Բարի վերադարձ, վարդապետ,
Վերադարձ բարի...
Կոստան ԶԱՐՅԱՆ
Հայրենի երգն ես դու մեր,
Վերադարձած հայրենիք...
ՉԱՐԵՆՑ
ԿՈՄԻՏԱՍԱՊԱՇՏՆԵՐԸ ՄԵԾ ՀԱՅԻ ՇԻՐՄԻ ՄՈՏ
2012-ի մայիսի 28-ին, հերթական անգամ, Կոմիտասի շիրմին այցելեցին կոմիտասապաշտ հայեր, մտավորականներ, լոռեցիներ, այգեհատցիներ` մասնակցելու հանճարեղ հայի հիշատակի և ոգեկոչման արարողությանը:
Տերունական աղոթքից հետո միջոցառման հանձնառու Գ. Շահվերդյանը ներկայացրեց օրվա խորհուրդը: Կոմիտասի երգերից կատարեցին շնորհաշատ երգիչ Արմեն Գևորգյանը և երգչուհի Սոնա Շահվերդյանը: Ազգային արխիվի բաժնի վարիչ, պատմաբան Սոս Մարուքյանը միջոցառման մասնակիցների համար ընթերցեց Աղասի Խանջյանի` 1936 թ. մայիսի 10-ին Լավրենտի Բերիային ուղարկած հեռագիրը, ուր մասնավորապես ասված էր. «ՀամԿ(բ)Պ ԱԵԿ ընկ. Լ. Բերիային 22.10.1935 թ. Փարիզում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց հայ կոմպոզիտոր Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան): Ֆրանսիայի հայկական գաղութի մեզ հետ մտերիմ հասարակական կազմակերպությունները և հիվանդ կոմպոզիտորի խնամակալության հասարակական կոմիտեն ներգաղթի գործերով Փարիզում գտնվող ընկ. Դ. Շահվերդյանի միջոցով դիմել են մեզ խնդրանքով` թույլատրել տեղափոխելու վախճանված կոմպոզիտորի աճյունը` Հայաստանում հուղարկավորելու նպատակով: Մեր պատասխանին սպասելով` կոմպոզիտորի վերջնական հուղարկավորումը Ֆրանսիայում չի կայացել:
Այսօր` 10.05.36 թ. հաղորդագրություն է ստացվել, որ Մարսելից մեկնել է Ֆրանսիայից Հայաստան մշտական բնակության նպատակով ներգաղթող 1800 հայերով բեռնված շոգենավը (համաձայն ՀամԿ(բ)Պ ԿԿ` այդ հարցով 1934 և 35 թվերի որոշումների):
Ընկ. Շահվերդյանը հայտնում է նաև, որ այդ շոգենավով Հայաստան է ուղարկել Կոմիտասի աճյունը, չնայած նավի մեկնման նախօրյակին մենք Էրիվանից ՀՕԿ-ի միջոցով հեռագրել էինք նրան` առայժմ հետաձգել այդ գործը: Շոգենավը Բաթումում կլինի մոտավորապես ս.թ. մայիսի 17-19-ին:
Ստեղծված իրադրությունում խնդրի լուծման միակ նպատակահարմար որոշումը հանդիսանում է թույլատրել կազմակերպել Կոմիտասի թաղումը Էրիվանում` Հայաստանի խորհրդային կոմպոզիտորների միության գծով:
Որոշում ընդունելիս խնդրում եմ հաշվի առնել նաև, որ Կոմիտասը երբեք դաշնակ կամ դաշնակներին հարող չի եղել, հանդիսանում է մշակույթի ժողովրդական գործիչ և մեծ հեղինակություն է վայելում Հայաստանի սովետական ինտելիգենցիայի կողմից:
Հայաստանի Կ(բ)Պ ԿԿ քարտուղար (Խանջյան)»։
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ 2 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
«ՈՒրիշ ազգեր եթե Կոմիտաս ունենային...». այսպես էր վերնագրել Կոմիտաս վարդապետի աճյունի հայրենադարձման 75-ամյակին նվիրված «Ոգու վերադարձը» խորագրով տոնակատարությունների հանձնառու-կազմակերպիչ Գ. Շահվերդյանը 2011 թ. մայիսին հայ հանրությանը և հանրապետության ու մայրաքաղաքի իշխանություններին ուղղված իր նամակը, որը ներկայացնում էր երկու առանցքային առաջարկություն.
ա) Կոմիտասի անվան զբոսայգում հայ մեծերի պանթեոնի հարևանությամբ գտնվող, դեռևս 1990-ականների կեսերից կիսաքանդ շենքը («Պլանետարիում»), որպես ազգի, պետության և հայ պետականության գերակա շահ, ժողովրդական հանգանակության միջոցով փրկագնել և վերածել Կոմիտասի պետական թանգարան-ինստիտուտի:
բ) Իր արդարացի ավարտին հասցնել դժնդակ 36-ին իր և հարազատների կյանքի գնով («Մահ իմացեալ...») հայրենիք ուղարկվող անսակարկ հայրենասեր Դանուշ Շահվերդյանի փողոցի անվան վերականգնման արդեն 15 տարի չարչրկվող հարցը:
«ԳՈՀԱՆԱՄՔ»
«Դու անմահ ես, հայր սուրբ, քո ժողովուրդն ընդմիշտ քեզ հետ է, քանի կա քո ժողովուրդը, կապրես դու: Դու անմահ ես»:
Վռամշապուհ քահանա ՔԻՊԱՐՅԱՆ
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը 2012-ի մայիսի 30-ի խորհրդի նիստում առաջարկեց Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ Կոմիտասի թանգարան-մշակութային կենտրոն հիմնել:
Հովհաննես ԴԱՎԹՅԱՆ
«ՕԳՆԷ ԻՆԾԻ, ՈՎ ԱՆԲԱՂԴԱՏ ՕՐԷՆՔ»
ՍԻԱՄԱՆԹՈ
Փա՜ռք Քեզ, Տեր Աստված, որ երկրիս նախագահի միջոցով օգնեցիր մեզ գիտակցելու Կոմիտաս երևույթը հայոց կյանքում։
Գագիկ Այգեհատցի ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Բժիշկ