38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԽՈՑԵԼԻ ԵՆՔ, ՔԱՆԻ ՈՐ ԴԵՌևՍ ՀԱՇՎԱԾ ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԽՈՑԵԼԻ ԵՆՔ, ՔԱՆԻ ՈՐ ԴԵՌևՍ ՀԱՇՎԱԾ ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԵՐ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
21.10.2011 | 00:00

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքն այս օրերին գնալով ուժգնանում է: Մասնավորապես, այն տարածվում է զարգացած երկրների տնտեսությունների վրա: Դա ոչ միայն Հունաստանի կես տրիլիոն եվրոյից ավելի արտաքին պարտքի բեռն է` կուտակված ողջ Եվրամիության վրա, այլև Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի և այլ երկրների ոչ պակաս ազդեցիկ ֆինանսական դժվարությունները: Վերջիններիս եվրագոտու մյուս երկրներն առայժմ չեն շտապում օգնել, որոնք ևս լավագույն վիճակում չեն: Դրանք կապված են առաջին հերթին պարտքային պարտավորությունների հետ, որոնք ի հայտ են եկել դեռևս 2008-ին սկսված ճգնաժամի պայմաններում իրականացված դրամավարկային և բյուջետային քաղաքականությունների պատճառով: Խնդիրներ կան նաև ամերիկյան տնտեսության մեջ: Ավելին, չնայած ԱՄՆ-ի տնտեսության առողջացման դեմոկրատների բոլոր ջանքերին, ամերիկյան տնտեսությունը շարունակում է նոր մարտահրավերների դիմագրավել: Շատերը ԱՄՆ-ում տեսնում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ճգնաժամի շոշափելի հիմքեր, հատկապես հանրապետականների հետ բազմաթիվ ծրագրերի շուրջ անհրաժեշտ համաձայնության բացակայության պայմաններում: ԱՄՆ-ի նախագահի առաջարկած տնտեսական բարեփոխումների փաթեթը, որը կոչված էր փոքր և միջին բիզնեսին արտոնություններ տրամադրելու ճանապարհով աջակցելու նոր աշխատատեղերի ստեղծմանը, ըստ էության, տապալվեց Կոնգրեսում: Հետևաբար, երկրի ֆինանսական բեռի, հատկապես արտաքին պարտքի աստիճանական կրճատումը, որը տվյալ փաթեթի կարևոր մասն էր, փաստորեն, այլևս անիրագործելի է տեսանելի ապագայում:
Ինչ է սպասում Հայաստանին համաշխարհային տնտեսությունում նկատվող վերջին զարգացումների ֆոնի վրա: Կարո՞ղ է արդյոք մեր տնտեսությունը դիմագրավել ազգային տնտեսության ապաքինման և աշխուժացման հետ կապված մարտահրավերներին: Համաշխարհային տնտեսության մեջ ձևավորված սպասումները, բնականաբար, չեն կարող շրջանցել Հայաստանը: Չնայած ճգնաժամի առաջին ալիքի վերաբերյալ կար նման մոտեցում, այնուհանդերձ, փորձը ցույց տվեց, որ այդ գնահատականները հիմնավորված չէին: Հայաստանի տնտեսությունը ոչ միայն ծանր տարավ ճգնաժամը, այլև դրա պատճառով բացահայտվեցին մեր տնտեսության խոցելի կողմերը: Իհարկե, անցած երեք տարիների ընթացքում վիճակն ինչ-որ չափով բարելավվել է: Միաժամանակ ակներև է, որ այս պահին չի կարելի միակողմանի կանխատեսումներ անել: Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում եղան շատ լավատեսական կանխատեսումներ, նույնիսկ գնահատականներ, որ դուրս ենք եկել ճգնաժամից, արդեն աշխուժացման փուլում ենք: Իհարկե, տնտեսությունն այսօր լրջագույն խնդիրներ ունի, սակայն անգամ ճգնաժամի երկրորդ ալիքի պայմաններում աշխարհում տեղի ունեցող միտումները մեզ չպետք է վախեցնեն:
Այսօր Հայաստանի համար որոշիչ են այն ձեռքբերումները, որոնք առկա են: Խոսքը տնտեսության տարբեր ոլորտների` գյուղատնտեսության, արդյունաբերության մասին է: Մասնավորապես առաջին 8 ամիսներին արձանագրվել է 3,5 տոկոս տնտեսական աճ (տարեկան ծրագրվում է 4,6 %), գնաճը` 4 %` 1,5- %-անոց միջանցքում, գյուղատնտեսության 21 %-անոց աճ: Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 12-14-%-անոց աճ, առևտրի շրջանառությունում` 7 %, ծառայությունների մատուցման ոլորտում` 4-%-անոց աճ, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 25 %-ով, ընդ որում, արտահանումը` 30 %-ով, իսկ ներմուծումը` 15-18:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, հավաքագրվում է ավելի շատ հարկ, քան ծախսվում: Մեր երկրի արտաքին պարտքը կազմում է համախառն ներքին արդյունքի 40 %-ը: Այն ավելացվել է բյուջետային ծախսեր կատարելու և ՀՆԱ-ի աճի պահպանման համար: Կառավարությունը հավաստիացնում է, որ հաջորդ տարի պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3,1 %-ը: Հետագայում` 2013-2014 թվականներին, այն չպետք է գերազանցի 3 %-ը: 2012-ի համար պլանավորվել է 4,2-տոկոսանոց տնտեսական աճ: Միաժամանակ, շարունակում են քայլեր արվել IT սեկտորում Հայաստանը դարձնելու ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն: Մեր երկիրն ընտրվել է որպես տարածաշրջանային հարթակ, քանի որ այստեղ կա ինտելեկտուալ բարձր որակի ներուժ: Ներկայումս ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում Հայաստանում գործում են մի քանի հարյուր ձեռնարկություններ, որոնցում աշխատողների թիվը կազմում է 10 հազար, իսկ արտադրանքի ծավալը` 200 մլն դոլար:
Հատկանշական է, որ 2012-ին կառավարությունը ծրագրում է էապես` 100 մլրդ դրամով ավելացնել հարկային մուտքերը` այս տարվա համեմատ 0,6 %-ով: Սա լուրջ խնդիր է, ուստի, բացի վարչարարությունից, պետք է ընդլայնենք նաև հարկային բազան: Արդեն իսկ նախագծում ենք նոր օրինագծեր, որոնց նպատակն է բացահայտել տարբեր ոլորտների շահույթները: Այս ամենի արդյունքում հաջորդ տարի 10 %-ով կավելացվեն սոցիալական նպաստները, թոշակները և առաջին անգամ մեր երկրում կներդրվի սոցիալական փաթեթ` քաղծառայողների համար, որը հնարավորություն կտա ապահովագրելու վերջիններիս և նրանց ընտանիքների առողջությունը, կամ օժանդակություն հատկացնելու հիպոթեքային վարկերի տոկոսների և երեխաների ուսման վարձավճարների մարման նպատակով:
Այս ամենի հետ մեկտեղ հարկ է հիշել, որ տնտեսական իրավիճակի փոփոխության վրա դրական ազդեցություն են ունեցել տարեսկզբին նախագահի տված հանձնարարականները: Սակայն այնպես չէ, որ դրանք ամբողջովին իրականացվել են: Մասնավորապես նախագահը տարեսկզբին խոսում էր նոր արտադրությունների կազմակերպման և ընդլայնման նպատակով արտոնությունների տրամադրման մասին, բայց այդ առումով կոնկրետ քայլեր դեռևս չեն իրականացվել:
300 մլն դրամից ավելի արժեքով սարքավորումներ ներմուծելու դեպքում ԱԱՀ վճարների ժամանակավոր հետաձգումը, մեր համոզմամբ, արդարացված չէր: ՈՒստի բոլորին (հատկապես փոքր բիզնեսին) պետք է տրվի նման արտոնություն, որին բազմիցս անդրադարձել ենք, և այդ քայլին վերջապես որոշել է գնալ նաև կառավարությունը:
Մեր կարծիքով, լուրջ անելիքներ կան նաև հարկային քաղաքականության ոլորտում, որտեղ ահռելի պոտենցիալ կա: Մեր կողմից առաջարկվում է կիրառել ավելի ճկուն հարկային քաղաքականություն, տարբեր տարածաշրջանների համար կիրառել տարբերակված հարկային դրույքաչափեր։ Հատկապես սահմանամերձ գոտիներում պետք է սահմանվեն զրոյական դրույքաչափեր, այդ տարածքները հռչակվեն ազատ գոտիներ:
Չնայած տնտեսության մեջ նկատվող փոքր դրական միտումներին, այնուհանդերձ, պահպանվում են խնդիրներ, որոնց հաղթահարումը, մեր կարծիքով, կարևոր է տնտեսական ճգնաժամի նոր ալիքին դիմակայելու համար.
Տնտեսությունն առայժմ խոցելի է այն առումով, որ դեռևս կան մենաշնորհներ: Հաշված մարդիկ կարող են գներ ձևավորել Հայաստանում: Սրան պետք է վերջ տրվի: Գնային ցնցումները միայն Կենտրոնական բանկի խնդիրները չեն: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ՊԵԿ-ը և մյուս կառույցները պետք է ստանձնեն իրենց դերակատարությունը: Այլապես միայն դրամավարկային կամ արժութային քաղաքականությամբ հնարավոր չէ դա զսպել:
Մինչ նոր ճգնաժամին սպասելը պետք է մտածել նախորդի հաղթահարման մասին: Մինչդեռ ճգնաժամի հետևանքները ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության մեջ պահպանվում են: Իսկ նոր ալիքը կարող է անգամ օգտագործվել Հայաստանի տնտեսության օգտին: Ճիշտ այնպես, ինպես դրանից օգուտներ են քաղում Հնդկաստանը, Լեհաստանը, Ղազախստանը, Չինաստանը` համապատասխանաբար գրանցելով ութ, չորս, յոթ և տասը % տնտեսական աճ: Հայաստանը, վստահ ենք, կարող է համալրել այս ցուցակը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ