ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ղրիմը թուրքական ռազմավարության մաս է և ճակատագրական նշանակություն ունի Անկարայի համար

Ղրիմը թուրքական ռազմավարության  մաս է և ճակատագրական նշանակություն  ունի Անկարայի  համար
02.10.2012 | 12:12

Թուրքիայի քաղաքական շրջանակներն ավանդաբար մեծ ուշադրությամբ են վերաբերվել Կովկասին ու Բալկաններին, հատկապես այստեղ բնակվող իսլամական ազգերին` չեչեններին ու դաղստանցիներին, ադըղա-չերքեզական ժողովուրդներին, ալբանացիներին, բոսնիացիներին և այլոց։ Շատ հետազոտողներ նախընտրում են Թուրքիայի քաղաքականության այդ ուղղությունը վերագրել պանթյուրքական դոկտրինին, մատնանշելով այդ ժողովուրդների ոչ թյուրքական պատկանելությունը։ Դրա հետ մեկտեղ, ուշադրություն չի նվիրվում Թուրքիայի «զուգահեռ» աշխարհաքաղաքական դոկտրինին` օսմանիզմին կամ, ավելի ճիշտ, նեոօսմանիզմին։ Վերջին ժամանակներս, երբ Թուրքիայից արևելք և արևմուտք աշխարհաքաղաքական «վակուումներ» առաջացան, օսմանիզմի դոկտրինի վերակենդանացման գաղափարը, միանգամայն արդի մեկնաբանմամբ, այսպես թե այնպես, պետք է լրջորեն քննարկվի Թուրքիայի կողմից։ Դա առավել ևս օրախնդիր է թվում, եթե հաշվի առնենք այն քաղաքական հիասթափությունները, որ սպասում էին Թուրքիային Կենտրոնական Ասիայում, որի պետությունները ոգևորություն չեն ապրել ի դեմս Թուրքիայի «ավագ եղբայր» ձեռք բերելու հեռանկարի առնչությամբ։
Հարկ է նշել, որ Կովկասի ու Բալկանների մի շարք ազգեր, որոնք ավանդաբար մշակութային և քաղաքական առումով կողմնորոշված են դեպի Թուրքիա, շատ ավելի կարևոր ռազմավարական տարածքներ են զբաղեցնում, քան թյուրքական ազգերն ու երկրները։ Այդ տարածաշրջաններում տիրող իրադրությունից է կախված Թուրքիայի աշխարհատնտեսական ապագան։ Այստեղ Թուրքիայի շահերն ավելի շատ համընկնում են արևմտյան տերությունների շահերին, քան թյուրքախոս տարածաշրջաններում ու երկրներում։ Այս կապակցությամբ ծնունդ է առնում Ղրիմի խնդրի հողի վրա պանթյուրքիզմի ու նեոօսմանիզմի սինթեզի գաղափարը, քանի որ Անատոլիայի թուրքերի ու Ղրիմի թաթարների պատկերացումներում Ղրիմի թաթարական ազգը իբրև Մերձսևծովյան շրջանի վերապրուկներից մեկի` արևմտյան ղփչաղների, քաղաքական իշխանության հիմքի վրա տարբեր ազգերի բազմադարյա ինտեգրման արդյունք, չի կարող լիովին վերագրվել թյուրք ժողովրդին, որի միայն լեզուն է թյուրքական։ Թուրք քաղգործիչներն ու փորձագետները նկատում են, որ Անատոլիայում ապրելով ավելի քան 200 տարի, «ղրիմչաղներն» այդպես էլ լիովին չձուլվեցին թուրքերին, պահպանելով իրենց ինքնատիպությունը ոչ միայն լեզվի ու մշակույթի, այլև վարքագծի կարծրատիպի առումով, մնալով իբրև եվրասիական ժողովուրդ։ Չնայած Թուրքիայի համակողմանի աջակցությանը, Ղրիմի թաթարները պանթյուրքիզմի դոկտրինը չեն ընկալում որպես քաղաքական իմաստով միանգամայն իրագործելի, այլ, ավելի շուտ, դիտարկում են որպես մշակութային ինտեգրման եղանակ։ Ապրելով Կենտրոնական Ասիայում, ուր բնիկ ժողովուրդները համակողմանի օգնություն և կարեկցանք էին հանդես բերում Ղրիմի թաթարների նկատմամբ, նրանք շարունակում են ապրել տարածաշրջանի ժողովուրդներից մեկուսացած, պահպանելով իրենց ինքնատիպությունը։ Ղրիմի շատ թաթարներ իրենց համարում են ավելի շատ եվրոպացիներ, քան եվրասիացիներ, մշակույթի և վարքագծի արևմտյան արժեքներն ընկալելով իբրև ընդօրինակման նմուշ։
Այս ամենը, իհարկե, խիստ վիճելի ու հարաբերական է, բայց ներկայումս, դիտարկելով Ղրիմի իրողությունները, Ղրիմի թաթարներն աշխատում են իմաստավորել իրենց ներկան ու ապագան, որը կապվում է ոչ միայն Թուրքիայի, այլև սլավոնական պետությունների ու ժողովուրդների հետ։ Բացի այդ, Ղրիմի թաթարական վերնախավը շատ ուժեղ «հավաքագրված» է և արդեն ինտեգրվել է թուրքական վերնախավի որոշակի շրջանակներին, ինչի հետևանքով առանձին գործիչների ու մտավորականների որոշ կասկածներ և այլընտրանքային հայացքներ չեն կարող պաշտպանություն գտնել հասարակության մեջ։
Ղրիմում Թուրքիայի քաղաքականությունը կապված է այնպիսի գործոնի հետ, ինչպիսին թուրք-ուկրաինական հարաբերություններն են, որոնք ավելի ու ավելի կարևոր են դառնում Թուրքիայի համար, որը ձգտում է տարածաշրջանում նոր քաղաքականություն կառուցել, հաշվի առնելով բազմազանության ավելի բարձր մակարդակ ունեցող աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորումը։ Բացի Թուրքիայի նպատակներից` կապված մերձսևծովյան այդ երկիրը հակազդեցության ու ճնշման լծակների համակարգում որպես գործընկեր դիտարկելու հետ, Թուրքիան և ՈՒկրաինան անչափ շահագրգռված են համագործակցությամբ` իբրև Սև ծովի ավազանի առաջատար պետություններ, որոնք նշանակալի տնտեսական ու քաղաքական հնարավորություններ ունեն։ ՈՒկրաինան ձգտում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, իսկ դա ամենևին ցանկալի հանգամանք չէ Թուրքիայի համար, որը դեմ է Սև ծովում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դերի ուժեղացմանը, ինչը կհանգեցներ Արևմտյան ընկերակցության համար Թուրքիայի ռազմավարական նշանակության նվազմանը։ ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի ինտեգրումը կհանգեցնի Ռուսաստանի հետ նրա առճակատման սաստկացմանը, ինչը չի կարող չշոշափել Թուրքիայի շահերը, որոնք ավելի ու ավելի են պայմանավորվում Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Եթե առաջ առճակատումը Թուրքիայի համար աշխարհաքաղաքական կարևոր դիրքերի նվաճման լուրջ գործոն էր, այժմ դառնում է խնդրահարույց։ Սև ծովում ԱՄՆ-ի նոր ծրագրերի կապակցությամբ, տարածաշրջանում առճակատման ուժեղացումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Թուրքիայի անվտանգության և տնտեսության զարգացման ճանապարհին։
Թուրքիան ձգտում է ՈՒկրաինային ցույց տալ իր նոր, ավելի բարյացակամ վերաբերմունքը նրա հանդեպ, Ղրիմում իր ավելի բաց, թափանցիկ, ուկրաինական շահերը հաշվի առնող քաղաքականությունը։ Երկու պետությունների պաշտոնական հարաբերություններում Թուրքիան ընդգծում է Ռուսաստանի հանդեպ որևէ քննադատական շեշտի բացակայությունը` որպես Սև ծովում «երրորդ» կարևոր գործընկերոջ։ Թուրք գործիչներն ու խորհրդարանականները ձգտում են ուկրաինացի գործընկերներին համոզել, որ երեք պետությունների համագործակցությունը կարող է հանգեցնել քաղաքական ու աշխարհատնտեսական նոր իրադրության, ավելի ուժեղ դիրքերի ձեռքբերման` Արևմուտքի հետ հարաբերություններում, որի հավակնություններն ու մտադրությունները ոչ միշտ են համապատասխանում այդ տարածաշրջանի տերությունների շահերին։ Ընդ որում, Թուրքիան ՈՒկրաինային առաջարկում է իր միջնորդությունն ատլանտյան ասպարեզում նրա շահերի պաշտպանության, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Բայց, համագործակցության զարգացմանը զուգընթաց, Թուրքիան և ՈՒկրաինան օբյեկտիվորեն մրցակիցներ են դարձել էներգետիկ պաշարների մատակարարման ոլորտում։ Ընդ որում, Թուրքիան ավելի ու ավելի է սկսել խլել նախաձեռնությունը և մասնակցել այլընտրանքային հաղորդուղիների կառուցմանը, ինչը չի կարող չանդրադառնալ ուկրաինա-թուրքական հարաբերությունների վրա։ Վերջին տարիներին պարզ է դարձել, որ ՈՒկրաինան չի կարող Թուրքիայի սպառազինությունների մատակարարման գործում զբաղեցնել այն տեղը, որ պատկերացնում էր։ Թուրքական տնտեսական, ներդրումային ներկայությունն առայժմ շոշափելի չի դարձել ՈՒկրաինայում, ուր թուրքական ֆիրմաները, նախ և առաջ, հետաքրքրություն են ցուցաբերում հումքային ճյուղերի նկատմամբ։ Դրա հետ մեկտեղ, ՈՒկրաինայի որոշ մարզերում բողոքի ալիք է բարձրացել թուրքական ընկերությունների տնտեսական գործունեության առնչությամբ, որոնք ձգտում են ձեռք գցել տրանսպորտի առանցքային ենթակառուցվածքային օբյեկտներն ու էներգիայի բաշխումը, հյուրանոցները։ Այսպես թե այնպես, Ղրիմի թաթարական հարցը մնում է իբրև Թուրքիայի կողմից նյարդայնացման ու սպառնալիքների հիմնական գործոն, որոնք ՈՒկրաինայի քաղաքական շատ շրջանակներ ընկալում են որպես լուրջ խնդիր։ ՈՒկրաինան և Թուրքիան ձգտում են մրցակցային «դաշտի» խնդիրը ներկայացնել որպես ոչ էական, և առհասարակ իրենց հարաբերություններում գոյություն չունեցող։
ՈՒկրաինայի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անմիջապես հետո Անկարայում սկսեցին ջանքեր գործադրել ՈՒկրաինային Ղրիմի խնդիրը պարտադրելու ուղղությամբ, ինչն արդեն 90-ականների սկզբին դարձավ հրատապ և երկու երկրների հարաբերությունների պարտադիր տարր։ 1991-ի գարնանը Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Թ. Օզալի ՈՒկրաինա կատարած այցի ժամանակ արդեն բավական սկզբունքայնորեն քննարկվեց Ղրիմի թաթար ժողովրդի խնդիրը։ Բայց այն ժամանակ ուկրաինացի քաղգործիչները պատրաստ չէին այդ հարցի քննարկմանը, և Թուրքիայի նախագահը նշեց, թե «հիմա բարդ հարցեր չենք քննարկի, բայց ապագայում Ղրիմի հարցը հարկ կլինի վերանայել»։ 1991-ի մարտին ՈՒկրաինայի խորհրդարանի նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ դարձավ Ղրիմի հարցի քննարկման սկիզբ, և դա հիմա ձեռք է բերել տարբեր մակարդակների մշտական բանակցությունների բնույթ։ 1992-ի մարտին տեղի ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Հ. Չեթինի պաշտոնական այցը Կիև, որի ընթացքում արձանագրություն ստորագրվեց արտքաղաքական գործունեության հարցերի շուրջ խորհրդակցությունների մասին։ Իսկ նույն թվականի մայիսին տեղի ունեցավ ՈՒկրաինայի նախագահ Լ. Կրավչուկի այցը Թուրքիա, ստորագրվեց «ՈՒկրաինայի և Թուրքիայի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության պայմանագիր»։ Պայմանագիրը ներառում էր նաև տարածաշրջանում, այդ թվում` Սևծովյան ավազանում երկու պետությունների քաղաքականության որոշ սկզբունքներ, ինչը երկկողմ հարաբերությունների շրջանակներում կարող է գնահատվել որպես ԽՍՀՄ փլուզման պայմաններում Թուրքիայի կողմից քաղաքական գործընթացի արագացման փորձ։ ՈՒկրաինացի մեկնաբանները նշում էին, թե այցի շրջանակներում քննարկվել են նաև Ղրիմի հետ կապված հարցեր։ Բնական է, որ այդ խնդիրը քննարկվել է տարածաշրջանային քաղաքականության հայեցակարգային տեսանկյունից։ Տարածաշրջանում ռազմավարության կառուցման նկատմամբ թուրքական կառավարության հայեցակարգային մոտեցումն այն է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև հավասարակշռության քաղաքականությունը կարող է հակվել ՈՒկրաինայի կողմը, եթե վերջինս ջանքեր գործադրի այդ ուղղությամբ։ Ռուսաստանը մի երկիր է, որի քաղաքականությունը դժվար է կանխատեսել մի ամբողջ շարք աշխարհաքաղաքական, ազգային և սոցիալական պատճառներով։ ՈՒկրաինան ցուցադրել է իր ձգտումը` պահպանելու խաղաղությունն ու անվտանգությունը ոչ միայն սեփական երկրում, այլև ամբողջ տարածաշրջանում, նրա քաղաքականությունն ավելի կանխատեսելի է և կարող է ընդհանուր առմամբ համապատասխանել Թուրքիայի ազգային շահերին։ 1994-ի մայիսի 31-ին ճառով հանդես գալով ՈՒկրաինայի խորհրդարանում, Թուրքիայի նախագահն ասել է. «Թուրքիան կարևորում է, որ ինքը հուսալի բարեկամ լինի ՈՒկրաինայի համար, լինի օգտակար հարևան և տնտեսական ու առևտրական լուրջ գործընկեր, ուստի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Մենք գոհունակությամբ նկատում ենք, որ ՈՒկրաինան էլ է նույն զգացումներով ու մոտեցումներով բարեկամության ու համագործակցության ձեռք մեկնում»։ ՈՒկրաինացի քաղաքական մեկնաբանների կարծիքով, իր հյուսիսային հարևանների առնչությամբ Թուրքիայի առանձնակի շահագրգռության մյուս պատճառը թյուրքականն է, իսկ կոնկրետ ՈՒկրաինայի պարագայում` Ղրիմի թաթարական գործոնը։ Ղրիմում, ինչպես նշեց Թուրքիայի նախագահը, ապրում են «մեր եղբայրները»։ Թուրքիան ոչ միայն իր, այլև մյուս պետությունների պարտքն է համարում օգնություն ցուցաբերել նրանց։ Եվ եթե հարյուր հազարավոր ղրիմցի թաթարներ Ղրիմ են վերադարձել, ապա այսօր դա ոչ միայն ՈՒկրաինայի խնդիրն է, այլև բոլոր քաղաքակիրթ երկրների։ Ղրիմից թաթար բնակչության արտաքսման 50-ամյակի կապակցությամբ Թուրքիայի նախագահն ընդգծել է իր ելույթում. «Մեր եղբայր թաթարները... թուրք ազգի մի մեծ ճյուղն են, նրանք իրենց տեղն ունեն նրանց շարքերում, ովքեր գրել են ՈՒկրաինայի պատմությունը, նրանք Թուրքիայի և ՈՒկրաինայի բարեկամության ամենաամուր օղակն են»։ Թուրքական կողմը երախտագիտությամբ է նշել ՈՒկրաինայի կառավարության ջանքերն իրենց պատմական հայրենիք Ղրիմի թաթարների վերադարձի գործում և պատրաստակամություն է հայտնել նպաստելու նրանց բնակարանային խնդիրների լուծմանը։ Նկատելի է թերակղզում թուրքական կազմակերպությունների ու ֆիրմաների տնտեսական ու հասարակական գործունեության ակտիվացման միտումը։ Առհասարակ Ղրիմի հարցն ավելի ու ավելի նշանակալի տեղ է գրավում ՈՒկրաինայի առնչությամբ թուրքական արտաքին քաղաքականության գործում։
«Գունավոր հեղափոխությունից» հետո Թուրքիան ակտիվացրեց ՈՒկրաինայի հետ հարաբերությունների զարգացման ջանքերը, չմոռանալով տարբեր մակարդակներում Ղրիմի հարցի քննարկումները։ 2005-ի հունիսին ՈՒկրաինա այցելեց թուրքական մի ներկայացուցչական պատվիրակություն, որին ընդունեց Վիկտոր Յուշչենկոն։ Նա նշեց, որ նախագահ Ա. Սեզերի հետ հանդիպումից հետո պարզ է դարձել, որ երկու երկրները միևնույն խնդիրներն ունեն Եվրամիությանն ինտեգրվելու առումով և համակարծիք են Սևծովյան ավազանի ու էներգակիրների մատակարարման հարցում։ Վ. Յուշչենկոն և Ա. Սեզերը ստորագրեցին փաստաթղթեր, որոնք նախատեսում են համագործակցություն էներգետիկայի, միջուկային տեխնոլոգիաների, երկաթուղային տրանսպորտի, իրավական գործի, գիտության և տեխնիկայի ոլորտում։ Առանձնապես ընդգծվեց, որ կողմերը մերձեցնում են իրենց դիրքերը ղրիմցի թաթարների հարցում, այն դիտարկելով մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների ծիրում։ Թուրքիան և ՈՒկրաինան կարծում են, որ Ղրիմի թաթար ժողովրդի հարցի լուծումն իրագործվում է խնդիրների ծագմանը զուգահեռ` Թուրքիայի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ Երկու կողմերը նշեցին ղրիմցի թաթարներին առնչվող մի շարք խնդիրների լուծման բավարար ընթացքը։ Ընդ որում, ՈՒկրաինան նշում է Թուրքիայի և թուրք հասարակության կարևոր դերն այդ խնդիրների լուծման գործում։ Ղրիմի թաթարների սոցիալական, տնտեսական, հոգևոր և մշակութային խնդիրների լուծումն առաջնային է ուկրաինական նոր իշխանությունների համար, հայտարարեց Վ. Յուշչենկոն Թուրքիա կատարած իր պետական այցի ժամանակ։ Յուշչենկոն նշեց, որ ՈՒկրաինան Թուրքիային խնդրել է օգնել այդ հարցում։ «Մենք վերականգնում ենք արդարությունը և ստալինյան տեղահանման զոհերին օգնում ենք վերադառնալու հայրենի հող»,- 2005-ի հունիսի 7-ին Անկարայում հանդես գալով հասարակական, քաղաքական և գիտական շրջանակների առջև, ասաց Վ. Յուշչենկոն։ Նա հիշեցրեց, որ հենց «Մեր ՈՒկրաինան» կուսակցության ցուցակով է Գերագույն ռադա անցել Ղրիմի թաթարների շահերը ներկայացնող երկու պատգամավոր։
Ղրիմի թաթարների հարցի առթիվ Թուրքիայի և ՈՒկրաինայի փոխհարաբերությունները բավական հակասական են։ Երկու կողմերը համոզվել են, որ Ղրիմում տեղի ունեցող գործընթացները բացառապես Ռուսաստանի շահերի դեմ ուղղել չի հաջողվում։ Այսպես թե այնպես, Ղրիմում շահերի բախում է տեղի ունենում ոչ միայն Թուրքիայի և Ռուսաստանի, այլև թաթարների և ուկրաինական իշխանությունների միջև։ Ղրիմյան գործընթացների շահարկումը ոչ միայն բարդ է, այլև ինչ-որ չափով անիմաստ, քանի որ ներկա փուլում Թուրքիան փորձում է ուկրաինական և ռուսական քարտերը խաղարկել ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ հարաբերություններում։ Պարզվում է, որ Թուրքիայի ղրիմյան ծրագիրն ինչ-որ չափով հակասության մեջ է ՈՒկրաինայի, և հատկապես Ռուսաստանի հանդեպ նրա ունեցած նպատակների հետ։ Թուրքիան հույսեր չի փայփայում, թե Արևմտյան ընկերությունն այս կամ այն մասնակցությունը կցուցաբերի ղրիմցի թաթարների հարցի լուծման գործում` պետականություն ձեռք բերելու իմաստով։ Սա չի մտնում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Եվրամիության ծրագրերի մեջ։ Թուրքիան ավանդույթ ունի միանգամայն այլ կերպ հասնելու իր աշխարհաքաղաքական նպատակներին։ Եթե մեսխեթցի թուրքերի դեպքում Թուրքիան կարողացավ այդ հարցը փաթաթել եվրոպական կառույցների վզին` Թուրքիայի հանդեպ Եվրամիության պարտավորությունների հետ սերտորեն կապված, ապա ղրիմյան խնդիրը կարող է լուծվել բացառապես ՈՒկրաինայի հետ որոշակի փոխշահավետ պայմանավորվածություններով։ Այդ նպատակը, անտարակույս, մնում է, և Թուրքիան երբեք չի հրաժարվի դրանից։ Ղրիմը թուրքական ռազմավարության մաս է և ճակատագրական նշանակություն ունի Անկարայի համար։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ