38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեր տնտեսությունը դեռ «ննջում» է

Մեր տնտեսությունը դեռ «ննջում» է
25.08.2009 | 00:00

ԹՎԵՐ ԵՎ ՏՈԿՈՍՆԵՐ
Վերջին շաբաթներին հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի անկման փուլն ավարտվել է, և սկսվում է վերականգնողական շրջանը: Մասնավորապես, Գերմանիան և Ֆրանսիան հայտարարեցին (թեև փորձագետները չէին սպասում), որ իրենց երկրներում տնտեսության անկումը դադարել է, և տարվա երկրորդ եռամսյակում գրանցվել է համախառն ներքին արդյունքի 0,3 տոկոս աճ: Տնտեսական աճի մասին մի քանի օր առաջ հայտարարեց աշխարհի տնտեսապես զարգացած երկրորդ երկիրը` Ճապոնիան, իսկ ԱՄՆ-ի պարագայում էլ կարծիք կա, որ, երկրորդ կիսամյակի տվյալներով, նրա ՀՆԱ-ն կաճի 2-2,6 տոկոսով:
Չնայած այս լավատեսական լուրերին, փորձագետները կարծում են, որ դեռևս վաղ է խոսել համաշխարհային տնտեսության վերջնական առողջացման մասին: Քանի որ, ըստ նրանց, աճի առաջին նախապայմանն այն բազմամիլիարդանոց ներարկումներն ու ցածր տոկոսադրույքներով տրված վարկերն են, որոնք վերոհիշյալ երկրների կառավարությունները նետեցին իրենց շուկաներ և աջակցեցին ներքին սպառման ընդլայնմանը: Այսպես, Գերմանիայում նոր ավտոմեքենա գնելիս գնորդն անհատույց կառավարության կողմից ստանում է 2,5 հազար եվրո, ԱՄՆ-ում` 4,5 հազար դոլար, և դա նպաստում է, որ այդ երկրներում աճի նոր մեքենաների պահանջարկը, և ավտոարդյունաբերողները դուրս գան ճգնաժամից:
Սակայն, չգիտես ինչու, աշխարհում գրանցվող դրական գործընթացները որևէ էական ազդեցություն չեն գործում մեր տնտեսության վրա: Չնայած Արժույթի միջազգային հիմնադրամից ստացած մեկ միլիարդից ավելի և ռուսական 500 մլն դոլար վարկերին, ինչպես նաև Համաշխարհային բանկի տրամադրած գումարներին, որևէ էական փոփոխություն մեր տնտեսությունում չի գրանցվում, իսկ ստացված վարկերի մի մասը կառավարությունը կա՛մ ուղղել է թոշակների և աշխատավարձերի վճարմանը, կա՛մ տրամադրել է ՀՀ կենտրոնական բանկի կայունացման ֆոնդին, որպեսզի լրացնի դոլարի փոխարժեքն անիմաստ պահելու համար շուկայում ծախսված 800 մլն դոլարի բացը:
Կառավարությունը հայտարարեց, որ տնտեսական իրավիճակի կայունացման համար առաջնահերթ խնդիրներից մեկը շինարարության ոլորտը «թմբիրից» հանելն է, սակայն, ինչպես ցույց են տալիս սույն թվականի հունվար-հուլիս ամիսների վիճակագրական տվյալները, այդ ոլորտում անկումը շարունակվում է` հասնելով արդեն 55,5 տոկոսի: Արդյունաբերության մեջ էլ փոփոխություն չի գրանցվել, ավելին, արտադրանքի թողարկման ծավալն այս ոլորտում նվազել է 12,5 տոկոսով: Չնայած վիճակագրական տվյալներով 2009 թ. հունիսի նկատմամբ հուլիսին գրանցվել է 6,7 տոկոս տնտեսական աճ, սակայն դա ապահովել է գյուղատնտեսությունը, բայց հասկանալի է, որ սա սեզոնային բնույթ է կրում, և ոչ այնքան բարենապաստ գյուղատնտեսական տարում այդ աճը դժվար թե ավելի մեծանա: Արդյունքում, սույն թվականի հունվար-հուլիսին մեր երկրում տնտեսական անկումը շարունակվել է` կազմելով արդեն ոչ թե հունիսին արձանագրված 16,7, այլ 18,5 տոկոս: Այսինքն, Հայաստանում գոնե անկման տեմպի կայունացում կամ դադար չի գրանցվում, և այն ընկնում ու ընկնում է: Թերևս, տարեվերջին մեր տնտեսությանը կարող են աջակցություն ցուցաբերել հանքարդյունաբերական տեղական ընկերությունները, քանի որ աշխարհում պղնձի և մոլիբդենի գինն աճում է, և դա կարող է նպաստել Հայաստանից արտահանման ավելացմանն ու արտարժութային հավելյալ մուտքերին:
Սակայն խնդիրը, թերևս, այն է, որ, ի տարբերություն աշխարհի այլ երկրներում իրականացվող հակաճգնաժամային քայլերի, մեր կառավարության իրականացրած միջոցառումներն արդյունք չեն տալիս, քանի որ կարելի էր արձանագրել, որ հունիս ամսվա 16,8 տոկոս անկումը հուլիսին դարձել է, ասենք, 15 տոկոս, սակայն արձանագրվում է ճիշտ հակառակը:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3363

Մեկնաբանություններ