Նոր խորհրդարանը հնաբնակներիս հիշեցրեց 98-ի պառլամենտը, ուր կար բանավեճ, ինչն էլ կենդանի էր պահում քաղաքական կյանքը: Կոնկրետ դեպքում պետք է ֆիքսել, որ վերջապես` 99-ի հոկտեմբերի 27-ից այս կողմ, հաջողվեց պառլամենտը վերադարձնել իր պատկերին:
Կառավարության ծրագրի քննարկումը բացահայտումների ուրույն բանալի դարձավ խորհրդարանում առկա քաղաքական բոլոր ուժերի էպիկրիզը հասկանալու համար:
Սկսենք ՀՀԿ-ից: Քննարկումների առաջին օրը, ինչպես նախագահական ընտրություններին, ՀՀԿ-ում «մոնո» տարբերակն էր, հիմնական «քարոզիչը» Տիգրան Սարգսյանն էր, որն իր վրա վերցրեց բավականին «մարդաշատ» ընդդիմադիրների հարվածները, քաղաքակիրթ պատճառաբանություններով հետ մղելով դրանք «ճակատային» բոլոր գծերում, առաջին հերթին` տնտեսության:
Վարչապետը պատասխանեց բոլորին, այդ թվում և` Վարդան Օսկանյանին, կոալիցիայից նոր դուրս եկած, ոտները դեռ իշխանությունոտ ուժին հստակ հասկացնելով, որ հայաստանյան տնտեսական ծանր կացության և ճգնաժամի պատճառներից գլխավորը տնտեսության դիվերսիֆիկացված չլինելն էր` էլիտար շինարարության իրականացմամբ: Գաղտնիք չէ. շինարարությունն այդ իրականացնում էին Օսկանյանի «հայրերն» ու «որդիները»:
Վարչապետը «սևով սպիտակի վրա» ասաց նաև, թե «պատճառներից հաջորդն էլ այն էր, որ չենք կարողացել ապահովել արդարացի բիզնես-միջավայր և խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, և եթե հիմա էլ չբերենք, մեր ապագա ծրագրերն իսկապես տապալվելու են», և որ խոշոր բիզնեսը հարկային դաշտից խուսափելու համար չպետք է թաքնվի տարբեր տիպի ձեռնարկությունների «տակ», ուստի պետք է տեղի ունենա ստվերային տնտեսության կրճատում:
Չնայած Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում խորհրդարանի նիստերին, այնուհանդերձ, բոլորը հասկացան, թե ինչ է ասվում և ում է ասվում: Ընդհանուր առմամբ:
Հիշենք` Ծառուկյանն անտեր մնացած ԲՀԿ ֆրակցիային իր հեռվից ասել էր` չի գալու ԱԺ նիստերին, որովհետև վարչապետ է Տիգրան Սարգսյանը:
Ինչպես երևաց խորհրդարանական քննարկումներից, բոլորը դիմացան նրա բացակայության վշտին, նախ` նայելով Ծառուկյանի ընկերոջ` Դավիթ Ռոստոմյանի որդու, սպորտի ու երիտասարդության նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի կողմը, ինչպես նաև փարատվելով, որ ԲՀԿ-ն այդպես էլ ընդդիմադիր լինելու մասին հայտարարություն չարեց: Եվ ապա` ծավալված հետաքրքիր քննարկումներով, որոնց եթե ներկա լիներ ԲՀԿ-ի առաջնորդը, շատ հետաքրքիր էր լինելու` ինչ էր ասելու:
Ի դեպ, ընդդիմություն չլինելու մասին չարված հայտարարությանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Սա արդեն երկրորդ օրը, երբ ՀՀԿ-ն բալանսը փոխեց իր օգտին` կարգին մաստեր-կլաս ցույց տալով:
Հարկավորը պետք է մատուցել ՀՀԿ-ին, որն սկզբում «տազ արեց» այդ քննարկումների ժամանակ, ադեկվատություն չդրսևորեց, «ուսուցչական-քյարթու» ելույթներ ունեցավ, երկրորդ օրը «վաբանկ» գնալով` տապալեց ընդդիմադիրների կառուցած Կարթագենը:
Քաղաքական ճեղքում ապահովեց ֆեյսբուքահայությանը քաջ հայտնի Արմեն Աշոտյանը, որը քաղաքակիրթ, գրագետ, անվիճարկելի մի շարք թեզեր առաջ քաշեց` առաջին հերթին փարատելով սարսափը, որը «պատել» էր շատերին, թե մեծամասնությունը` կոալիցիան, պատրաստ չէր խորհրդարանական այս կարգի զարգացումների, ռեալ բանավեճի` թե՛ գաղափարական, թե՛ անհատական մակարդակներում:
Աշոտյանը բավականին բարձր «դո»-ով տեղը դրեց բոլոր պապից կաթոլիկ-կաթոլիկուհիներին (ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանի նյարդերը չդիմացան, նա ցուցադրաբար դուրս եկավ դահլիճից), այդ թվում և` նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ին։ «Մենք մենք ենք և այստեղ ենք, իսկ դո՞ւք որտեղ եք. ի՞նչ է նշանակում ձեր նշած «ձախողված կառավարությունը», երբ այդ կառավարության մեջ ունեցել եք չորս պորտֆել, ասել է` երեսունհինգ տոկոս իշխանություն»,- հարցրեց Աշոտյանը` ևս մեկ հարց ուղղելով վերջիններիս. դաշնակցությունը լքեց կոալիցիան գաղափարախոսական պատճառներով, ինչո՞ւ այս օրերին չհնչեց ԲՀԿ-ի կողմից ընդդիմադիր լինելու մասին հայտարարությունը:
Եվս մեկ հետաքրքիր դիտարկում կատարեց Աշոտյանը. «Ֆորին Փոլիսը»` աշխարհում ամենահայտնի փորձագիտական հանդեսը, օրերս արձանագրել է, որ «ձախողված կառավարությամբ» այս Հայաստանն ամենակայուն երկիրն է տարածաշրջանում։ «Համակերպվեք ընտրությունների արդյունքների հետ, հետընտրական բարդույթները հաղթահարեք»,- խորհուրդ տվեց Աշոտյանը։ Բոլորին: Եվ հատկապես չհաղթահարվածներին:
Ի՞նչ մարտավարություն էին ընտրել հակընդդեմ ուժերը: Ասել, որ նրանց սկսած բանավեճում առկա էր նաև վեկտորալ բաղադրիչը, ճիշտ չի լինի, այնուհանդերձ, ակնառու էր, որ Արևմուտք սիրող օպոնենտներն առավել քաղաքակիրթ, գաղափարական, պակաս պոպուլիստական էին, քան Ռուսաստան սիրողները, որոնք, դատավորի կեցվածքով, առավել մեղադրողներ էին, պահանջատեր: Իսկ անձի համար պայքարի ելածներն ընդամենը զգայական էին, որ մատնում էին իրենց ենթագիտակցական-ֆրոյդիստական անկեղծ պաթոսը:
«Միջին» վիճակում էր Գորիկ Հակոբյանից «մաֆիոզի» անվանված (դե` եթե թարգմանենք պարոն Հակոբյանի ասածը` շատ կառուցողական «թարգմանությամբ», ապա հենց այդպես էլ թարգմանվում է, մանավանդ որ Օսկանյանը չի ցանկանում որևէ կերպ պատասխանել «մեղադրանքին», այն էլ ԱԱԾ ղեկավարի արած) Օսկանյանը, որն իր ամբողջ ելույթի ժամանակ մատն այնպիսի արագությամբ ու տեմպով էր թափ տալիս, որ ասինք` հրես կպոկվի: Ի դեպ, նույնակերպ մատը բոլորի վրա թափ տալով էր խոսում ՀԱԿ խմբակցության ղեկավար, Օսկանյան շատ սիրող Լևոն Զուրաբյանը:
Գաղափարական, թեկուզ և փոքր-ինչ տեսական էին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի արգումենտները, բայց և` բավականին քաղաքակիրթ: Նույնը` Ալիկ Արզումանյանի ելույթը։
Հետաքրքիր էր նաև դաշնակցության յանուսյան պահվածքը. ահավոր մշուշի մեջ «մնացած», Ռուսաստանում «Պատրիս Լումումբա» ավարտած Արմեն Ռուստամյանը, ի տարբերություն տնտեսությունից հասկացող, քաղաքակիրթ քննադատության կողմնակից Արծվիկ Մինասյանի: Ելույթ ունեցավ նաև երբեմնի սոցապահովության նախարար Աղվան Վարդանյանը: Քննադատական:
Մի խոսքով, կառավարությունը մեծամասնություն ուներ և, անկախ նրանից, մյուս ընդդիմադիր ու չընդդիմադիրները (էս ԲՀԿ-ն է) որքան էլ շատ ելույթ ունենային, դեմ լինեին առաջին հերթին վարչապետին, հետո նոր` կառավարությանը, հետո` իշխանությանն ինքնին, ապա և` հանուն ում դեմ լինեին (յուրաքանչյուր ընդդիմադիր-չընդդիմադիր ինքը կիմանար, թե իր սրտում ում համար է պայքարում վարչապետի դեմ և ուզում է հատկապես ով լինի վարչապետ, ումից էր հատկապես ինքը վրեժ լուծում), ինչպես քննարկումն ամփոփեց Գալուստ Սահակյանը, ընդդիմադիրներիդ այդ բոլոր ցանկություններն ու խոստումները` ժողովրդին տված, «մենք` ՀՀԿ-ն է իրականացնելու, իսկ մնացածը «հորովելներ» էին»:
Կարծես: Կառավարության ծրագիրն անցավ ոչ ավել, ոչ պակաս 75 ձայնով: Կառավարությունը ծափահարվեց:
Ծափահարության էր արժանի նաև ընդդիմությունը:
Չընդդիմադիրների մասով լռում ենք. առանց էն էլ սրտները շատ նեղված կլինի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ