ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Սև ծովում և Հարավային Կովկասում է որոշվում «նեոօսմանիզմի» ճակատագիրը

Սև ծովում և Հարավային Կովկասում է  որոշվում «նեոօսմանիզմի» ճակատագիրը
26.06.2012 | 12:04

Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Սիրիայի առնչությամբ ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքերի մերձեցումը, որքանո՞վ դա կարելի է վերագրել թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը, ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ այդ իրադարձությունները։
Միառժամանակ առաջ, ամերիկյան «Մոնթերեյ» հածանավի Սև ծով մտնելու առթիվ Թուրքիայի սովորական արձագանքի բացակայության, ինչպես նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջին-երկրորդ դեմքերի միջև շփումների մասին սահմանափակ հաղորդումների կապակցությամբ կարելի է անսխալ եզրահանգել, որ ամերիկացիներին ու թուրքերին հաջողվել է համաձայնության գալ ինչ-որ մի կարևոր ու սկզբունքային հարցի շուրջ: Սիրիայի առնչությամբ ձևավորվել է ԱՄՆ-ը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան ներառող եռյակ «դաշինք», որը ներկայացնում է արաբական պետությունների մեծ մասի շահերն ու դիրքորոշումները: Սիրիայի առիթով առաջացել է մի շատ նպաստավոր հանգամանք, քանի որ եվրոպացիները հարկադրված էին միանալ ընդհանուր բացասական գնահատականներին, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը նման պայմաններում չեն կարող անել ավելին, քան արել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Սիրիայում կառավարող ալավական (շիական) վարչակազմի հեռացումն իշխանությունից ուղղակի երանություն կլիներ ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի, ինչպես նաև արաբական սուննիադավան պետությունների համար, չնայած դա շատ վտանգավոր քայլ է և կարող է քաղաքական ու հասարակական աղետ առաջ բերել Միջերկրական ծովի արևելյան առափում: Եվրոպայի որոշակի փորձագիտական շրջանակներում հիանալի են հասկանում, թե տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար ինչ հետևանքներ կարող է ունենալ Սիրիայի ներկա վարչակազմի տապալումը: Սիրիան երկար ժամանակ, Հաֆեզ Ասադի իշխանության գլուխ անցնելուց ի վեր (փաստորեն, 1969 թվականից) Մերձավոր Արևելքի տարածաշրջանային քաղաքականության մեջ գլխավոր հավասարակշռողի դեր է խաղացել: Արևմուտքի, արաբական աշխարհի առաջատար պետությունները, Իրանը, Թուրքիան, Խորհրդային Միությունը քաղաքական և դիվանագիտական գզվռտոցի մեջ էին Սիրիայի վրա ազդեցություն ունենալու, Սիրիայի կողմից այս կամ այն պարտավորությունը պահպանելու համար: Իսրայելի և Թուրքիայի կողմից թշնամական վերաբերմունքի պայմաններում, Սիրիան հենվում էր ԽՍՀՄ-ի վրա, հետագայում` նաև Իրանի, շատ թե քիչ վստահելի հարաբերություններ պահպանելով առաջատար արաբական պետությունների, նախ և առաջ Եգիպտոսի ու Իրաքի, ավելի քիչ` Սաուդյան Արաբիայի հետ: Իրաքի ինքնուրույն պետության վերացման ու Եգիպտոսի թուլացման, ինչպես նաև Լիբիայում և արաբական մյուս պետություններում բարդ իրադրության առաջացման պատճառով Մերձավոր Արևելքում ուժերի հաշվեկշիռն արմատապես փոխվեց, և Սիրիան հայտնվեց ծայրահեղ բարդ վիճակում: Թուրքիան, որը վերջին տարիներին Սիրիայի հետ մերձեցման կուրս էր վարում, այդ թվում նաև` պաշտպանական ոլորտում, հասկացավ տարածաշրջանում ազդեցության ուժեղացման իր քաղաքականության անհեռանկարայնությունը, քանի դեռ Սիրիայում իշխանությունը շարունակում է գտնվել ալավական վարչակազմի ձեռքին, որն Իրանի հետ շիական ճակատ ստեղծելու գերակա նպատակ է հետապնդում: Պարզվեց, որ Սիրիայում ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի շահերը զուգադիպել են, և Անկարայում հույս ունեն ալավական վարչակարգի վերացումից հետո արագորեն վերականգնելու հարաբերությունները Սիրիայի հետ: Ընդ որում, Թուրքիայի այդ դիրքորոշումը նրա համար երաշխավորում է արաբական պետությունների մեծամասնության «համակրանքն» ու «ըմբռնումը», ինչին ձգտում է Թուրքիան: Որքանո՞վ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և Թուրքիայի փոխադարձ շահերը կարող են հանգեցնել առճակատման հաղթահարմանն ու տարածաշրջանում և այլուր ամերիկացիների և թուրքերի դիրքերի մերձեցմանը: Այդ հարցից է կախված նաև Սև ծովում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, քանի որ հենց այստեղ է որոշվում «նեոօսմանիզմի» ճակատագիրը և ձևավորվում ամերիկա-թուրքական հարաբերությունների «հիմնապատկերը»:
Մեր կարծիքով, վերջին տարիներին Թուրքիան առնվազն երկու հիասթափություն է ապրել` Մերձավոր Արևելքում իր ազդեցության մեծացման և ԱՄՆ-ի կողմից իր քաղաքականության պաշտպանության առնչությամբ: Դա տեղի ունեցավ նախ Իրաքում, ապա` Սիրիայում: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը թույլ չտվեց Իրաքում Թուրքիայի դիրքերի որևէ ամրապնդում` պատերազմի հիմնական մասի ավարտից հետո, ապա նաև առհասարակ շահագրգռված չէր թուրք-սիրիական հարաբերությունների զարգացմամբ, ինչպես նաև այն բանով, որ Թուրքիան միջնորդ դեր ունենար իսրայելա-սիրիական բանակցություններում: ԱՄՆ-ը «հավաքագրել» է Սաուդյան Արաբիայի, Ծոցի արաբական միապետությունների, Հորդանանի և մյուս արաբական պետությունների քաղաքական ռեսուրսները` թույլ չտալով, որ Թուրքիան իր նվաճողական ծրագրերն իրականացնի այս տարածաշրջանում: Այդ խնդրի իրականացման հարցում մշտապես դժվարություններ է հարուցել Իրանը, որը, արաբական պետությունների կարծիքով, հսկայական վտանգ է ներկայացնում արաբական աշխարհի համար: ՈՒստի Մերձավոր Արևելքում Թուրքիայի նվաճողամտությունը զսպելու արաբների գործողություններն այնքան էլ վճռական չեն եղել, քանի որ Թուրքիայի դիրքերի որոշ ուժեղացումը արաբական մայրաքաղաքներում համարում էին Իրանի հավակնություններին ու քաղաքականությանը հակազդելու գործոն: Այս հանգամանքների կողքին տարածաշրջանում ուժերի դասավորության գործում ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում քրդերը, և այդ գործոնը խիստ հակասական դեր է կատարում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի, նաև Սիրիայի դիրքերի ուժեղացման կամ թուլացման գործում: ԱՄՆ-ն ամենևին շահագրգռված չէ այդ տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացմամբ, քանի որ այդտեղ նրա շահերը չեն ենթադրում նոր, այդքան ուժեղ ակտիվ դերակատարների առաջացում: Ամերիկացիները շատ լավ են հասկանում, որ իմաստ չունի Թուրքիայի ուժեղացումը համարել Իրանի ազդեցության հակակշիռ, քանի որ իրենք արաբական պետությունները (բացի Սիրիայից ու Լիբանանից), տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը գնահատում են որպես մեծ սպառնալիք և մտադիր են հակազդելու նրան: Միայն Սաուդյան Արաբիան կարճ ժամանակամիջոցում ձեռք բերեց 70 մլրդ դոլարի ժամանակակից սպառազինություն, ինչն Իրանի տարեկան պաշտպանական բյուջեից տասն անգամ ավելի է: Բացի Սաուդյան Արաբիայից, խոշոր սպառազինություններ են ձեռք բերել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները և Ծոցի մյուս պետությունները: Դրանք նախատեսված են, առաջին հերթին, Իրանի նկատմամբ առավելություն ապահովելու համար, որն այդ պետությունների պաշտպանական դոկտրիններում դիտարկվում է որպես առավել վտանգավոր հակառակորդ: Ընդ որում, Իսրայելը, որպես սպառնալիք, տեղափոխվել է երկրորդ հորիզոնական, տեղը զիջելով Իրանին: ՈՒստի, ԱՄՆ-ը այնքան էլ շահագրգռված չէ արաբական պետությունների վրա Իրանի ազդեցության մեծացման հեռանկարով: Խնդրահարույց է միայն Իրաքը, որտեղ շիադավանների թիվը կազմում է բնակչության 63 տոկոսը, ժամանակի ընթացքում այդ երկիրը կանցնի նրանց գերակշիռ քաղաքական ազդեցության տակ, հետևաբար սերտ հարաբերություններ կունենա Իրանի հետ: Բայց, այդուամենայնիվ, Իրաքը արաբական պետություն է, և ունենալով նյութական ու պաշտպանական մեծ ռեսուրսներ, հազիվ թե կախման մեջ ընկնի Իրանից: ՈՒստի Թուրքիան տարածաշրջանում Իրանին հակազդելու օգտակար գործոն համարելը ավելորդ և բավական խոշոր ռեսուրսներ պահանջող լրացուցիչ բեռ է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության համար: ԱՄՆ-ը վարում է Թուրքիայի նվաճողամտության զսպման քաղաքականություն և չի կարող այդ քաղաքականությունից հրաժարվել, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել նեոօսմանիզմի դոկտրինից, չի վերադարձել ԱՄՆ-ի ազդեցության դաշտ կամ, գոնե, չի հրաժարվել ԱՄՆ-ի հանդեպ առճակատման դիրքորոշումից: Որքան էլ էական լինեն Սիրիայի առթիվ ԱՄՆ-ի ու Թուրքիայի ներկա պայմանավորվածությունները, նրանց միջև եղած հակասությունները պահպանվում են: Եվ ուրեմն ի՞նչ է պատահել:
Շարիաթը «ժամանակավոր ամուսնություն» ընդունում է, և ահա ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հենց «ժամանակավոր ամուսնություն» է տեղի ունեցել: Անցկացվում է մի փորձ, որտեղ ամերիկացիներն ու թուրքերը ջանում են հասկանալ, թե իրենց միջև հարաբերությունների ի՞նչ ձևաչափ կարող է հաստատվել մոտ ապագայում: ԱՄՆ-ը սպասել գիտե և հասկացել է, որ հարկ չկա ավելորդ դրամա սարքել տարածաշրջանում ու աշխարհում նոր դիրքեր ձեռք բերելու Թուրքիայի փորձերից: Վերջին տարիներին, Թուրքիայի քաղաքականությունն ընկալելով իբրև ավելի մեծ անկախության ձգտող գործընկերոջ վարքագիծ, ամերիկացիները նույնիսկ փոքրիշատե նշանակալի քաղաքական բանավեճ չծավալեցին այդ առթիվ` քաղաքական և փորձագիտական շրջանակներում: Քաղաքական մեկնաբանություններում միայն աննշան հայտարարություններ և հետևություններ են եղել Թուրքիայի «նոր» քաղաքականության առթիվ: Կասկած չկա, որ ԱՄՆ-ը բավական ընդարձակ ու բազմակողմանի քաղաքական գործողություն է իրականացրել Թուրքիայի «զսպման» քաղաքականության իրականացման նպատակով, և ապագայում, այսպես թե այնպես, այդ գործողության մանրամասները կդառնան այդքան խոշոր պետության նկատմամբ այդ կարգի քաղաքականության դասական օրինակներ: Թուրքիան կանգնած է հետևյալ ակնկալվող խնդիրների առջև։
Թուրքիան վախեցած է 1990-ականների վերջի և 2000-ականների սկզբի ճգնաժամի նման հերթական խոր տնտեսական ճգնաժամի, այսինքն` «վարկային ճգնաժամի» սպառնալիքից, որի հաղթահարումը, առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցության, շատ դժվար է: Բայց այս անգամ թուրք քաղգործիչները, որոնք նախորդ ճգնաժամի դառը փորձն ունեն, զգուշանում են ԱՄՆ-ի քաղաքականությունից, որը կարող էր արագացնել և սաստկացնել այդ ճգնաժամը:
Թուրքիան չկարողացավ բավարար չափով աջակցություն ստանալ Ռուսաստանից և ամենևին չկարողացավ ավելի վստահելի հարաբերություններ հաստատել Իրանի հետ, իսկ Չինաստանն առհասարակ չի շտապում Թուրքիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ հաստատել: Այսինքն, Թուրքիային չհաջողվեց համոզչորեն ցուցադրել իր ընդունակությունն ու իրական հնարավորությունները` Եվրասիայում ձեռք բերելու դաշնակիցներ ու գործընկերներ` ի դեմս ուժի համաշխարհային կենտրոնների և խոշոր տերությունների:
Թուրքիան տարեցտարի համոզվում էր, որ ինքը չունի այն հասարակական, քաղաքական և տնտեսական հնարավորությունները, որ անհրաժեշտ են նեոօսմանիզմի դոկտրինի իրականացման համար, կամ, եթե ձևակերպելու լինենք ավելի հստակ` ավելի բարձր մակարդակի անկախություն ձեռք բերելու համար: Բացի այդ, Թուրքիան նկատել է, որ իր տարածաշրջանային նախաձեռնությունները թշնամաբար են ընդունվում տարբեր տարածաշրջաններում և այն պետությունների հետ հարաբերություններում, որոնց հետ, թվում է, գլխավոր խնդիրները լուծված են, և մնում է անցնել ավելի սերտ համագործակցության փուլերին: Մերձավոր Արևելքի, Բալկանների, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ոչ մի պետություն թույլ չի տվել Թուրքիայի ազդեցության ուժեղացում:
Թուրքիան չկարողացավ հաղթահարել Եվրամիության և Եվրոպայի առաջատար պետությունների հետ հարաբերություններում ունեցած խնդիրները և առաջ տանել իր եվրոպական նախագիծը: Ֆրանսիային, Գերմանիային ու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հակառակորդ մյուս երկրներին ինչ-որ չափով միացել է նաև Մեծ Բրիտանիան, որն այդ դիրքը բռնել է շատ նուրբ ձևով:
Թուրքիան ներքաղաքական լուրջ խնդիրներ ունի, ինչպես ավանդական քեմալականության և չափավոր իսլամի կապակցությամբ, այնպես էլ քրդական ազգային ազատագրական շարժման ծավալման: Ընդ որում, թուրք քաղգործիչները չեն կարող վստահ լինել, թե որքանով են երկրի քաղաքական ու ազգային խմբերը կապված արտաքին շահագրգիռ ուժերի հետ:
Այսպիսով, ԱՄՆ-ը Թուրքիային ցույց է տվել, որ վերջինս իր նպատակներին չի կարող հասնել և հավակնությունները չի կարող իրականացնել առանց իր հետ սերտ համագործակցության, տարածաշրջաններում իրականացնելով կոորդինացված քաղաքականություն, ինչ-որ չափով մնալով ամերիկյան վերահսկողության ներքո։ Թուրքիան, թերևս, ԱՄՆ-ի հետ համաձայնեցրել է իր քաղաքականության որոշակի ուղղություններ, բայց դա բոլոր խնդիրների լուծում չի նշանակում: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները կզարգանան ալիքաձև, սինուսոիդների ձևով, այն խնդիրների ազդեցությամբ, որոնք երկու պետությունների կողմից համարվում են համագործակցության «ասպարեզ», «նյութ»: Հազիվ թե Վաշինգտոնի և Անկարայի միջև այժմ ձեռք բերվեն համաձայնություններ, որոնք գլխավոր խնդիրների լուծում կենթադրեն: Այդ խնդիրները մնում են, և առճակատման պահերն իրենց զգալ կտան:
Սև ծով-կովկասյան տարածաշրջանը դարձել է առավել խնդրահարույցներից մեկը ամերիկա-թուրքական հարաբերություններում: Թուրքիան հանդես է գալիս այդ շրջանում ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման դեմ, խիստ նախանձախնդրորեն է վերաբերվում պաշտպանության և անվտանգության հարցերում տարածաշրջանի երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմանը: Թուրքիան, ի հակակշիռ ԱՄՆ-ի, քայլեր է ձեռնարկել Ռուսաստանի հետ համագործակցության ուղղությամբ, փաստորեն` ընդդեմ տարածաշրջանում «երրորդ ուժի» առաջացման: Դա եղել է Ռուսաստանի հետ տևական և բազմակողմ բանակցության թեմա: ԱՄՆ-ը, իհարկե, թուրք-ռուսական հարաբերությունների զարգացումը համարում է շատ անցանկալի երևույթ, այնպես, ինչպես Չինաստանի, Իրանի ու Պակիստանի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումը: Սակայն ռուս-չինական հարաբերությունների զարգացման նման, ամերիկացիները կասկածում էին ռուս-թուրքական դաշինքի ձևավորմանն ու հակասությունների արագ հաղթահարմանը: Պետք է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները «կարգավորելու» ԱՄՆ-ի փորձերը նպատակ ունեին մեծացնելու հսկողությունը Թուրքիայի նկատմամբ և խարխլելու ռուս-թուրքական հարաբերությունները:
Իր Սև ծով-կովկասյան ծրագրերում ԱՄՆ-ը շեշտը դրել է ոչ թե Թուրքիայի, այլ Բալկանների ու Կովկասի երկրների վրա, նրանց աստիճանաբար կտրելով Թուրքիայի ազդեցությունից: Դրանով իսկ ամերիկացիները Թուրքիային ցույց տվեցին, որ կարող են յոլա գնալ նաև առանց նրա` նույնիսկ եթե Թուրքիան փորձի մերձենալ Ռուսաստանի հետ և Սև ծովի հարցերում հանդես գա նրա հետ միաբանված: Թուրքիան հասկացել է դա և ստիպված է հաշտվել դրա հետ, հուսալով, որ ԱՄՆ-ն իրեն կաջակցի գոնե որոշ տնտեսական և պաշտպանական հարցերում: Երևի շատ շուտով այդ համաձայնությունների պայմանները հայտնի կդառնան լայն հանրությանը: Բայց արդեն այժմ կարելի է ասել, որ գործ ունենք քրդական շարժման դեմ պայքարի, որոշակի սպառազինությունների մատակարարումների, տարածաշրջանային քաղաքականության որոշ հարցերի և տնտեսական ճգնաժամի դեմն առնելու հարցերի լուծման հետ:
Այսպիսով, կարելի է հետևյալ ենթադրությունն անել. ԱՄՆ-ը և Թուրքիան որոշում են ընդունել Սիրիայի առնչությամբ և այդ պայմանավորվածությունների ազդեցությամբ պատրաստ են լուծելու տարածաշրջանային մի քանի այլ հարցեր, բնականաբար` ԱՄՆ-ի համար ընդունելի ձևաչափերով: Ամենայն հավանականությամբ, առայժմ այդ պայմանավորվածությունները սահմանափակ են և Իրաքին ու Իսրայելին առնչվող շատ հարցեր չեն ներառում: Բայց, ըստ երևույթին, Իրանի հետ կապված մտքերի փոխանակություններ եղել են:
ԱՄՆ-ը կարողացել է որոշ չափով ուժեղացնել Թուրքիայի նկատմամբ վերահսկողությունը և, դրա հետ մեկտեղ, ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել Սև ծովում իր ներկայությունը մեծացնելու ուղղությամբ` հասնելով այստեղ «երրորդ ուժի» ստեղծմանը, որը կլիներ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշման այլընտրանք (գուցե և` գործընկեր): «Երրորդ ուժի» գործոնը կդառնա հիմնարարներից մեկը Հարավային Կովկասում քաղաքականություն ծավալելու համար, և այն արդեն անհնար է անտեսել: Սև ծով-կովկասյան տարածաշրջանի պետություններն ավելի ու ավելի կկատարեն մերձակա խնդիրների շարքում Թուրքիային և Ռուսաստանին զսպելու գործառույթներ, բայց, նկատի ունենալով ավելի հեռահայաց խնդիրները, տարածաշրջանը կօգտագործվի Չինաստանի աշխարհաքաղաքական զսպման լայնընդգրկուն համակարգի ձևավորման գործում: Այսինքն, այս հեռանկարը որքան ընդունելի է տարածաշրջանի երկրների համար, այնքան էլ սպառնալիքներ ու վտանգներ է պարունակում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5863

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ