Եվրամիությունը միանգամայն որոշակի մտադրություն ունի Հարավային Կովկասի պետությունները ներառելու իր կառույցների մեջ։ Այդ պետությունները Եվրախորհրդի անդամ են, ինչն արդեն զգալի փոփոխությունների է հանգեցրել արտաքին և ներքին քաղաքականության մեջ։ Եվրոպական ընկերակցությունն ավելի ու ավելի մեծ ազդեցություն է գործում այդ պետություններում ընտրությունների անցկացման, օրենսդրության զարգացման, տնտեսությունների աշխուժացման գործում։ Դրա հետ մեկտեղ, Հարավային Կովկասի վրա Եվրամիության ազդեցությունն առայժմ արմատական նշանակություն չունի` նախ և առաջ անվտանգության, հակամարտությունների կարգավորման, արտաքին քաղաքականության խնդիրներում։ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության առավել կարևոր հարցերում Հարավային Կովկասի պետությունները շարունակում են անտեսել Եվրոպայի կարծիքն ու դիրքորոշումը։ «Մերձավոր հարևաններ» ծրագրի կարգավիճակն իրականում այնքան բարձր չէ, որքան թվում է տարածաշրջանի քաղգործիչներին։ Ըստ էության, այդ ծրագիրն իր մակարդակով հավասար է «Միջերկրածովյան պետություններով» անվանումը կրող եվրոպական ծրագրերին, որը կոչված է ապահովելու փոխըմբռնումը, տարածաշրջանը ներգրավելու եվրոպական քաղաքական և գաղափարախոսական տարածություն, հեշտացնելու եվրոպական ներկայությունը Հարավային Կովկասի տնտեսական և աշխարհատնտեսական ոլորտներում։ Այսպես թե այնպես, Եվրամիությունը նպատակ ունի Հարավային Կովկասում հաստատելու սահմանակարգ և օրենսդրություն, ինչը թույլ կտա այդ տարածաշրջանն ընդհանուր հայտարարի բերելու անվտանգության առումով։ Միաժամանակ, եվրոպական քաղգործիչներն ու վերլուծաբանները, խախտելով քաղաքական կոռեկտության նորմերը, օգտվելով բավականին թույլ փաստարկներից, հաճախ միանգամայն բացահայտորեն հայտարարում են, թե Եվրոպական ընկերակցությանը Հարավային Կովկասի միավորման ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը տարածաշրջանում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունն է։ Սա արդեն բավարար հիմք է կովկասյան ուղղությունում Եվրամիության և ԱՄՆ-ի միաբանության համար, թեև անհնար է անտեսել այն հանգամանքը, որ Եվրամիությունը հակաամերիկյան հիմնարար նախագիծ է, իսկ այդ և այլ տարածաշրջաններում Եվրամիության ու ԱՄՆ-ի համագործակցությունը հակասական բնույթ է կրում։
2004-ի մայիսի 12-ին Եվրամիության ղեկավարությունը դիմեց Հարավային Կովկասի երեք պետություններին, հույս հայտնելով, որ կշարունակվի համագործակցությունը տնտեսական աճի ցուցանիշների բարձրացման և անօրինական գաղթի ու կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի ոլորտում։ Եվրահանձնաժողովի կարծիքով, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ստացել են «Մերձավոր հարևանների» կարգավիճակ, ինչը հետագայում կարող է հանգեցնել արտաքին առևտրի ազատության վերաբերյալ համաձայնագրի կնքման։ Դա կարող է շատ կարևոր խթան դառնալ այդ պետությունների համար` Եվրամիության քաղաքական պայմաններն ընդունելու գործում։ Եվրոպական քաղգործիչները, որոնք Հարավային Կովկասը, մասամբ և Կենտրոնական Ասիան համարում են աշխարհաքաղաքական այնպիսի գոտիներ, ուր որոշակի մրցակցություն է ընթանում ԱՄՆ-ի, եվրոպական առաջատար պետությունների, Ռուսաստանի և Ճապոնիայի միջև, այն կարծիքին են, որ Եվրամիությունն առավել գործուն լծակներ ունի Հարավային Կովկասի վրա ներգործելու համար։ Նրանք Հարավային Կովկասը համարում են քաղաքական Եվրոպայի մաս, որը խիստ շահագրգռված է նրա հետ քաղաքական ու տնտեսական ինտեգրմամբ։ Ընդ որում, շատ կարևոր են ինտեգրման սահմանակարգային հիմքերը, ինչը չկա ԱՄՆ-ի հետ Հարավային Կովկասի հարաբերություններում, և որոնք թուլանում են Ռուսաստանի հետ հարաբերություններում։ ԱՄՆ-ը նույնպես շահագրգռված է ներկա փուլում կովկասյան գործընթացներին Եվրամիության մասնակցությամբ, քանի որ դրա շնորհիվ միասնական ճակատ կձևավորվի ընդդեմ Ռուսաստանի։ Կասկածից վեր է նաև այն, որ պատմական ներկա շրջանում ԱՄՆ-ն առաջվանից ավելի շատ կարիք ունի իր քաղաքականության «արտոնվածության» կամ օրինակարգության ճանաչման, և այդ օրինակարգությունն ԱՄՆ-ին կարող է տրամադրել միայն Եվրոպական ընկերակցությունը։
Եվրոպացի քաղգործիչները կցանկանային Հարավային Կովկասը տեսնել եվրոպական ազդեցության և եվրոպական քաղաքականության ոլորտում։ Այդ տարածաշրջանը «բուֆեր» է Եվրոպայի և Առաջավոր Ասիայի միջև, հարուստ է էներգետիկ և այլ հումքային պաշարներով, Եվրոպան Կենտրոնական Եվրասիային կապող «միջանցք» է, միաժամանակ` հանգստի բարենպաստ վայր։ Կարևոր նշանակություն ունի նաև, որ երկու երկիր` Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև տեղաբնակ շատ ժողովուրդներ քրիստոնյա են, ընդ որում, պատկանում են առավել հին քրիստոնեական եկեղեցուն։ Այդ երկրները, երկար ժամանակ գտնվելով ռուսական, ապա և խորհրդային մշակույթի ազդեցության ներքո, հաղորդակցվել են եվրոպական մշակույթի արժեքներին ու նորմերին, հանրությունը մեծապես ձևավորված է եվրոպական աշխարհայացքին համապատասխան։ Այս հանգամանքները զգալիորեն հեշտացնում են Հարավային Կովկասի ինտեգրումը Եվրոպական ընկերակցությանը։ Սակայն աշխարհատնտեսական և սոցիալ-մշակութային գործոնները երկրորդական դեր են խաղում եվրոպական քաղաքականությունը ձևավորող առաջատար եվրոպական տերությունների քաղաքականության մեջ։ Հարավային Կովկասը կարևոր աշխարհաքաղաքական տարածաշրջան է, և նրա վերահսկողությունն ապահովում է Ռուսաստանի մեկուսացումը Մերձավոր Արևելքից, որոշակիորեն` նաև Իրանից, միաժամանակ Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ վերահսկողության հնարավորություն է տալիս։ Եվրոպացիներն ակնկալում են, որ Հարավային Կովկասը մեծ տարածաշրջան չէ և կարող է կլանվել առանց մեծ դժվարության։ Առավել ևս, որ Ադրբեջանն ունի եկամուտներ ստանալու հուսալի աղբյուր` նավթը, իսկ Հայաստանն արդեն ցույց է տվել, որ ընդունակ է արագ ու արդյունավետ զարգացում ապահովելու տարաբնույթ տնտեսության մոդելի հիման վրա։
Մոտավորապես 2002-ից ԱՄՆ-ը շահագրգռություն հանդես բերեց Հարավային Կովկասի հարցի լուծմանը Եվրամիության մասնակցության հանդեպ։ Այդ շահագրգռությունը սաստկացավ Իրաքի ռազմարշավի հետ կապված հանգամանքներից ելնելով։ ԱՄՆ-ը չկարողացավ մշակել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետություններում իր ռազմական ներկայության հստակ նպատակներն ու խնդիրները։ Տարածաշրջաններում էներգամատակարարման նախագծերը հաջողությամբ իրականացվում են, և դրանց անվտանգության ապահովումը չի պահանջում ԱՄՆ-ի պարտադիր զինվորական ներկայություն։ ԱՄՆ-ը բավարարվում է տարանցման նպատակով որոշ օդանավակայաններ օգտագործելու հնարավորությամբ և ակտիվորեն զբաղվում է Վրաստանում, Ադրբեջանում և Ղազախստանում այդպիսի ուժերի ստեղծմամբ։ ԱՄՆ-ի անմիջական զինվորական ներկայությունը հանգեցնում է առճակատման սաստկացման, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի և այլ պետությունների ու ԱՄՆ-ի, այլև այդ տարածաշրջանների պետությունների միջև։ Բացի դրանից, մշտական ռազմական տեղակայման լուրջ նախագիծը զգալի միջոցներ է պահանջում։ Պետք է նշել նաև, որ ՆԱՏՕ-ն չի շտապում պատասխանատվության գոտին տարածել Հարավային Կովկասի վրա։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կսահմանափակվի Բալկաններով ու Սև ծովի արևմտյան ափով։ Հարավային Կովկասի պետություններին կառաջարկվի հետևյալ սկզբունքը. «ՆԱՏՕ-ից դուրս, բայց ՆԱՏՕ-ի հետ»։ Այդ պայմաններում ԱՄՆ-ը որոշել է Հարավային Կովկասի համար պատասխանատվության մի մասը բարդել Եվրամիության վրա։ Ամերիկյան փորձագետները` պաշտոնաթող գեներալներ և դիվանագետներ, ակտիվորեն տարածում են այն միտքը, որ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զինվորական ներկայությունը ժամանակավոր նշանակություն ունի, իսկ նրանց տեղը պետք է գրավի Եվրամիությունը` քաղաքական և ռազմական կառույցներով հանդերձ։
ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների քաղգործիչներն ու քաղաքագետները Հարավային Կովկասին աշխարհաքաղաքական տեղ են հատկացրել եվրոպական քաղաքական և սոցիալ-մշակութային տարածությունում։ Այսինքն, Հարավային Կովկասը զգալի չափով մեկուսացած է պատկերվում Մերձավոր Արևելքից և Ռուսաստանից։ Նրան տրվում է լուսանցքային տարածաշրջանի դեր, որտեղ տիրող իրավիճակից մեծապես կախված կլինի Եվրոպական ընկերակցության անվտանգությունը, այդ թվում` հասանելիությունը Կենտրոնական Եվրասիայի էներգետիկ և բնական պաշարներին։ Եվրոպական ընկերակցությանը Հարավային Կովկասի ինտեգրմամբ շահագրգռված են Եվրոպայի բոլոր առաջատար պետությունները։ Նրանք ձգտում են իրենց աշխարհառազմավարության զարգացման նախնական փուլում լուծել «նվազագույն ծրագրի» խնդիրները, այսինքն` սահմանակարգային ձևով տարածաշրջանի պետությունները ներառել եվրոպական քաղաքական տարածության մեջ։ Հետագայում տարածաշրջանը կդառնա Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մրցակցային պայքարի ասպարեզ։ Առավել մեծ ակտիվություն դրսևորում է Մեծ Բրիտանիան, որը տարածաշրջանում ներկայանում է խոշոր աշխարհատնտեսական ծրագրերով ու Հարավային Կովկասը համարում է իր ավանդական ազդեցության գոտի։ Ֆրանսիան ազդեցություն ունի, փաստորեն, միայն Հայաստանում։ Հեռանկարում կմեծանա Գերմանիայի ազդեցությունը, որը ձգտում է դրա համար լուրջ նախադրյալներ ստեղծել։
Սակայն Եվրոպական ընկերակցությանը Հարավային Կովկասի ինտեգրումը ենթադրում է մի քանի լուրջ դժվարություն. որոշակի տնտեսական ստանդարտներ, որոշակի օրենսդրություն և դրա գործնական կիրառություն, տեղային հակամարտությունների կարգավորում, տարածաշրջանի բոլոր երկրներից ռուսական զորքերի ու ռազմակայանների լիակատար դուրսբերում։
Հարավային Կովկասի պետությունները սոցիալ-տնտեսական չափանիշների և օրենսդրական ստանդարտների վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները շատ թե քիչ կատարում են, թեև մեծ մասամբ ձևականորեն։ Թեև ինտեգրման այդ կողմն առավել քննարկվողն է և իրագործվողը, այդուամենայնիվ, այդ ուղղության հետ կապված խնդիրները չեն կարող դիտվել իբրև անհաղթահարելի խոչընդոտ ինտեգրման ճանապարհին։ Այդ ուղղությունը դառնում է առավել իրագործելին` անգամ միահեծան իշխանության պայմաններում։ Առաջ թվում էր, թե ինտեգրման ճանապարհի առավել լուրջ խոչընդոտը տեղային ազգային քաղաքական և միջպետական հակամարտությունների առկայությունն է։ Այդ բաղադրիչն անշեղորեն Եվրոպական ընկերակցությանը Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման առավել էական խնդիրների համալիրի մաս էր կազմում։ Եվրոպացի վերլուծաբանների և քաղաքագետների մեծ մասը նույնպես համաձայնում էր, որ այդ հակամարտությունները լուրջ խոչընդոտ են ինտեգրման ճանապարհին։
(շարունակելի)
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ