Բալթյան-սևծովյան տարածաշրջանը, որի սահմանները դեռ լիովին ճշգրտված չեն աշխարհաքաղաքական նախագծմամբ զբաղվող մասնագետների կողմից, ներառում է հետևյալ պետությունները` Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Ռումինիա, Բուլղարիա, Բելառուս, ՈՒկրաինա, Մոլդովա: Հնարավոր է, որ այդ տարածաշրջանի մաս են կազմում նաև Ֆինլանդիան և Չեխիան, որոնք ինչ-որ չափով «կապ ունեն» այն գործընթացների հետ, որ տեղի են ունեցել տվյալ աշխարհաքաղաքական տարածությունում: Այդ տարածաշրջանը, ինչպես Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան և Հյուսիսային Կովկասը, առավել մոտ է գտնվում Հարավային Կովկասին, սակայն Հարավային Կովկասի պետությունների քաղաքականությունը դեռևս բավարար չափով ուղղված չէ Բալթյան-սևծովյան տարածաշրջանին: Նույն կերպ, այդ երկրների փորձագետներն աշխատում են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները դիտարկել առանց լրջորեն հաշվի առնելու այդ տարածաշրջանի իրադարձություններն ու հեռանկարները: Հատկանշական է նաև այն, որ նույնիսկ եվրոպական քաղաքականության մեջ Բալթյան-սևծովյան տարածաշրջանի տեղն ու դերը վերագրվում են դեռևս ինչ-որ երկրորդական խնդիրների, որոնք գոյություն ունեն տեղային, տարածաշրջանային ձևաչափով և մեծ ազդեցություն չեն գործում Եվրոպայի առաջատար պետությունների քաղաքականության վրա: Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշումներն անտեսում են Կենտրոնաարևելյան Եվրոպայում հնարավոր կամ սպասվող սպառնալիքները: Դա, անշուշտ, կապված է այն բանի հետ, որ այդ տարածաշրջանի երկրներն ակտիվորեն ներգրավված են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ, կատարելով տարածաշրջանային բնույթի որոշակի խնդիրներ ու գործառույթներ. Եվրամիության և ՆԱՏՕ-ի շրջանակներում Արևմտյան Եվրոպայի խոշոր պետություններին հակազդեցություն, Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի միջև արգելապատնեշի ձևավորում, Սև ծով-կովկասյան և այլ տարածաշրջաններում պաշտպանության և անվտանգության ոլորտի նախաձեռնությունների իրականացում, որոշակի քաղաքական և տնտեսական գաղափարախոսության արմատավորում:
Այս կապակցությամբ, Ֆրանսիան ու Գերմանիան ձգտում են սահմանազատվել տարածաշրջանում առկա խնդիրներից, հավակնություններից, երկյուղներից և այլ գործընթացներից: Դրա հետ մեկտեղ, եթե Ֆրանսիան Բալթյան-սևծովյան տարածաշրջանն առաջնային չի համարում իր տնտեսական խնդիրների լուծման գործում, ապա Գերմանիայի համար այդ տարածությունը հսկայական հետաքրքրություն է ներկայացնում, և այն ներառել է իր ռազմավարական տնտեսական ծրագրերի մեջ: Արևմտյան Եվրոպայի երեք-չորս խոշոր պետություններից Գերմանիան առաջատար դիրք ունի և, անշուշտ, կունենա այդ երկրների տնտեսության մեջ: Այդ տարածաշրջանի բոլոր պետությունները, բացի Լեհաստանից, վերջին 20 տարում որևէ արտքաղաքական հավակնություն չեն դրսևորել, և Լեհաստանը ջանում է դառնալ այդ երկրների խմբի առաջատարն ու ձևավորել շահերի ընդհանրություն: Բալթյան-սևծովյան տարածաշրջանի «բնական» և «արհեստական» խնդիրները դեռևս չեն կանխորոշում այդ տարածության շրջանակները և շարունակում են ունենալ տարածաշրջանային, երբեմն էլ խիստ տեղային նշանակություն: Բայց հենց այս հանգամանքն է տարածաշրջանի հարցերը դարձնում շատ վտանգավոր և մեծապես կապված ազգային քաղաքական այն խնդիրների հետ, որոնք ճգնաժամային տարրեր են պարունակում:
Այդ պայմանական տարածաշրջանի ամենահարավում, այսինքն` Բուլղարիայում, ավելի ու ավելի են մեծանում խնդիրները` կապված թուրք ազգային փոքրամասնության հետ, որի թիվը հասնում է 550-750 հազարի, իսկ դա մոտենում է երկրի բնակչության 10 տոկոսին: Թուրք ազգային փոքրամասնությունը, որից վերջնականապես հեռացել են ծագումով բուլղար մահմեդական խմբերը, օգտվելով Թուրքիայի որոշակի և բացահայտ աջակցությունից, նպատակ ունի հաստատելու այդ փոքրամասնության իրավունքները` որպես պետականություն կրողի դեր կատարող ազգային մի խմբի: Թուլացած բուլղարական պետությունը, չկարողանալով կարգավորել հարաբերությունները Հունաստանի ու Սերբիայի հետ, այս պահին ի վիճակի չէ դեմ ելնելու Թուրքիայի քաղաքական ու տնտեսական նվաճողամտությանը, որի հետևանքով ակտիվացել են հայրենասիրական արմատական կուսակցություններն ու խմբերը, որոնք լի են վճռականությամբ` թույլ չտալու թուրք փոքրամասնության քաղաքական ուժեղացում և ազդեցության աճ: Այս կապակցությամբ, Բուլղարիան, անտարակույս, կանգնած է տարածաշրջանային լուրջ հակամարտության առաջ: Այժմ, երբ Բուլղարիան դարձել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, իրեն ավելի վստահ է զգում արտքաղաքական և տարածաշրջանային խնդիրների քննարկման գործում:
Սակայն ամենահրատապ հակամարտությունը Տրանսիլվանիայինն է, որն արդեն բավական լավ լուսաբանված է քաղաքական պարբերականներում և գրականության մեջ: Այդ հակամարտությունը դուրս է եկել Ռումինիայի և նրա պատմական մասի` Տրանսիլվանիայի շրջանակներից, դրան միջամտում է Հունգարիան, աստիճանաբար սկսում է միջամտել նաև Եվրամիությունը: Բացի պատմաքաղաքական խնդիրներից, Ռումինիայում նշանակալի տնտեսական, սոցիալ-մշակութային, կրոնական ու քաղաքական տարաձայնություններ են առաջացել ռումին և հունգար բնակչության միջև: Երկու համաշխարհային պատերազմներում Գերմանիայի դաշնակից հունգարները կորցրել են, ինչպես իրենք են ասում, իրենց տարածքի երկու երրորդը (ավելի ճիշտ` ազգային պատմական տարածքի մոտ կեսը), և մտադիր են պայքարել պատմական արդարության վերականգնման համար: Հակամարտությունը սրվում է, և այդ քաղաքական վեճն աստիճանաբար ջրի երես է հանում խոշոր պետությունների շահերը: Իհարկե, Ռուսաստանը, Գերմանիան և Ավստրիան հակված են աջակցելու Հունգարիային` միանգամայն հասկանալի պատճառներով: Ռուսաստանը Ռումինիան համարում է ԱՄՆ-ի քաղաքականության ջատագովը, որը որոշակի նպատակներ է հետապնդում Բեսարաբիայում, մասամբ` ՈՒկրաինայի առնչությամբ, և որ ամենագլխավորն է` մասնակցում է Սև ծովի շրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մեծացմանը: Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ռումինիայի անդամակցությունից հետո արևելյան ուղղությամբ Ռումինիայի քաղաքականությունն ակտիվացել է:
Լեհաստանն ու Ռումինիան այն երկու պետություններն են, որոնք ընդունակ են ավանդական պատնեշ ստեղծելու Ռուսաստանի առջև, ուստի Ռումինիայի ցանկացած խնդիր, հատկապես այնպիսին, ինչպիսին Տրանսիլվանիայինն է, իհարկե, ձեռնտու է Ռուսաստանին, և նա իր քարոզչությամբ, հետագայում նաև քաղաքականությամբ, կտրորի նրա այդ կոշտուկը: Այսպես թե այնպես, որպես եվրոպական պետություն, Եվրոպայի խորհրդի անդամ և ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, Ռուսաստանը պետք է իր կարծիքն արտահայտի Տրանսիլվանիայի խնդրի առնչությամբ: Գերմանիան ու Ավստրիան միանգամայն ակնհայտորեն հունգարամետ դիրք են բռնել, բայց իրենց չափազանց նրբանկատ են պահում: Հունգարական քաղաքականության այդ կորը միանշանակ որոշակի պառակտում է մտցնում ՆԱՏՕ-ի անդամների դիրքորոշման մեջ, խարխլում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արևելաեվրոպական քաղաքականության հիմքերը, ուստի խնդրի բորբոքումը լիովին ձեռնտու է Գերմանիային: Ֆրանսիան և Իտալիան հազիվ թե շահագրգռված լինեն այդ խնդրի բորբոքմամբ և ավելի լուրջ հակամարտության առաջացմամբ: Հունգարա-ռումինական խնդրի հետ մեկտեղ ավելի ու ավելի պարզորոշ են դառնում Սերբիային (Վոյեվոդինայի առնչությամբ), Սլովակիային (նրա հարավային գոտու առնչությամբ) և ՈՒկրաինային (Անդրկարպատների առնչությամբ) Հունգարիայի կողմից ներկայացվող պահանջների կոնկրետ հանգամանքները: «Հունգարական հարցից» բացի, Ռումինիան, Ռուսաստանը և ՈՒկրաինան «կապված են» նաև Մոլդովա-Մերձդնեստրի խնդրով, որը լավ շարադրված է գրականության մեջ և այդ տարածաշրջանի լարվածության կարևոր բաղկացուցիչն է: Այսինքն, Ռումինիան ունի խնդիրների երկու ճակատ` արևմտյան և արևելյան, որը, Ռումինիայի հավակնությունների հետ մեկտեղ, այդ երկիրը վերածում է խոշոր «համակարգային» հակամարտության ասպարեզի:
Բալթյան երկրները հակամարտության համատարած օջախ են, որը կապված է ազգային քաղաքական մի շարք խնդիրների հետ: Այդ երկրներում քաղաքական շատ խմբեր շահագրգռված են դրանց ընդլայնմամբ, ինչը պայմանավորված է քաղաքական այն գործառույթներով, որ Եվրոպայում կատարում են իրենց պետությունները: Լատվիան և Էստոնիան մեծ մասամբ շեշտադրում են ռուս բնակչության հարցը, իսկ Լիտվան` լեհ: Լեհական հարցը շարունակում է հրատապ մնալ ՈՒկրաինայում ու Բելառուսում և գնալով ավելի մեծ նշանակություն ձեռք կբերի: Ներկայումս Բալթիկայից մինչև Մերձդնեստր ընկած ամբողջ «գոտիով» մեկ սաստկանում են տարբեր ազգային քաղաքական խնդիրները, որոնք ավելի ու ավելի են միջազգային նշանակություն ստանում: Շատ բան է կախված Լեհաստանի դիրքորոշումից, որի առջև ծառացած է հետևյալ ընտրության հարցը` կամ մասնակցել տեղային և տարածաշրջանային էթնոքաղաքական խնդիրների լուծմանը, դրանով իսկ վերածվել «լեհական» և «հունգարական» հարցերի պատանդի, կամ ապահովել համապարփակ մոտեցման գերակշռությունը և փորձել այդ հարցերը լուծել տարբեր ուղղություններում վերոհիշյալ երկրների ինտեգրումն արագացնելու միջոցով: Լեհաստանն աշխատում է պաշտպանել լեհ և այլազգի բնակչության շահերն ու միաժամանակ ձևակերպել այդ պետությունների փոխադարձ շահերը: Առայժմ այդ խնդիրը հեռու է լուծման հեռանկարից, բայց Լեհաստանը, ԱՄՆ-ի խրախուսանքով, ձգտում է այդ քաղաքականությունը մշակել և իրականացնել: Սակայն «Լեհական հարցը» եղել և մնում է կարևոր եվրոպական քաղաքականության մեջ և որոշակի դինամիկա կստանա նաև առանց Լեհաստանի ակտիվ մասնակցության: «Լեհական հարցը» ուժի եվրոպական և համաշխարհային հիմնական կենտրոնների, առաջին հերթին, եվրոպական պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների հարց է: Կասկած չկա, որ «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որով հատկապես շահագրգռված է Լեհաստանը, բայց ոչ երբեք Գերմանիան ու Ֆրանսիան, նրա համար արմատական նշանակություն ունի և կապված է ոչ թե Արևմտյան ընկերակցության, այլ հենց Լեհաստանի ազդեցության ուժեղացման հետ:
Որքան հնարավոր էր հասկանալ որոշ լեհ փորձագետների ու քաղգործիչների տրամադրություններից ու առանձին գնահատականներից, «Լեհական հարցի» լուծումը Վարշավայում տարբեր կերպ են պատկերացնում: Քաղգործիչների ու փորձագետների մի մասը նախընտրում է Լիտվայի արևելյան մասի, Արևմտյան Բելառուսի, Գալիցիայի, Վոլինի ու այլ տարածաշրջանների լեհ բնակչության խնդիրների հետ կապված հարցերի հետևողական լուծումը: Կան նաև քաղգործիչներ ու փորձագետներ, որոնք դա համարում են «գավառամիտ» քաղաքականության նշան և «Լեհական հարցի» լուծումը կապում են Արևելյան Եվրոպայի երկրների վրա Լեհաստանի ազդեցության տարածման հետ: Հարկ է նշել, որ լեհական քաղաքականության մեջ ինչ-որ անցումային շրջան ավարտվել է, և որոշ ապակառուցողական ու հուզական գնահատականներ սպառել են իրենց: Լեհաստանը հավակնում է ոչ թե տարածաշրջանային, այլ առնվազն եվրոպական ընդգրկման քաղաքականություն իրականացնող առաջատար պետության դերի: Ընդհանուր առմամբ, պետական սահմանների վերանայման մասին Հունգարիայի պահանջները կարող են Եվրամիությունը կանգնեցնել եվրոպական արժույթին սպառնացող վտանգից ոչ պակաս աղետալի քաղաքական իրավիճակի առջև: Այսպես թե այնպես, Եվրոպայում ձևավորվում է «հունգարական հարց», որը կարող է քաղաքական լուրջ պառակտում առաջ բերել թե՛ Եվրամիությունում, թե՛ ՆԱՏՕ-ում, և անդրադառնալ ոչ միայն Արևելյան Եվրոպայի դիրքերի և իրադրության վրա, որը ստիպված կլինի արձագանքել այդ իրադարձություններին, այլև ավելի «հեռավոր» արևելաեվրոպական տարածաշրջանների վրա, ինչպիսին Հարավային Կովկասն է:
Առայժմ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանն ակտիվորեն ներգրավված է միջտարածաշրջանային նշանակության էներգետիկ և այլ հաղորդուղիների կառուցման ծրագրերի մշակման ու իրացման գործում, որը ենթադրում է Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածքի մի շարք մեծ ու փոքր երկրների մասնակցություն: Այդ նախագծերը կատաղի մրցակցության մեջ են, ինչը հանգեցնում է քաղաքական աղմուկի ու առճակատման հասնող քաղաքական լուրջ բանավեճի: Նման իրավիճակում այդ նախագծերի բազմաթիվ զորեղ մասնակիցներ չեն կարող իրենց թույլ տալ մնալ անմասն և շահագրգռված են որոշակի առճակատումներով ու խնդիրներով: Աշխարհատնտեսությունն ու աշխարհաքաղաքականությունը համատեղ հանդես են գալիս որպես միջոցներ, շատ տեղերում առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնք վաղուց մոռացվել էին: Այդուամենայնիվ, հակամարտություններ ծագում են, ու աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական խնդիրների հետ սերտորեն կապված հարավսլավական իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրոպայի ցանկացած տարածաշրջանում կարող են առաջանալ «համակարգային» և «արտահամակարգային» ճգնաժամեր: ՈՒժի համաշխարհային կենտրոնները հասկանում են, որ Բալթյան-սևծովյան տարածաշրջանը Եվրոպայի «խաղաղ ծովախորշը» չէ, օժտված է քաղաքական և առճակատման մեծ ունակությամբ, ու եթե ուժի այդ կենտրոնների միջև խնդիրներ են առաջանում, ապա գալիս է այդ տարածաշրջանում ճգնաժամային նոր իրավիճակների ծագման ժամանակը: Այնուամենայնիվ, այդ երկրների հանրությունը բավական կայուն է և քաղաքականապես հասուն, և այստեղ ինչ-որ խաղեր սարքելը հեշտ բան չէ, եթե, իհարկե, անհրաժեշտ քաղաքական հող չկա:
Շարադրանքում մենք դիտավորյալ քննության առարկա տարածաշրջանն առանձնացրինք Արևմտյան Բալկաններից, փորձելով ցույց տալ, որ Կենտրոնարևելյան Եվրոպան առանց նախկին Հարավսլավիայի երկրների էլ բավականաչափ կոնֆլիկտային է:
Բալթյան-սևծովյան տարածաշրջանում էթնոքաղաքական անկայունության և կոնֆլիկտայնության աճը, այսպես թե այնպես, կհանգեցնի խնդիրների գործուն լուծումից Հարավային Կովկասի մեկուսացման, տարածաշրջանն անհետաքրքիր կդարձնի Եվրամիության ու Եվրոպայի առաջատար պետությունների շահերի տեսանկյունից: Միանգամայն հնարավոր է, որ այդ կոնֆլիկտայնությունը, ժամանակի ընթացքում, հանգեցնի նաև դեպի Արևմուտք ձգվող հաղորդուղիների շրջափակմանը: Դա Հարավային Կովկասը կշրջափակի բացարձակապես Արևելյան Եվրոպայի տարածքում, որը Արևմուտքում սահմանափակվում է նախկին Խորհրդային Միության սահմանով:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ