38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թուրքերին հաղթեցին նրանց իսկ ոճով

Թուրքերին հաղթեցին նրանց իսկ ոճով
22.08.2008 | 00:00

ՀՐԱ՜ՇՔ
Օգոստոսի 20-ին մեկնարկեց «հայ-թուրքական ֆուտբոլային քսանօրյակը»: Հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական հավաքականները: Երևանի վերակառուցված ու գեղեցկացած «Հրազդան» մարզադաշտը վաղուց այսքան հանդիսական չէր տեսել:
Խաղի մեկնարկը մտահոգիչ էր. թուրք ֆուտբոլիստներն անմիջապես տիրեցին նախաձեռնությանը և սկսեցին գրոհել: Մեր տղաների խաղում զգացվում էր մեկնարկային հուզմունքը: Մրցակցին նույնիսկ հաջողվեց գնդակն ուղարկել Գրիգոր Մելիքսեթյանի դարպասը, սակայն եզրային մրցավարն ազդարարել էր խաղից դուրս վիճակ:
Վարուժան Սուքիասյանի սաները սթափվեցին և աստիճանաբար տիրեցին նախաձեռնությանը: Առաջին խաղակեսում հատկապես հիշարժան էր Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ կազմի հարձակվող Հովհաննես Գոհարյանի պահը: Նա դարպասային գծի մոտ գեղեցիկ հնարքով շրջանցելով թուրք երկու պաշտպանի` մտավ տուգանային հրապարակ և սուր անկյան տակ հարվածեց Ռեջեբ Քիվրաքի դարպասին: Դարպասապահը մատների ծայրերով կարողացավ հետ մղել գնդակը: Նշենք, որ Գոհարյանն առաջին անգամ էր հրավիրվել Հայաստանի երիտասարդական հավաքական և բավական լավ տպավորություն թողեց: Նա տիրապետում է լավ տեխնիկայի և այս խաղում, կարելի է ասել, լավագույնն էր մեր թիմի կազմում:
Երկրորդ խաղակեսի ընթացքը նման էր առաջինին. մեկնարկում առավելությունը կրկին թուրքերի կողմն էր, սակայն գոլային լուրջ սպառնալիքներ ստեղծել չէին կարողանում: Եվ նրանց «օգնության հասավ» մեր թիմի պաշտպան Միքայել Սիմոնյանը: Դաշտի կենտրոնում նա կորցրեց գնդակը, և երկու թուրք ֆուտբոլիստներ, անարգել մտնելով տուգանային հրապարակ, բացեցին հաշիվը. Մեհմեդ Բաթդալի հարվածը հետ մղեց դարպասապահ Մելիքսեթյանը, սակայն վրա հասած Աբդուլլահ Դուրաքի հարվածից հետո գնդակը հայտնվեց ցանցում:
Գոլից հետո մեր ֆուտբոլիստներն արագ ուշքի եկան և վերսկսեցին գրոհները, սակայն գնդակը չէր հայտնվում թուրքերի դարպասում. կա՛մ վճռական հարվածներն էին անհաջող, կա՛մ թուրքերին փրկում էր դարպասապահը: Թվում էր, թե մեր ֆուտբոլիստները հերթական անգամ խաղադաշտը լքելու են գլխիկոր: Սակայն… 89-րդ րոպեին աջ կողմում, եզրային գծի մոտ, թուրքերը խախտեցին խաղի կանոնները: Տուգանայինն իրացրեց Հովհաննես Գոհարյանը` գնդակն ուղարկելով դարպասային հրապարակ, և վրա հասած Կարլեն Մկրտչյանը հավասարեցրեց հաշիվը: Ցնծացին մեր ֆուտբոլիստները, ցնծաց «Հրազդանը»:
Անակնկալի եկած հյուրերը նետվեցին գրոհի` փորձելով կրկին առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն տեղի ունեցավ հակառակը. մրցավարի փոխհատուցած 3 րոպեներից վերջինի ընթացքում մերոնք ձեռնարկեցին հակագրոհ, Հենրիկ Մխիթարյանը փոխանցում կատարեց Հովհաննես Գոհարյանին, նրանից անմիջապես հետ ստացավ գնդակը և, մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, ձախ ոտքի հարվածով հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին: Փաստորեն, մերոնք թուրքերին հաղթեցին նրանց ոճով. հիշենք, թե «Եվրո-2008»-ում Թուրքիայի ազգային հավաքականը գրեթե բոլոր խաղերում ինչպես էր հաղթանակի հասնում վերջին րոպեներին խփած գոլերի շնորհիվ:
Խաղից հետո մարզադաշտում ներկա տասնյակ հազարավոր երկրպագուները Երևանի փողոցներում եռագույններով, թմբուկներով ու շեփորներով մի քանի ժամ նշում էին մեր թիմի հաղթանակը պատմականորեն թշնամական երկրի հավաքականի նկատմամբ: Սա, իրոք, պատմական հաղթանակ է, քանի որ մինչ այդ օրը Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներ հանդիպել էին թուրքերի հետ և միշտ զիջել: Հերթն ազգային հավաքականինն է. սեպտեմբերի 6-ին նույն «Հրազդան» մարզադաշտում կկայանա վաղուց քաղաքական քննարկումների առարկա դարձած հանդիպումը: Գնանք մարզադաշտ և աջակցենք մեր տղաներին Եվրոպայի երրորդ թիմի հետ ծանրագույն հանդիպման ժամանակ:
Նշենք նաև, որ «քսանօրյակը» կավարտվի սեպտեմբերի 9-ին` Ստամբուլում կայանալիք երիտասարդականների պատասխան խաղով: Թուրքերը, անկասկած, ձգտելու են ռևանշի, և մեր տղաներին ծանր փորձություն է սպասվում:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ