38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ «ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂԵՐ»

  ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ «ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂԵՐ»
03.06.2011 | 00:00

Արագությունը, որով ԱՄՆ-ի հիպոթեքային շուկայում ծայր առած ճգնաժամը վերածվեց ավելի լայն` ֆինանսական, ապա նաև` տնտեսական ճգնաժամի, իսկ հետո դարձավ համաշխարհային, թույլ է տալիս համեմատել այն համաճարակի հետ: ՈՒ թեև նոր` ֆինանսական համաճարակը տարբեր երկրներում ունեցավ գրեթե նույն դրսևորումները, սակայն ընդհանրությունների շարքը դրանով չի կարելի սահմանափակել: Հիվանդության հարուցիչների վերլուծությունը կամ դիագնոստիկան ենթադրում է, որ առողջացման գործընթացում ևս կարող են օգտագործվել նույն մեթոդները, այս դեպքում` դեղատոմսերը: Սակայն մինչ զարգացած երկրները փորձում են կատարելագործել «տնտեսական բժշկության» ժամանակակից ձևերը, Հայաստանին և սոցիալ-տնտեսական զարգացման նման վիճակում հայտնված այլ երկրների առաջարկվում են տնտեսության առողջացման «ժամկետանց դեղեր»: Այլ երկրներից «ներմուծված» և հենց այդ երկրներում արդեն վաղուց չկիրառվող դեղերը, բնականաբար, չեն կարող լավագույն լուծումը լինել:
Անհրաժեշտություն է առաջացել հրավիրելու տեղական մասնագետների տնտեսագիտական կոնսիլիում, որը սթափ կգնահատի իրավիճակն ու կփորձի գտնել ելքն իրավիճակից: Մեր մեջբերած գործոններն ուղղակիորեն առնչվում են այնպիսի կարևոր հիմնահարցի, ինչպիսին հիվանդության համար ճիշտ բուժման ընտրությունն է: Իսկ առանց վստահության, ինչպես հայտնի է, քիչ արդյունք կարող է ապահովել այլոց համար անգամ ամենաարդյունավետ համարվող դեղամիջոցը:
Բժշկության մեջ լայն տարածում ունի հոգեբանական գործոնը, և շատ դեպքերում բժշկի հանդեպ վստահությունն ու բժշկի կողմից հոգեբանական ներգործությունը կարող են ավելին տալ հիվանդին, քան ամենաարդիական դեղամիջոցները: Նույնը` տնտեսության ներսում: Մեր համոզմամբ, ճգնաժամից չի կարելի դուրս գալ առանց լավատեսության ու հավատի, ինչպես նաև սեփական երկրի իշխանությունների հանդեպ տածած վստահության: Այլապես այլ երկրներից ներմուծած դեղամիջոցները (տվյալ դեպքում` տնտեսության զարգացման տարբեր մոդելները) չեն կարող տալ ակնկալվող արդյունքը: Հատկապես, երբ դրանց մի մասն ուղղակի ժամկետանց է, իսկ մյուս մասը պարունակում է կողմնակի էֆեկտներ (side effects), այսինքն` մի հիվանդությունը բուժելով, կարող են առաջացնել միանգամից մի քանի այլ հիվանդություններ և բացասաբար անդրադառնալ օրգանիզմի տարբեր մասերի (մեր դեպքում` տնտեսության տարբեր ճյուղերի) վրա:
Մեր համոզմամբ, բոլորովին հիմնավոր չէ տարբեր հիվանդների համեմատությունը, ասել է թե` ներկայիս ճգնաժամի համեմատությունը 1929 -1933 թթ. համաշխարհային տնտեսությանը համակած Մեծ ճգնաժամի հետ, առավել ևս այս երկու հիվանդությունների բուժման նմանությունների կամ զուգահեռների ներկայացումը: Նախ այն պատճառով, որ տարբեր են ճգնաժամի առաջացման գործոնները: Եթե ներկայումս ամեն ինչ սկսվեց հիպոթեքային և ընդհանուր առմամբ ֆինանսական շուկայից, ապա. ա) 1929 -1933 թթ. ճգնաժամի պատճառները հիմնականում տնտեսական էին (արդյունաբերական ապրանքների գերարտադրություն, պահանջարկի հանդեպ առաջարկի գերազանցում, ֆերմերային տնտեսությունների կազմալուծում և այլն): բ) Քսաներորդ դարի առաջին կեսին համաշխարհային տնտեսության ներսում չկար և չէր կարող լինել ազգային տնտեսությունների փոխկապակցվածության այնպիսի մակարդակ, ինչպիսին քսանմեկերորդ դարի սկզբին էր, ուստի և տնտեսական ճգնաժամն այդքան սրընթաց չէր կարող տարածվել բոլոր երկրներում և ունենալ նույն խորությունը: Չպետք է մոռանալ, որ կային երկրներ, որոնք առանձնապես մեծ վնասներ չեն կրել 1929 -1933 թթ. ճգնաժամի հետևանքով, ինչը չի կարելի ասել ներկայիս ճգնաժամի մասին: գ) 1929-1933 թթ. ճգնաժամի ժամանակ համաշխարհային հիմնական արժույթը ոսկին էր և մասամբ` բրիտանական ֆունտը, իսկ այսօր ոսկին դուրս է մղված միջազգային հաշվարկներից, իսկ այդ դերում հիմնականում ԱՄՆ դոլարն է, մասամբ` ԵՄ միասնական արժույթը: դ) 1929 -1933 թթ. ճգնաժամի տարիներին բոլոր երկրներում գործում էին ֆիքսված փոխարժեքները, իսկ այսօր գերազանցապես կիրառում են լողացող փոխարժեքներ: ե) 1929 -1933 թթ. ճգնաժամի տարիներին աշխարհը քաղաքական առումով երկբևեռ էր, ուստի կային որոշակի հակակշիռներ, իսկ ներկայումս ճգնաժամը զարգանում է միաբևեռ աշխարհում և իրական հակակշիռներ դեռևս ձևավորված չեն: զ) Զարգացման առումով առաջատար երկրներին բնորոշում էր անցումը ագրարային ուղղվածությունից դեպի ագրարային-ինդուստրիալ և ինդուստրիալ ուղղվածություն, իսկ այսօր զարգացած երկրները հիմնականում բնութագրվում են որպես հետինդուստրիալ և ծառայությունների ուղղվածության սպառողական հասարակություններ: Տարբերությունների շարքը կարելի է շարունակել` հիմնավորելու այն իրողությունը, որ եթե տարբերություններ կան հիվանդությունների ախտանշաններում, ապա դրանց բուժումը ևս չի կարող նույնը լինել: Կարևոր է նշել նաև, որ համաշխարհային և ազգային տնտեսությունների առողջացման գործում ակնկալիքները հիմնական դերակատարներից ևս չեն կարող նույնը լինել, քանի որ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը, որոնք ստեղծվեցին հայտնի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսի առաջարկած մոդելներով, այլևս ի վիճակի չեն կատարելու նույն գործառույթները, ինչի համար իրականում կյանքի էին կոչվել: Բացի վերը նշված պատճառներից, և այն իրողությունից, որ դրանք վերջին տասնամյակներում հիմնականում սպասարկել են զարգացած երկրների շահերը, չկա, օրինակ, մի հետխորհրդային երկիր, որտեղ դրանց մոդելները հաջողություն բերեն ազգային տնտեսություններին կամ հենց հիշյալ կառույցներին: Այլ խոսքով ասած, այս երկու ֆինանսատնտեսական հիվանդանոցները հիմնականում սպասարկել են էլիտար հիվանդների, որը տեսադաշտից դուրս է թողել աղքատներին, որոնց պատած հիվանդություններն էլ, չբուժվելով, հետագայում կրել են համատարած բնույթ, վերածվել համաճարակների և ստիպել միջազգային այս կլինիկաներին փոխելու բուժսպասարկման ներկա ռազմավարությունը: Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ վերջին տարիներին այս երկու միջազգային կառույցներն իրենց իսկ գործունեության անհաջողությունների շրջանակից փորձում են դուրս գալ համատեղ` պարբերաբար գումարելով միացյալ համաժողովներ` ընդհանուր մտահոգությունների օրակարգերով: Ի հայտ են եկել տարածաշրջանային և միջազգային նոր դերակատարներ, որոնց հետ հին կառույցները ստիպված կլինեն հաշվի նստելու:
Իսկ ինչ կարելի է անել ազգային տնտեսության իմունային համակարգը բարելավելու ուղղությամբ: Ի վերջո, ցանկացած հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է ոչ միայն համապատասխան դեղեր ընդունել, այլև ամրացնել հիվանդի խոցելի օրգանիզմը: Տվյալ պարագայում` պետք է նախ ձևավորել, հետո ամրացնել երկրի տնտեսական օրգանիզմը:
Կարիք կա նաև դիտարկելու ճգնաժամի հնարավոր ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա այսօր և տեսանելի հեռանկարում: Մի բան պարզ է, որ Հայաստանը չի հայտնվել տնտեսական համաճարակի (ճգնաժամի) էպիկենտրոնում միանգամից մի քանի պատճառով: Նախ, չնայած օրենսդրական և նորմատիվային անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանը, առայժմ Հայաստանում չի ձևավորվել և չի գործում արժեթղթերի շուկան: Ֆինանսական շուկան հիմնականում ներկայացված է բանկերի և ապահովագրական ընկերությունների տեսքով: Մյուս բաղադրիչները կայացման փուլում են: Այս ամենը Հայաստանին թույլ չի տալիս լիարժեք ինտեգրվելու միջազգային ֆինանսական շուկային և իր վրա կրելու դրա դրական կամ բացասական ազդեցությունները տնտեսության զարգացման տարբեր փուլերում: Երկրորդ, հանրապետության տնտեսությունն այսօր վերականգնման և կառուցվածքի ձևավորման գործընթացների մեջ է և, բնականաբար, չի կարող ունենալ ակնկալվող մրցունակության մակարդակը և ինտեգրվել համաշխարհային շուկային: Երրորդ, սպասվող ազդեցությունները կարող են լինել միջնորդված. ներմուծվող ապրանքների գների տատանումների տեսքով, հիպոթեքային շուկայում կատարվող օտարերկրյա ներդրումների կրճատման առումով, բանկային համակարգում կանոնադրական կապիտալի օտարերկրյա մասնաբաժինների կրած ազդեցություններով և վերը նշվածից ածանցյալ այլ գործոններով: Այս ամենով հանդերձ, առկա են բացասական հետևանքներ` սկսած համաշխարհային շուկայում պղնձի գների անկմամբ պայմանավորված Հայաստանի լեռնամետալուրգիական արդյունաբերության ծավալների կրճատումից և վերջացրած արտերկրից ստացվող տրանսֆերտների նվազումով: 2010 թվականին Հայաստանի տնտեսությունում նկատվեցին խիստ հակասական միտումներ ինչպես միևնույն ճյուղում, այնպես էլ մակրոտնտեսական ամփոփիչ ցուցանիշներով: Այսպես, օրինակ, առաջին հինգ ամիսների արդյունքում նախ գրանցվեց 8,8 % տնտեսական աճ, ապա այն սկսեց դանդաղել հաջորդող` ամառվա ամիսներին և տնտեսական տարին ամփոփվեց ընդամենը 2,1 % ցուցանիշով: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այս բնագավառում աճն աննախադեպ էր` 8,8 % (միայն օգոստոս ամսվա դրությամբ գրանցվել էր ավելի քան 23 % անկում): Միաժամանակ, որոշ աշխուժություն նկատվեց լեռնահանքային արդյունաբերությունում և ծառայությունների, ներառյալ` առևտրի ոլորտում:
2011 թվականը հակասական միտումների առումով բացառություն չէ և խոստանում է լինել տնտեսական առողջության վերականգնման մեկնակետ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2818

Մեկնաբանություններ