«Իմ պատումի սկիզբը կդառնա տարին, երբ կոնսուլներ էին Սերվիլիոս Գալբան` երկրորդ անգամ, և Տիտոս Վինիոսը: Նախորդ 820 տարվա իրադարձությունները, որ ծավալվել են քաղաքի հիմնադրումից ի վեր, նկարագրել են շատերը, և քանի դեռ նրանց խոսքը Հռոմի ժողովրդի մասին էր, նրանց պատմությունները պերճախոս ու անկեղծ էին: Բայց Ակտայի ճակատամարտից հետո, երբ, հանգստության և անվտանգության շահերից ելնելով, ամբողջ իշխանությունն անհրաժեշտ եղավ կուտակել մի մարդու ձեռքում, այդ մեծագույն տաղանդներն անհետացան: Ճշմարտությունը սկսեցին բոլորեքյան աղավաղել` սկզբում պետական գործեր վարելու անգիտությունից, որոնք մարդիկ իրենց համար կողմնակի էին համարում, հետո` իշխողներին հաճոյանալու ցանկությունից կամ հակառակը` նրանց ատելով: Ժառանգների կարծիքի մասին չէին մտածում ո՛չ փնովողները, ո՛չ շողոքորթները: Բայց եթե հաճոյանալը, որ պատմիչն օգտագործում է հաջողության հասնելու համար, անընդունելի է բոլորին, կեղծիքն ու զրպարտանքը բոլորը հաճույքով ունկնդրում են: Հասկանալի է` շողոքորթությունը կրում է ստրկության արգահատելի դրոշմը, մինչդեռ նենգությունը հանդես է գալիս ճշմարտության նկատմամբ սիրո դիմակով: Ինչ վերաբերում է ինձ, Գալբայից, Օտոնից, Վիտելիոսից ես ոչ վատն եմ տեսել, ոչ լավը: Չեմ ժխտի, որ իմ ծառայության հաջողությունների սկիզբը դրեց Վեսպասիանոսը, Տիտոսը բազմապատկեց, իսկ Դոմիցիանոսն ինձ ավելի վեր բարձրացրեց, բայց նրանք, ովքեր աներկբա վճռել են ճշմարիտ լինել, պետք է իրենց պատմությունը շարադրեն` չտրվելով սիրուն և ատելություն չիմանալով: Իմ ծերությունը, եթե միայն տարիներս հերիքեն, ես մտադիր եմ նվիրել ավելի ազնիվ և ոչ այսքան վտանգավոր աշխատանքի` Ներվայի պրինցիպատի և Տրայանոսի տիրակալության մասին պատմելուն` եզակի երջանկության տարիների, երբ յուրաքանչյուրը կարող է` ինչ ցանկանում է` մտածել, և խոսել` ինչ մտածում է»:
Ո՞վ է հեղինակը: Թվերից, անուններից դուրս: Ի՞նչ պատմության մասին է խոսքը, ո՞ր ժամանակների ու ո՞ր ժողովրդի:
Բոլորովին էլ կարևոր չէ: Կարևորը խոսքի բովանդակությունն է, որ մ. թ. առաջին դարից մնացել է արդիական և թեթևակի` միայն թվերի, անունների ու տեղանունների փոփոխությամբ կարող է դառնալ բոլորի պատմությունը: Այսինքն` ամբողջ 20 դար և ավելի` նույնն է այն շրջագիծը, որում մարդկությունը պտտվում է և կատարում դարձ ի շրջանս` որոնելով իրեն ու իր պատմությունը: Աքսիո՞մ, թե՞ թեորեմ է սա, որ ապացուցել է պահանջում, մինչդեռ աքսիոմները, որ ապացույցներ չեն պահանջում, չեն պահանջում, որովհետև հնարավոր չէ ապացուցել անապացուցելին, ուրեմն մնում է պարզապես հավատալ:
Հայաստանի Հանրապետության հինգերորդ խորհրդարանը և տասներեքերորդ կառավարությունը մտածելո՞ւ են ժառանգների կարծիքի մասին: Այդ ժառանգները փնովելո՞ւ, թե՞ հաճոյանալու հակումներն են գնահատելու: Չմեղադրեք ինձ մարազմի մեջ, ոչ էլ օրվա խնդիրներից կտրվելու, ոչ էլ ինքնատիպության մարմաջի: Ես ընդամենն ուզում եմ, որ մեր կյանքի ժամանակն էլ լինի եզակի երջանկության ժամանակ, երբ յուրաքանչյուրը կարող է ինչ ցանկանում է` մտածել, և խոսել` ինչ մտածում է: Բարձրաձայն: Անպատիժ: Բայց` ոչ անհետևանք:
Նոր խորհրդարանի մի քանի օրվա աշխատանքը ոմանց հեռուն գնացող հույսեր ներշնչեց, որ խորհրդարանը քաղաքական մարմին է դառնում, բազմակարծություն է ի հայտ գալիս, քննադատությունը դառնում է առարկայական և փաստարկված:
Քաղաքական ուժերը 6 խմբակցություններում են, բայց շատ ավելի լայն ընդգրկում ունեն ու ներառում են ավելի շատ և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների: Այդպես է: Հաշվարկը ճշգրիտ է` ՀԱԿ-ին պետք էր կտրել հրապարակից, համենայն դեպս, բացի հրապարակից, նաև այլ գործերով զբաղեցնել` մեկ, և երկու` ՀԱԿ-ին հակակշիռ էր պետք ապահովել խորհրդարանական հարթակում: Շոուն հաշվարկված է ճշգրիտ: Այս խորհրդարանում տարբեր ժամանակների ու տարբեր իշխանությունների նախկին վարչապետերի, արտգործնախարարների, կուսակցապետերի պակաս չկա` համապատասխան ուղղություններով ելույթ-հակաելույթների հետևանքներով: Բայց` ընդամենը շոուն, որովհետև ի սկզբանե հաշվարկված են նաև ելքերը: Արդյունքի տեսակետից քննարկում լինել չի կարող: Շանթարգելի օրենքն աշխատելու է անվրեպ` կհնչեն ամենաշլացուցիչ ու ամենախլացուցիչ ելույթները, կասվի ամենքին, ամեն ինչ ու միշտ: Եվ կլիցքաթափվի իրավիճակը: Ընդ որում, եթե առաջ այդ հոգսն էլ իշխանության ուսերին էր, հիմա ընդդիմությունն առավելագույնը կանի այդ դաշտում գոնե նվազագույն հաղթանակներ ունենալու համար: Երբեմն էլ` առավելագույն: Իսկ երբ գա հարցի լուծման պահը, ընդդիմությունը միանվագ պարտության նույն պատկերը կստանա քվեատախտակին, ինչը և կանխորոշվել է ընտրություններով: Կմիավորվի՞, թե՞ չի միավորվի որևէ ձևաչափով հայտարարված ու չհայտարարված ընդդիմությունն առաջիկա հինգ տարիներին: Ակներևաբար` տարբեր հարցերի շուրջ միայն: Որովհետև միավորվելը ոչինչ չի ավելացնելու ունեցած ռեսուրսներին: Գործնականում իշխանությունն ավելի մեծ մանևրների հնարավորություն ունի խորհրդարանում, քան ընդդիմությունը իր 7+5+5 թվաբանությամբ: ԲՀԿ-ի ձայները չհաշվենք, որովհետև «այլընտրանքը» բոլորովին այլ հաշվարկ է և այլ թվաբանություն է պահանջում:
13-րդ կառավարությանը հաճախ են գործունեության ժամկետ կանխորոշում 2013 թվականը: Իսկ ինչո՞ւ: Քաղաքական ուժերի հարաբերակցությունը 2013-ին ընդամենն ամրապնդվելու է: Իշխանությունն իր ներսում ճակատների ձևավորումը և թեկնածուների առաջադրումը կանխելու է միանշանակ: Ամենատարբեր մեթոդներով, բայց առանց առճակատման: ԲՀԿ-ն վաղ թե ուշ հոգնելու է այլընտրանք-այլընտրանք խաղալուց և 2013-ի կեսից փոխելու է իր ելույթների տոնայնությունն ու բովանդակությունը` դառնալով իսկապես կառուցողական, համապատասխանաբար էլ «մոռանալու է» «Ով ուզում է լինի, բայց ոչ Տիգրան Սարգսյանը» իր հնարած բանաձևը: Բայց դա դեռ չի նշանակում, որ Տիգրան Սարգսյանն ընդմիշտ վարչապետ է նշանակված: Կառավարության կազմում փոփոխություններ կլինեն միայն անձերի փոփոխության նշանաբանով:
Քաղաքական խճանկարում ուժերի վերադասավորությունը փոխելու զուտ տեսական երկու հնարավորություն է մնում` ներքին իրավիճակի սրման և արտաքին քաղաքական: Գուցե նաև ոչ տեսական, քանի դեռ փողոցում է և ցանկացած պահի կարող է հավաքվել բողոքական-ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդկանց բանակը` եթե գտավ իր առաջնորդին: Ընտրություններում նրանք իրենց համար որևէ հարց չեն լուծել, ինչպես ապրում էին իրենց խնդիրների հետ, այնպես էլ մնացել են: Գործնականում մենակ: Նրանք, սակայն, սոցիալ-տնտեսականից բացի, այլ պահանջներ չունեն: Իսկ հանուն հացի Հայաստանում իշխանափոխություն չեն անում:
Արտաքին քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը եղել և մնում է անփոփոխ` Լեռնային Ղարաբաղի հարցը: Նոր քաղաքներ են ավելանում հայտարարությունների, հռչակագրերի ու հուշագրերի աշխարհագրության մեջ: Գործնականում արտգործնախարարների փարիզյան հանդիպումը հունիսի 18-ին ընդամենը մեկ խնդիր լուծեց` բանակցությունները շարունակելու: Այլ խնդիրներ, թերևս, չկային էլ: Իրավիճակը այդպիսին էր: Լոս Կաբոսում Մեծ 20-յակի հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի եռանախագահները հանդես եկան հերթական հայտարարությամբ` որերորդ անգամ հիշեցնելով, որ «ձեռք բերված առաջընթացը հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու համար»: Նաև` ստատուս քվոյի` այլևս ոչ մեկին ձեռնտու չլինելու, նաև` քաղաքական խիզախության, նաև... այնքան ծանոթ բառեր, այնքան ծանոթ ձայնով: Նրանք ասացին գլխավորը` նրանք բացառեցին պատերազմը: Եվ դա գլխավորն է ամբողջ տարածաշրջանի համար, դա գլխավորն է նաև իրենց համար, որովհետև ակնհայտ է, որ լոկալ կոնֆլիկտ չի կարող մնալ պատերազմի վերսկսումը, իսկ փոխադարձ խնդիրները լուծելու համար նրանք դեռ ունեն այլ տարածքներ: Եվ, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հարցը եղել և մնում է իշխանափոխության բանալի Հայաստանում ու ոչ միայն Հայաստանում:
Տեսական այս երկու հարցերի գործնական դառնալու հավանականությունը չբացառելով` չբացառենք նաև երրորդ տարբերակը` անսպասելին, որ լինում է կամ լավ նախապատրաստված, կամ պարզապես պատահական: Համենայն դեպս, և՛ Ազգային ժողովում կան «պահեստային» նախագահների թեկնածուներ, և՛ կառավարությունում, նույնիսկ եթե իրենք այդ մասին չգիտեն: Կամ չեն ասում:
Միայն առաջին հայացքից է ամառը քաղաքական դադարի շրջան: Քաղաքականության արթուն ժամացույցը շարունակում է հաշվարկել ոմանց իշխանության գալու, ոմանց իշխանությունից հեռանալու ժամանակը: Ովքեր աներկբա վճռել են ճշմարիտ լինել, չպետք է տրվեն սիրուն և չպետք է ատելություն իմանան: Չպետք է ամբողջ իշխանությունը որևէ, անգամ հանգստության ու անվտանգության նպատակով կուտակեն մի մարդու ձեռքում, եթե չեն ուզում, որ անհետանան տաղանդներն ընդհանրապես ու մասնավորապես ապրելու տաղանդը: Չպետք է աղավաղեն ճշմարտությունը` ատելով իշխողներին կամ նրանց հաճոյանալով: Պետք է մտածեն ժառանգների կարծիքի մասին ու ժառանգների մասին: Ճշմարտությունը պետք է տարբերեն ճշմարտության նկատմամբ սիրո ցուցադրման նենգությունից: Այս տողերով է սկսվում մ. թ. առաջին դարի պատմիչ Կոռնելիոս Տակիտոսի «Պատմությունը», միայն սկսվում է և չի ավարտվում, թեպետ անցած ժամանակի մեջ ամեն սերունդ որոնել է իր ճշմարտությունը, և ամեն իշխանություն հաստատել է իր ճշմարտությունը: Իսկ երկուսի ճշմարտությունների համադրումը միշտ չէ, որ տվել է հայրենիքի այն ժամանակը, երբ յուրաքանչյուրը կարող է` ինչ ցանկանում է մտածել և խոսել` ինչ մտածում է: Եվ ուրեմն, յուրաքանչյուր հաջորդ սերունդ սկսել է նախորդի սխալներն ուղղելով կամ խորացնելով, իսկ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն իրեն ընդհանրապես մարդկության պատմության 00.00 ժամ է համարել ու փորձել կանգնեցնել պատմության արթուն ժամացույցը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Բացառված չէ, որ այս ընթացքով մեր ժառանգները իսկապես իրենց 12-րդ մայրաքաղաքում սովամահ լինեն, որովհետև եթե յուրաքանչյուր կառավարություն իրեն իրավունք վերապահի և յուրաքանչյուր խորհրդարան էլ համաձայնի կառավարության հետ, Սևանում ջուր չի մնա: Գոյություն չունեցող երաշտը և անջուր ամբարտակներն ընդամենը պատրվակ են 13-րդ կառավարության համար, իսկ ջուրը ներել չգիտի: Նույնիսկ Սևանի քաղցրահամը: