«Մեղապարտ Ստեփանոս քահանայս, որ Սաեադ-Նովայ կկոչեն»,- այսպես է ներկայանում մեծ բանաստեղծն իր հիշատակարանում։
Սայաթ-Նովայի արվեստն իր եզակիությամբ, բառապաշարով, ներգործման ուժով մինչ օրս մնում է առեղծվածային: Հետազոտողների բազում սերունդներ յուրովի են բացատրել, մեկնաբանել նրա տաղերի խորին խորհուրդը: Սակայն, ինչպես յուրաքանչյուր մեծ արվեստագետի, այնպես էլ Սայաթի ժառանգությունը բացահայտումների անսպառ հնարավորություններ է ընձեռում:
Դիպուկ է ասել լատիշ պոետ Իմանտ Զիեդոնիսը. «Շեքսպիրն առաջարկում է մարդկային զգացմունքների այնպիսի կարկասներ, հենքեր, որ դրանք հավասարապես պիտանի են այն և այս ժամանակների, այս և այն սերունդների համար, բայց դրանք լրացնել տրված չէ դերասաններից և ոչ մեկին, սերունդներից և ոչ մեկին» (И. Зиедонис, Эпифании, М., 1977, стр. 126): Նմանապես և Սայաթ-Նովայի արվեստը, որին անդրադարձել են տարբեր սերունդների հայտնի բանասերներ Գևորգ Ախվերդյանը, Մորուս Հասրաթյանը, Գարեգին Լևոնյանը, Նիկոլ Աղբալյանը, երգիչներ Շարա Տալյանը, Վաղարշակ Սահակյանը, Թովմաս Պողոսյանը և այլք: Եվ հիմնվելով սայաթնովագետների հարուստ փորձի վրա, այսօր իր խոսքն է ասում Իշխան Ստեփանյանը:
Իշխանն ավարտել է Երևանի պետական համալսարանը` «նեյրոֆիզիոլոգ» մասնագիտությամբ: Շուրջ 15 տարի Երևանի պետական մանկավարժական համալսարանում դասավանդել է «Նյարդահոգեբանություն» և «Տարիքային հոգեբանություն» առարկաները: Նրա գրչին են պատկանում սայաթնովագիտության տարբեր հարցերին նվիրված հոդվածներ, Սայաթ-Նովայի «Հայերեն խաղեր» (Ե., 2004), «Հայերեն և թուրքերեն խաղեր» (Ե., 2006) ժողովածուները...
Անսալով Հովհաննես Թումանյանի, Մորուս Հասրաթյանի, Պարույր Սևակի պատգամ-հորդորներին, Իշխանը գրական արևելահայերենի է վերածել Սայաթ-Նովայի հայերեն ողջ ժառանգությունը (թվով 68 խաղ): Մինչ այդ մի շարք տաղեր արևելահայերենի էր վերածել Մ. Հասրաթյանը, ևս 20 տաղ արևմտահայերենի է փոխադրել Հմայակ Շեմսը: Իսկ 2003-ին լույս տեսած լիակատար ժողովածուում տեղ գտած թուրքերեն և վրացերեն խաղերի թարգմանությունները կատարել են Մորուս Հասրաթյանը և բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը:
Իշխան Ստեփանյանի փափագն էր մատչելի դարձնել Սայաթի խաղերը: Իր վերածումներում նա պահպանել է բնագրի չափերը, ինչը հնարավորություն է ընձեռում համապատասխան մեղեդիով երգելու դրանք: Սակայն դա չէր նրա նպատակը: Նա պարզապես ցանկացել է, որ ընթերցողները հնարավորինս ճիշտ ընկալեն ներկայացվող տաղերի բովանդակությունը: Իսկ դա դյուրին խնդիր չէ, քանզի Սայաթ-Նովայի բառապաշարը լի է բազում օտար բառերով, այլաբանություններով: «Նովա, զուտ Թիֆլիսի բարբառով գրելով հանդերձ, ճոխացուցած է իր բառամթերքը թաթար, վրացի, պարսիկ ու արաբ բառերով, որոնք ո՛չ միայն յանգերու հարստութեան նպաստած են, այլեւ նուագայնութիւն տուած են տաղերուն»,- գրել է Հմայակ Շեմսը (Սայաթ-Նովա, Խաղեր, 2003, էջ 301):
Իշխան Ստեփանյանը նշում է նաև արևմտահայերեն բառեր, որոնք Սայաթը լսած պիտի լիներ հորից, ինչպես նաև «հարազատ Լոռվա բարբառը», և հանգի համար ստեղծած արհեստական բառեր, որոնք Ստեփանյանն անվանում է «մելիզմներ» (նախշեր):
Ըստ կոմպոզիտոր Անտոն Վեբեռնի, արվեստի, մասնավորապես երաժշտության բովանդակությունը հասկանում են շատերը, ձևը` քչերը, իսկ էությունը` եզակի մարդիկ: Այս առումով, կատարողը մինչև խորապես չհասկանա տվյալ ստեղծագործությունը, չի կայանա հեղինակի, կատարողի, հետևապես և ունկնդրի սրտերի միջև ռեզոնանսը, որի ընթացքում տեղի է ունենում սիներգիա կոչված երևույթը: Մի հրաշք, երբ բաղադրիչների օրգանական միաձույլը (ներգործման ուժը) գերազանցում է նույն բաղադրիչների պարզ մեխանիկական գումարը: Այսինքն, մեկին գումարելով մեկ, կարող ենք ստանալ ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի: Դեռ Արիստոտելն էր ասում, որ ամբողջը, հանրագումարն ավելին է, քան առանձին մասերի պարզ գումարը:
Ճիշտ ըմբռնելով տեքստը, կատարողը գտնում է համարժեք ինտոնացիա, հնչերանգ, հնչուժ, կենդանի կերպարներ և այլ բարեմասնություններ, առանց որոնց հնարավոր չեն հեղինակի մտահղացումը մարմնավորելը, տվյալ գործը ճիշտ մեկնաբանելը:
Բազմաբնույթ և դժվարին աշխատանք է կատարել Ստեփանյանը: Նախ պետք էր թարգմանել օտար բառերը, համատեքստից բխեցնել դրանց համապատասխան նշանակությունը, հետո ըմբռնել իդիոմների, բառախաղերի, տառախաղերի իմաստը, հանգավորել դրանք: Երբեմն վիճելի էին նաև տաղի հերոսի ով լինելը, սեռը: Կար նաև տաղերում պակասող տողերի լրացման խնդիր և այլն: Կարծես քիչ էին Սայաթ-Նովային ըմբռնելու դժվարությունները, խորհրդային շրջանում դրանց գումարվեցին նաև կոմունիստական գաղափարախոսության կաղապարները։ Անդրադառնալով Սայաթ-Նովային վերագրվող սիրավեպին, Ի. Ստեփանյանը գրում է. մ«Մեր կարծիքով, Աննա Բատոնիշվիլու և Սայաթ-Նովայի փոխադարձ սիրո առասպելն ունի երկու դրդապատճառ։ Առաջինը` ծագումով մեծ մասամբ թիֆլիսահայ սայաթնովագետների համար սա ազգային սնապարծությունը բավարարելու միջոց է եղել... Երկրորդ պատճառն ավելի խորքային է և առնչվել է տիրող բոլշևիկյան գաղափարախոսությանը։ «Աղքատը սիրեց արքայադստերը» մշտնջենական հեքիաթը թելադրված և մեծ բանաստեղծի գլխին է կապված այդ գաղափարախոսությամբ» (Սայաթ-Նովա, Հայերեն և թուրքերեն խաղեր, Ե., 2006, էջ 10)։
Քանի որ թարգմանչի առջև ծառացած վերոհիշյալ խնդիրները մանրամասնորեն լուսաբանված են Ի. Ստեփանյանի նշված գրքերի ծանոթագրություններում, ուստի մենք կբավարարվենք մի քանի վառ օրինակներով: Ըստ թարգմանչի, առավել վտանգավոր էին այն օտար բառերը, որոնք հնչում են նաև հայերեն և ունեն այլ նշանակություն (զուգադիպություններ): Դրանք անվանում են նաև «թարգմանչի կեղծ բարեկամներ»: Օրինակ, հենց «Անի» բառը, որ վրացերեն այբուբենի առաջին տառի անունն է (ինչպես «Այբ»-ը հայերենում), որը մոլորեցնում է որոշ սայաթնովագետների: Ահավասիկ, վրացերեն «Քեզ հետ նրա համար եմ խոսում» խաղում ասվում է.
Սայաթ-Նովեն քի ղուլ դառնա,
Սուրաթդ լուսնակից լավն ա,
Անունս Սե ու Թո տառն ա,
Վը-ի վիրչումն Անի-ն տեսա:
Որոշ սայաթնովագետներ այս ծածկագրում նկատում են Սայաթ-Նովայի և Աննայի անունները: Մինչդեռ Ի. Ստեփանյանը, վկայակոչելով Աննայի և Սայաթի սիրո վարկածն ընդունող Մ. Հասրաթյանին, հերքում է. «Հազիվ թե կարելի լինի այստեղ ևս Անի-Աննա որոնել» (անդ, էջ 9):
Ահա Ի. Ստեփանյանի տարբերակը.
Սայաթ-Նովան քո ճորտն է,
Պատկերդ լուսնյակից լավն է,
Անունս քեզ համար է (քեզ մատաղ):
Եվս մեկ օրինակ. «Խոսքերդ լավ ընկալել եմ» տաղում «փրփուր» բառը, ըստ Ի. Ստեփանյանի, եթե դիտենք հայերեն նշանակությամբ, տվյալ նախադասությունը կիմաստազրկվի։ Նա առաջարկում է թուրքերեն «փըրփըր» բառը, որը փողփողացող կարմիր կտոր է նշանակում։ Այսպիսով, տողն իմաստավորվում է «Աշխարհն ծով, դու` մեջը նավ, ման կգաս` ալ առագաստ ես, ախպեր» (անդ, էջ 35)։
Ի. Ստեփանյանը տեղեկացնում է նաև, որ «յար» բառը թիֆլիսահայերեն նշանակում է նաև ընկեր, բարեկամ, հավատարիմ մարդ: Այն օգտագործված է նաև բանաստեղծական ձիրք, տաղանդ իմաստով. «Ո՞վ կու հարցնե, թե յար չունիս, խաղերդ յար, Սայաթ-Նովա» (անդ, էջ 41): Ավելի դժվար էր կռահել «Դուն էն գլխեն իմաստուն իս» տաղի «Աստձու սերն կանչողի պես» արտահայտությունը, որը, համաձայն բարբառի, Ի. Ստեփանյանը վերծանել է ահա այսպես. «Մատաղի փող ժողվողի պես, ինձ քո դռնից դուրս մի անի»: Նրա փոխանցմամբ, Թիֆլիսում միշտ չէ, որ բարյացակամ էին ընդունում մատաղի փող հավաքողներին: Ըստ թարգմանչի, նույն տաղի «Ասկըդ ասկիրումըն գոված` հա՛մդ ունիս, գօ՛զալ թագաւուր» տողում «թագաւուր» բառը բնավ չի նշանակում արքա, այլ «թաք», «կենտ», «միակ», նկատի ունի` սիրեցյալ: Ի. Ստեփանյանը վկայակոչում է Նիկոլ Աղբալյանին, ով «հերքում էր «սովետահայ» գիտնականների այն պնդումները, թե խաղը վրաց թագավորին է ուղղված», մանավանդ որ, ըստ Աղբալյանի, տղամարդուն «գօզալ» մակդիրով չեն դիմի (անդ, էջ 99): Նման խրթին օրինակները վկայում են, թե ինչպիսի «ստորջրյա խութեր» էին թաքնված Սայաթ-Նովայի պոեզիայի ծովում «նավարկող» թարգմանչի ճանապարհին: Թարգմանիչ, ով, ըստ Հ. Բախչինյանի, «բավականին թափանցել է» Սայաթ-Նովայի աշխարհը, «նա ևս ձգտել է վերածումները կատարել թե՛ բովանդակության, թե՛ չափի ու հանգավորման հնարավոր հարազատությամբ: Երկարատև տքնանքը տվել է հաջողված արդյունք» (Սայաթ-Նովա, Հայերեն խաղեր, Ե., 2004, էջ 5):
Հիրավի, սայաթնովյան քնարերգության գրականացումը Ի. Ստեփանյանի կողմից զգալի ներդրում է մեծ պոետի արվեստի ճանաչման և տարածման գործում: Դա հատկապես օգտակար է երգիչ-երաժիշտներին ու ասմունքողներին, ովքեր առանց խորապես հասկանալու տաղի տեքստը, նրա խորհրդաբանությունը, չեն կարող ճշմարիտ կերպարներ կերտել, տեղ հասցնել հեղինակի մտահղացումը: Ավելին, կատարումից առաջ ցանկալի է նախ ընթերցել արևելահայերեն տարբերակը, այնուհետև ներկայացնել բնագիրը: Այդպես է վարվում նաև «Շարական» անսամբլը: Մինչ համերգը, փորձերի ժամանակ ուսումնասիրում ենք տեքստը, ըմբռնում տաղի խորհրդաբանությունը, և պատահական չէ, որ անսամբլում դա անվանում ենք «երգի բեմադրում»:
Սայաթ-Նովան բացառիկ երևույթ է ոչ միայն արևելյան, այլև համաշխարհային գրականության անդաստանում: Հայագետ, թարգմանիչ Արթուր Լայստը Սայաթ-Նովային համարել է Արևելքի մեծագույն քնարերգու: Սա բարձրագույն գնահատական է, մանավանդ եթե նկատի առնենք, որ գերմանացի Լայստը քաջատեղյակ էր Գյոթեի «Արևմտա-արևելյան դիվանին», որում արտացոլված է Ֆիրդուսիի, Սաադիի պոեզիան և հավանաբար, լսած պիտի լիներ Հաֆեզի խոսքերով գրված Բրամսի երգերը….
Իր կնոջ գեղեցկությունը գովերգելիս Սայաթ-Նովան գրել է.
Մի նախշդ Արաբ անցկացավ, մի նախշդ Հնդկաստան գնաց,
Մի նախշդ Ղրիմ անցկացավ, մի նախշդ Դաղստան գնաց,
Մի նախշդ Հունաստան անցավ, մեկն էլ Ֆռանգստան գնաց,
Ով քո պատկերը տեսնում է, ասում է` կերպարիդ երնեկ: (վերածումը` Ի. Ստեփանյանի)
Ահա այսպես էլ Սայաթ-Նովայի պոեզիայի «կենաց ծառի» արմատներն են ճյուղավորվում ու սնվում համաշխարհային մշակույթի շտեմարանից. մի արմատը խորանում է միջնադարյան բանաստեղծության ընդերքը (Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Նաղաշ Հովնաթան և այլք), մյուս արմատը` Աստվածաշունչ մատյանի.
Սարն ու քարըն հայր Ադամի ջուրաթն է,
Էն շողըն էլ Քրիստոսի ղըվաթն է,
Անտառն էլ կոյս Մարիամի սուրաթն է.
Չին աւատայ չիմացողնիրն, ինչո՞ւ…
Մեկ այլ արմատը մխրճվում է արևելյան պոեզիայի ոլորտը («Ո՞Ւր է Շիրինն ու սար ճեղքող Ֆահրադն»…), մյուսը` հունական դիցաբանության մեջ («Դուն էն հուրին իս, վուր գեմի կու զաւթե». նկատի ունի հմայիչ երգով ծովագնացներին հրապուրող սիրեններին)։
Վոլֆգանգ Գյոթեն կշտամբում էր արևմտյան գրողներին` արևելյան գրականության «կործանարար մոռացության համար»: «Արևմտա-արևելյան դիվանի» վերաբերյալ 1815 թ. նա գրել է. «Իմ մտադրությունն էր ուրախությամբ կապել Արևմուտքը Արևելքին, անցյալը արդիականի, պարսկականը գերմանականի հետ, ըմբռնել նրանց բարքերը և մտածելակերպը իրենց փոխկապակցության մեջ, հասկանալ մեկը մյուսի օգնությամբ» (Л. М. Кессель, Гете и «Западно-восточный диван, М., 1973, стр. 29»): Ինչպես տեսնում ենք, Գյոթեից առաջ Սայաթ-Նովան արդեն դրել էր Արևելքի և Արևմուտքի մերձեցման, հաշտեցման հիմքը, մի բան, որ այսօր ավելի կենսական է, քան երբևէ:
Եթե Սայաթ-Նովան իր էրուդիցիայով հանդերձ ապրեր Ցիցերոնի ժամանակ, ապա նա Կալիմաքոսի և Էվփորիոնի պես կհամարվեր «ալեքսանդրյան բանաստեղծական դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ:
Եթե Սայաթ-Նովան իր բազմաբարբառ պոեզիայով ապրեր Բախի օրոք, ապա նրան կհամարեին բազմաձայնության մեծ վարպետ: Ի դեպ, Սայաթն էլ Բախի, Շոստակովիչի պես իր անվան տառերը (և, առհասարակ, այբուբենը) օգտագործել է որպես խորհրդանիշ, կերպար, ինչը մերթ հիշեցնում է միջնադարյան «ակրոստիքոսները», մերթ Անտոն Վեբեռնի (1883-1945) պուանտիլիստական երաժշտությունը (պուանտ` կետ), նկատի ունենք առանձին հնչյունը որպես «անհատականություն», «հնչյուն-մոնադա»: (Ինչպես Կավաբատա Յասունարին էր ասում, մեկ ծաղիկն ավելի շատ է պատկերացում տալիս ծաղկի մասին, քան հարյուր ծաղկից ծաղկեփունջը):
Սայաթի և Բախի արվեստում առկա են թվերի խորհուրդը և ծածկագրությունը, որոնց հանդիպում ենք հատկապես առեղծվածային կանոններում: Դա մի մեղեդի է, որը հերթով պիտի նվագեն կամ երգեն, իրար գումարվելով, մի քանի երաժիշտ, սակայն հեղինակը չի նշում, թե յուրաքանչյուրը որ պահին է մուտք գործելու: Դա պիտի գտնի կատարողը, բայց ճշգրիտ, որպեսզի այդ մեղեդու բազմաձայնումն անբարեհունչ չլինի: Այսպես, Բախի «Երաժշտական ընծա» գործում համապատասխան տեղում հեղինակն ավետարանի լեզվով կոչ է անում. «Փնտռեցէք եւ կը գտնէք»: Նման ծածկագրերով լի է նաև Սայաթ-Նովայի պոեզիան:
Եթե Սայաթ-Նովան ապրեր մեր օրերում, հավանաբար, կլիներ բազմաոճության (տՏսՌրՑՌսՌրՑՌՍՈ) հիմնադիրը, մի երևույթ, որը հանճարեղ կերպով դրսևորվել է Շոստակովիչի, Ալֆրեդ Շնիտկեի, Իոսիֆ Բրոդսկու արվեստում: Օրինակ, Եղիշե Չարենցի «Տաղարանը» մի ծաղիկ է, որ վերընձյուղվել է հենց Սայաթի տաղերից.
Աշուղ Սայաթ-Նովի նման` ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ...
Եթե Սայաթ-Նովան ապրեր… Իսկ ո՞վ է ասում, թե չի ապրում: Թեպետ «Աշխարհըս մէ փանջարա է» տաղում Սայաթը վարանում է, ասելով. «Ո՞վ կ’օսէ, թէ` յիս կու ապրիմ առուտեմէն ինչրու մուտըն», սակայն նա այսօր էլ ապրում է, այն էլ երկու կյանքով, մեկն իր տաղերում, մյուսը` այլոց արվեստում: Պոետի սիրտը շարունակում է բաբախել Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայում, Սայաթի «Քանի վուր ջան իմ» տաղի հիման վրա գրված` Առնո Բաբաջանյանի դաշնամուրային «Էլեգիայում» և այլուր: Կրկին վկայակոչենք Չարենցին.
Ամեն տեսակ երգ երգեցի - ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խաղն է էլի…
Դանիել ԵՐԱԺԻՇՏ