38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որը նպաստի տեղական և օտարերկրյա ներդրումների աճին

Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որը նպաստի տեղական և օտարերկրյա ներդրումների աճին
10.07.2009 | 00:00

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՈՒՏՆԵՐԸ
Այդ իմաստով կարևոր է անցում կատարել տեղի ունեցած երևույթներին արձագանքելու (այլ խոսքով` ռե-ակտիվ) քաղաքականությունից ավելի նախաձեռնողական, նախահարձակ տնտեսական քաղաքականության (այլ խոսքով` պրո-ակտիվ), որը թույլ կտա ոչ թե հարկադրված լինել պաշտպանվելու վնասներից, այլ անգամ փորձել օգուտներ քաղել երկրի հետագա զարգացման համար: Բժշկության մեջ սա կոչվում է կանխարգելիչ, պրոֆիլակտիկ մոտեցում: Այս իմաստով նպատակահարմար է ոչ թե մեկ, այլ մի քանի սցենարների մշակում, որը թույլ կտա որոշ պարագաներում անկանխատեսելի զարգացումների դեպքում պետական քաղաքականության զինանոցում ունենալ պատրաստի մոտեցումներ` դիմագրավելու մեկ սցենարի ձախողման հետևանքներին: Հիշեցնենք, որ տնտեսական ճգնաժամը, առաջին հերթին և ավելի ուժգին հարվածելով համաշխարհային տնտեսությանն ու դրա ֆինանսական շուկաներին լավագույնս ինտեգրացված երկրներին, հանգեցնում է այդ երկրների տնտեսությունների մրցունակության կտրուկ անկման, ուստի և մրցակցային դիրքերի թուլացման: Զարգացող երկրներն այս պարագայում իրենց մրցակից զարգացած երկրներից ճգնաժամի փուլում կարող են ավելի նպաստավոր գներով ձեռք բերել այն տեխնոլոգիաներն ու արդիական սարքավորումները, որոնք այլապես տնտեսական աշխուժացման և վերելքի փուլերում գրեթե անհնար է: Սա նաև այն պատճառով, որ ոչ միշտ են զարգացած երկրները պատրաստ վաճառելու նման սարքավորումներ իրենց պոտենցիալ մրցակիցներին: Ճգնաժամից այս կարևոր հանգամանքով օգտվելու համար, պարզվում է, բավարար չէ նպաստավոր գնով արդիական սարքավորումներ ձեռք բերելը: Չմոռանանք, որ դրանք պետք է նաև մաքսային օրենքներով և ընդունված որոշումներով մաքսազերծել-ներմուծել, ինչն ինքնին բավական ծախսատար գործընթաց է: Անհրաժեշտ է գոնե այս փուլում վերանայել մաքսային քաղաքականությունն ու, նախ, իջեցնել սարքավորումների և արդիական այլ տեխնոլոգիաների համար սահմանված մաքսատուրքերը` խթանելու դրանց մուտքն ու կիրառումը հանրապետությունում: Մեր համոզմամբ, կարևոր է արտադրության հիշյալ միջոցները մաքսազերծել ոչ թե շուկայական արժեքով, այլ փաստացի ձեռք բերված invoice-ի հիման վրա: Ի դեպ, շուկայական արժեքի մասին: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ոչ միայն սարքավորումների, այլև մի շարք սպառողական ապրանքների գները կտրուկ նվազել են, իսկ մաքսազերծման համար դրանց կիրառվող արժեքները մնում են բարձր` այսպիսով թույլ չտալով սպառողին օգտվել ճգնաժամի ընձեռած հնարավորություններից: Հետևաբար, դրանց մաքսային արժեքները պետք է վերահաշվարկվեն: Այս փուլում պետությունն ինքը կարող է ձեռք բերել սպառողական ապրանքների մեծ խմբաքանակներ ոչ միայն այն պատճառով, որ դրանք ձեռնտու լինեն սպառողների լայն շրջանակների համար և գները պահել խիստ վերահսկողության տակ` զերծ մնալու շուկայում մենաշնորհային բարձր գների ձևավորումից: Նպաստավոր իրավիճակ է ստեղծվել նաև կառավարության համար` համալրելու և ավելացնելու պետական ռեզերվները հացամթերքի, նավթամթերքի և այլ կարևորագույն ապրանքների գծով: Ընդ որում, այդ գործը պետք է հանձնարարել ոչ թե մասնավոր ընկերությունների ու միջնորդների, այլ արտադրողից` անմիջական գնումների միջոցով:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՔԻՆՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
(նոր տնտեսական քաղաքականության ուրվագծերն ու լոկոմոտիվները)
Ինչպես հայտնի է, ճգնաժամը նաև շանս է` վերադիրքավորվելու և դուրս գալու ստեղծված իրավիճակից ավելի մրցունակ տնտեսությամբ: Սա, իր հերթին, ենթադրում է ոչ միայն առանձին միջոցառումների, այլև որակապես նոր տնտեսական քաղաքականության իրականացում: Ընդ որում, անհրաժեշտություն է առաջանում տարանջատել իրական և թվացյալ զարգացման միտում բնութագրող գործընթացները: Մասնավորապես արտաքին առևտրային ապրանքաշրջանառության ավելացումը դեռ չի նշանակում մրցունակության բարձր մակարդակ և արտահանման ավելացում, այն կարող է ավելանալ ներմուծման աճի հաշվին և ավելացնել արտաքին առևտրի դեֆիցիտը,
l ներմուծման փոխարինման քաղաքականությունը դեռևս չի նշանակում արտահանման խթանման քաղաքականություն, որը թույլ է տալիս առևտրային միսիաներով, գործարար համաժողովներով, արտոնյալ վարկավորմամբ և արժութային արդյունավետ քաղաքականությամբ խթանել երկրի արտահանման կարողությունը,
l տնտեսական մրցակցության աջակցությունը չի կարող նույնացվել հակամենաշնորհային պայքարի հետ, որը վերջ կդնի կլանների կողմից գների վերաբերյալ հանցավոր համաձայնություններին, որից տուժում են թե՛ բարեխիղճ ձեռներեցները, թե՛ սպառողներն ու տնտեսության մրցունակությունն ընդհանրապես,
l նոր աշխատատեղերի ստեղծումը դեռ չի նշանակում գործազրկության կրճատում և տնտեսության զարգացում, քանի որ միաժամանակ կարող են աշխատատեղեր կրճատվել տնտեսության այլ ոլորտներում,
l ներդրումների առկայությունը կարող է պայմանավորված լինել քաղաքականացված արտաքին ներդրումներով և դեռ չի նշանակում ներքին ներդրումների աճ ու վստահության ձևավորում:
Այս տարբերությունները նկատելով` անհրաժեշտ է մշակել ազգային տնտեսության առանձնահատկություններից բխող տնտեսական դեղատոմսեր և բուժումը սկսել այնտեղից, որտեղից սկիզբ է առել հիվանդությունը, և բարձրացնել տնտեսական օրգանիզմի դիմադրողականությունը.
1. ծավալուն և նպատակային ներդրումներ կատարել մարդկային կապիտալի մեջ,
2. արտոնյալ պայմաններ ստեղծել ինովացիաների և նոր տեխնոլոգիաների զարգացման ու կիրառման համար,
3. ըստ ամենայնի աշխուժացնել փոքր և միջին ձեռներեցությունը հանրապետությունում,
4. պետական աջակցություն բնակարանային և արտադրական շինարարության ոլորտին,
5. արտոնյալ վարկեր տրամադրելիս առաջնահերթություն սահմանել կառուցվածքաստեղծ արտադրությունների և այլ գործարար ծրագրերի համար, որոնց իրականացնողներն առավել կենսունակ են ու մրցունակ և իրենց հետևից լոկոմոտիվի պես կարող են շարժել-տանել նաև մյուսներին,
6. պետության նախաձեռնությամբ զարկ տալ հանրային աշխատանքներին հատկապես ենթակառուցվածքների զարգացման ասպարեզում,
7. մատչելի պայմաններով սկսել հիպոթեքային վարկավորում, որը դրականորեն կներազդի ընդհանուր տնտեսության առողջացման վրա,
8. կոշտ հարկային վարչարարության փոխարեն անցում դեպի ճկուն հարկային քաղաքականություն` աստիճանաբար անցում կատարելով նաև դեպի հարկային շրջանայնացում` հանրապետության ողջ տարածքով մեկ, ուր գործարարության խթանման նպատակով յուրաքանչյուր մարզի և բնակավայրի համար կսահմանվեն Երևանից և նրա ագլոմերացիայից տարբեր հարկային դրույքաչափեր,
9. ձևավորել ազատ տնտեսական գոտիներ,
10. իրականացնել տարբերակված մաքսային քաղաքականություն, որն ուղղված լինի նոր սարքավորումների, նոր տեխնոլոգիաների ներմուծման խթանմանը, հետևաբար նաև` տեղական արտադրության մրցունակության բարձրացմանը,
11. անցում կատարել դեպի ցածր վարկերի տրամադրման նպատակային քաղաքականություն` խթանելու գործարար աշխուժությունը,
12. անցնել «էժան» դրամի քաղաքականության, որը դրականորեն կանդրադառնա տնտեսության տարբեր ճյուղերի (մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, այլ ոլորտների) մրցունակության բարձրացման վրա և կարող է հանգեցնել առևտրային հաշվեկշռի բացասական սալդոյի կրճատմանը:
Այս ամենը կարող է թույլ տալ խուսափել այն սխալներից, որոնք կատարվեցին 1998 թ. ասիական, հետո նաև ռուսական ֆինանսական ճգնաժամի շրջանում, և առավելագույնս օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից: Այս ամենից հետո կարևորվում է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, տնտեսական առումով առողջ կենսակերպի արմատավորումը, որն առանձին վերլուծության առարկա է: Այդուհանդերձ, կանխարգելիչ մոտեցումներով միայն կարելի է առողջացնել տնտեսական միջավայրը, այլապես լավագույն դեղամիջոցներն ընդունելուց հետո վարակված միջավայրում երկար գոյատևելն անհնար կդառնա:
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ
(սոցիալական շուկայական տնտեսություն)
Այս իրավիճակում մեզ համար կարևորագույն խնդիրներն են ոչ միայն տնտեսության վրա ֆինանսական ճգնաժամի հետևանքների վերացումը, այլև առաջացած սոցիալական խնդիրների ժամանակին և արդյունավետ լուծումները: Տեղի է ունեցել նաև աշխատատեղերի որոշակի կրճատում, որին ավելացել է նաև արտագնա աշխատանքից վերադարձածների` աշխատանք գտնելու մտահոգությունը: Սոցիալական վիճակի վրա իր ազդեցությունն ունեցավ նաև դրամի արժեզրկումը: Իսկ դա ուղղակիորեն առնչվում է մարդկանց գնողունակության մակարդակին, հատկապես 2009 թ. մարտի 3-ին դրամի 30 % արժեզրկումից հետո ապրիլի 1-ին գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների բարձրացումները ևս առնչվում են նույն խնդրին: Կարևոր է գնահատել իրատեսորեն և հստակ պատկերացում կազմել հասարակության սոցիալապես առավել խոցելի խմբերի վերաբերյալ և փոխհատուցել այն վնասները, որ այդ ընտանիքները կարող են ունենալ այս ամենի հետևանքով: Իհարկե, մի ճանապարհն այն է, որ պետությունը փորձի սակագների բարձրացման պատճառած վնասները փոխհատուցելու նպատակով` սուբսիդավորման ճանապարհով օգնել գնողունակության ցածր մակարդակում հայտնված մարդկանց: Կարելի է նաև մտածել նպաստները, կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու մասին: Սակայն մեզ համար ավելի կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը նպաստի տեղական և օտարերկրյա ներդրումների աճին, դրանով պայմանավորված նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հայ մարդը միշտ էլ իր ստեղծագործ աշխատանքով է հոգացել իր կենսական կարիքները: Այսօր էլ պետք է օգնել մարդուն` իր գիտելիքներին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու և բարձրացնելու իր ընտանիքի կենսամակարդակը: Մեր համոզմամբ` միայն համակարգված գործողությունների շնորհիվ կհաջողվի թոթափել համաշխարհային ճգնաժամի` մեզ հարկադրված բեռը:
Ընդհանուր առմամբ, վերը նշված և դրանցից ածանցյալ այլ միջոցառումների իրականացման պարագայում հնարավոր է համեմատաբար տեսանելի ապագայում զսպել ճգնաժամային ռիսկերը և երկրի տնտեսության համար ապահովել աշխուժացման միտումներ: Մի բան ակնհայտ է. Հայաստանը կարող է և պետք է ավելի շուտ և ավելի նպաստավոր դիրքավորված փորձի դուրս գալ ֆինանսական ճգնաժամից, քան ավելի մեծ տնտեսություն ունեցող և համադրելի մակարդակներում գտնվող երկրները:
Այսօր ավելի քան երբևէ Հայաստանը կարիք ունի ձևավորելու սոցիալական շուկայական տնտեսություն, որը, մեր համոզմամբ, այլընտրանք չունի: Այնպիսի տնտեսություն, ուր բարեփոխումների կենտրոնում կլինի մարդն իր հոգսերով և իրավունքներով: Այլապես ֆինանսական ճգնաժամից դուրս գալու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Մասնավորապես, եթե այսօր հայկական դրամի փոխարժեքի անկման հետևանքով տեղ գտած ապրանքների գների բարձրացումը, որն ուղեկցվելու է գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների թանկացմամբ, չստանա համարժեք փոխհատուցում` հատկապես սոցիալապես անապահով խավի համար, ապա կարող է ստեղծվել սոցիալական անցանկալի լարվածություն, որը կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Ավելին, ազգաբնակչության գնողունակության պահպանման նպատակով անհրաժեշտ է ոչ թե կրճատել (ինչպես անտեղի պնդում են ոմանք), այլ ավելացնել պետբյուջեի ծախսային մասը, մասնավորապես աշխատավարձի ինդեքսավորումը, և նվազագույն մակարդակը 30.000 դրամից բարձրացնել առնվազն 40.000 դրամի: Նույնը վերաբերում է կենսաթոշակներին և տարբեր նպաստներին: Իսկ նման պարագայում առաջացող պետբյուջեի դեֆիցիտը հնարավոր է ծածկել ինչպես ներքին աղբյուրների (պետական պարտատոմսերի թողարկման), այնպես էլ միջազգային ֆինանսական կառույցներից արդեն իսկ ակնկալվող փոխառու միջոցների հաշվին:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 3576

Մեկնաբանություններ