Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Այսօրվա խորհրդարանը որևէ կապ չունի ներքաղաքական քարտեզի հետ»

«Այսօրվա խորհրդարանը որևէ կապ չունի ներքաղաքական քարտեզի հետ»
10.03.2009 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ո՛Չ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, Ո՛Չ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ՉՈՒՆԵՆ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՌԱՀՀԿ տնօրեն ՌԻՉԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ
-Պարոն Կիրակոսյան, Դուք կարծում եք, որ Հայաստանին այս պահին ոչ այնքան արտաքին, որքան ներքին մարտահրավերնե՞րն են սպառնում. ի՞նչ մարտահրավերներ նկատի ունեք:
-Իշխանությունների ցածր լեգիտիմությունը, կոռուպցիան, փակ համակարգի գոյությունը: Գիտե՞ք, Վրաստանում Սաակաշվիլու սխալը ոչ թե պատերազմում պարտվելու հանգամանքն էր, այլ ներքին լեգիտիմության պակասը: Եթե ցանկանում ենք տարածաշրջանում կայունություն տիրի, ապա տարածաշրջանի ներսում պետք է ստեղծել կարգ ու կանոն, աշխատել բաց համակարգով:
-Ի՞նչ պետք է անեն, դիցուք, ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ:
-Լուրջ բարեփոխումներ պետք է իրականացնեն, առավել ևս տնտեսական ճգնաժամի այս պայմաններում, պետք է կարողանան կոռուպցիայի դեմ շատ լուրջ պայքար մղել: Եթե հայաստանյան իշխանությունները չգնան այդ քայլին, անկարող գտնվեն օլիգարխիկ համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարում, եթե Հայաստանում որևէ փոփոխություն տեղի չունենա, ապա համակարգը ներսից կպայթի: Իշխանություններն այլընտրանք չունեն. պետք է դրսևորեն քաղաքական կամք` անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու համար։
-Անցել է մեկ տարի, Դուք նման կամք տեսնո՞ւմ եք նրանց կողմից:
-Ո՛չ:
-Այսինքն` իշխանությունները գնում են պայթյունի՞:
-Չի բացառվում: Եզրակացությունը միանշանակ է՝ այս վիճակը չի կարող երկար շարունակվել:
-Կլինեն ցույցեր, պերմանենտ բողոքի ակցիաներ, սոցիալական բունտ. ապստամբությունն ու հեղափոխությունը կարծես բացառվել են:
-Ասել, որ Հայաստանում այսօր կա լուրջ, ակտիվ ընդդիմություն (նկատի ունեմ տերպետրոսյանական ընդդիմությունը), ճիշտ չի լինի: Հայաստանում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը կոնկրետ քաղաքական-գաղափարական ծրագրեր չունեն:
-Խնդրո առնչությամբ ես ունեմ իմ տեսակետը, սակայն միայն մեկ դիտարկում. ընդդիմությունն իր հետևից գնացող շատ մեծ ժողովուրդ ունի:
-Այո, ընդդիմության կողքին բավականին լուրջ զանգված կա, սակայն պետք է հաշվի առնել, որ ժողովրդի ստվար մասը միտինգ է գնում, որովհետև այսօրվա վիճակին է դեմ և ոչ թե Տեր-Պետրոսյանի հետ է համաձայն: Դա զանգված է, որը գիտակցում է՝ պետք է այս համակարգը փոխվի, սակայն չգիտի` ինչպես:
-Բոլոր դեպքերում, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ զարգացումներ կլինեն:
-Շատ դժվար է ասել, որովհետև դյուրին իրադրություն չէ: Պարզ է մեկ բան. այս վիճակը չի կարող շարունակվել երկու պատճառով, առաջին` քաղաքական. որովհետև ոչ այս, ոչ այն կողմում հաղթանակ չկա, այսինքն՝ իշխանությունն ու ընդդիմությունը կանգնած են բարիկադի տարբեր կողմերում, և երկխոսությունն այդպես էլ տեղի չի ունենում: Երկրորդ սեգմենտը տնտեսական ճգնաժամն է, որը դեռ նոր է սկսվում: Շատ դժվար է ասել՝ ինչ կլինի, եթե համակարգը շարունակի այսպես փակ գործել, և եթե պայթի, ի՞նչ կլինի ժողովրդական շարժման հետ, ո՞վ այն կղեկավարի: Երկրորդը. եթե չպայթի, ո՞ւր պիտի գնանք` դեպի Բելառո՞ւս, դեպ Ռուսաստա՞ն՝ վերջնականապես: Այդ իսկ պատճառով միակ ելքը փոփոխությունն ու երկխոսությունն են: Այլապես, բռնակալական տենդենցը, Բելառուսի նման, մեզանում ևս կուժեղանա: Այսօր Հայաստանը փորձում է մանևրել և դեռ այնքան էլ բռնակալական երկիր չէ, սակայն այսպես շարունակվելու դեպքում միտումներն ավելի ցայտուն կդրսևորվեն, և Հայաստանը կվերածվի գրեթե բռնակալական երկրի:
Եվ, այնուհանդերձ, այսօր դժվար է ասել` հայաստանյան իշխանություններն ի՞նչ որոշում կկայացնեն, զարգացման ո՞ր մոդելը կընտրեն: Իշխանությունն այսօր ընդգծված հոգեկան հիվանդության, անձի երկվության հատկություններ է դրսևորում: Ասենք, կա վարչապետ Տիգրան Սարգսյան, նախարարներ՝ Ներսես Երիցյան, որոնք հակված են բարեփոխումներ իրականացնելու: Միևնույն ժամանակ կան այլք, որոնք ճիշտ հակառակը` ընդդիմանում են բարեփոխումներին: Մի կողմից` իշխանությունն ի՞նչ արեց. ՀՀ մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանին գործից հանեց, ինչը բավականին դրական քայլ էր՝ մաքրելու, ճշգրտելու առումով, բայց, դժբախտաբար, միևնույն ժամանակ, մի քայլ հետ կատարեց, և երկու կառույցները` մաքսայինն ու հարկայինը միացրեց միմյանց՝ ղեկավար նշանակելով նույնքան անհասկանալի մի անձի: Այսինքն` այս իշխանությունները մի օր լավ քայլ են անում, երկրորդ օրը` վատ:
-Այդ պրոցեսը բոլորիս է անհանգստացնում, իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Բուն իմաստն ու հիվանդությունը ոչ թե այս կամ այն մարդն է. խնդիրն անձը չէ, պարզապես տնտեսական և քաղաքական համակարգն այնքան վատն է, որ վաղը, ասենք, Հովսեփ Հովսեփյանի և նույնիսկ Հիսուս Քրիստոսի մաքրության տեր անձը գա, այս համակարգը նրան ևս «կզոհաբերի»: Այնպես որ, անձը շատ կապ չունի, պետք է համակարգը ներսից փոխել, մաքրել:
-Իսկ հնարավո՞ր է փոխել այս համակարգը: Գիտե՞ք, այսօր (հարցազրույցը տեղի է ունեցել մարտի 5-ին- հեղ.) ես կարդում էի վարչապետ Տիգրան Սարգսյանի` Վազգեն Սարգսյանի 50-ամյակի առիթով ասած խոսքը, նկատեցի, որ նա ավելի շատ խոսում էր ոչ թե Վազգենից, այլ վարչապետական ընդհանուր ցավից, այն ցավից, որ մարդ մի լավ բան է ուզում այս երկրում անել, հազար վատ, եթե չասեմ` հազար «կրակոցի» է հանդիպում. Վազգենն ինչքա՜ն բան էր ուզում փոխել էս երկրում, համակարգը չթողեց, «կլլեց»: Հստակ երևում էր, թե Տիգրան Սարգսյանը ոնց է զգացել Վազգենի մտահոգությունները: Մի խոսքով, ուզում եմ ասել, որ համակարգը շատ օպերատիվ ու արդյունավետ հակադարձում է իրեն սպառնացող ամենաթույլ վտանգն իսկ, և ցանկացած պայքար խեղդում հենց օրորոցում:
-Գիտե՞ք, պետք է կատարել մեկ պարզ քայլ՝ վերականգնել օրենքի իշխանությունը` դատական իշխանությունը և ստեղծել այնպիսի վիճակ, երբ որևէ նշանակություն չի ունենա, թե ով է երկրի ղեկավարը, ինչպես, ասենք, Օբաման` սևամորթ աֆրոամերիկացին կարողացավ նախագահ դառնալ ԱՄՆ-ում, որովհետև Միացյալ Նահանգներում համակարգն ինստիտուցիոնալ է, դեմրոկրատիկ և գործում է անչափ սահուն:
-Ընդունենք՝ Սերժ Սարգսյանը գնում է տոտալ փոփոխությունների` վերացնելու օլիգարխակրիմինալ համակարգը և խիստ որոշակի քայլեր ձեռնարկում: Չե՞ք կարծում, որ ԱԺ-ում հանգրվանած այդ նույն «համակարգն» անմիջապես իմպիչմենտ կսկսի նրա նկատմամբ:
-Դուք կարծո՞ւմ եք: Եթե ԱԺ-ն նման գործընթաց սկսի, ապա` «բրավո» իրեն, որովհետև վերջապես փորձում է ուժ հավաքել ու ինչ-որ բան անել: Դա կնշանակի, որ իրենք լրջացել են որպես կառույց և սկսել են զբաղվել իրենց բուն քաղաքական գործունեությամբ` հակակշիռ դառնալով իշխանական մյուս ճյուղերին:
Մյուս կողմից էլ, պետք է ասել, որ այսօրվա խորհրդարանը չի համապատասխանում ներկա իրական պատկերին և որևէ կապ չունի ներքաղաքական քարտեզի հետ: Եվ եթե խոսում ենք առաջին քայլից, ապա պետք է ԱԺ նոր ընտրություններ պահանջել: Եթե մտահոգված ենք ազգային անվտանգության խնդրով, ապա երկու քայլ պետք է նկատառենք. ամենալուրջ վտանգը, որ սպառնում է Հայաստանին, ո՛չ Ադրբեջանից և ո՛չ էլ Թուրքիայից է, այլ, այո, ինչպես վերևում ասացինք, ներքին-ամորֆ-կոռուպցիոն ռիսկերով հագեցած համակարգն է: Երկրորդ, պարոն Արթուր Բաղդասարյանը, որ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարն է, պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի` այդ կառույցը գործուն դարձնելու առումով:
-Բոլոր դեպքերում, այնպիսի տպավորություն է, թե Սերժ Սարգսյանը ոչ մեկին չի վստահում և փորձում է թե լավ, թե վատ քայլերի «պատասխանատվությունը» վերցնել իր «փխրուն ուսերին»: Ինչո՞ւ:
-Չեմ կարող ասել: Նաև` որ չեմ ճանաչում իրեն:
-Բայց ոնց որ մի ժամանակ «ճանաչում» էիք. «Ջեյնսում», նաև որոշ հարցազրույցներում դրական սպասումներ էիք դրսևորում, երբ նոր էիք եկել Հայաստան, կարծիք էիք հայտնում, որ Սերժ Սարգսյանը դրական քայլեր կկատարի:
-Չէ՛, չէ, այդպես չէ, ես պարզապես նկատի ունեի, որ Քոչարյանի ղեկավարման տարիներից հետո ով էլ որ լիներ Հայաստանի հաջորդ նախագահը` Սերժ Սարգսյանը, թե ուրիշ մեկը, պետք էր նրան ժամանակ տալ, որ կարողանա դրսևորվել: Եվ եթե ես այդ ժամանակ հույս եմ հայտնել, ապա այն պարզ պատճառով, որ համակարգն այնքան վատն էր, որ ավելի վատը դարձնել հնարավոր չէր, և բավականին ժամանակ էր պահանջվելու այն խելքի բերելու համար: Պետք էր այդ շանսը տալ:
-Ես, իհարկե, այսօրվա ՌԱՀՀԿ-ի ղեկավարին, «Ջեյնսի» նախկին փորձագետին չեմ հարցնում` իսկ հնարավո՞ր է, որ Դուք Սերժ Սարգսյանից «արևմտյան» սպասումներ ունեիք, իսկ նա, ահա, այդ «գետնին» վրա՝ որոշակի «պա-դե-դե»-ից հետո, խիստ սահուն կրկին թափանցեց Ռուսիո «խորքերը»: Ես պարզապես հարցնում եմ` որևէ լավ բան Սերժ Սարգսյանն արե՞լ է այս ընթացքում՝ ըստ Ձեզ:
-Վերևում արդեն ասացի` Արմեն Ավետիսյանին հանելը, վարչապետին նշանակելը, բայց աշխատանքն այնքան շատ է, որ հնարավոր չէ դրական դինամիկա տեսնել: Հույս ունեմ, որ լավ բաներ կարվեն, որովհետև իրավիճակը գնալով է՛լ ավելի է վատթարանում՝ գումարվում է տնտեսական ճգնաժամը:
-Պարոն Կիրակոսյան, հայաստանյան ներքին մարտահրավերները նշելիս Դուք, որպես ամերիկյան ժողովրդավարության դպրոց անցած մեկը, կարծեք անտեսեցիք Հայաստանում մարդու իրավունքների խնդիրը, ինչը, գոնե ինձ համար, մի քիչ տարօրինակ է: Դուք ոչինչ չասացիք քաղբանտարկյալների, ազատազրկված տղաների մասին:
-Դա այնքան ակնհայտ բան է, որ ի՞նչ խոսես դրա մասին:
-Կազատի՞ «համակարգը» տղաներին:
-Նորից հանգեցինք նույն խնդրին. բանն այն է, որ դատական ինստիտուտն անազատ է Հայաստանում: Մենք չունենք օրենքի իշխանություն, այդ իսկ պատճառով շատ դժվար է ասել, թե «անձն» ինչ վճիռ կկայացնի:
-Իսկ հիմա հարց Ձեր մասին. Դուք, դե, գոնե ինձ համար, խիստ զարմանալի, նշանակվեցիք ՌԱՀՀԿ-ի տնօրեն: Ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը:
-Որովհետև միմիայն այս կենտրոնն էր պոտենցիալ ասպարեզ` անկախ, չեզոք վերլուծությունների համար, և ես` իբրև անկախ, չեզոք վերլուծաբան, նախընտրեցի աշխատել այստեղ:
-Թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանին պատրաստում եք ինչ-որ բանի:
-Ո՛չ: Չնայած հանգամանքին, որ արդեն 15 տարի գործող ՌԱՀՀԿ-ն պարոն Հովհաննիսյանի մտահղացման արդյունքն է, բայց Կենտրոնն իր գործն ունի, պարոն Հովհաննիսյանն ու «Ժառանգություն» կուսակցությունն իրենց գործն ունեն, և մենք, իրոք, կապ չունենք միմյանց հետ:
-Բոլոր դեպքերում, Դուք մինչ այս շատ ավելի անկախ էիք: Իմ կարծիքն է, ի՞նչ պետք էր Ձեզ` էստեղ լինել:
-Բայց եթե ապրում եմ Հայաստանում և պետք է մնամ այստեղ, եթե ցանկանում եմ իմ նպաստը բերել երկրին, ինչ-որ մի գործ պե՞տք է անեմ:
-Անում էիք, որպես անկախ փորձագետ շատ մեծ նպաստ էիք բերում բոլորիս:
-Թերևս, բայց արդեն ժամանակն էր առավել արդյունավետ համագործակցության բեմ գտնելու, և ՌԱՀՀԿ-ն, որպես չեզոք կառույց, հենց այդ բեմն էր:
-Այսպիսի մի հարց. ի՞նչ եք կարծում` Րաֆֆի Հովհաննիսյանը կարո՞ղ է դառնալ ՀՀ նախագահ:
-Հարցը պետք է ուղղեք իրեն. արդյոք ինքն ուզո՞ւմ է:
-Չէ՛, հարցս այդ մասին չէ, ես ցանկանում եմ, որպես փորձագետի` Ձեր կարծիքն իմանալ, Դուք տեսնո՞ւմ եք նման հեռանկար:
-Ինչո՞ւ ոչ:
-Ինչո՞ւ այո:
-Որովհետև, որպես վերլուծաբան, կարծում եմ, որ պարոն Հովհաննիսյանը հայաստանյան քաղաքական այս իրավիճակում գրեթե միայնակ է, որպես մաքուր քաղաքական գործիչ, երբեք չենք լսել կամ կարդացել, որ նա կոռուպցիոն կապեր ունի կամ օլիգարխիկ համակարգին է պատկանում, ոչ մականուն ունի և ոչ էլ «սեփական» մաֆիա:
-Բոլոր դեպքերում, տեսակետ կա, որ ԱՄՆ-ը՝ Արևմուտքը, մի պստիկ էլ Ռուսաստանի մասնակցությամբ, նոր «պրոյեկտ» է մտմտում` «Հովհաննիսյան-պրոյեկտ» անվամբ: Այո՞:
-Առաջին անգամ եմ լսում: Ո՛չ, չկա նման բան: Բայց կարող եմ ասել` ճգնաժամը, որ կսկսվի, հարյուր անգամ ավելի դժվար վիճակ կլինի, ու պետք է լուրջ նստենք, լուծենք ազգի, ապագայի հարցերը, այդ թվում, թե ինչպիսի Հայաստան պետք է ունենանք: Մենք ՌԱՀՀԿ-ում պատրաստ ենք ցանկացածի հետ երկխոսել խնդրո առնչությամբ:
-Բոլոր դեպքերում, ամերիկյան վերը նշված մաքուր «պրոյեկտի» վրա զուտ հայկական պրոյեկտում. Րաֆֆի Հովհաննիսյանին վերջերս ԱԺ մակարդակում սկսել են շատ ինտենսիվ քննադատել, որպես ամենագնաց-ամենաշրջագայող պատգամավորի, ընդհուպ մինչև աբորտի մասին սեմինարներին մասնակցություն ունեցողի:
-Բացատրեմ իմ մոտեցումը. պարոն Հովհաննիսյանն ու իր ղեկավարած կուսակցությունը շատ մեծ օգուտ են տալիս այս երկրին, նրանք միակ ընդդիմադիրներն են խորհրդարանում: Բայց, կներես, նա ամենապատրաստված պատգամավորներից է, որը կարող է ներկայացնել Հայաստանը միջազգային կառույցներում, Ստրասբուրգում:
-Եվ, այնուհանդերձ, նա չմասնակցեց ստրասբուրգյան վերջին` անչափ կարևոր նստաշրջանին, որպես ընդդիմության միակ ներկայացուցիչ:
-Հարցն ուղղեք պարոն Հովհաննիսյանին:
-Իսկ միջազգայնորեն պատրաստ այդ քաղաքական գործիչը, ի՞նչ եք կարծում, կդնի՞ իր թեկնածությունն առաջիկա քաղաքապետական ընտրություններում, որը դե ֆակտո մինի նախագահական ընտրություն է:
-Ամենակարևոր խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պառլամենտում աշխատի, ազգային հարցեր լուծվեն, և ոչ Երևանի լոկալ հարցերով զբաղվի:
-Վերջերս «Հայլուրը» յուրօրինակ նկատառում «ունեցավ», այն է՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի` Հովհաննիսյան-ավագի խմբագրած դասագրքում նշված է, թե հայերը բնիկ չեն այս հողում, եկվորներ են:
-Հարյուր տոկոսանոց հերյուրանք` ադրբեջանական-թուրքական պրոպագանդա: Եվ դա այն դեպքում, երբ պարոն Ռիչարդ Հովհաննիսյանը, իբրև ամենահայտնի, մեծ վաստակ ունեցող սփյուռքահայ, անչափ մեծ գործ է արել թե՛ հայրենիքի, թե՛ սփյուռքի համար: Զարմանալ կարելի է, որ այդ վաստակի նկատմամբ նման մոտեցում է դրսևորվում հենց սեփական հայրենիքում: Որտեղի՞ց եկավ այդ հերյուրանքը:
-Որտեղի՞ց:
-Չգիտեմ` Թուրքիայից կամ Ադրբեջանից, որովհետև դա բացառապես դավաճանական մոտեցում է:
-Բայց Հայաստանում էին այդ մասին խոսում:
-Ամոթ է, դավաճաններ են:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2594

Մեկնաբանություններ