38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը»

«Կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը»
24.07.2009 | 00:00

ՆՍՏԵՆՔ ԹԱԽՏԻՆ...
Աշխարհը փորձում է հավատալ, որ համաշխարհային ճգնաժամը 2010-ին կմեղմվի, և ֆինանսատնտեսական համակարգում կսկսվի վերականգնման փուլը: Այս լավատեսական կանխատեսումները հաստատվում են նրանով, որ, ասենք, Սինգապուրի տնտեսությունն արդեն իսկ դուրս է եկել տնտեսական անկման շրջանից, և ապրիլ-հունիս ամիսներին այս երկրում գրանցվել է 20,4 տոկոս տնտեսական աճ:
Իր նախանշած ցուցանիշներից չի շեղվում նաև Չինաստանը, որի տնտեսական աճն այս տարի կկազմի 8, իսկ 2010-ին` 8,8 տոկոս: Հետ չի մնում նաև Հնդկաստանը, որտեղ ևս տնտեսության աճը կկազմի 6,3 տոկոս: Թերևս, ասիական երկրների տնտեսությունների աճին նպաստում է նաև այն, որ ԱՄՆ-ում սպառողական շուկան կայունացել է և աճման միտումներ է ցուցաբերում:
Եվրոպական երկրների տնտեսական ցուցանիշները ևս խոսում են այն մասին, որ տնտեսական անկումը դանդաղել է, իսկ որոշ դեպքերում, ինչպես Ֆրանսիայում, վերջին 9 ամիսներին առաջին անգամ արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել:
Ի տարբերություն այս միտումների, տնտեսական ճգնաժամը Հայաստանին օրեցօր ավելի ու ավելի մեծ հարվածներ է հասցնում: Տնտեսական իրավիճակի բարելավման ու առաջընթացի մասին վիճակագրությունն ու ֆինանսական հաշվետվությունները լռում են և լռելյայն արձանագրում, որ տնտեսական անկումը կանգ չի առնում, իսկ բյուջեի պակասուրդը գնալով մեծանում է:
Դա արտահայտվում է նրանով, որ առաջին կիսամյակում ունենք 16,3 տոկոս ՀՆԱ-ի անկում, իսկ արտահանումն ավելի է նվազել: Պետական բյուջեի եկամուտներն էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 44,4 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է նրանով, որ պակասել է հարկերի ու տուրքերի հավաքագրումը` 18,2 տոկոսով կամ 51,8 մլրդ դրամով: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշն իրականացվել է ընդամենը 31,8 տոկոսով, այսինքն, մինչև դեկտեմբեր, բյուջեի տարեկան կատարողականն ապահովելու համար, մեր հարկային մարմինները պետք է հավաքագրեն բյուջեով նախատեսված հարկերի 70 տոկոսը, որի դեպքում «Կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը»:
Սակայն հետաքրքիր է այն, որ հերթական անգամ, այժմ արդեն տնտեսական հարթության վրա, պարզ երևում-ապացուցվում է, որ իշխանությունն ու ժողովուրդն իրարից այնքան են հեռու, որ նույնիսկ գրանցվող անկման պայմաններում որևէ տրտունջ չի լսվում: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ հայերս, իսկապես, շատ հարմարվող ու համբերատար ազգ ենք, և տնտեսական անկումը «մահացու» ազդեցություն չի գործում ժողովրդի վրա:
Կառավարությունն էլ, կարծում ենք, պայքարում է ճգնաժամի դեմ այնքանով, որքանով դա պահանջում են որոշ մարդկանց և կլանների շահերը: Շինարարության համար տրամադրվող պետական միջոցներն այս անգամ ևս նպաստում են, որ առանձին մարդիկ այս իրավիճակում անգամ շահույթ ունենան: Դրան նպաստում է այն, որ մեր խոշոր հարկատուները «կայծակնային» արագությամբ նվազեցրին ներմուծման, արտադրության և սպառման ցուցանիշներն ու կտրուկ կրճատեցին վճարվող հարկերը: Կարելի է արձանագրել, որ տնտեսական ճգնաժամը լոկ առիթ էր, որպեսզի նրանցից ոմանք ավելի մեծացնեն իրենց ստվերային շրջանառությունը և ավելի «խորանան» այդ դաշտում:
Այնպես որ, հայրենի կառավարությունը թող սպասի, թե երբ կլավանա ԱՄՆ-ի տնտեսական վիճակը, կբարձրանան նավթի գները, Ռուսաստանը կրկին կհարստանա, և համապատասխանաբար կաճեն դրամական փոխանցումները: Ուրիշ ելք, կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քայլերը դիտարկելիս, Հայաստանը չունի: Ինչպես ասում են` «նստենք թախտին, սպասենք բախտին»:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3524

Մեկնաբանություններ