Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված Մոհամմեդ Մուրսին, ով «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդն է, Եգիպտոսի ժողովրդին ազգային միասնության կոչ է արել: Ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից մի քանի ժամ անց նորընտիր նախագահն ուղերձով դիմել է երկրի բնակիչներին` խոստանալով լինել բոլոր եգիպտացիների նախագահը, որտեղ էլ նրանք լինեն: «Ես կոչ եմ անում Ձեզ, եգիպտական հզոր ժողովուրդ, ամրապնդել մեր ազգային միասնությունը: Ներկա դժվարին ժամանակներում դա միակ ելքն է»,- ասել է նորընտիր նախագահը: Նա նաև խոստացել է, որ Եգիպտոսը հետևելու է միջազգային բոլոր պայմանագրերին, և մտադիր է խաղաղություն հաստատել երկրում: