն էլ փորձում է բոլորին հանգստացնել. «Գազի շուկայում թերթաքարային գազի, հեղուկ գազի հարցի օրախնդրության հետ կապված փոփոխություններն ու մյուս գործընթացներն այդքան շուտ մուտք չեն գործի եվրոպական շուկա»։ Բայց, հավանաբար, լավագույն դեպքում նրան միայն ադրբեջանցի գեղջուկները կհավատան։ Իսկ նավթային ընկերությունները սկսել են շատ ներդաշնակորեն հարմարվել նոր պայմաններին ու մտադիր չեն իրենց միլիոնները «քոռուփուչ անել»։ Այնպես որ, «թերթաքարային հեղափոխությունը» Բաքվի համար լիովին կարող է վերածվել «թերթաքարային մղձավանջի»։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից